Հոկտեմբերին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկների մեջ էր նաեւ արցախցի 17-ամյա բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը: Մարզիչ Նարեկ Աբրամյանի սանը 57 կգ քաշային կարգում հինգ համառ մենամարտ ունեցավ, որոնցից չորսում հաղթանակ տարավ: Պարտության մատնեց թուրք մրցակից Չաղրի Ֆիդանին, որից հետո բռնցքամարտեց ադրբեջանցի մարզիկ Թաղի Նասիբովի հետ, որին նույնպես հաղթեց: Մրցեց Վրաստանը եւ Սլովակիան ներկայացնող մարզիկների հետ, հաղթեց եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մենամարտեց Կուբայի Հանրապետությունը ներկայացնող բռնցքամարտիկի հետ, բայց միավորների քչությամբ զիջեց մրցակցին՝ արժանանալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալի:
Բռնցքամարտի մարզիչ Նարեկ Աբրամյանն ու բրոնզե մեդալակիր Էրիկ Առստամյանն են մարզական էջի հյուրերը:
Հարց Էրիկին. – Էրի՛կ, 7 տարեկանից զբաղվում եք բռնցքամարտով Ձեր անձնական մարզիչ Նարեկ Աբրամյանի մոտ, հիմա 17 տարեկան եք, մինչեւ հիմա պարապում եք, մասնակցում եք տարբեր մրցաշարերի, ուրախությամբ ենք նշում, որ գրեթե միշտ հաջողվում է մեդալներ նվաճել: Իսկ ի՞նչն է ոգեւորում Ձեզ մրցումների ժամանակ:
Պատասխանում է Էրիկը. – Մրցումների ժամանակ ոգեշնչում են առաջին հերթին իմ հարազատները: Մենամարտերից առաջ զանգում ու քաջալերում են, որ պետք է հաղթենք: Մարզիչն է ոգեւորում զրուցելով, որ ամբողջ Հայաստանն ու Արցախը մեզ են նայում, մենք էլ պիտի նրանց սպասելիքները արդարացնենք: Նաեւ խորհուրդներ է տալիս բռնցքամարտի վերաբերյալ, վերլուծում մրցակցիս ու հրահանգավորում իմ մարտավարությունը:
– Թուրք մրցակից ունենալը բարձրացնո՞ւմ է Ձեր մրցակցային ոգին:
– Յուրաքանչյուր մենամարտ էլ մեծ պատասխանատվություն է, քանի որ դա աշխարհի առաջնություն էր, մրցում էին ուժեղագույն մարզիկները: Բայց թուրք կամ Ադրբեջանը ներկայացնող մրցակիցների հետ մենամարտելիս ավելի էմոցիոնալ ենք լինում: Այդ դեպքում մենք պարտվելու իրավունք չունենք: Պարտավորված ենք զգում, որ պիտի անպայման հաղթենք: Օգտվելով հնարավորությունից` ուզում եմ ասել, որ հաղթանակներս նվիրում եմ մեր արցախահայությանը: Թող միշտ ավելի ոգեւորված լինեն ու իմանան, որ մենք կանգուն ենք:
Հարց մարզչին. -Նարե՛կ, ինչո՞ւ ընտրեցիք բռնցքամարտը որպես մասնագիտություն:
Պատասխանում է Նարեկը. – Դա սկսվեց վաղուց: Մանկապատանեկան հասակում ապրում էինք Ռուսաստանում (2003-2004թթ.): Ընտրեցի այս ուղին, որովհետեւ պետք էր պաշտպանել ինքդ քեզ, ընտանիքդ: Այն ժամանակ կյանքն այնպես դասավորվեց, որ պետք էր անընդհատ մարզվել, զբաղվել ինչ-որ սպորտով, որպեսզի կարողանաս ապրել, գոյատեւել: Ես գրանցվեցի բռնցքամարտի խմբակում: Մեր քաղաքում այդ ժամանակ դա էր զարգացած: Այդտեղից էլ սկսվեցին մեր մարզումները: Առայսօր գտնվում եմ այս ուղեծրում եւ աշխատում եմ: Արդեն դադարել եմ ինքս մարզվել, նկատի ունեմ՝ գնալ մրցումների, սակայն ավելի քան 13 տարի է մարզում եմ երիտասարդներին: Եվ փառք Աստծո, լավ արդյունքներ ենք գրանցում: Շարունակելու ենք աշխատել: Ես կարծում եմ, որ եթե ձեռքներս ծալած չնստենք եւ առաջ շարժվենք, կկարողանանք ավելի բարձր արդյունքներ ունենալ բռնցքամարտում:
– Որպես մարզիչ ի՞նչ հիմնական սկզբունքներ եք կիրառում մրցումների ընթացքում:
– Բռնցքամարտն իրենից ներկայացնում է սպորտի մարտական ձեւ. այստեղ պետք է դուրս գալ ռինգ եւ կռվել: Եթե բռնցքամարտիկը դուրս է գալիս ռինգ եւ չի կռվում, չի հարվածում, փորձում է խուսափել, որպեսզի ժամանակ ձգի եւ այդպես ցույց տա, թե իբր մենամարտում է, իհարկե, դրա համար յուրաքանչյուրն ունի իր մակարդակը բռնցքամարտում: Բայց մենք արդեն նայում ենք հակառակորդին. մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, մեկը՝ ուժեղ, մյուսը՝ արագ, դնում ենք որեւէ պլան, մտածում ենք ինչպես կարող ենք նրան ճնշել եւ հաղթել: Ամենակարեւորն է՝ դուրս գալ եւ գիտենալ, որ դուրս ենք գալիս հաղթելու համար: Մասնակցությունը՝ մասնակցությամբ. դա բոլորս գիտենք: Սկզբում մենք բավարարվում էինք նրանով, որ ուղղակի մասնակցում ենք մրցումներին, իսկ այսօր արդեն ջանում ենք ռինգում լիովին «քամվել», որպեսզի արդյունք ստանանք: Երբ մարզիկները փորձում են կիսատ ջանք դնել, ապա արդյունք լինում է, բայց ոչ բավարարող:
– Բացի ֆիզիկական պատրաստվածությունից, ինչպե՞ս եք աշխատում մարզիկների հետ հոգեբանական պատրաստվածության առումով:
– Արցախից հետո, վերապրած օրերից հետո բոլորն անցան մեծ սթրեսներով, անցան փորձությունների միջով, սա հասկանալի երեւույթ է, որովհետեւ մեծ ճնշում կար կողքից՝ շրջափակում եւ դրանից բխող հետեւանքներ, այս ամենը զգացնել էր տալիս, մարզիկները հոգեբանորեն ընկճվում էին, նրանք ինչ-որ տեղ հանձնվում էին, ցանկանում էին թողնել սպորտը: Մարզիկների մոտ ամեն ինչ պետք է հանգիստ լինի, որպեսզի նրանք կարողանան հանգիստ պարապել, առաջ շարժվել: Երբ դժվար է ուտելիք գտնել, չկա լույս, ջուր, որպեսզի պարապմունքից հետո լողանան, այստեղ պետք է նրանց մեջ սերմանել այն հոգեբանությունը, թե «ամեն ինչ հնարավոր է», տարբերություն չկա, որ այսօր ծանր է: Երբ նրանք հասկանում են, որ այս անհարմարություններն անցողիկ են, ապա վաղը նրանց համար ավելի հեշտ է լինում ծանրաբեռնվածությունը տանել: Դրա համար էլ հոգեբանորեն տրամադրում եմ, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա. սա՝ առաջին: Չկան անհաղթահարելի մարդիկ, չկա անհաղթահարելի իրավիճակ, այդ պատճառով էլ ես իմ օրինակով եմ ցույց տալիս այս ամենը նրանց, ես ինչ-որ տեղից չեմ սա վերցնում, իմ կյանքն էլ է եղել դժվար, մենք հաղթահարել ենք դժվարություններն այն բանի հաշվին, որ չենք հանձնվել: Երբ մարզիչը աշակերտին հանձնարարում է 50 անգամ հրում կատարել, նա անում է այդ 50 հրումը, բայց ենթադրենք նա հոգնել է, արդեն չի կարողանում շարունակել, իսկ մարզիչն ասում է՝ եւս 10-20 անգամ անի, նա անցնում է այդ «չկարողանալու» սահմանը եւ այստեղ գլխում այնպիսի մեխանիզմ է ստեղծվում, որ եթե անգամ դու չես կարող, քո ուղեղը քեզ հրամայում է, որ դու կարող ես: Սկսում ես կատարել այդ առաջադրանքը եւ հասկանում ես, որ անգամ երբ հոգնել ես, արդեն ուժ չունես, քեզ ստիպում են քո մտքերի միջոցով: Վերջիվերջո ամեն ինչ գլխում է, դրա համար պետք է կարողանալ ինքդ քեզ ստիպել աշխատել, չհանձնվել եւ այս ամենը կառավարել պարզ խելքով:
– Կկիսվե՞ք առաջիկայում Ձեր անելիքների մասին:
– Նախ ասեմ, որ մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին համագործակցության եւ աջակցության համար: Շուրջ յոթ-ութ տարի առաջ Արցախում մենք չէինք պատկերացնում, որ կարող ենք այսպիսի արդյունք տալ տարիներ հետո: Բայց ահա Էրիկը ՀՀ հնգակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն է եւ այսօր նա նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Այսքանով մենք չենք ավարտում, իհարկե, ձգտում ենք անընդհատ առաջ գնալ: Օլիմպիական խաղեր կան, ուրիշ շատ բան կա, որ կարող ենք այս կյանքում անել: Հիմա դեռ ուզում ենք հանգստանալ, մտածել ու որոշել, թե ինչ ենք անելու առաջիկայում: Հիմա մեզ համար մի փոքր դժվար է: Մենք միշտ ներկայացրել ենք Արցախը եւ ունեցել ենք մեր տունը: Մենք եկել ենք այստեղ ներկայացրել եւ հետ վերադարձել տուն: Իսկ հիմա երբ տուն չունես, մտածում ես՝ ինչպե՞ս կարող էր այս ամենը տեղի ունենալ, այ, դա սկսում է ճնշել քեզ, դու ուզում ես թռչնի նման դուրս պրծնել այս վանդակից եւ թռչել ինչ-որ տեղ: Բայց մենք կջանանք, որ մեր հայկական բռնցքամարտը ծաղկի, մենք` որպես արմատներով, հայ պետք է առաջին հերթին հոգանք, որ մեր բռնցքամարտիկները մնան այստեղ՝ մեր երկրում եւ բարձրացնեն մեր հայկական դրոշը: Հիմա վաղ է խոսել ինչ-որ եզրակացություններից՝ որտեղ ու ինչ, որովհետեւ պլանները մեծ են, մյուս տարի նա պետք է մասնակցի մեծերի առաջնությանը, այնտեղ լրիվ ուրիշ բռնցքամարտ է: Մենք առաջինը պետք է մասնակցենք Հայաստանի բռնցքամարտի առաջնությանը: Տա Աստված՝ մենք այնտեղ զբաղեցնենք առաջին տեղը, դառնանք չեմպիոն, որից հետո մենք կպլանավորենք մեր ապագան: Իսկ այսօր պետք է հանգստանանք եւ պատրաստվենք հաջորդ առաջնությանը:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ