ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Ժամանակակից երեխաների մոտ նկատվող որոշ խնդիրների եւ հոգեբանական լուրջ պրոբլեմների մասին ահազանգեր ստանալով՝ նպատակային ենք համարում հոգեբանի հետ քննարկումներ անել թեմայի շուրջ: Ժամանակակից երեխաները գտնվում են ինֆորմացիայի անընդհատ հոսքի ներքո, այդ պատճառով էլ ոչ միշտ են կարողանում կենտրոնանալ կոնկրետ խնդիրների վրա: Ներկայում երեխաները սկսել են քիչ շփվել: Ինչպես ասվում է խորհրդային հայտնի մուլտֆիլմի հերոս՝ կատու Մատրոսկինի երգի տողերում՝ հեռուստացույցը փոխարինել է բնությանը: Երեխաները շփում են գտնում գաջեթներում, բայց դադարում են կոնտակտի գնալ իրական կյանքում: Առանձին ուշադրության են արժանի արցախցի երեխաների հոգեբանական խնդիրները, որոնք շարունակում են արդիական մնալ բռնատեղահանումից ավելի քան մեկ տարի անց: Այս կարեւոր եւ արդիական հարցերը վերհանում ենք դրանց լուծումներ տալու համար: Ահա թե ինչ լուծումներ է առաջարկում տրվող հարցերին հոգեբան Մարիամ ԱԹԱՅԱՆԸ, որը նախքան բռնատեղահանվելը որպես հոգեբան է  աշխատել Ստեփանակերտի հ.1 եւ հ.6 դպրոցներում:

Մարիա՛մ, ինչպե՞ս անել, որ երեխաներն օգտվեն գաջեթներից՝ չվնասելով իրենց:

– Երեխաների կախվածությունը գաջեթներից կարող է վնասել նրանց ֆիզիկական, մտավոր եւ հոգեբանական զարգացմանը: Ֆիզիկական առողջության կողմից կարող են լինել տեսողության վատացում, ողնաշարի ոչ ճիշտ դիրքից՝ ողնաշարի թեքում, մկանային ցավեր, ֆիզիկական ակտիվության նվազում: Հոգեբանական կողմից՝ ուշադրության կենտրոնացման խնդիրներ, ագրեսիվություն, լարվածություն, սոցիալական հմտությունների նվազում, խոսքի հապաղում: Պետք է սահմանել գաջեթների օգտագործման հստակ ժամանակացույց՝ ըստ տարիքային խմբերի, ընդ որում՝ 0-2 տարեկան երեխաներին ընդհանրապես պետք չէ գաջեթներ տալ: Բացի ժամանակացույցի հստակ սահմանումից, երեխաների համար պետք է կազմակերպել այլընտրանքային զբաղմունքներ, ինչպիսին են տարբեր սպորտաձեւերը, մշակութային վայրեր՝ թատրոն, ցուցահանդեսներ, թանգարաններ այցելելը, ստեղծագործական աշխատանքները, ընթերցանությունը, խմբակային, ընտանեկան խաղերը եւ այլն:

– Նույնը վերաբերում է նաեւ մաքուր օդին: Ավելի հաճախ երեխաներին կարելի է տեսնել տանը հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ, քան  տնամերձ խաղահրապարակներում:

– Այո, ցավոք, կա նման խնդիր, որի հիմքում  գաջեթներից կախվածությունն է, ընդ որում՝ ոչ միայն երեխաների, այլեւ՝ մեծահասակների մոտ: Պետք է սահմանափակել սեփական ժամանակը, որը մենք տալիս ենք գաջեթներին եւ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ՝ կազմակերպելով ընտանեկան զբոսանքներ, հետաքրքիր արշավներ, պիկնիկներ: Արդի տեխնոլոգիան նույնպես կարելի է օգտագործե՝լ որպես դրսում խաղալու խթան: Օրինակ՝ կարելի է ներբեռնել ֆիթնեսի եւ ֆիզիկական ակտիվության հետ կապված խաղեր, որոնք պահանջում են դրսում գտնվել:

 – Երեխաները պահպանո՞ւմ են, արդյոք, օրվա ճիշտ ռեժիմ: Չէ՞ որ հենց դա է դպրոցում առաջադիմության ու լավ ինքնազգացողության երաշխիքը:

– Օրվա ճիշտ ռեժիմը շատ կարեւոր է երեխաների առողջության եւ ճիշտ զարգացման համար: Սննդի, քնի եւ ակտիվության հստակ ռեժիմը նպաստում է երեխաների առողջ աճին: Երբեմն դասերի, խմբակների ծանրաբեռնվածության, գաջեթների գերհասանելիության պատճառով երեխաների մոտ չի ձեւավորվում օրվա հստակ ռեժիմ: Շատ կարեւոր է պահել ուսման եւ ազատ ժամանակի ճիշտ բալանսը: Կարելի է երեխայի հետ միասին կազմել իր իսկ օրակարգը, կազմել նրա ուտելիքի մենյուն, որը պետք է հարուստ լինի վիտամիններով, հանքանյութերով ու լինի բազմազան: Հնարավորինս խուսափել քաղցրավենիքի հաճախ օգտագործումից: Քնի ռեժիմի կարգավորման հետ կապված՝ երեկոյան ժամը ութից հետո պետք է խուսափել ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից: Կարելի է կատարել հանգստացնող գործողություններ՝ տաք լոգանք ընդունել, գիրք կարդալ, լսել երաժշտություն: Դասական երաժշտությունը նպաստում է ուղեղի գործունեության, լեզվական հմտությունների եւ հուզական կայունության զարգացմանը :

Երեխաները չեն հասկանում իրենց հույզերն ու զգացմունքները, չեն կարող դրանք կառավարել: Նման դեպքում մեծահասակը ինչպե՞ս կարող է օգնել:

– Մեծահասակները կարող են սովորեցնել երեխաներին ճանաչել, հասկանալ եւ կառավարել իրենց հույզերը: Նախ երեխաներին կարելի է ցույց տալ քարտեր կամ նկարներ, որոնցում պատկերված են տարատեսակ հույզեր եւ ասել դրանց անունները՝ ուրախություն, տխրություն, զարմանք, բարկություն եւ այլն: Այնուհետեւ շատ պարզ բառերի միջոցով բացատրել, թե ինչ են նշանակում դրանք: Օրինակ՝ նեղվածությունը նման է նրան, երբ ինչ-որ բան քեզ ցավեցնում է ներսում: Հաճախ խոսեք երեխաների հետ նրանց զգացմունքների մասին: Օրինակ՝ դու բարկացած տեսք ունես, ուզո՞ւմ ես ինձ պատմել, թե ինչ է պատահել: Կարեւոր է նշել, որ բոլոր հույզերը նորմալ են եւ ընդունելի: Թե ինչպես կառավարել հույզերը՝ կարելի է ցույց տալ սեփական օրինակով. ՙԵս հիմա բարկացած եմ, բայց հիմա խորը շունչ կքաշեմ, կհաշվեմ մինչեւ 5-ը եւ կարտաշնչեմ, այնուհետեւ մենք հանգիստ կզրուցենք՚: Շատ կարեւոր է երեխաների հետ կիսվել սեփական հույզերով, որպեսզի նրանք հասկանան, որ դրանք արտահայտելը նորմալ է եւ ընդունելի:

-Չմոռանանք արժեքների մասին: Ինչպե՞ս վարվել, որ երեխան դառնա քաղաքավարի, հաճելի զրուցակից ու բարձր արժեքների տեր մարդ:

– Իհարկե՝ սեփական օրինակով: Երեխաները սովորում են՝ մեծահասակներին ընդօրինակելով: Դրսեւորեք հարգանք ուրիշների հանդեպ խոսքի եւ վարքի միջոցով: Սեփական օրինակով սովորեցրեք հարգել մարդկանց՝ անկախ սոցիալական կարգավիճակից, տարիքից, ազգությունից: Հաճախ զրուցեք երեխաների հետ կարեւոր արժեքներից: Երեխային հաճելի զրուցակից դարձնելը ներառում է նրա հաղորդակցման, հուզական ինտելեկտի ու սոցիալական հմտությունների զարգացումը: Խրախուսեք, որ երեխան լսի զրուցակցին առանց ընդհատելու եւ արտահայտի սեփական մտքերն ու զգացմունքներն առանց վախենալու: Համատեղ ժամանակ անցկացրեք՝ կարդալով գրքեր, դիտելով ֆիլմեր, այնուհետեւ քննարկեք դրանք տարբեր տեսանկյուններից:

– Առօրյա եռուզեռի եւ զբաղվածության մեջ երեխաները չեն նկատում գեղեցկությունը հասարակ բաների մեջ եւ չեն տեսնում ուրախություն ամեն օրվա մեջ: Միգուցե պետք է թոթափե՞լ եւ թողնել, որ երեխան վայելի իր մանկությունը:

– Մանկությունը գերկարեւոր դեր ունի անհատի ձեւավորման գործում: Ամեն ինչից զատ՝ երեխան, ինչու չէ նաեւ մեծահասակը, պետք է ժամանակ ունենա «ոչինչ չանելու», պարզապես ամպերին նայելու, աննպատակ զբոսնելու, ծառերի խշշոցը վայելելու, բնությանը ձուլվելու համար: Դաստիարակություն ասվածը չպետք է լինի գերխնամքի, պատժի, ամբողջական վերահսկողության միաձուլում: Ըստ իս, դաստիարակել՝ նշանակում է՝ սովորեցնել, հասկանալ, օրինակ ծառայել, ապրումակցել, ընկերանալ:

Ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ շրջափակման, պատերազմի միջով անցած ու բռնատեղահանության դառնությունն ապրած երեխաների մոտ: Ինչպե՞ս կարելի է դրանց առաջացումը կանխել:

– Ցավոք, մեր երեխաները բախվել են շրջափակման, սովի, պատերազմի, բռնի տեղահանության, հայրենիքի կորստի դառը փորձություններին: Նման ծանր հոգեբանական ապրումներից հետո երեխաները հաճախ բախվում են անվտանգության զգացողության կորստին: Երեխաների մոտ կարող են նկատվել հետվնասվածքային սթրեսային խանգարում, տագնապային խանգարումներ, կրկնվող սարսափելի հիշողություններ, գիշերային մղձավանջներ, անընդհատ վախի զգացողություն, քնի խանգարումներ, գրգռվածության բարձր մակարդակ, վարքային խանգարումներ, սոցիալական մեկուսացում: Դրանց կանխարգելման ուղիներն են՝ հոգեբանական աջակցության ապահովումը, տրավմաների հետ կապված թերապիաները: Հոգեբանական աջակցությունը եւ ջերմ միջավայրի ստեղծումը շատ կարեւոր են Արցախից բռնի տեղահանված երեխաների համար: Անհրաժեշտ է համատեղել մասնագիտական թերապիան, ընտանեկան աջակցությունը եւ համայնքային ջանքերը, որպեսզի օգնենք երեխաներին հնարավորինս հեշտ հաղթահարել հոգեբանական խնդիրները: Մեր հայաստանաբնակ մասնագետներից շատերն առաջին իսկ օրվանից անվճար հիմունքներով ու մեծ սիրով հոգեբանական աջակցություն են ցուցաբերում Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու մեծահասկաներին: Անչափ երախտապարտ ենք բոլորին: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ