/Արտավազդ Թումանյան – 130/
Հովհ․Թումանյանի ընտանիքի պատմությունը մի անսպառ շտեմարան է, որի բացահայտումները ջանասիրաբար ամեն անգամ իրողություն է դարձնում Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։ Թումանյանասեր հյուրերի համար կրկին մի նոր անակնկալ էր պատրաստվել. լուսավոր ծնունդ էր Թումանյանի թանգարանում։
Ողջունելով ներկաներին՝ Լ. Ղարախանյանը նշեց, որ օրվա հետաքրքիր թեման վերաբերում է ընտանիքի ամենասիրելի զավակի՝ Արտավազդ Թումանյանի կարճատև կյանքի ու գործունեությանը։ Նա հորից ժառանգել էր ոչ միայն արտաքին նմանությունները, այլև ստեղծագործելու ձիրքը, մարդկային ազնիվ ու լավագույն հատկանիշները։
Միջոցառմանը ներկա էին բանասիրության բնագավառի հայտնի դեմքեր ու նվիրյալներ, որոնք անտարբեր չեն լուսավոր կյանք ունեցող մարդկանց հանդեպ։
Ուղիղ 130 տարի առաջ՝ 1894 թվականի նոյեմբերի 23-ին, Թումանյանների ընտանիքում ծնվեց 4-րդ զավակը՝ Արտավազդը։ Դա մի լուսապայծառ օր էր ընտանիքի համար։ Բնությունը շատ շռայլ է եղել Արտավազդի նկատմամբ, ճակատագիրն է, սակայն, դաժան եղել։ Նա մեծ գեղագետ էր, նկարիչ, գրող, թատրոնի անմրցելի սիրահար, մեծ մարդասեր, որ Արևմտյան Հայաստանի այն մղձավանջային օրերին անգամ պահպանեց իր մեջ խորը մարդասիրությունը։
Թանգարանի տնօրենը ուշադրությունը սևեռեց հատկապես այն հանգամանքին, թե ինչքան նվիրվածություն կար այդ երիտասարդի մեջ, որ Ցեղասպանության դաժան օրերին կարողանում է մտնել Աղթամարի վանքը, արտագրել Գրիգորիս Գեղեցիկի /հավանաբար խոսքը Գրիգորիս Աղթամարցու մասին է/ ձեռագիր տաղերը և ուղարկել հորը։ Սա խոսում է նրա հոգածու վերաբերմունքի մասին առ ազգային արժեքներ։
Արտավազդը մի լուսավոր կերպար էր, մեծ հայրենասեր, որ ուսանողական տարիների կիսաքաղց կյանքը ճաշակելով հանդերձ՝ իր հոգում ուժ գտավ ու դարձավ կամավորական։ Թումանյանի թանգարանում պահպանվում է նրա ամբողջական արխիվը, ու դեռ բացահայտումներ շատ կլինեն։
2013 թվականից թանգարանում սկսվել է Թումանյանի զավակների մատենաշարի հրատարակությունը ու շարունակվում է այսօր։ Ընթերցասերների սեղանին են արդեն Արտավազդ Թումանյանի ՚Նամականինՙ և նրա ստեղծագործություններն ամփոփոխ Ա և Բ հատորները։
Օրվա հոբելյարի կյանքի ու գործունեության մանրամասները ներկայացրեց թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանը, որը մեծ ներդրում ունի Արտավազդի կյանքի հանրահռչակման գործում։ Արտավազդի քույրը՝ Նվարդը, իր հուշերում գրում է, որ Արտիկը /մտերիմներն այդպես էին կոչում նրան/ դեռևս 6-7 տարեկան էր, որ ի հայտ էր եկել նրա նկարչական ձիրքը։ Թումանյանի անվանակոչություն օրը նա նկարների շարք է նվիրում հորը։ Գրական հակումներն էլ էին շատ Արտիկի մոտ։ 13 տարեկան էր, որ ռուս հայտնի գրող Սիբիրյակի «Քաջ նապաստակի պատմությունը» թարգմանել է հայերեն։ Այն տպագրվել է և բավականին ճանաչում է բերել երեխային։ Տարիներով հիշել են նրան, շատերը քնքշանքով նրան Նապաստակ էին անվանում, և եղել են դեպքեր, որ նրա ծննդյան օրը նապաստակ են նվիրել /ցուցասրահում կար այդ նկարը/։
Մանկության տարիներին ինքնաշեն, ձեռագիր գրքեր էր հրատարակում, որի և՛ հեղինակն էր ինքը, և՛ խմբագիրը, և՛ տպագրիչը՝ գրատպության բոլոր կանոններով։ Դրանք բոլորը խնամքով պահպանվում են Թումանյանի թանգարանում։ Մի մասը հրատարակվել է, մի մասն էլ սպասում է այդ գեղեցիկ օրվան։
Արտավազդը գրել է բանաստեղծություններ․ դրանք սկզբում մանկական ոտանավորներ էին, հետո՝ անպատասխան սիրո գեղեցիկ արտահայտություններ։ Սա զարմանալի երևույթ չէր, քանի որ Արտավազդը, քույրերն ու մյուս եղբայրները մեծանում էին հանճարեղ մարդու տանը, որի օդը շնչում էր գեղագիտությամբ, արվեստով, զանազան մտավորականների հետ շփումներով /Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան, Ղազարոս Աղայան․․․ /։
Ընդհանրապես հոր խորհուրդները, կենսափիլիսոփայական հայացքները մեծ դեր են խաղացել Արտիկի հոգևոր զարգացման գործում։ Աբասթումանից Արտիկին գրած պատասխան նամակում Թումանյանը գրում է՝ ինչի՞ է պետք տգետ նկարիչը։ Իրոք, շատ կարևոր էր լայն աշխարհընկալումը, որին այնպես սիրահոժար ձգտում էր որդին։
Պատանի հասակում Արտավազդն արդեն քաջածանոթ էր համաշխարհային գրականության մեծերին։ Կարդում էր Իբսեն, Մետերլինգ, Բայրոն, Գյոթե, ռուս գրականությունից՝ Դոստոևսկի, Պուշկին, որոնք էլ ձևավորում էին նրա գրական բարձր ճաշակը։ Շատ հնարավոր էր, որ Արտավազդն էլ հետագայում դառնար տաղանդավոր գրող, եթե ճակատագիրը բարեհաճ գտնվեր նրա հանդեպ։ Արխիվի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրա ստեղծագործությունները կարող են երկհատորյակ էլ կազմել։
Երիտասարդ գրողի շատ ու շատ մտքեր ամփոփված են նրա հիշատակարանում։ Հայրն էր խորհուրդ տվել պահել հիշատակարաններ և գրի առնել հետաքրքիր հանդիպումները, կարևոր անցքերն ու իրադարձությունները։ Մի առիթով հայրը, բարձր գնահատելով Արտավազդի հիշատակարանը, մյուս զավակներին ասել էր, թե նրանց հիշատակարանները ավելի շուտ մոռացարաններ են հիշեցնում։
Այսօր էլ Թումանյանի թանգարանում պահվում է Արտիկի հիշատակարանը, որը, սակայն, անընթեռնելի է, որի պատճառով դժվարություններ են ստեղծվում։ Դեռևս Վանից գրած նամակներից մեկը հայրը ետ է ուղարկում որդուն՝ ասելով՝ գրիր, տեսնեմ՝ ինչ ես գրել։
Արտավազդի կերպարն ամբողջանում է հենց իր գրած նամակներով, որի որոշ էջեր վերծանել է կրտսեր քույրը՝ Թամարը։ Նամակներից շատերը դեռ խորը ուսումնասիրության կարիք ունեն։ Նրա նամակներից տեղեկանում ենք, որ նրա սիրած հեղինակը Օսկար Ուայլդն էր, որին այնքան ձգտում էր նմանվել ինքը ու պաշտում էր նրա գրականությունը։ Անգամ սանրվածքն էր փոխել ու դարձրել Ուայլդի նման։ Հիշատակարանում նշվում է նաև այն մասին, թե ինչպես է դեռատի պատանին ներքին զգացողությամբ գուշակում ընտանիքի մեծ բարեկամ Ղազարոս Աղայանի՝ Մեծ Պապեի /Արտավազդի խոսքն է/ փողոցում ընկնելը ու այդ մասին հաղորդում հորը։ Հետո պարզվում է, որ, իրոք, Աղայանը փողոցում ընկել ու մահացել է։ Այնքան մեծ է եղել սերը Մեծ Պապեի հանդեպ, որ Արտավազդը, որի գերագույն նպատակը նկարիչ դառնալն էր եղել, և ծնողներն էլ ֆինանսական միջոցներ չեն ունեցել, երբեմն մտածում էր դիմել Աղայան-Պապեին՝ օգնել իրեն՝ իրականացնելու իր նվիրական երազանքը։ Ի դեպ, նրա երազանքն իրականություն է դառնում Մոսկվայում, որտեղ նրան ամենաջերմ վերաբերմունքի է արժանացնում Մարտիրոս Սարյանը և իր խորհուրդներով օգնում երիտասարդին։ Հետագայում Արտավազդը մի հոդված է գրում, որտեղ բարձր է գնահատում Սարյանի գույները՝ բոլորից տարբերվող ու մինչ այդ բացակայող, ու նրան համարում ոչ թե արևելյան գույների, այլ Արևելքի նկարիչ։
Արտավազդի նախասիրություններից էր նաև դրամատուրգիան։ 1915 թվականին, երբ Գորոդեցկու հետ ծանոթանում է ու մեկնում Վան, նրա հետ զրույցի ժամանակ Արտավազդն իրեն համարում էր դրամատուրգ․ գուցե դրանով նա հոր երազա՞նքն էր փորձում իրականություն դարձնել։ Այնքան կարճ է ապրել Արտավազդը, որ դժվար է տարանջատել նրա կյանքի տարբեր փուլերը՝ նկարիչ, գրող, դրամատուրգ և այլն։ Ժամանակակիցները նշում էին, որ Թումանյանի տասը զավակներից հենց Արտավազդն էր շատ նման հորը՝ իր խորունկ ու գեղեցիկ աչքերով, բարի ժպիտով․․․
Սերգեյ Գորոդեցկու հետ միասին, որին սովորեցնում էր հայերեն գրել, Արտավազդը հավաքագրում էր արդեն անօթևան որբերին ու նրանց համար կացարանների, ժամանակավոր հոսպիտալների, սննդային կայանների հարցեր լուծում։ Իր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո անգամ տուն չի վերադառնում, այլ կամավորագրվում է ու փորձում արևմտահայության հարցերը լուծել։ Նա վերջինն է, որ լքում է Վանը, որի փրկության համար շատ բան է արել։ 1918 թվականին վերջնապահ խմբի կազմում զոհվում է Արտավազդը։ Ամերիկյան ամսագրերից մեկի շապիկին այդ տարիներին հայտնվում է Արտավազդի լուսանկարը՝ հայ որբերի հետ միասին, որ տրամադրել էին Վանում գտնվող ամերիկյան միսիոներները։ Անգամ այդ սև մղձավանջի մեջ նա իր հոգու լույսն էր պարգևում մարդկանց՝ ընտանիքից միշտ ներկեր, նկարչության պարագաներ պահանջելով և Թիֆլիս մեկնողների հետ իր նկարները տուն ուղարկելով։
Երկրորդ բանախոս արվեստաբան, բ.գ.թ. Ռուզաննա Սարյանը /նա Մարտիրոս Սարյանի թոռն է/ ներկայացրեց Մարտիրոս Սարյան-Արտավազդ Թումանյան աղերսները։ 24 տարվա կյանքի ընթացքում երիտասարդը կարողացավ այնպիսի հետք թողնել, որ կարող է նույնիսկ մի քանի անհատի կենսագրական կազմել։ Մարտիրոս Սարյանի մոսկովյան արվեստանոցի մասին առաջին անգամ խոսել է Արտավազդ Թումանյանը, երբ այցելելով այդ արվեստանոց՝ գրել է․ «Ցուրտ Մոսկվայում ձմեռ ժամանակ Սարյանը նկարում է Պոլսո շոգը․․․ Նա մեծ ապագա ունի։ ․․․Կովկասը և Արևելքը Սարյանի շնորհիվ նոր գույներ են առել․․․»։ Սա բարձր գնահատական էր ապագա արվեստագետի մասին։ «Թող օրհնված լինի Արտավազդի ծնունդը», – այսպես ավարտեց իր խոսքը Ռուզաննա Սարյանը։
ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուսաննա Հովհաննիսյանը նշեց, որ Արտավազդի մասին առանց հուզմունքի հնարավոր չէ խոսել։ Ընդհանրապես Թումանյանի բոլոր զավակները ընդգծված պաշտամունք ունեին հոր հանդեպ, որն էլ արտահայտվում էր նրանց ունեցած նախասիրություններով։ Առավել խոսուն էին Արտավազդի հայրենասիրական մղումները։ Նա 1915-ին զորակոչվեց, բայց հետո էլ կամավորագրվեց։ Պետք է Վասպուրական աշխարհում հավաքագրեր բոլոր որբերին և հոգար նրանց կարիքները: Երկուսուկես տարի նա Թիֆլիս չվերադարձավ և խոստանում էր, որ ամեն ինչ կավարտի ու կվերադառնա։ Կարոտած հայրը ողջունում է նրա այդ քայլը։ Կա՞ավելի մեծ հայրենասիրություն սրանից բացի:
1918 թվականի հունվարին Արտավազդը նշանակվում է Վանի պարետ։ Փետրվարի 12-ին արդեն պարզ էր, որ չի փրկվելու Վանը, չի փրկվելու Վասպուրականը, բայց ընտանիքին ուղղված նամակում նա գրում է հորը, որ ամեն ինչ լավ է, շուտով կվերադառնա։ Ոգևորված գրում էր, որ գտնվում է Ավարայրի դաշտում, այնտեղ, որտեղ զոհվել են Վարդան Մամիկոնյանը, Ղևոնդ Երեցը․․․ և շատ է ուզում նկարել այդ վայրերը ու աշխատավարձը Անդրանիկի հետ տուն է ուղարկում, որ ներկեր ուղարկեն իրեն։ 1918 թվականի փետրվարի 20-ին գրած նամակում արդեն իրականությունը պարզ էր․ «Դրությունը շատ վատ է, եթե այս քանի օրը դուրս չգանք Վանից, ուրեմն այլևս չենք տեսնի իրար։ Մենք թշնամական օղակի մեջ ենք»։ Եթե Արտավազդն էլ մյուսների պես գաղթականների թափորի հետ Պարսկաստանով գնար, կփրկվեր: Երիտասարդ Արտիկը դարձավ Վանի վերջին պարետը։
Նվարդը պատմում էր, որ 1920 թվականին՝ երկու տարի Արտավազդի մահից անց, մի գիշեր, հոր ձայնից արթնանում է, տեսնում՝ գինին սեղանին դրած երգում էր հոգևոր երգեր, ու գրում է․ «Տրամադրությունը շատ լավ էր, այսինքն՝ շատ վատ էր։ Երբ հարցրի, թե այս ուշ ժամին ինչու՞ է արթնացել, ասաց․ «Երազ եմ տեսել, որ Արտիկս պիտի գա։ Նստել եմ, որ դիմավորեմ»»։ Արտավազդը մեր ժողովրդի Եղեռնի զոհերից մեկն է։ Թումանյանի ընտանիքը չի շրջանցել մեր ժողովրդի եղերական պատմության ոչ մի շրջան։
Վերջում Լուսինե Ղարախանյանը տեղեկացրեց, որ հուրախություն բոլորի՝ թանգարանը սկսում է մի նոր նախագիծ․ տպագրելու են «Ընտանիքը» գիրքը, որի նպատակն է ազգային օրակարգ բերել Թումանյանի ընտանիքի մանրակերտը, որը, ըստ էության, հայ ժողովրդի ճակատագիրն է։
Հավանաբար 2025-ին կունենանք այդ գիրքը, որում կրկին անդրադարձ կկատարվի Արտավազդի կերպարին։ Դա կլինի փայլուն մի դաս այն ընտանիքների համար, որոնք օգտագործում են հնարավոր բոլոր միջոցները՝ իրենց որդիներին զինվորական ծառայությունից ազատելու համար։
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ