Հովհաննես Թումանյանի ընտանիքում ամենայն մանրամասնություններով և խնամքով էին պատրաստվում բոլոր հյուրասիրություններին, անվանակոչության և մնացած բոլոր տոներին: Տոների և հյուրասիրության ավանդույթներն ու հուշերը մեզ են փոխանցվել նամակագրական հարուստ ֆոնդից ու Նվարդ Թումանյանի շնորհիվ փոխանցված հուշերից: «Նոր տարու առաջին օրը սովորականի նման առավոտվանից այցելուները, հյուրերը շատ էին: Այդ տարիներին հայրիկի ծանոթությունների շրջանը շատ էր մեծացել: Անվերջ այցելուներ, հյուրեր, զանազան հիմնարկներից դիմումներ, մասնավոր մարդկանց խնդիրքներ այս կամ այն գործի համար: Այցելուներ ոչ միայն Թիֆլիսից, այլև Կովկասի այլ քաղաքներից ու գավառներից, Ռուսաստանից և արտասահմանից» (1916 թիվ, հունվարի 1):
1917 թվականի Ամանորը շատ ուրախ և հետաքրքիր էր Թումանյանների հարկի տակ: Հարկավ, դա պայմանավորված էր ոչ միայն այս գեղեցիկ ընտանիքի բացառիկ հյուրասիրությամբ, այլև հետաքրքիր հյուրերի ներկայությամբ: «Ճաշին հայրիկի մոտ շատ հյուրեր կային: Ռուբեն Զարգարյանի կինը՝ տիկին Վերոնը իր տղաներով, Անդրանիկը, Դեմիրճյանը, Տերյանը, Ծերուն Թորգոմյանը, Ջալալ Տեր-Գրիգորյանը, Զապել Եսայանը, Միքայել Մանվելյանը և մի խումբ արևմտահայ սկսնակ գրողներ: Բոլոր հյուրերը ստորագրություն տվեցին, որ հաջորդ տարին նույն օրը նորից հավաքվեն մեր տանը» (1917 թիվ, հունվարի 1 Նվարդ Թումանյանի հուշերից):
Միշտ չէ, որ Թումանյանները տոնածառ դնելու հնարավորություն են ունեցել, բայց դրանով հանդերձ Ամենայն հայոց բանաստեղծը երեխաների համար Ամանորը տոն է դարձրել: Դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերում ընթերցում ենք. «Երբ փոքրիկ երեխաներ էինք, Նոր տարու առիթով մեզ համար տոնածառ էինք սարքում, բայց ոչ ամեն տարի. դա թանկ բավականություն էր: Մի քանի անգամ ենք սարքել: Առաջին անգամ տոնածառ տեսել ենք իշխանուհի Մարիամ Թումանյանի տանը: Մենք նրան ուղղակի իշխանուհի էինք ասում, այդպես էր ընդունված:
Հիշում եմ շքեղ խաղալիքներով, հարուստ, գույնզգույն մոմերով լուսավորված ու զարդարված մեծ տոնածառը, որ մենք տեսանք իշխանուհու տանը: Տոնածառի շուրջը խաղացինք «Մուկն ու կատուն», «Մեր ձագուկը փոսում նստած», «Երկու փոքրիկ նապաստակ» և այլն: Հիշում եմ զանազան գույնի փոքրիկ պարկերով նվերներ, ապա թեյասեղանը՝ մեծերի և փոքրերի համար առանձին: Չեմ կարողանում մոռանալ եփած շագանակը, որից գոլորշի էր բարձրանում: Առաջին անգամն էինք ուտում աղով եփած համեղ շագանակներ: Մինչև հիմա էլ, երբ եփած շագանակ եմ տեսնում, հիշում եմ իշխանուհու տան շքեղ տոնածառը և առաջին շագանակները:
Նոր տարուն իշխանուհու տանը բարձր դասարանի աշակերտները ներկայացումներ էին տալիս. հիշում եմ «Խեչոյի Թուզը»»:
Ամանորի և տոնածառի տպավորություններով պարուրված Նվարդ Թումանյանը նամակ է գրում Իշխանուհի Մարիամին: «Սիրելի՛ Մարիա Մարկովնա
Նախ շնորհավոր Ձեր Նոր տարին, և ապա ընդունեք հետին թվով իմ շնորհակալությունները մանկության օրերի գեղեցիկ հուշերի համար, որ կապված են Ձեր տան տոնածառի հետ: Նոր տարվա օրը Մուշեղի հետ միասին հիշում էինք մեր տեսած առաջին տոնածառը, Ձեր տունը, ձերոնց, էդ օրվա ստացած նվերները՝ մրգերի հետ, խաղերը, լոտոն, «Խեչոյի թուզը» և այլն և այլն: Մի խոսքով՝ մանկության օրեր» (Ինքնագիրը՝ 2 էջ, ԳԱԹ, Ֆ. Թումանյան. 312):
«Նոր տարվա առիթով հայրիկը մեզ համար նվերներ էր գնում: Առավոտը վաղ մեզ կանչում էր իր սենյակը. մենք էլ հերթով, ըստ հասակի, կանգնում էինք ու սպասում «Ձմեռ պապի» նվերներին: Հայրիկը բարձի տակից հանում էր ու նվերները բաժանում:
Մի Նոր տարի հայրիկը մեզ համար գնել էր գունավոր պատկերազարդ, մեծադիր գրքեր. «Մոխրոտը», «Պստիկն ու ճստիկը», «Քնած գեղեցկուհին», «Կարմիր գլխարկը», «Կարենն ու մանչուկը», «Օբերոնի հրաշալի եղջույրը»:
1905 թվականի հունվարի 1-ին, երբ դեռ ութը երեխա էինք, հայրիկը մեզ տոնածառի կանչեց մի փոքրիկ երգով՝ չորս տող ութ երեխայի անունից կազմված.
Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ,
Արտիկ, Համլիկ, Արփուշիկ,
Աշխեն, Արեգ շուտ արեք,
Տոնածառը զարդարեք…»:
Այս փոքրի բանաստեղծության մեջ, ինչպես տեսնում ենք, չկան Թամարի և Սեդայի անունները, որովհետև այդ տողերը գրվել են 1905 թվականի հունվարի 1-ին, երբ նրանք դեռ չէին ծնվել: Իսկ Արտավազդ Թումանյանի 1911 թվականի դեկտեմբերի 29-ին՝ բանտում գտնվող հոր ուղղված նամակներից մեկում ընթերցում ենք.«Սևուկն ու Սեդիկը շատ շուտ-շուտ են պոկոտում օրացույցի թերթիկները, որ համ Նոր տարին շուտ գա, համ էլ՝ դու»:
Սովորաբար Թումանյանների տունը Ամանորին հյուրաշատ էր լինում: Երեխաները փոքրիկ բեմադրություններ էին անում: Մի անգամ էլ բեմադրություն կազմակերպեցին բանաստեղծի ավագ դստեր՝ Աշխենի տանը: Նվարդ Թումանյանի հուշերում ընթերցում ենք. «Նոր տարում մեծ քրոջս՝ Աշխենի տանը բեմադրեցինք հայրիկի «Ծաղիկների երգը»: Կազմակերպողը մեծ եղբայրս էր՝ Մուշեղը: Նա, որպես բնագետ, բոլոր դերակատարների համար գունավոր թղթերից ծաղիկների զգեստ էր պատրաստել՝ նարգիզ, շուշան, կակաչ և այլն: Դերերը բաժանել էր այսպես.
Ջուրը- Համլիկն էր,
Արևը-Արեգը,
Աղջիկը-Սեդիկը,
Արևածաղիկը-Անուշը,
Շուշանը-Արփիկը,
Կակաչը-Թամարը,
Նարգիզը- Սաթիկը,
Մանուշակը- Վարսիկը:
Սաթիկն ու Վարսիկը հորեղբորս աղջիկներն էին, որ ապրում էին մեր տանը: Ներկայացումը հաջող էր ստացվել, հայրիկը շատ հավանեց» (1914 թ. հունվար):
Եթե ստացվել է այնպես, որ Ամանորին հյուր չէին ունենում, և Նոր տարին դիմավորում էին առանց հյուրերի, Ամենայն հայոց բանաստեղծը երեխաներին հավաքում էր իր շուրջը և կարդում էր հատվածներ համաշխարհային գրականությունից: Միշտ ընթերցանությունն ավարտում էր՝ կարծիք հայտնելով տվյալ գրողի ու նրա երկի մասին: Դա երեխաներին շատ էր օգնում ճանաչելու աշխարհը, նրանց մոտ ձևավորելու աշխարհայացք և համոզմունքներ:
1919 թվականի Նոր տարին, հավանաբար, ամենածանր տարին էր Թումանյանների ընտանքի համար, որովհետև Արտիկի մասին լավ լուր չկար: Նվարդ Թումանյանի հունվարի մեկի գրառումը պատմում է բանաստեղծին այցի եկած մտավորականների և տանը իշխող տխուր տրամադրության մասին. «Առաջին այցելուն Սերգեյ Գորոդեցկին էր: Հետո եկան Տիգրան Հովհաննիսյանը, Ռոստոմը (Ստեփան Զորյան), հայրիկի մանկության ընկերներից մեկը: Խոսում էինք Արտիկից: Ռոստոմը նոր էր վերադարձել Պարսկաստանից: Խոստացել էր տեղեկություններ բերել Արտիկի մասին, բայց, ըստ երևույթին, ոչ մի լավ լուր չէր բերել, քանի որ նրա գնալուց հետո հայրիկի տրամադրությունը ընկած էր:
Այդ օրը եկավ և Վրթանես Փափազյանը» (1919 թ. հունվարի 1):
1920 թվականի Նոր տարին դիմավորում են տանը, առանց հյուրերի: Հունվարի մեկին գալիս են Վրթանես Փափազյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Տիգրան Հովհաննիսյանը: Նվարդը գրում է․ «Իմ սենյակում էինք հավաքվել․ սենյակս տաք էր ու լավ, բուխարու կրակը առատ էր ու սիրուն: Սեղանիս վրա էր Նիցշեի «Զրադաշտը»: Հայրիկը Նիցշեին չէր սիրում․ Նիցշեն դաժան է, իսկ հանճարը դաժան լինել չի կարող: Նա հիվանդոտ մեծություն է ու տկար հոգի»:
Նորից ոգևորված սկսեց խոսել Շեքսպիրից․«Շեքսպիր կարդալ, Շեքսպիր հասկանալ, կնշանակի մեծանալ․ նա շատ է տարերային, մեծ հանճար է: Լավագույններին պետք է կարդալ, սիրել Բայրոն, Գյոթե, Շիլլեր, Շեքսպիր․․․․»:
Երեկոյան մենք՝ տնեցիներս, հավաքվեցինք հայրիկի սենյակում: Բայրոնի «Մանֆրեդը» կարդաց, նրա մենախոսությունը կյանքի ունայնության մասին, հետո՝ Աստվածաշնչի «Բանք ժողովողին» բաժնի սկիզբը՝ «Ունայնութիւուն ունայնութեանցը, վերջում Բրեստետի Եգիպտոսի պատմության գրքից կարդաց եգիպտացիների երգը կյանքի ունայնության մասին՝ «Ուրախ ապրիր, սրտովդ ապրիր, էս օրով ապրիր․․․» և համեմատեց Օմար Խայամի քառյակների հետ:
Հյուրեր եկան և մեր ընթերցանությունն ընդհատվեց: Սերգեյ Գորոդեցկին էր իր կնոջ հետ․ հետը բերել էր հայրիկի քառյակների ռուսերեն թարգմանությունը․ մի քանիսը կարդաց, բայց այնքան էլ հաջող չէին, հայրիկը չհավանեց»,- կարդում ենք Նվարդի հուշերում:
Ամանորի գիշերները Թումանյանի ծանր հիվանդության հետ ծանրացան: 1923 թվականի հունվարի 1-ին նրան փոխադրեցին Մոսկվայի Օստրոումովի անվան հիվանդանոց, որտեղ և մնաց մինչև վերջ: Բեռլին գնալը հետաձգվեց և որոշեցին բուժել Մոսկվայում՝ ռենտգենյան ճառագայթներով: Հունվարի 5-ի գրառման մեջ Նվարդը գրում է․«Երեկոյան, թաթախման գիշերը միասին ընթրեցինք, իրար կենաց խմեցինք․ հայրիկը հիշեց անցած երեկոները… Հետո թե՝ «Զատկին երևի տանը կլինեմ, առողջ, երեխաների հետ սեղանի շուրջը միասին նստած․․․»: Ավա՜ղ․․․
Այսօր՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում պահվում են Թումանյանների ընտանիքին պատկանող տոնածառի երեք խաղալիք՝ սերկևիլ, սալոր, դեղձ:
Թանգարանում պահվում է նաև 1905 թվականի հունվարի 1-ին Ղազարոս Աղայանին նվիրած «Բանաստեղծություններ» ժողովածուն՝ ընծայագրով. «Իմ անգին Ասլան ապորը՝ Ղ. Աղայանին», մյուս էջին՝ «Անցավ հին տարին, կանցնի և նորը,
Կանցնի՞ և արդյոքմեր անբախտ օրը» երկտողը:
Այս երկտողը, հիրավի, շարունակում է ուղեկցել մեզ ամեն տարի, և այդպես էլ անբախտ օրը չի հեռանում մեզանից: Ամենայն հայոց բանաստեղծի «1 հունվարի» բանաստեղծությունը ևս շատ ուղերձներ է պարունակում՝ գոտեպնդվելու, հավատը չկորցնելու և նորանալու առումով: Թումանյանի պես սպասենք ու հավատանք «ոսկեվառ օրվան»:
***
ՆՈՐ ՏԱՐԻ
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցի, գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վըրից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին։—
Ես էլ էնպես,
Նորեկ տարի,—
Մի խոտ, մի բույս,
Ո՛չ ավելի։
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի։
1894 թ.
1 ՀՈՒՆՎԱՐԻ
Շնորհավոր Նոր տարի…
Թեև պիտի նա մարի
Իմ վաստակած սրտի մեջ
Դարձյալ մի հին իղձ կամ տենչ,
Թեև պիտի ինձ բերի
Միայն ծանրություն հոգսերի,
Տան ծախքերի պրոզան,
Եվ հալածի իմ մուզան…
Բայց ինչքան էլ լինի վատ,
Ես միշտ ունեմ ժայռ հավատ
Դեպի կյանքն ու ապագան,
Եվ հույս ունեմ, թե կըգան
Սեր, սփոփանք, խնդություն…
Այդ հույսով էլ աննկուն
Ես կանչում եմ՝ սըրտալի –
Շնորհավոր Նոր տարի,
Եվ մաղթում եմ ձեզ համար
Նոր բաղդ, նոր օր ոսկեվառ։
1898 թ.
Պատրաստեց «Հովհաննես Թումանյանի թանգարան»
ՊՈԱԿ տնօրեն
Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ
Նկարի հեղինակ՝ Քարոլին Ռոստամի