ԼԱՆԴՇԱՖՏԸ`  ՀՈԳԵՎԻՃԱԿ

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված արցախցիների խնդիրը ցայսօր շարունակում է ներկայացվել սոսկ սոցիալական լույսի ներքո, մինչդեռ մենք գործ ունենք սոցիալական խորը տրավմայի հետ։  Բռնի տեղահանված արցախցիների որպիսության «մարկերը», «ցուցիչը» ոչ այնքան սոցիալական գործոնն է, որքան  հոգեբանական հարմարումն ու կորստի տրավմայի հաղթահարումը։ 

Միջազգային երեսպաշտ կառույցները մեկը մյուսի հետևից հայտարարում են Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման դրամաշնորհային ծրագրեր, ու այդ ծրագրերի իրականացման շահառուներից շատերը Արցախում չեն եղել և ոչինչ չգիտեն Արցախի մասին։ Հետազոտվում է Արցախի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգության բանահյուսական նյութը, իսկ Արցախի լանդշաֆտը՝ լքված ու անանդրադարձ։ Մեր մշակութային լանդշաֆտը մտքի և հոգու օրհասականության և լարված հավասարակշռության մեջ է։ Արցախցիների մշակութային ներուժը դրսևորվում է փոդքասթների և գրանտային ծրագրերի ձևաչափով, որոնք իրավիճակային են և միայն այսրոպեական  էֆեկտ կարող են ապահովել։ Վտանգը գնալով խորանում է։

Լանդշաֆտից արհեստականորեն հեռու գտնվելը և անորոշության մեջ լինելը ավելի է խորացնում հետտրավմատիկ սթրեսը, որը ստացել են արցախցիները` բռնի տեղահանությունից հետո։ Մենք առաջին պատերազմից հետո հաղթահարել ենք բոլոր մեծ ու փոքր մարտահրավերները` ֆիզիկական կորստից մինչև հոգեբանակսն խորը տրավմաներ, սով ու կենցաղային խնդիրներ, և այդ ուժը մեզ փոխանցել է լանդշաֆտը։ Այո’ լանդշաֆտը հոգեվիճակ է, որից ծնվում է էթնիկությունը որպես սոցիալական երևույթ և դառնում կենսակերպ, մշակութային հաղորդակցում և փոխանցում։ Ո՞վ է պատասխան տալու այս խզման ու օրեցօր խորացող ինքնաօտարման համար։ Մեզ մորթել են` մեր աչքերի մեջ նայելով։ Չկա Սրբազան լանդշաֆտը, որը մշակութայնացված ու սրբացված է, որից ինքնությունը սնունդ էր առնում, որտեղ դու քեզ հետ ես` տիեզերական հավասարակշռության մեջ, որտեղ հողը մոգական ուժ ունի։ Դատարկության ուղեբեռը ծանրացած է մեր մտքերի և հոգեվիճակի վրա։ Էմիգրանտի անկշռելիության վտանգը արցախցկներին չի սպառնում, որովհետև նրանք ամեն օր պայքարում են հիշողությունների, ասոցիացիաների, վերարտադրվող պատկերների, ի վերջո նաև՝ խոսելու ձևերի դեմ…

Հիբրիդային ինքնության վտանգը կսկսի հալածել կարիքից դրդված Ռուսաստանի և Եվրոպայի խորշերը թափանցած արցախցիներին։ Պատկերացնո՞ւմ եք, հողի հետ ադամամութից մինչև ուշ գիշեր կռիվ տվող և հողի հետ ամուսնացած արցախցին պետք է սպասի մթերքի հերթում և սննդի քարտով ուտելիք ստանա։ Նա կհարմարվի՞ մշակութային սինթեզին, նա ունի՞ էքզիստենցիալ ընտրություն։ Իհարկե` ոչ։ 

Մեզ մորթեցին մեր աչքերի մեջ նայելով։ Ինչպե՞ս «ապահովագրել ապագան», ինչպե՞ս վերադառնալ դեպի քեզ… Այս հուսաբեկ հարցադրումների պատասխանը մեկն է` վերադառնալ լանդշաֆտ։ Նպատակների վերջնագիծ համարել լանդշաֆտի վերադարձը, որովհետև լանդշաֆտը հոգեվիճակ է…

Կանգնեցնել է պետք սպիտակ ցեղասպանությունը, որն արցախցիները տանում են դատարկության ծանրացած ուղեբեռով։ 

Լուսինե   ՂԱՐԱԽԱՆՅԱՆ Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ