Մարտարվեստի ցանկացած տեսակ, լինի կարատե, այկիդո, սամբո թե բռնցքամարտ, երեխային սովորեցնում է ոչ միայն ինքապաշտպանվել, այլեւ զարգացնում է ֆիզիկական ուժն ու դիմադրողականությունը: Պարբերական մարզումները, խիստ կարգապահությունը եւ մարզիչների խրատները զարգացնում են ինչպես ֆիզիկական ուժը, այնպես էլ բարոյական դիմադրողականությունը, մարտական ոգին: Երեխան դառնում է ինքնավստահ, հանգիստ ու նպատակասլաց, սովորում է չնահանջել դժվարությունների առջեւ:

Կարատե մարտարվեստն է ընտրել արցախցի փոքրիկ մարզիկ Արեն Ահարոնյանը, որն Արցախում մարզվում էր Տիգրան Գեւորգյանի մոտ: Բռնատեղահանվելուց հետո Արենը Հայաստանում շարունակում է մարզվել նախընտրած մարզաձեւով սիրելի մարզչի մոտ: Անցած տարի լավ առաջադիմություն ու արդյունք գրանցելով՝ Արենը ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն կրտսեր մարզիկ:
Սենսեյ Տիգրան Գեւորգյանը սիրով է ներկայացնում իր սանին ու հայտնում, թե ինչ ծրագրեր կան առաջիկայում՝ կապված հեռանկարային մարզիկի հետ. «Արեն Ահարոնյանը յոթ տարեկան է, կանաչ՝ 6-րդ քյու գոտու տեր մարզիկ: Դեռ Արցախում էր մոտս մարզվում, բռնատեղահանվելուց հետո շարունակեց դարձյալ հաճախել կարատեի պարապմունքների ինձ մոտ: Դեղին գոտի էր ստացել, երբ տեղափոխվեցինք այստեղ, որից հետո շարունակեց իր քայլերը կարատեում ու նոր թափով սկսեց արդյունքներ գրանցել: Հանձնեց նարնջագույն գոտու քննությունը, որին հաջորդեց կանաչ գոտու քննությունը: Արենը սկսեց լավ արդյունք ցույց տալ մրցաշարերում: Տեղահանվելուց հետո շուրջ մեկ տարվա մեջ նա դարձավ Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի «Դավթաշեն» ակումբի 27-րդ բաց առաջնության չեմպիոն: Մասնակցեց Հայաստանի գավաթի 14-րդ առաջնությանը եւ զբաղեցրեց առաջին տեղ: 2024թ. 4-րդ միջազգային «ԱՐԱՐԱՏ ՔԱՓ» մրցաշարում արժանացավ երկրորդ տեղի, իսկ Հայաստանի կարատեի 18-րդ առաջնությունում՝ երրորդ տեղի:

Իմ բոլոր ակումբների մեջ Արենը ամենափոքր մարզիկն է, բայց արդյունքներով՝ ամենաաչքի ընկած արցախցի կարատեիստը: Խոստումնալից մարզիկին մտադիր ենք առաջ տանել. նախապատրաստում ենք, որ ընթացիկ տարում մասնակցի թե ակումբային մրցաշարերի, թե Հայաստանի առաջնություններին: Նշեմ, որ ֆեդերացիան տրամադրում է հիսուն տոկոս աջակցություն՝ երեխային մարզելու, հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի մանկական առաջնությանը նրան նախապատրաստելու համար»:
Արենի հետ միասին յուրաքանչյուր արցախցի մարզիկի ցանկանում ենք հաջողություն: Նրանցից յուրաքանչյուրը մարմնավորում է Արցախի եւ արցախցու հավաքական կերպարը՝ փոքր, բայց վեհ, ցավի հանդեպ դիմացկուն, դժվարությունները հաղթահարող ու պայքարի աննահանջ ոգով: Թող շարունակական լինեն փոքր հաղթանակները, որոնք ի վերջո բերելու են սպասված մեծ հաղթանակի կերտմանը: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ