ՆՎԻՐՎԱԾ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ 160- ԱՄՅԱԿԻՆ

«Երբ ցեղն է գործում, Գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ և Սեբաստացի մի շինական՝ Մուրադ»։

Գարեգին Նժդեհ

Փետրվարի 25-ին Զորավար Անդրանիկի ծննդյան 160 -ամյակի առթիվ Երևանում՝ Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տուն» ՍՊ ընկերության դահլիճում, տեղի ունեցավ հանդիսավոր երեկո։ Ոգևորող այս միջոցառումը կազմակերպվել էր «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության (ՌՀԲՀԿ) հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) նախաձեռնությամբ ու ջանքերի շնորհիվ։ Միջոցառումն սկսվեց ողջույնի խոսքով: Հանդիսավար Աննա Կոստանյանը, որը մշտապես նման միջոցառումներ է վարում և հաճախ «Վահագն»-ի հետ է, դիմեց ներկաներին. «Ողջունում եմ բոլորիդ, Հայրենիք, Զինվոր, Հերոս գաղափարները կարևորող, կորուստների մորմոքով տառապող, կյանքի իրական արժեքները գնահատող  հարգարժա՛ն հյուրեր, զինվորականններ, սիրելի՛ հերոսածին մայրեր, այսօր պաշտանմունքի և մեծարման օր է. ծննդյան տոնն է ուղիղ 160 տարի առաջ հենց այս օրն Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում Օզանյանների ընտանիքում ծնված Անդրանիկ Օզանյանի: Անդրանիկի պատգամներով ապրող երևելի հայորդիների շնորհիվ էլ չի մոռացվում մեր գաղափարի հզոր մարտիկների, ազգային դեմքերի, մեր օրեր հասած արդեն հերոսի կոչումների արժանի քաջազունների հիշատակը»: Իր խոսքում Ա Կոստանյանը տեղեկացրեց նաև՝ 12 տարի առաջ նույն օրը հիմնադրվել է «Վահագն» ՌՀԲՀԿ-ն: Կարևորեց նաև Կարո Կարապետյանի դերը, որը մշտապես ապրելով Արդրանիկի գաղափարներով, հատկապես՝ «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար» լեգենդար ասույթով, կարողացել է մի հարկի տակ բերել այն հայրենակիցներին, որոնք քաջատեղյակ են հայրենիքում կատարվող անցուդարձից և արժևորում են անդրանիկյան գաղափարները: Անդրանիկի ազգային-հայրենասիրական մեկ այլ պատգամ նույնպես կարևորվել է այս միջոցառումին. «Յուրաքանչյուրի համար իր կուսակցությունն ազգը պետք է լինի», և ՀՀ-ում գործող տարբեր հասարակական կազմակերպություններ, ֆեդերացիաներ, անհատներ են մասնակից Զորավարի ծննդյան օրվան նվիրված երեկոյի:

 Մինչ երեկոյի սկսելը՝ Մորուք Կարոյի նախաձեռնությամբ  եղանք Եռաբլուրում, այցելեցինք       Անդրանիկ Զորավարի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցինք, խնկարկեցինք։ Դահլիճում դրոշին նվիրված քառատողից հետո հնչեց ՀՀ Օրհներգը, և «Վահագն» ՌՀԲՀԿ-ում գործող մարզամշակութային խմբի սաները բեմ հանեցին ՀՀ և Արցախի պետական եռագույնները, ինչպես նաև միջոցառման մասնակից շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների դրոշները: Միջոցառմանը մասնակցում էին նաև ճանաչված երգիչներ, մշակութային խմբեր: Առաջինը «Վահագնի ծնունդը» երգով հանդես եկավ երգիչ Արսեն Համբարյանը: Ցուցադրական ելույթներով ներկաներին ոգևորեցին և «Վահագն» ՌՀԲՀԿ-ի սաները: Ոգևորիչ էին նաև երգիչ Արմեն Դանիելյանի կատարած «Մուշ երգիր…» և այլ երգերը՝ պարակցությամբ «Վալենս» պարային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան): Նշվեց նաև, որ  Զորավար Անդրանիկը քիչ բացառություններից է, որն իր ողջության օրոք դարձել է վիպասքերի, լեգենդների, առասպելների թեմա, հարյուրից ավելի երգերի հերոս: Սակայն կային կուսակցություններ, քաղաքական գործիչներ, որ չէին ներում դա:

Անդրանիկ Զորավարի մասին ներկայացրեց պատմաբան, գրող Կարո Վարդանյանը: Բարձր գնահատելով Զորավարի դերը հայոց պատմության մեջ՝ կարևորեց այն հանգամանքը, որ շատերը քննադատաբար են վերաբերում Անդրանիկին, որ, իբր,  խռոված գնաց հայրենիքից: Ըստ պատմաբանի՝ նա գնաց, որ եղբայրասպան կռիվներ չլինեին: «Դահլիճում ամենացանկալի և կարևորը հյուրերի շարքերում նստած են Սոսե  մայրիկների պես  հայ կանայք, որոնք իրենց ամուսիններին   և զավակներին կորցնելուց հետո, թեկուզ անդադար արցունքով շղարշված աչքերով, բայց հպարտությամբ են քայլում առաջ՝ իրենց  հարազատների կիսատ թողած գործերը շարունակելու, գաղափարները կյանքի կոչելու նպատակով», -նշեց հաղորդավարը, և եղավ լռության րոպե:  Հուզմունքով լի էր արմատներով մշեցի, իսպանաբնակ հայ հայտնի տենոր եվրոպական մի շարք օպերաների մենակատար, «Գյումրի ոսկյա զինանշան» մեդալակիր, միջազգային բազմաթիվ փառատոների մրցանակակիր, «Վահագն զորության ռազմի աստված» ոսկյա շքանշանի արժանացած  Վահրամ Թադևոսյանի՝  Վաննո Թադեոյի «Մայր» երգի կատարումը: Խոսվեց նաև Անդրանիկի անձնական իրերը տարբեր թանգարաններում պահվելու մասին: Ռազմահայրենասիրական երգերի կատարումով հանդես եկան նաև երգիչ Գրիգոր Համբարյանը, Գուսան Հայկազունը, «Հայ լաո» դուետի երկվորյակ եղբայրներ Վարդան և Տիգրան Թադևոսյանները:

Ընթացքում եղավ նաև «Վահագն»-ի կողմից նախաձեռնված մի կարևոր ավանդույթ՝ «Իշխանի շղթա»-ի փոխանցման արարողություն: Մորուք Կարո Կարապետյանի հետաքրքիր մեկնաբանությամբ  ստեղծված «Իշխաի շղթա»-ն ինչ-որ ժամանակով  հանձնվել է  մեր երկրում ապրող այն արժանավոր հայերին, հերոսների ընտանիքներին, մշակույթը բարձր պահող, բանակի մարտունակությունը պահպանող այն երևելիներին, որոնք իրապես գնահատել  են մեր լինելությունը և մեծածավալ աշխատանքներ են տարել տարբեր բնագավառներում: Բեմ բարձրացան այդ պատվին արժանացածներ, նրանց շարքում նաև՝ տողերիս հեղինակը: Եվ շղթան փոխանցվեց հերթական արժանի հային։ Եղավ նաև պարգևների հանձնում: «Անդրանիկի արծիվներ» ռազմահայրենասիրական ՀԿ հիմնադիր նախագահ,  «Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Հարությունյանը մեդալներ հանձնեց իր ղեկավարած ջոկատի մարտիկներին: ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների դոցենտ, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, միջազգային պաուելիֆտինգի միության նախագահ Գագիկ Սարոյանը գավաթ և մեդալ հանձնեց Մորուք Կարոյին: Անդրանիկ Զորավարի մասին ներկայացրեց նաև երիտասարդ պատմաբան Գոռ Ղազարյանը: Եղան այլ ելույթներ։

Երեկոն ավարտվեց ռազմահայրենասիրական երգերի, ազգագրական պարերի կատարումներով ու Ամենայն հայոց բանաստեղծի՝ Անդրանիկի մտերիմ Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությամբ.

 Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք․․․

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ