I . ՆԱԽԱԲԱՆ
Ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ և տարաբնույթ, մարդկային մեծ կորուստներ
և նյութական վնասներ պատճառող տարերային ու տեխնածին աղետներով։
Ինչպես զարգացող, այնպես և զարգացած երկրներում նկատվում է նշված տիպի աղետների աճի միտում։
XXI – րդ դարում աշխարհի գրեթե բոլոր երկրներում մեծ թափ է առնում ուրբանիզացիայի մակարդակը։ Հետևաբար, հնարավոր ուժեղ և ավերիչ աղետների ժամանակ մարդկային զոհերը և նյութական կորուստները կհասնեն զգալի չափերի։ Զարգացած տիպի երկրները, որոնց շարքին են դասվում ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, ունեն աղետների կառավարման հստակ և կայուն համակարգեր։ Նույնը չի կարելի ասել զարգացող երկրների մասին, որոնց շարքին դասվում է նաև Հայաստանի Հանրապետությունը։
Ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության ՝
XX – րդ դարում բնական աղետներից մեծ և զգալի մասը /50, 9 % / բաժին է հասնում երկրաշարժին։
Այս պարագայում ակնհայտ են դառնում ողջ աշխարհում երկրաշարժի վտանգի և ռիսկի բարձր մակարդակները ։
Հարկ է նաև նշել, որ աշխարհում երկրաշարժերի հետևանքով նյութական կորուստները տարեկան կտրվածքով կազմում են մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար,իսկ մարդկային զոհերը՝ 10-15 հազար մարդ:
Միջազգային պրակտիկայում զարգացած երկրների ՚՚ աղետների կառավարման համակարգը “
իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումների իրականացումը ․
1 . Նախապատրաստումը աղետին
2 . Արձագանքումը աղետին
3 . Աղետի հետևանքների մեղմացումը և վերացումը
4 . Աղետի գոտու վերականգնումը
Խոսելով Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի աստիճանի մասին, հարկ է նշել,
որ համաձայն սեյսմիկ շրջանների, նրա տարածքը տեղակայվում է երկրորդ սեյսմիկ ակտիվություն ունեցող գոտում, որը անվանվում է Ալպ – Հիմալայան սեյսմիկ գոտի։ Նշված գոտում տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրաշարժերի /5- 6 / % -ը:
Շարունակելով խոսել ՀՀ – ի տարածքի բարձր սեյսմիկ վտանգի մասին, անհրաժեշտ է նշել, որ մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր տարածաշրջանում հավանական ավերիչ երկրաշարժերի կրկնելիության պարբերականությունը կազմում է / 30 – 40 / տարի ։
II . ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՍԵՅՍՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության տարածքի բարձր սեյսմիկ վտանգի և ռիսկի մակարդակների
վառ վկայությունը հանդիսացավ 36 տարի առաջ դեկտեմբերի 7 – ին ժամը 11 : 45 րոպեին
Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիսային մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը ։ Երկրաշարժի էպիկենտրոնն էր Նալբանդ գյուղը ( Սպիտակ քաղաքին մոտ ), որտեղ նրա մագնիտուդը և ուժգնությունը համապատասխանաբար ՝ Ռիխտերի և MSK – 64 սանդղակների համաձայն՝
կազմում էին 7,1 և 10 բալ։ Երկրաշարժն ընդգրկել է Հայստանի Հանրապետության ողջ տարածքի մոտ
40 % – ը , որտեղ բնակվում էր շուրջ մեկ միլիոն մարդ։
Նախնական պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհերի թիվը կազմել է 25 000 մարդ,
անօթևան մնացել ՝ 514 000 մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել շուրջ 20 000 մարդ,
որից հոսպիտալացվել է 12 500 մարդ։
Երկրաշարժի պատճառած ընդհանուր վնասը կազմել է 9- 10 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ որոշ այլ աղբյուրների համաձայն՝ 16, 5 միլիարդ ԱՄՆ դոլար։
Միաժամանակ հարկ է նշել, որ ” Համաշխարհային բանկ ” միջազգային կազմակերպության ուսումնասիրության հիմքում ընկած տվյալների հիման վրա՝ զոհերի ընդհանուր թիվը աղետի գոտում կազմել է
50 000 մարդ , անօթևան մնացած մարդկանց թիվը ՝ 1 000 000 :
Տ․գ․դ ․ , պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանի տվյալների համաձայն՝ զոհերի ընդհանուր թիվը աղետի գոտում կազմել է 52 000 մարդ։
III . ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1 . Ցանկացած տարերային երևույթ ինքնին չի հանդիսանում աղետ ։
Այն դառնում է այդպիսին մարդու սխալ գործունեության պատճառով։
2 . Ամբողջ աշխարհում ավերիչ երկրաշարժերի տեղի ունենալու ճշգրիտ վայրի, ժամանակի և ուժգնության կանխատեսման հիմնախնդիրները մինչ օրս դասվում են ամենաբարդ և գործնականում չլուծվող խնդիրների շարքին։
3 . ” Աղետի կառավարման համակարգի ” վերը նշված չորս փուլերից նախապատվությունն անհրաժեշտ է տալ ” Երկրաշարժին նախապատրաստումը ” փուլին, քան անընդհատ առերեսվել ՝ ” Աղետի արձագանքումը “,
” Աղետի հետևանքների մեղմացումը և վերացումը ” ու ” Աղետի գոտու վերականգնումը ” միջոցառումներին։
4 . Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները, ակնհայտ է դառնում, որ ուժեղ երկրաշարժերին նախապատրաստվելու լավագույն միջոցներ են հանդիսանում․
– գոյություն ունեցող շենքերի ուժեղացումը առաջադեմ տեխնոլոգիաներով,
– սեյսմիկ վտանգի և սեյսմակայունության նոր ու բարձր պահանջներին համապատասխան ժամանակակից շենքերի և շինությունների հաշվարկը և կոնստրուկտավորումը, նախագծումը և կառուցումը ։
5 . Այսպիսով, չնայած աշխարհի բոլոր երկրների համար երկրաշարժադիմացկուն շինարարությունը
հանդիսանում է ամենածախսատար , աշխատատար և երկարաժամկետ միջոցառումը ,
Հայաստանի Հանրապետության համար այն համարվում է ազգային անվտանգության կարևոր հիմնախնդիրներից մեկը ։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համար երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտի կարևորությունը, հոդվածի վերջում ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետին հետևյալ ուղերձներով.
- Շինարարության բնագավառում իրականացնել ավելի ճիշտ և սթափ կադրային քաղաքականություն, բացառել նշված բնագավառում կոռուպցիան, ավելի բարձր պահանջներ ներկայացնելով բնագավառում աշխատող մարդկանց և մասնագետներին վճարելով արժանապատիվ աշխատավարձ։
- Պետական համակարգում շինարարության ոլորտի պատասխանատուներին նշանակել՝ հիմք ընդունելով նրանց կրթությունը , մասնագիտական ունակությունները , այլ ոչ թե նրանց տարիներով կարծրացած մեթոդները, մոտեցումները և ստերեոտիպերը ։
- Ավելի լուրջ վերաբերվել երիտասարդ մասնագետների զարգացմանը և աճին, վերապատրսատմանը
և հետագա աշխատանքին ։
Վերջում կուզենայի ազգովին աղոթենք՝
- Սպիտակի երկրաշարժի զոհերի համար,
- Որպեսզի մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսը ապագայում հեռու պահի ողջ հայ ազգին նման սարսափելի աղետներից, որոնց վերքերը մինչև այսօր լրիվությամբ դեռ չեն սպիացել:
ՏԻԳՐԱՆ ՍԱՅԻՅԱՆ
Անկախ ճարտարագետ – կոնստրուկտոր, շենքերի և շինությունների սեյսմակայունության
գնահատման մասնագետ