ՏԵՂԱՓՈԽՎԵՆՔ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԱՇԽԱՐՀ

Մենամարտը երկու մրցակիցների դիմակայությունն է ինչպես առանց զենքի կիրառման, այնպես էլ սառը զենքի օգտագործմամբ: Մենամարտի նպատակը ուժեղագույն մրցակցին վերհանելն է: Ներկայում հաշվում են մենամարտերի շուրջ 130 ձեւեր, որոնք լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում: Այդ ձեւերը կարելի է բաժանել տարբեր ուղղությունների, տարբեր խմբերի, տարբեր փիլիսոփայության: Մինչդեռ դրանց միավորում է մեկ կարեւոր ու ընդհանուր սկզբունք` մենամարտի նպատակը ոչ թե հարձակվելն է, այլ մարտ վարելու իմաստնություն ձեռք բերելը: 

Առանձնանում են հարվածային (բռնցքամարտ, քիքբոքսինգ, թայլանդական բռնցքամարտ՝ մուայ թայ), մարտական (ձյուդո, սամբո, բրազիլական ջիու-ջիցու) եւ խառը ուղղություններ (խառը մենամարտեր՝ MMA, մարտական սամբո): Հարվածային մենամարտերը մարտ վարելու արվեստ են՝ միայն վերջույթներով (առանց զենքի կամ զենքը փոխարինող որեւէ առարկայի) հարվածներ հասցնելու միջոցով:

Ինչպե՞ս սկսել պարապել մենամարտեր: Չէ՞ որ մենամարտելը ոչ միայն արդիական է, հետաքրքրաշարժ, ֆիզիկական ու հոգեկան առողջության համար օգտակար, այլեւ կարող է դառնալ իրական կենսակերպ: Աշխարհահռչակ քաղաքական գործիչների եւ շոու-բիզնեսի դեմքերի մեջ քիչ չեն միաժամանակ նաեւ մենամարտերով զբաղվողները, որոնցից են Բարակ Օբաման, Քիմ Քարդաշյանը, Յանա Չուրիկովան, Օլեգ Գազմանովը: Իսկ հայ մարզիկներից շատ-շատերը նախընտրում են այս մարզաձեւը: Բազմաթիվ օրինակելի մարզիկներից կարող ենք առանձնացնել անվանի հայ մարզիկ Էդուարդ Վարդանյանին, որը 2023թ. ճանաչվել է տարվա լավագույն մենամարտիկ:

 Ինչի՞ց սկսել, եթե երբեւէ չեք փորձել: Ահա որոշ խորհուրդներ սկսնակների համար, որոնք կարող են օգնել ձեզ մենամարտերի հետաքրքրաշարժ աշխարհ մտնելիս:

Ոճի ընտրություն:

– Կողմնորոշվեք ձեր նպատակների մեջ: Ի՞նչ եք ուզում ստանալ մարզումներից: Ֆիզիկական լավ վիճա՞կ, ինքնապաշտպանությո՞ւն, կարգապահությո՞ւն, նոր ծանոթություննե՞ր, նոր մշակույթի մեջ ընկղմվե՞լ:

– Ուսումնասիրեք տարբեր ոճեր: Թեքվոնդո, կարատե, ջիու-ջիցու, բռնցքամարտ, մուայ թայ, քունգ-ֆու. յուրաքանչյուր ոճ իր առանձնահատկություններն ունի:

– Փորձեք տարբեր ուղղություններ: Շատ ակումբներ առաջարկում են փորձնական պարապմունքներ, որպեսզի կարողանաք տվյալ մթնոլորտը զգալ եւ  հասկանալ, թե ինչն է ձեզ ավելի համապատասխանում:

– Մի վախեցեք փորձարկումներ կատարելուց: Մի եզրափակվեք մեկ մարզաձեւով: Հնարավոր է, որ ձեզ դուր գա մի քանի մարզական ուղղության համադրություն:

Գտնել համապատասխան ակումբ.

– Մարզչի մասնագիտական որակավորման մակարդակը կարեւոր է: Ուշադրություն դարձրեք մարզչի փորձի եւ նրա վկայականների վրա:

– Ակումբի մթնոլորտը: Այցելեք մարզման, շփվեք մյուս պարապողների հետ, հետեւեք՝ հարմարավե՞տ է, արդյոք, ձեզ համար այդ միջավայրը:

– Գրաֆիկը եւ վարձը: Համոզվեք, որ մարզումների գրաֆիկը ձեզ հարմար է, իսկ վարձը համապատասխանում է ձեր հնարավորությանը:

Ինչպե՞ս պատրաստվել առաջին պարապմունքին

– Հագուստ: Այն պետք է լինի հարմար՝ շարժումները չսահմանափակող մարզական հագուստ:

– Կոշիկ: Մենամարտերի համար հատուկ կոշիկ, եթե պահանջվում է:

– Ջուր: Անհրաժեշտ է ձեզ հետ ունենալ մեկ շիշ ջուր:

– Լավատեսորեն տրամադրվածություն: Պատրաստ եղեք ինտենսիվ մարզման, բայց չվախենաք հարցնել եւ ճշտել անհասկանալի պահերը:

Առաջին քայլեր

– Չափը չանցնել: Պետք է սկսել դանդաղ տեմպից՝ չձգտելով ամեն ինչ միանգամից իդեալական կատարել:

– Լսել մարզչին: Ուշադիր պետք է հետեւել նրա հրահանգներին, հարցնել, եթե ինչ-որ բան անհասկանալի է:

– Չամաչել հարցնել: Չպետք է վախենալ հարցեր տալ մարզչին, աշակերտներին, ընկերներին:

– Եղեք համբերատար: Արդյունքը միանգամից չի գալիս: Վայելեք սովորելու գործընթացը, եւ դուք անպայման կտեսնեք արդյունքները:

Լրացուցիչ խորհուրդներ

– Ձգվեք: Պարբերաբար կատարվող ձգումներն օգնում են խուսափել վնասվածքներից:

– Ճիշտ սնվել: Բալանսավորված սնունդը ձեր առողջության ու արդյունավետ մարզումների երաշխիքն է:

– Հանգստացեք: Չմոռանաք հանգստանալ մարզումների ընթացքում:

Մենամարտերով զբաղվելը գերազանց միջոց է ֆիզիկական կեցվածքը բարելավելու, ինքնապաշտպանություն սովորելու, նոր մշակույթի հետ ծանոթանալու եւ նոր ընկերներ ձեռք բերելու համար: Կարեւորը ձեր առջեւ նպատակ դնելն ու համառորեն դրան ձգտելն է: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ