Մարզական էջի հյուրը կիոկուշինկայ կարատե-դո մարտարվեստի մարզիչ, «Վերադարձ» մարզական ակումբի տնօրեն Արմեն Պետրոսյանն է:
-Արմե՛ն, կիոկուշինկայ կարատե-դոյի ֆեդերացիան Արցախում լայն գործունեություն ծավալած մարզական թերեւս միակ ֆեդերացիան է, որ կարողացավ Հայաստանում վերսկսել իր աշխատանքը: Ի՞նչ խնդիրների եք առնչվում վերանվանված «Վերադարձ» ակումբը կանգուն պահելու ընթացքում:
– 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո մենք, ինչպես մնացած արցախցիները, տեղահանվել ենք, այնուհետեւ ես սկսել եմ փնտրել իմ աշակերտներին, որպեսզի իմանամ, թե ով որտեղ է գտնվում: Հաջողվել է կապ հաստատել նրանց հետ: Հետո սկսել եմ աշխատանքներ տանել մարզադահլիճ գտնելու համար եւ փորձել հավաքել երեխաներին: Ուզում էի հնարավորության դեպքում անվճար մարզումներ կազմակերպել, որպեսզի մարզիկները իրենց տարիներով ձեռքբերած ունակությունները չկորցնեն եւ կարատեի միջոցով կարողանան սթրեսներից ձերբազատվել: Դիմել եմ բազմաթիվ մարդկանց, բայց շատերը չէին էլ փորձում մեզ օգնել: Հակառակը, ինձ ասում էին, թե բնակարանների այսքան թանկ վարձակալության դեպքում ո՞նց կարող են երեխաների մարզումների համար գումար հատկացնել ծնողները: Իսկ ես ուզում էի, որ անպայման անվճար լինեն մարզումները: Վերջապես «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն իմ խնդրանքին ընդառաջեց եւ ես հիմնադրամի հետ տասամսյա՝ 2023թ. նոյեմբերից մինչեւ 2024թ. օգոստոս, պայմանագիր կնքեցի: Հետո Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարին դիմեցի եւ տարբեր դպրոցներ այցելելուց հետո վերջապես թիվ 17 հատուկ դպրոցում, որը նախատեսված է հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար, մարզադահլիճ տրամադրեցին ինձ՝ շաբաթական երեք անգամ մարզումներ անցկացնելու համար: Այդպես վերսկսեցի իմ մարզումները: Դեկտեմբեր ամսին արդեն ունեինք 40 աշակերտ: Մեր ընկերների աջակցության միջոցով կարողացա 40 աշակերտի անվճար ապահովել մարզահագուստով եւ հանդերձանքով: Աստիճանաբար մարզվողների թիվն ավելացավ: Մենք երկու խմբի բաժանվեցինք՝ կրտսեր եւ ավագ: 2024թ. մարտի 24-ին արդեն կարողացանք տեղահանությունից հետո կազմակերպել Արցախի առաջնություն՝ «Արցախը մենք ենք» խորագրով: Նշեմ, որ մենք միակ մարզական կազմակերպությունն ենք, որ կարողացել ենք Արցախի առաջնություն անցկացնել Արցախից դուրս: Առաջնությանը մասնակցել են 56 մարզիկներ: Այդ միջոցառման արդյունքներով կազմավորել ենք հավաքական թիմ, որի կազմով մասնակցել ենք Հայաստանի գավաթի խաղարկությանը, որտեղ տվել ենք վեց չեմպիոն: Հետո հունիսի 2-ին մասնակցել ենք «Օյամա»-ի գավաթի միջազգային խաղարկությանը, որտեղ նույնպես ունեցել ենք վեց չեմպիոն: Ինչպես նաեւ մասնակցել ենք ուշու-քունգֆուի՝ Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված մրցմանը եւ բավականին լավ արդյունք ենք ունեցել: Բացի դրանից, մասնակցել ենք մարտարվեստների ֆեստիվալի՝ ցուցադրական ելույթներով, նաեւ նման ելույթով հանդես ենք եկել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք տարբեր միջոցներով, իհարկե, ոչ երեխաների հաշվին, ձեռք բերել ուսումնանյութական բազա, որը բավարարում է երկու խմբի մարզումներն անցկացնելու համար: Բայց այդ նույն բազան նույնպես կատարելագործման խնդիր ունի: Խնդիրներից էր նաեւ այն, որ շատ մեծ դժվարությամբ ենք կարողացել գրանցել մեր հասարակական կազմակերպությունը: Բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ կապված տարբեր բառերի, նախադասությունների հետ: Բոլոր իրավաբանական հարցերը լուծել ենք: Նաեւ խոչընդոտներ կային՝ կապված մեր հայտարարությունների տարածման հետ. մայրաքաղաքում ոչնչացվել են մեր բոլոր պլակատները: Դիտավորությամբ հրկիզվել են, որպեսզի մյուս արցախցիները չիմանան մեր մարզական գործունեության մասին: Այժմ խնդիր ունենք՝ կապված Հայաստանում կազմակերպվող տարբեր մրցաշարերում պահանջվող թանկ անդամավճարների հետ: Դա մեծ ֆինանսական խնդիր է առաջացնում երեխաների համար: Կարող է շատ լավ պատրաստվածություն ունեցող երեխաները հնարավորություն չունենան մասնակցել: Մեր մասնակցած վերջին միջոցառումների ժամանակ ես կարողացել եմ տարբեր միջոցներով գտնել պահանջվող գումարները եւ ապահովել մեր մարզիկների մասնակցությունը մրցաշարերին: Հիմա պատրաստվում ենք դեկտեմբերի 1-ին կայանալիք Հայաստանի առաջնությանը, նույնպես կանգնած ենք այդ անդամավճարները մուծելու խնդրի առջեւ, որը բավականին թանկ է: Մենք սովոր չենք այդպիսի գումարներ վճարել մրցումների մասնակցելու համար:
Մեծ է մեր մարզիկների ոգեւորությունը, ինչո՞ւ չէ՝ նաեւ նրանց ծնողների: Շատերը գալիս են վայելելու արցախյան մթնոլորտը, որը կարողանում ենք պահել: Ինձ համար վիրավորական էր, որ Արցախի հանրային հեռուստատեսությունը կարծես թե չցանկացավ լուսաբանել մեր գործունեությունը, մինչդեռ Հայաստանում գործող գրեթե բոլոր լրատվականներն ու տարբեր հեռուստաալիքներ անդրադարձել են մեզ, ինչի շնորհիվ մեծ տեսանյութեր ունենք: Այժմ ունենք 72 մարզիկ:
– Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ նպատակ ուներ Ձեր կողմից նոյեմբերի վերջին կազմակերպված միջոցառումը: Ինչպե՞ս այն անցավ:
– Միջոցառումը, որը հաշվետու մրցույթ էր, կազմակերպել էինք մեր ակումբի վերակազմավորման մեկամյակի կապակցությամբ: Այն բաղկացած էր երկու մասից, առաջին մասը արդյունքների ամփոփում էր, որտեղ նշվեց, թե ինչի ենք կարողացել հասնել այս մեկ տարում: Նաեւ լավագույն 15 մարզիկներ, որոնք տարբեր մրցումներում մրցանակային տեղեր են գրավել, եղել են չեմպիոններ, պարգեւատրվել են գավաթներով եւ պատվոգրերով: Հետո անցկացրել ենք հաշվետու մրցումը, որին մասնակցել են բոլոր 72 մարզիկները՝ երեխաներ ու պատանիներ: Բնականաբար բոլորը պարգեւատրվել են շնորհակալագրերով, դիպլոմներով, պատվոգրերով եւ հուշամեդալներով: Հուշամեդալները պատրաստված էին հատուկ մեր ակումբի համար, մեր լոգոյով: Իսկ թիկունքային մասում գրված՝ ՙՄենք մեկ տարեկան ենք՚: Միջոցառման համար կարգախոս էր ընտրված՝ «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»: Այդ գրվածքով պաստառով էլ դիմավորել ենք հանդիսատեսին: Երեխաները բավականին լավ արդյունք են ցույց տվել: Մրցույթը կազմակերպվել է անվճար, մասնակից մարզիկները անդամավճար չեն մուծել:
– Ձեր թիմի մարզիչներից միայն Դո՞ւք եք ներկայում մարզչական աշխատանքով զբաղվում: Ինչպե՞ս է Ձեզ եւ Ձեր մարզիկներին հաջողվում մշտապես բարձր մարտական ոգի պահպանել:
– Մեր թիմի մարզիչներից, այո, միայն ես եմ աշխատում որպես մարզիչ: Մյուս մարզիկները, կապված սոցիալական հարցերի հետ, ընդգրկված են այլ աշխատանքներում: Կարատեն նաեւ վերականգնողական բնույթ էր կրում: Մեր կարատեի բազայի հիման վրա կազմակերպվել էր պրոֆեսիոնալ հոգեբանների հետ հանդիպում: Երկու ամիս շարունակ նրանք աշխատել են մեր երեխաների հետ: Բացի դրանից, կարատեն մարտարվեստ եւ մարտական սպորտ է: Մարզումների ընթացքում բարձր մարտական ոգին կարեւոր է, որպեսզի մարզվողները ունենան հաղթանակի կամք ու ձգտում: Կարատեիստի համար պարտությունը աստիճան է, մի փորձություն, որը շրջանցվելու է: Այսինքն՝ հաղթանակի ճանապարհին լինում է պարտություն: Բայց դա հետ չի պահելու մեզ ոչ մի բանից: Մարզիկների թիվն էլ է ազդում ոգու վրա: Երբ երեխան գալիս է մարզադահլիճ, տեսնում, որ շուրջը արցախցիներ կան, ինքն իրեն մենակ չի զգում: Իսկ երբ մարդ իրեն մենակ չի զգում, նա իրեն ուժեղ է զգում: Դրա համար ես մարզիկներին միշտ ասում եմ, որ մենք մենակ չենք, մենք իրար հետ ենք: Մեր կարգախոսն է՝ «Արցախը մենք ենք, մեր նպատակն է՝ վերադարձ»:
– Հնարավո՞ր է առաջիկայում ուրիշ տեղեր էլ մարզեք աշակերտների:
– Մենք ունենք երեխաներ, որոնք պարապմունքի են գալիս տարբեր տեղերից՝ Հրազդանից, Սեւանից: Ես ուզում էի, որ Հրազդանում էլ ունենայինք խմբեր, բայց մարզադահլիճ չգտնվեց: Դիմեցի քաղաքապետարան, բայց չստացվեց:
– Ի՞նչ խորհուրդ կտաք արցախցի այն մարզիկներին կամ առհասարակ մեր այն հայրենակիցներին, որոնք բռնատեղահանվելուց հետո ընկճվել են, կորցրել հայրենիք վերադառնալու հույսը:
– Բոլոր մարզիկներին եւ առհասարակ արցախցիներին խորհուրդ եմ տալիս, որ երբեք չընկճվեն: Երբեք չկորցնեք հայրենիք վերադառնալու հույսը: Անելանելի վիճակներ չկան: Երբ որ Նժդեհը 1955թ.դեկտեմբերին մահանում էր Վլադիմիրի բանտում, նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ 21-րդ դարում իր արձանը կանգնելու է Երեւանի կենտրոնում: Չպետք է հույսը կտրել, այլեւ պետք է աշխատել այդ ուղղությամբ: Աշխատել լինել միասնական, շփվել իրար հետ, պահպանել մեր բարբառը, մարզվել ու չլռել, չնստել տեղերում: Հույսը չդնել պաշտոնյաների վրա, այլ ինքնակազմակերպվել, համախմբվել գաղափարի շուրջ, իսկ առաջնորդներ կծնվեն:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ