Արցախցիների համար անցնող տարին բարդ էր, հոգսաշատ ու անորոշ ապագայի դառնությամբ լեցուն: Շուտով Ամանոր է: Չնայած ամեն ինչին, այնուամենայնիվ արցախցիները, պահպանելով ավանդույթը, նշելու են նոր տարին, թեկուզ համեստ սեղանի շուրջ, թեկուզ ոչ իրենց տներում: Իսկ թե ինչպես կազմել ճիշտ ճաշացուցակ, որը ոչ միայն վնասակար չէ, խնայողական է, այլեւ՝ համեղ, պարզաբանեցինք զումբա-ֆիթնեսի մարզիչ ու սննդաբան Լաուրա Մնացականյանի հետ:
Արցախից բռնատեղահանվելուց հետո Լաուրա Մնացականյանը աշխատում է Երեւանի՝ աղջիկների համար «Լեդի զոն» ֆիթնես ակումբում՝ որպես զումբայի եւ կարդիո մարզիչ:
– Լաուրա՛, նախատոնական օրերին միմյանց հաճախ տրվող հարցերից է, թե արդյոք նախապատրաստվո՞ւմ եք նշել Ամանորը: Մենք էլ չենք շրջանցի նույն հարցը, եւ կավելացնենք՝ ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Նոր տարին, ինչպե՞ս եք տրամադրված:
– Անկախ ամեն ինչից, ես համարում եմ, որ Նոր տարին հրաշքի տոն է, ընտանիքի տոն է, որը պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում: Ամանորը տոն է, որը չպետք է կախված լինի տրամադրությունից, ֆինանսական վիճակից: Չնայած ամեն ինչին, մենք կարող ենք գոնե մի փոքր հրաշք ստեղծել մեր ընտանիքներում, մեր երեխաների համար՝ պարզապես ուրախացնելով նրանց թեկուզ մի փոքր բանով, եւ տոնական տրամադրությունը կստեղծվի ինքնըստինքյան: Այո, մենք անպայման նշելու ենք, թեկուզ թող լինի փոքր ու համեստ սեղան: Ուզում եմ ընդգծել, որ անկախ ամեն ինչից ենք դա անում:
– Զումբա-ֆիթնես պարապող մարզիկների հոսք կա՞ դեպի դահլիճ՝ տոները լավ մարզավիճակում դիմավորելու նպատակով:
– Զարմանալի չթվա, բայց այցելուների ու մարզվողների հոսքը նվազել է: Չնայած նրան, որ կարծում էինք, թե դեկտեմբերին մարզվողների թիվը կավելանա, այնուամենայնիվ հակառակը եղավ. հավանաբար բոլորը գումար են տնտեսում ամանորյա սեղանի համար: Մինչդեռ ունենք այն կորիզը, որը ըմբռնումով է մոտենում բոլոր հարցերին եւ հասկանում է, որ կարեւորը ստամոքսը լցնելը չէ, այլեւ՝ առողջ ու գեղեցիկ լինելը: Իհարկե առաջին հերթին՝ առողջ լինելը: Ունենք մարզիկներ, որոնք միշտ ներկա են պարապմունքներին, մենք նրանց անվանում ենք «մշտականներ»: Անկախ բոլոր հանգամանքներից նրանք բաց չեն թողնում մարզվելու հնարավորությունը:
– Ի՞նչ հաշվի առնել եւ ի՞նչ սկզբունքների վրա հիմնվել ամանորյա ճաշացուցակը կազմելիս:
– Քանի որ մեր հայկական կերուխումը հիմնականում լինում է շռայլված, պարունակում է շատ ճարպային եւ մսային ուտեստներ, ապա առաջարկում եմ, եւ ինքս էլ փորձում եմ մեր տանը կիրառել, չնայած հանդիպում եմ անհամաձայնությունների հատկապես տղամարդկանց կողմից, այնուամենայնիվ գնումների ցուցակում ավելացնել ավելի շատ միրգ ու բանջարեղեն: Թարմ միրգ ու բանջարեղեն. ահա սա է պետք շռայլել սեղանին: Եվ դրանցով կազմված աղցաններ պատրաստել: Քչացնել առատ ճարպեր պարունակող մթերքները, քաղցրը եւ ռաֆինացվածը: Այն բանից հետո, երբ ես դասընթացներ անցա եւ դարձա սննդաբան, արդեն որերորդ տարին է շարունակում եմ ե՛ւ այդ ոլորտում գիտելիքներս կատարելագործել, ե՛ւ ինքս ճիշտ սնվելու սկզբունքները պահպանել թե՛ ընտանիքում, թե՛ ուրիշ տեղ: Այդ պատճառով էլ ամանորյա ճաշացանկը կազմելիս առաջնորդվում եմ նրանով, որ սեղանին լինի ավելի շատ կանաչեղեն, միրգ ու բանջարեղեն: Փորձե՛ք ու կտեսնեք, որ ե՛ւ ստամոքսն է ձեզ շնորհակալ լինելու, ե՛ւ տարին է առատ լինելու:
– Իսկ ներկայում տիրող գնաճի պայմաններում ինչպե՞ս կազմել ամանորյա հարմար ճաշացանկ, որը ոչ միայն օգտակար լինի, այլ նաեւ համեղ ու խնայողական:
– Կրկնեմ, որ ամեն դեպքում շեշտը պետք է դնել թարմ կանաչեղենի, մրգերի ու բանջարեղենի վրա: Կան բազմաթիվ տարբեր բաղադրատոմսեր առանձին մրգերով ու բանջարեղենով շատ համեղ աղցաններ պատրաստելու համար: Կան նաեւ բաղադրատոմսերի միքս տարբերակներ, որոնք սովորեցնում են, թե ինչպես կարելի է համադրել մրգերն ու բանջարեղենը մեկ աղցանի կազմում: Ի միջի այլոց, դրանք շատ օգտակար աղցաններ են, որովհետեւ պարունակում են մեր օրգանիզմի համար անհրաժեշտ ու օգտակար վիտամիններ, միներալներ, բջջանյութ: Առավել եւս եթե մենք դա ընդունում ենք ուշ գիշերին, պետք է հաշվի առնենք, որ սնունդը պետք է դյուրամարս լինի: Օգտակար են նաեւ խորովոցում (գրիլ) պատրաստված բանջարները, որոնք մենք սիրում ենք: Մսեղենից նախընտրելի է ձուկը կամ որեւէ թռչնամիս, որոնք նույնպես կարելի է խորովոցում պատրաստել կամ պարզապես եփած մատուցել: Խոզի ու տավարի մսերը անշուշտ շատերի ամանորյա սեղանի անբաժան մասն են կազմում, բայց եթե մենք պատրաստվում ենք ճաշել գիշերը ու մտածում ենք գումար տնտեսել, ուրեմն նախապատվությունը տալիս ենք թռչնամսին, աղցաններին ու թարմ մրգերին: Համացանցը ողողված է բազմաթիվ բաղադրատոմսերով, որոնք խնայողական են, օգտակար ու համեղ: Ուղղակի պետք է չալարել, նայել ու խորանալ, գուցե եւ սովորել՝ մեր իսկ առողջության համար:
– Ձեր ամանորյա մաղթանքը մեր ընթերցողներին:
– Անկախ նրանից, թե տարվա ինչ եղանակ է, եւ ընդհանրապես անկախ բոլոր հանգամանքներից ու տոներից, ցանկանում եմ, որ բոլորը հասկանան ու գիտակցեն, որ իրենց պետք է առողջ ու գեղեցիկ մարմին, եւ սկսեն դրան հասնելու առաջին քայլերը: Դա թույլ կտա հասկանալ, թե որքան է կյանքը հիասքանչ: Կյանքը կարող ենք ապրել հեշտ ու առանց հիվանդությունների, երբ գիտակցենք ու հասկանանք, որ մենք սնվում ենք այնպես, ինչպես որ մարզվում ենք, հասկանանք, թե ինչու ենք վատ քնում: Ցանկանում եմ, որ բոլորը գան այդ գիտակցման գալիք նոր տարում: Չէ՞ որ եթե մենք ճիշտ սնվենք, ճիշտ մարզվենք ու լավ քնենք, ապա մենք երբեք չենք բախվի լուրջ հիվանդությունների, որոնք ամբողջ աշխարհում տարածված են: Բայց դրան պետք է հասնել ինքնուրույն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ եթե չկա գիտակցում, ուրեմն կողքից ոչ մի ջանք իմաստ չունի: Ուստի մաղթում եմ մեր ընթերցողներին եւ բոլորին ունենալ այդ գիտակցումը նոր տարում: Այդ դեպքում արդեն կբացվեն եւ նոր հնարավորություններ, եւ նոր աշխարհ, որտեղ ամեն ինչ հասանելի է: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ