Հունվարի 22-ին լրացավ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանի ծննդյան 95-ամյակը: Բազմավաստակ գրողն ու գիտնականը երիտասարդական ավյունով ու եռանդով գիտամանկավարժական և ստեղծագործական բեղմնավոր աշխատանք էր կատարում Արցախում՝ գրեթե ամեն տարի հանրությանն ընծայելով նոր ուսումնասիրություն կամ բանաստեղծությունների ժողովածու: Նրա գրչին են պատկանում շուրջ երեք տասնյակ բանաստեղծությունների ժողովածուներ, 40-ից ավելի գրականագիտական ուսումնասիրություններ: Ուշագրավ աշխատությունների մեջ մասնավորապես առանձնանում են «Հրանտ Մաթևոսյանի գրական հայացքները», «Հայ գրականության գերաստղը. Սերգեյ Սարինյան». «Մաքսիմ Հովհաննիսյան. «Լեռնաղբյուրի վիպաշխարհը», «Միջնադարյան հայ առակագրություն. Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի», «Թոնդրակյան շարժման շիրազյան մեկնաբանություն», «Հովհաննես Թումանյան. ժողովրդի կենսափիլիսոփայության ջահակիրը», «Վարդան Հակոբյանի ստեղծագործությունը», «Մարտնչող գրականություն» և այլ ուսումնասիրություններ: Նրա պոեզիան բարձր են գնահատել Նաիրի Զարյանը, Սևակ Արզումանյանը, Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը և ուրիշներ: Գրական, գիտամանկավարժական և հասարակական գործունեության համար Ս. Խանյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, իսկ 2012թ. «Մարտնչող գրականություն» աշխատության համար նա արժանացել է ԼՂՀ գրողների միության մրցանակին: Պարգևատրվել է նաև ՀՀ գրողների միության «Գրական վաստակ» մեդալով:

Արցախի գրական ընտանիքի նահապետն էլ ապրեց 2023թ. սեպտեմբերին արցախցիներին պատուհասած մեծ ողբերգությունը՝ բռնատեղահանությունը և հայրենիքի կորստյան ցավը: Այդքանով հանդերձ՝ նրան չի լքում լավատեսությունը և ստեղծագործելու կամքը, առանց որի չի պատկերացնում իր կյանքը: Այսօր էլ նա ապրում է ստեղծագործական ակտիվ կյանքով: Իր ֆեյսբուքյան էջում ներկայացնում է նոր բանաստեղծությունները իր իսկ ընթերցմամբ: Պատրաստվում է առանձին գրքով տպագրության հանձնել ժամանակին ներկայացրած գրախոսությունների, հոդվածների ժողովածուն, նոր բանաստեղծությունների գիրքը՝ «Հավատ» վերնագրով: Ինչպես ինքն է ասում՝ հավատ մեր ժողովրդի հանճարի, նրա նոր հաղթանակների հանդեպ:
Դեռևս ծննդյան 85-ամյակի կապակցությամբ» «Լուսարար»-ի հարցին՝ «Երկարակեցությունը որևէ բանաձև ունի՞։ Կարո՞ղ եք ասել «Հավերժ երիտասարդության» գաղտնիքը» հարցին, Ս. Խանյանը պատասխանել էր. «Երկարակեցությունը, անշուշտ, ունի իր բազմազան բանաձևերը։ Դրանք են՝ տոհմածառի կոդը, գուցե անվանենք` գենը։ Պապս ապրել է 110, հայրս` 100 տարի։ Աշխատասիրությունը. աշխատանքը բերկրանք է, որը մարդկային կյանքի զուլալ աղբյուրներից մեկն է։ Բարությունը. առաջին հերթին ընկերոջ, բարեկամի, հարևանի հաջողությամբ ուրախանալը։ Խմիչքի չափավոր օգտագործումը։ Չծխելը. երբեք չեմ ծխել` հորս հորդորով։ Ընտանիքում երեխաների և նրանց մոր հանդեպ եղած աստվածահաճո վերաբերմունքը։ Այս և նման առաքինությունները մարդուն առնում են կենսասիրության թևերին ու տանում դեպի երկարակեցության ծաղկադաշտ»։
«Լուսարար»-ը շնորհավորում է բազմաբեղուն գիտնականին և բանաստեղծին, մաղթում, որ նա հասնի և անցնի պապի տարիքը:
Ստորև ներկայացնում ենք Ս. Խանյանի բանաստեղծություններից մի փունջ:
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
ԴԱՐԵՐԴ Ի ՎԵՐ
Դարերդ ի վեր, դարերդ ի վար,
Մաճի ճռինչ, հատու զենք,
Սարերդ ի վեր, սարերդ ի վար
Ծփուն արտեր, կալի երգ:
Հոգիդ լույսի մի շատրվան,
Սիրտդ` անհուն տիեզերք…
Քեզ նետեցին կառափնարան,
Մի նենգ ուղեղ, մի սև ձեռք:
Սակայն էլի ուղիդ անցար
Ե՛վ տքնանքով, և՛ փառքով,
Ոտքերիդ տակ միշտ վար ու ցանք,
Տաշտում` արդար հացը քո։
Հույսի հունդեր դու ցանեցիր
Պապենական դաշտերում,
Քաջի նման մաքառեցիր,
Աշխարհացունց մարտերում։
Արդ, ազատված դյուցազնի պես,
Հայացքդ դեպ Հայաստան,
Ծառս ես եղել ու ճչում ես
Հանուն մեր հին ու նոր տան։
Քո պատիվն ես դու պաշտպանում,
Քո անունը, քո լեզուն,
Բայց քնած է խիղճն աշխարհի`
Հանցանքներով առլեցուն։
Քեզ խաչել են ուզում հավետ
Քո աստղածին լեռներում,
Բայց դու հաշտված դարերիդ հետ,
Ոսոխներիդ չես ներում։
Պայքարում ես պատվիդ համար
Զավակներով քո անվախ,
Դու իմ բախտի միակ կամար,
Հազարամյա իմ Արցախ
ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ
Նահատակները չեն մեռնում երբեք,
Նրանք ձուլվում են երկրի սարերին,
Նահատակները դառնում են օրհներգ`
Շուրթերի վրա գալիք դարերի։
Ծլարձակում են ամեն մի գարնան,
Ամեն մի գարնան բերում նոր անուն,
Նահատակները քաջերն են դարի,
Ու նրանցով է կյանքը նորանում։
Ամեն նահատակ մի տան որդի է,
Մի տան ճրագ է, մի օջախի սյուն,
Բայց մարտի դաշտում սիրտը վառելով,
Ողջ ժողովրդի որդին է դառնում։
Դառնում է խորհուրդ, դպրոց ու մատյան,
Դառնում է ազգի դրոշ ու պատիվ,
Սասնա թրի պես չի մտնում պատյան,
Շառաչում է հար մարտերում անթիվ։
Նահատակները առասպելվում են
Ու ճամփա գնում ապրողների հետ,
Այո, առանց սուրբ նահատակների
Չեն ծիածանվում հաղթանակ ու երգ։
Նահատակները չեն մեռնում երբեք,
Նահատակները դառնում են օրհներգ։
ԳԱՆՁ
Անց են կենում օրերս
Կանաչ- կարմիր շորերում,
Թռվռում են լորերս
Իմ կարոտի ձորերում։
Հետ բերելու հույս չկա,
Ձեռք մեկնելու ի՜նչ իմաստ,
Շոշափում եմ իմ սիրտը,
Երազներն իմ արևկա։
Լույսի թելեր եմ մանում,
Հիմնում եմ նոր մի կամար,
Թեկուզ տեսել եմ կյանքում
Քանի՜ գարուն ու ամառ։
Նորից ծփանք է տալիս
Դեմս ծնծղան արևի…
Հոգիս խուտուտ է գալիս,
Խորքում գանձ կա երևի։
ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ
Մայրե՜ր, հայոց քնքո՜ւշ մայրեր,
Դյուցազուններ ծնո՜ղ մայրեր,
Թշնամու դեմ դար ու դարեր
Սասնա Ծռեր սնո՜ղ մայրեր:
Դժվար պահին թրերն առնող
Այրերի մոտ հառնո՜ղ մայրեր,
Եղբայրներին թև ու թիկունք,
Մանուկներին պահո՜ղ մայրեր:
Գնդակների տարափի տակ,
Դասագրքեր բացո՜ղ մայրեր,
Որդիներին կռվի ճամփող
Մոմի նման լացո՜ղ մայրեր:
Աղետների մեջ համբերող
Համե՜ստ, աղուհացո՜վ մայրեր,
Անհուն ցավի մութը ջնջող
Հույսի դուռը բացո՜ղ մայրեր:
Թշնամական ոռնոցի դեմ
Որդուն մարտի ճամփո՜ղ մայրեր,
Ոսոխների դեմ -հանդիման
Լույս ճամփաներ հարթո՜ղ մայրեր:
Մեր դժվարին ճամփաներում
Հերոսաբար հաղթո՜ղ մայրեր:
ՀԱՎԱՏ
Գիտեինք՝ թշնամի դաժան է,
Կեղծ է, նենգ է, արնախում,
Գիտեինք՝ մահագույժ ձեռքը
Միշտ արյան մեջ է թաթախում:
Խլել են ուզում մեր հողը,
Արցախը, Սյունիքը՝ լեռնապատ
Մեր հողը տարածք չէ հասարակ,
Մեր տունն է, մեր լեզուն պաշտողը:
Մաշտոցված Ամարաս մեր վանքն է
Գանձասար, սրբատան վանահայր
Տաթևի շարական օրհնանքն է,
Մեր հոգու կանթեղն է հուսավառ:
Մեր հողը լեգենդ է, առասպել,
Սասնա վառ էպոսն է մեր կյանքի,
Մեր հողը նահապետ մեր Հայկն է,
Պսակն է Վարդանանց սխրանքի:
Մեր հողը նահատակ բեկորն է,
Ավոն է՝ Արցախով առլեցուն,
Ապրիլյան տղերքի գրոհն է,
Տավուշյան մարտերի հուր լեզուն:
Մեր հողում ամեն ծառ հայ պապ է,
Հայ հայր է, հայ եղբայր ու որդի,
Թոռներին փայփայող հայ տատ է,
Մեր սիրտն է նժդեհված, մեր ոգին:
Մեր երթը և՛ հին է, և՛ նոր է,
Արմատներ ունենք մեր հողում,
Թշնամին արմատներ չունի,
Ահա թե ինչու է դողում:
Ազգովի ելել ենք մարտի,
Մեր հոգում պարտություն չկա,
Թշնամին մեր ձեռքով կջարդվի,
Բռունցքված մեր կամքը վկա:
ԵՐԳ՝ ԳՐՎԱԾ ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
Հոգնել են կարծես ձեռքերս ամրակուռ,
Սակայն երգելու տենչերս վառ են,
Խոհերս հորդում են՝ ոնց լեռան աղբյուր,
Հոգիս բորբոքուն, միտքս պայծառ է:
Ինչ էլ որ լինի, ինչպես էլ խորհենք,
Մի օր հրաժեշտ պիտի տամ կյանքին,
Որդիս կարոտով թղթերի հոսքում
Ձեռքը մեկնելու է իմ վերջին երգին:
Ու կարդալու է սիրով մի անհուն
Եվ հնչելու են շուրթերի վրա.
– Որդի՛ս, իմ երգը և՛ սեր է, և՛ տուն,
Ե՛վ լուրթ հավատ է, և՛ լուսե պատգամ,
Օջախը պատիվն է, անունն է մարդու,
Օջախի հետ են մեր կան ու չկան:
Չկան կմաքրես ոտքերիդ հետքով,
Կան՝ հույսիդ լույսով կպարզես հավետ,
Հավատա՛, որդի՛ս, որ այդ թեժ պահին
Ես լինելու եմ քեզ մոտ ու քեզ հետ:
Հավետ այդպես է եղել, ի՛մ որդի,
Որդուն չի լքել երբեք հոր ոգին,
Հոր ոգին՝ լույսի հավերժական ջահ,
Տունը հայրական` ազգապահ օջախ:

ԹՈՌԱՆՍ՝ ԱՆՄՐՑԱԿԻՑ ԵՐԱԺԻՇՏ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
Դու՝ իմ երազանքի արև դարձած ի՛մ թոռ,
Մեր մայր ժողովրդի հանճարի նոր կամար,
Աստծո սուրբ պատգամով աշխարհ եկար մի օր,
Որ Հայաստանն ասի՝ ծնվել ես ինձ համար:
Աշխարհն արձագանքի մեր Մայր Հայաստանին՝
Ասի՝ Հայկը նաև հանճար իմ որդին է,
Արեգակը վերից ժպտա սրտով հրե,
Ու շշնջա՝ Հայկը լուսե իմ ոգին է:
Դե՛հ, արարի՛ր անվերջ, հասի՛ր մի նոր բարձունքի,
Բարձունքների երկիր Մայր Հայաստանում
Եվ իմացի՛ր, որդիս, որ իր ճանապարհին
Հանճարեղը երբեք չի հանգստանում,
Դու՝ իմ հպարտություն, ի՛մ հանճարեղ որդի,
Թող որ քեզնով ևս շողա ազգի ոգին: