ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐԵՑ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ՝ ԿՅԱՆՔԸ

Փրկարար լինելն առաքելություն է եւ մեկ անգամ չէ, որ մեր փրկարարներն ապացուցել են դա իրենց անձնուրաց աշխատանքով, հաճախ էլ նաեւ իրենց առողջության ու կյանքի գնով՝ փրկելով հազարավոր կյանքեր: Նրանց ուժը, նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը քաղաքացիների ու հայրենիքի անվտանգ առօրյայի ամուր հիմքն են: Այդպիսի պատասխանատու ու իր գործին նվիրված, վստահելի ընկեր ու սիրելի ամուսին ու հայր էր մեր հերոս-փրկարարը, որի մասին մեծարանքով են պատմում նրա ընկերները:

Փրկարարի մասին խոսելիս անհնար է զերծ մնալ «հերոս» բառից, ինչը նրանց կատարած աշխատանքի բարձրագույն գնահատականն է: Իսկ երբ փրկարարը զոհաբերում է ամենաթանկը՝ կյանքը, հանուն հայրենիքի ու հայրենակիցների, նրան թերեւս պետք է կոչել անմահ հերոս-փրկարար:

Ավագ-լեյտենանտ Դավիթ Վլադիմիրի Դոլուխանյանը ծնվել է 1983թ. սեպտեմբերի 10-ին Արցախում՝ Ստեփանակերտում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջ՝ «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ հսկում» մասնագիտությամբ: 2002թ. զորակոչվել է Հայոց բանակ: 2004թ. ընդունվել է Երեւանի մենեջմենթի համալսարան՝ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ: 2006թ. ծառայության է անցել ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբում: Եղել է առաջին խմբի առաջին ջոկի հրամանատարը՝ ավագ-լեյտենանտի կոչումով:

2020թ. Արցախի դեմ սկսված պատերազմի ընթացքում ԱԻՊԾ համահավաք վաշտի անձնակազմի հետ մեկտեղ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված ռազմական գործողություններին:

 Իր աշխատանքին նվիրված, բարի, համեստ, խելացի, միշտ իր ունակություններով աչքի ընկնող փրկարարը անմահացավ նոյեմբերի 6-ին Շուշիի շրջանում:

ԱՀ նախագահի հրամանագրով՝ Դ. Դոլուխանյանը հետմահու պարգեւատրվել է «Արիություն» մեդալով: Հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Ամուսնացած էր, ունի երկու դուստր:

Ընկերները՝ Սերգեյ Դավիդյանն ու Մխիթար Գրիգորյանը, ընկերոջ կորստի վիշտը իրար հետ կիսում են հաճախակի նրա մասին հիշելով, ընտանիքի հետ մշտական շփման մեջ գտնվելով, վերհիշելով Դավթի հետ ապրած ուրախ ու դժվար օրերը:

Սերգեյը պատմում է, որ նրանք ընկերացել են բանակում ծառայելու ժամանակ: Դավիթը խելացի, հետաքրքրասեր տղա էր: Բանակում իրեն դրսեւորում էր որպես արժանի զինվոր ու մարդ,  սկզբունքորեն չէր տանում անարդարությունը, միշտ կողմ էր ճշտին ու ճշտապահությանը: «Ծառայությունը բանակում ավարտելուց հետո ես մտա ՓԾ՝ որպես փրկարար: Որոշ ժամանակ հետո Դավիթը նույնպես ծառայության մտավ մեզ մոտ: Ինչպես որ բանակում, ՓԾ-ում նույնպես իրեն հոյակապ էր դրսեւորում՝ թե որպես փրկարար, թե որպես ընկեր: Շատ վստահելի ու ընկերասեր էր Դավիթը: Կյանքում դժվարություններ ուներ՝ կապված տան հետ: Երազում էր իր բնակարանն ունենալ: Ապրում էր վարձակալությամբ՝ տեղափոխվելով տնից տուն: Աշխատասեր էր: Ձգտում էր տուն կառուցել թեկուզ Ստեփանակերտից դուրս: Բայց խոչընդոտներ էին առաջանում տուն ձեռք բերելու կամ կառուցելու հարցերում: Համեստ կյանքով էր ապրում: Միշտ բավարարվում էր եղածով, փոխարենը՝ օգնում ուրիշներին: Ինչպես ասում են՝ այս կյանքում նա շատ բան չուներ, ամենաթանկը կյանքն էր, այն էլ նվիրեց հայրենիքին»,-պատմում է Սերգեյը:

Մխիթարը նույնպես Դավթի հետ ընկերացավ փրկարարական ծառայության ընթացքում: Հիշում է ու պատմում, թե միասին ինչ փորձություններ են հաղթահարել: Դավթի մասին արտահայտվում է որպես շատ պատասխանատու ու վստահելի մարդու մասին: Ասում է, որ պատասխանատու առաջադրանքներին պարտադիր Դավթին  էին ուղարկում՝ նկատելով նրա խիզախությունը, պատասխանատվության բարձր զգացումը: Նաեւ կատակներն են հաճախ հիշում, որ իրենց ընկերական շրջապատից անպակաս էր լինում:

Դավիթը հեռացավ, բայց հիշատակը մշտապես վառ մնաց նրան ճանաչող մարդկանց սրտերում: Նա թողեց իր վառ անունը՝ որպես նվիրված փրկարարի, որպես վստահելի ու պատասխանատու ընկերոջ, որպես հավատարիմ ամուսնու ու սիրող հոր: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ