Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի քննարկումների դահլիճում կանգնելու տեղ չկար։ Ընթերցասերներին ու գրական աշխարհի հայտնիներին այստեղ էր բերել բազում գրքերի հեղինակ, ընթերցասեր լայն հասարակության /հատկապես երիտասարդների/ ուշադրության կենտրոն դարձած Աշոտ Աղաբաբյանի հերթական գիրքը՝ «Նմանակը»։ Ներկա էին գրչակից ընկերներ, հեղինակի հայտնի գրքերի բազմաթիվ երկրպագուներ, ընտանիքի հարազատներ։ Վեպը հեղինակի 11-րդ գիրքն է։ Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող բացառիկ «Սեպ» օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ։

«Մեր հայրական տան տանիքում, մի անկյունում փայտե սնդուկ կա։ Բանալի չկա։ Կջարդես կողպեքը և կբացես։ Այնտեղ Շովքեթի պատմությանը վերաբերող ապացույցներ կան։ Կվերցնես՝ կպահես, որ չմտածեն, թե ես հեքիաթներ եմ պատմել։ Իսկ ինչու՞ այս գաղտնիքը պատմեցի։ Այ սա ամենակարևորն է։ Հայ ժողովրդին սանձած պահելու համար անընդհատ քարոզում են, որ Թուրքիան ամենահզոր պետություններից է։ Բայց Թուրքիան այնքան սարսափելի չէ, որքան մեզ ներկայացնում են։ Ես միայնակ կոտրեցի այդ երկրի պետական անվտանգության հզորության միֆը՝ սեպի պես խրվելով և մասնատելով մի ողջ տերության անվտանգության համակարգը։ Թափանցեցի ամենագաղտնի պահպանվող փաստաթղթերի սենյակներ։ Ամենափակ գզրոցներից հանեցի գաղտնիքներն ու հասցրի Մոսկվա։ Իմ օրինակով ապացուցեցի, որ ամենահզոր երկրներին կարելի է խեղճացնել կազմակերպված, պրոֆեսիոնալ հետախուզական ցանցով։ Ես քեզ այս ամենը պատմեցի, որ վաղը, եթե հայտնվի դրանով հետաքրքրվող մի հայ գրող, դու ամբողջը փոխանցես նրան։ Այս մասին ինչ-որ ժամանակ պետք է գրվի, որ հայ ժողովուրդը հասկանա մի բան՝ ուժեղ թշնամուն պետք է հաղթել առանց ճակատամարտի։ Դրա համար անհրաժեշտ է կազմակերպված պրոֆեսիոնալ հետախույզներ ունենալ՝ երկու կառույցով՝ դիվերսիոն և գործակալ․․․ Դու ինձ հասկացա՞ր, Կոլյա, թե ինչու պատմեցի Շովքեթի մասին գերգաղտնի այս պատմությունը։ Եթե երբևէ գրվի այս մասին, Թուրքիան անմիջապես կհերքի, ու ոչ թե ամոթից, որ մի հոգի պետության անվտանգությունն է խարխլել, այլ պարզապես չգիտի և ապացույցներ չունի, որ կյանքի վերջին երեք տարում Շովքեթը Շովքեթը չէր, այլ ես․․․»։
Այդ մարդը Աշոտ Աղաբաբյանն էր, ում փոխանցվեց այդ նյութը, և որի հիման վրա ստեղծվեց «Նմանակը» հրաշալի վեպը,- այսպիսի կարևոր ներածականով քննարկումը սկսեց Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանի հասարակական կապերի և միջոցառումների բաժնի աշխատակից, դերասանուհի Գայանե Սամվելյանը, որի տպավորիչ խոսքը միանգամից կլանեց դահլիճի հանդիսատեսներին։

«Նմանակը» վեպը Աշոտ Աղաբաբյանի՝ ընթերցողին արդեն քաջածանոթ «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ», «Գաղտնիքների տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղութ», «Սև հովազ-1», «Սև հովազ-2» բեսթսելլեր համարվող գրքերի շարքում 11-րդն է։ Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջևանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է։ Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»։ Մոտ երեք տարի «աշխատում է» խորհրդարանում՝ մինչև բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից։
Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրենի ժ/պ Ռուզաննա Բարսեղյանը Աշոտ Աղաբաբյանի գործունեությունը բնութագրեց Մեծ Լոռեցու հանճարեղ խոսքերով․
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար․․․
«Նմանակը» վեպի հեղինակը ևս հիշվելու է դարեդար, քանզի նրա թողած գրական մեծ ժառանգությունը դեռ շատ սերունդներ է կրթելու։ Նա հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ իրենց գրադարակներում միշտ պակասում են Աղաբաբյանի գրքերը, ընթերցողները կլանված են նրա գրքերով, որովհետև գրողը կարողացել է իրական փաստերը այնպես հմտորեն համեմել գեղարվեստական տարրերով, որ դարձել է ընթերցողի սիրելին։
Հաղորդավար Գայանե Սամվելյանը անկեղծանալով նշեց, որ երբ կարդացել է հեղինակի «Մենակը» գիրքը, մտավախություն է ունեցել ընթերցելու նրա մյուս գրքերը՝ առաջինից ստացած տպավորությունները չկորցնելու հույսով, սակայն երբ մյուսներն է կարդացել, համոզվել է, որ հեղինակի ամեն նոր գիրք մի նոր խոսք է, նոր հայտնություն, նոր շունչ։ Նրա բոլոր գրքերի հերոսները իրական մարդիկ են, որոնց գործունեությունը պարուրված է առեղծվածային գաղտնիքներով։
«Արթուրը մթան մեջ լարված նայում էր էկրանի ուղղությամբ։ Այս ամենը նրան շատ խորհրդավոր ու առեղծվածային էր թվում։ Հասկանալի էր միայն, որ գեներալները խիստ կարևորություն են տալիս ցուցադրվելիք խրոնիկային․․․ Արթուրը մթության մեջ շանթահար ոտքի ելավ։ Շրթունքները դողում էին։ Ինքն էր էկրանին՝ ինչ-որ մեկի հետ։ Սուրճ էր խմում։ Բայց ինքը չէ, երբեք նման թանկարժեք կոստյում չի հագել։ Ահա, մոտիկից են ցույց տալիս։ Եթե հագի կոստյումը չլիներ, իրեն կթվար, թե ինքն է։ Շուն-շանորդի, ինձ նման էլ ժպտում է․․․ Շունչը կտրվում էր։ Ինչպե՞ս ապացուցի, որ խրոնիկայի մեջ ինքը չէ։ Բա ձա՞յնը, իր ձա՞յնը։ Հավաքի՛ր քեզ, Արթու՛ր։ Ցույց չտաս, որ վախեցած ես․․․։
Կադրերում երևացողը Թուրքիայի իշխող կուսակցության պառլամենտի լիդերներից Մահմուդ Շովքեթն է։ Նա Թուրքիայի հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է, գնդապետ։ Նա շատ նման է Ստամբուլում երկու անգամ գործուղման եկած մեր աշխատակից Արթուր Միրզոյանին։ Արտաքինը, շարժումները, ձայնը բացարձակ նույնն են։ Կարծում ենք՝ Կենտրոնին այս զարմանալի նմանությունը կհետաքրքրի։ Դուք՝ մայոր Արթուր Միրզոյան, դրանից էլ քիչ ժամանակ ունեք, Դուք պետք է փոխարինեք Շովքեթին․․․ Այն, ինչ ծրագրել ենք, աշխարհի և ոչ մի պետության հետախուզություն իր պատմության մեջ նմանը չունի և հետագայում էլ երևի չունենա։ Ծրագիրը կոչվում է «Օպերացիա սեպ»։ Դուք սեպի նման պետք է խրվեք Թուրքիայի ամենագաղտնի քաղաքական կուլիսային խաղերի մեջ։ Պետք է կարողանաք փոխարինել պատգամավոր Շովքեթին, նրա փոխարեն ելույթ ունենալ պառլամենտում, ռադիոյով, հեռուստատեսությամբ»։
Վեպի ու նրա հեղինակի գնահատանքի մեջ մեծապես ոչինչ չխնայեց հայտնի գրականագետ Սամվել Մուրադյանը․ «Ինձ ներշնչում է այն միտքը, որ գրողի և գրականության հանդեպ դեռ կա մեծ հետաքրքրություն։ Շատ ենք մեջբերումներ կատարում Նժդեհից, սակայն մոռանում ենք մի շատ կարևոր ասույթ․ «Հանեք մեր կյանքից մուզիկան և պոեզիան, և աշխարհը կվերածվի մեծ խոզանոցի»։ Աշոտ Աղաբաբյանը՝ այսօրվա ամենից շատ տարածված, ամենից շատ ընթերցող ունեցող գրողը, իր կյանքը նվիրաբերել է աշխարհը մաքրելու, մեր կյանքի արատները մաքրելու գործին իր գրականությամբ, իր էությամբ, իր 11 վեպերով, և մանավանդ «Նմանակը» վեպով։ Երկար տարիներով զբաղվել եմ գրականությամբ, և կարելի է ասել, որ ես գրականության չտես չեմ։ Այդքան բազմազբաղ լինելով հանդերձ՝ ընդամենը 2 օրում հափշտակությամբ կարդացել եմ վեպը՝ ամեն ինչ մի կողմ դնելով, հետաձգելով շատ անհետաձգելի գործեր։ Վեպ, որ առաջին էջը ընթերցելով՝ կլանվում ես, և անընդհատ հետաքրքրությունը քեզ տանում է առաջ․ բա հետո՞ ինչ է լինելու, բա հետո՞, սրանից հետո՞ ինչ էլ լինելու, այսինքն՝ այս պարզ արտահայտությունը ինձ ընդամենը մի բան է հուշում միայն․ որքա՜ն վիպական բարձր ճարտարապետություն, այսինքն՝ վիպական կառույցի մեծ վարպետություն կա նրա մեջ։ «Նմանակը» վեպը բարձր գեղարվեստական երկ է»։

Գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը, գնահատելով Աղաբաբյանի անցած գրական բեղմնավոր ուղին, հավելեց, որ նա գրականության մեջ մի ակոս է փորել, որ միայն իրենն է, ու այդ ակոսը գնալով ավելի խորն ու անհուն է դառնում իր՝ մեկը մեկից հետաքրքիր գրքերով։ Հեղինակն այդ գրքերով մի նոր ավիշ, արյուն ներարկեց հայ ընթերցողական հանրության մեջ։ «Մեզ թվում էր, թե ընթերցող ենք կորցնում,- անկեղծացավ Դավիթ Սարգսյանը,- սակայն պարզվում է, որ, իրոք, մենք ընթերցող հասարակություն ենք, պարզապես գրականության խնդիր ունեինք։ Աշոտ Աղաբաբյանն իր անվամբ այսօր ամենաընթերցվող հեղինակներից է, եթե ոչ առաջինը։ Նրա հերոսները կենդանի, պատմական, իրական կերպարներ են։ Նրա գրքերով ընթերցողական մի խոր բռնկում եղավ մեր գրական կյանքում։ Հեղինակը հետաքրքիր ինտրիգներ է ստեղծում ու գտնում դրանց լուծումները՝ առանց արհեստական միջամտության։ Համոզված եմ, որ նրա բեղմնավոր գրիչը դեռ շատ է ծառայելու մեր գրականությանը։ Նա թույլ չի տա, որ իր գրչի թանաքը չորանա։ Նոր գրքեր դեռ կծնվեն շուտով»։
«Գլխավոր հետախուզական վարչության պետի աշխատասենյակից մայոր Արթուր Միրզոյանը դուրս եկավ ծանր ու խորը մտածմունքների մեջ։ Ի՞նչ իմանար, թե ինչ ծանր բեռ են դնելու ուսերին։ Վե՛րջ, դու այլևս Արթուր Միրզոյանը չես, չի եղել այդպիսի մարդ, չկա։ Ջնջիր հիշողությունից նրա գոյությունը, դու այլևս մորն ուրացած սրիկա Ռամազան Իսմայիլօղլուն ես։ Գրողը տանի, գոնե ձևականորեն չեն էլ հարցնում իմ կարծիքը՝ համաձա՞յն եմ։ Բայց ես այլ տարբերակ ունե՞մ։ Դու օտար կամ թշնամի երկրում ես։ Ոչ մի յուրային չկա, բոլոր կողմերից թշնամիներ են։ Դու ամեն վայրկյան քայլում ես դանակի շեղբի վրայով։ Մի պահ կորցնես զգոնությունդ՝ թակարդը կընկնես․․․ Կարևորն արդյունքն է, օպերացիայի հաջող ավարտը։ Եթե հաջողես՝ քեզ մեկ այլ կարևոր առաջադրանք կտան։ Եթե ձախողես ու բացահայտվես, հայրենիքը կարող է հրաժարվել քեզանից, այլապես երկրի շահերը, արտաքին քաղաքականությունը կտուժեն։ Դու պետք է պատրաստ լինես նաև դրան։ Պետությունը մեծ խաղադրույք է դրել այս գործի ու քեզ վրա, ամբողջությամբ վստահում է քեզ, քո կարողություններին։ Այն, ինչ պետք է անի Շովքեթ-Միրզոյանը, կյանքից ավելի թանկ է, քո՛ կյանքից․․․
Տարօրինակ զգացողություն ուներ։ Քանի՞ մարդ է ապրում իր մեջ։ Սկզբում Սմբատ Խոջոյանն էր, հետո՝ Լենքորանում ադրբեջանական հակախորհրդային բանդաներ բացահայտելիս, նույնինքը՝ Նիկոլայ Խոջաևը, հետո՝ նույնինքը՝ Արթուր Միրզայանը, նույնինքը՝ գործակալ Միրզան, հետո՝ նույնինքը՝ Ռամազանը, շուտով՝ նույնինքը՝ պատգամավոր Մահմուդ Շովքեթը։ Խճճվել կարելի է։ Վերջին տարիներին ավելի շատ թուրքերե՞ն է խոսել, թե՞ հայերեն կամ ռուսերեն։ Բայց մի բան հաստատ գիտեր՝ իր կյանքի ամենաճակատագրական դերը պատգամավոր Շովքեթինն է լինելու»։
Իր սրտի խոսքն ասաց նաև գնդապետ, արձակագիր Անդրանիկ Հակոբյանը․ «Մեր իրականության մեջ գրողի տեղն ու դերը նույնքան ծանր է, որքան օտարության մեջ աշխատող հետախույզի դերը։ Աշոտ Աղաբաբյանը ընթերցողին ու գրականությունը մոտեցնում է իրար։ Ժամանակի մեղքն է, որ այդ երկուսը հեռացել են իրարից։ Կարծում եմ՝ բոլորդ ինձ հետ համաձայն կլինեք, որ գրողին ծնում է իր ժամանակը, ինչպես նաև ժամանակն է ծնում իր գրողին։ Այդպես ծնվեցին հանճարեղ Րաֆֆին, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Մուշեղ Գալշոյանը․․․ Աշոտ Աղաբաբյանին թվում է, թե ինքն է ընտրել իր հերոսներին, պարզվում է, որ միաժամանակ հերոսներն են ընտրել իրենց գրողին։ Հեղինակն իր գործերում ներկայացված է թե՛ որպես գրող, թե՛ պատմաբան ու քաղաքացի, թե՛ հասարակագետ ու զինվորական․ բոլոր շերտերը կան նրա գործերում։ Աշոտի գրականությունը ստեղծում է մի սերունդ, որը հետագայում անպայման կանդրադառնա նրա հերոսներին։ Այնքան զգայական են նրա հերոսները, որ թվում է, թե ինքն ու իր հերոսը նույնացել են։ Համոզված եմ, որ նրա գրքերը միշտ էլ հետաքրքրություն են ներկայացնելու ընթերցող հասարակության համար։ Գրիչդ անսպառ, սիրելի՛ ընկեր»։
Աշոտ Աղաբաբյանը մեկնաբանում է, որ «Հովազ-1»-ն ու «Հովազ-2»-ը, որի մասին այդքան շատ է խոսվում, ներկայացնում են այսօրվա իրականությունը՝ ի տարբերություն նրա, որ նախորդ վեպերը պատմական են։ Ամենաուրախացնողն այն հանգամանքն է, որ իր ընթերցողների գրեթե 80 տոկոսը երիտասարդներն են, բարձր դասարանների աշակերտներ։ ««Ռեզիդենտը» վեպից հետո, երբ պարսիկները եկան, որ պայմանագիր կնքեն թարգմանության համար, ինձ առաջարկեցին գրել վեպի վերաբերյալ սցենարը՝ «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմի նման՝ կազմված 12 մասից, ես առարկեցի, թե ինչու՞ պիտի ես գրեմ, նրանք պատասխանեցին, որ հեղինակը ես եմ, ու ամենից լավ ես գիտեմ՝ ո՞րն է իրականը, և ո՞րը՝ հնարովին։ Ես հրաժարվեցի»,- հավելեց Աշոտ Աղաբաբյանը։
«Հայերի անունը մի՛ տուր։ Իմ ամենաատելի ազգն է։ Հայերն ու քրդերը Թուրքիայի համար ամենավտանգավոր տարրերն են։ Եթե նրանց հարցերը մեր երկրի ներսում չլուծենք, վաղը նրանք կսպառնան մեր պետականությանը։ Քրդերը մեր երկրում մեզանից հետո թվաքանակով երկրորդն են, ըմբոստ են ու վտանգավոր։ Նրանց էլ պիտի հայերի ճակատագրին արժանացնենք։ Մեկուկես միլիոն հայ կոտորեցինք, բայց դրանցից չպրծանք։ Ամեն ծնված հայ, երբ լեզու առնի, ու նրան հարցնեն, կասի՝ թուրքերը մեր հողերի վրա են պետություն կառուցում։ Նրանց ուղեղում դա է։ Այդ մտայնությունը պիտի նրանց միջից արմատախիլ անենք։ Երկու ելք կա․ կամ մենք թողնում-հեռանում ենք, կամ մինչև վերջին հայ լամուկը կոտորում ենք։ Առաջինը բացառվում է, մնում է երկրորդը։
Այսօրվա մեր թեման Թուրքիայի երկդիմի քաղաքականությունն է։ Դիվանագիտության ոլորտում թուրքերը ներկայացնում են ամենակեղտոտ ու խորամանկ պետությունը։ Նրանց բանակցություններում ու նույնիսկ պայմանգրեր կնքելիս, այսպես ասած, 11 «այո» ունեն, որոնցից 10-ը «ոչ» է նշանակում։ Դիմացինը պետք է չսխալվի ու գտնի այդ միակ ճիշտ «այո»-ն։ Թուրքերը պետությունների թիկունքից են գործում»։
Արձակագիր Արփինե Այգն էլ իրեն երջանիկ է համարում, որ Աշոտ Աղաբաբյանի ժամանակակիցն է․ «Նրա բոլոր գրքերը կարդացվում են մեկ շնչով, սակայն ես դրանք շատ դանդաղ եմ կարդում, որ շուտ չբաժանվեմ իմ սիրելի հերոսներից։ Հեղինակն ինձ համար մեր ժամանակի Րաֆֆին է, որ բավականին մեծ ժառանգություն է ստեղծել։ Ես ուղղակի ապշած եմ նրանով, որ նա այդքան լավատես մարդ է և իր գրքերը միշտ ավարտում է լավատեսական նոտայով։ Նա հսկայական ժառանգություն ունի արդեն, թող առողջ լինի, խնայի իրեն, որ երկար վայելենք նրա ներկայությունը»։
Գրող, հրապարակախոս Շուշանիկ Սահակյանն իր սրտի խոսքն այսպես ձևակերպեց․ «Հայ ազգի հետախույզների աստղաբույլը համարձակ ու գրեթե անվրեպ գործում էր անցյալ դարասկզբից։ Անուններ չտալով՝ փաստեմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր մասնագիտական ու մարդկային որակներով վստահաբար հատել է մեր երևակայության հնարավոր բոլոր եզրերը, որտեղ իրականի ու երևակայականի սահմանները նշմարվում են հիմնականում մարդկային հնարավորությունների մասին ունեցած մեր պատկերացումներով, որոնք էլ հաճախ նույնիսկ կաղապարում են մեր իրական հերոսների սխրանքների անհավանական ծավալները։ Նրանք մեր հերոսներն են, և նրանց գործունեության յուրաքանչյուր դրվագ հետաքրքիր է իմանալ։ Սա սերունդ կրթելու լավագույն միջոց է։ Տեսնեք, թե այսօրվա սերունդը ոնց է փորձում նմանվել նրա հերոսներին։ Հայրենիքին անմանցորդ նվիրվելը Աղաբաբյանի հերոսների ընդհանուր և կարևորագույն հատկանիշն է, մնացյալը բխում է սրանից։ Ձևերն ու մեթոդները տարբեր են։ Հերոսները, սակայն, չխնայելով ոչինչ, անվարան նետվում են իրենց նպատակների հետևից։ Բացառիկ հերոսների մասին բարձրաձայնելը մի տեսակ հոգու պահանջ է դարձել հեղինակի համար, ընթերցողի համար էլ՝ դաս։ Եթե Պարույր Սևակի խոսքով ասեմ՝ «Հանճարեղությունը հենց այնտեղ է սկսվում, որտեղ վերջանում է կարծեցյալ կարելիությունը», իսկ ամենակարևորը գիտակցաբար գործելու համոզմունքն է, որը մարդուն դարձնում է իր գործի անմնացորդ նվիրյալը։ Աշոտը այդ նվիրյալներից է»։
Հավանաբար սա է այն իրողության առհավատչյան, որ հեղինակի 3000 օրինակով գրքերն անմիջապես սպառվում են, ու նա ստիպված է լինում մի քանի անգամ վերահրատարակելու դրանք։ Այն հարցին, թե թարգմանվա՞ծ են, արդյոք, նրա գրքերը, Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ առայժմ որոշ գրքեր թարգմանված են պարսկերեն, ռուսերեն, անգլերեն, էլի առաջարկներ կան։ Նա ուզում է, որ ավելի շատ լեզուներով թարգմանվեն իր գործերը, և աշխարհն իմանա, ճանաչի այն հայերին, որոնք դարակազմիկ դեր են կատարել գիտության, մշակույթի ու այլ բնագավառներում, և այսօր այդ աշխարհը երախտամոռությամբ ու շահադիտական մղումներով թույլ է տալիս, որ նվաստացնեն մի ժողովրդի, որն աշխարհին հանճարներ է պարգևել։
Քննարկման ընթացքում հնչեցին «Գարնան 17 ակնթարթները» մեզ հայտնի ֆիլմի և այլ դասական երաժշտություն դաշնակահար Հայկո Խաչատրյանի կատարմամբ։
Վերջում հեղինակը երախտագիտությամբ դիմեց դահլիճին՝ պատասխանելով որոշ հարցերի․ «Շատ շնորհակալ եմ ձեր ներկայությունից։ Երբեմն ինձ հարցնում են իմ անձնականից, ու միշտ էլ պատասխանում եմ՝ ինձ փնտրեք իմ գրքերում։ Ամեն մի գիրք գրելիս ես դողացել եմ՝ մտածելով, թե ինչպե՞ս կընդունի ընթերցողը այն։ Ես լիարժեք հանգստանում եմ միայն գրելիս։ Պատրաստվում եմ նոր գիրք գրելու, նյութերի ուսումնասիրության փուլում եմ։ Ինձ համար ամենաթանկը ներքին ազատությունն է, որը հնարավորություն է տալիս ընկղմվելու այն աշխարհը, որ միայն իմն է։ Պատմությունը չպետք է կեղծել, ինչն էլ ես անում եմ իմ գրքերում։ Այսօր ինձ ամենից շատ մտահոգողը իմ ազգի ընկճված վիճակն է»։
Այնուհետև առաջարկ եղավ Հայ կինոյի կողմից ֆիլմ նկարահանելու վերաբերյալ, ինչին սիրով համաձայնեց հեղինակը։
Ներշնցված հետաքրքիր քննարկումով՝ ինքս էլ ձեռք բերեցի հեղինակի նոր գիրքը՝ «Նմանակը»՝ հետաքրքրություններիս հագուրդ տալու համար։
Հեղինակին մաղթենք առողջություն ու երկար տարիների ստեղծագործական բուռն ու բեղմնավոր կյանք։ Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ