ԱՐՑԱԽԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽՈՍՈՒՆ ՎԿԱ Է, ՊԱՅՔԱՐԻ ՈՒԺԵՂ ԳՈՐԾԻՔ

Արցախի Ավետարանոց գյուղի դպրոցի 150-ամյակի կապակցությամբ «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Արցախի կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանն ասել է. «Երբ 2005թվականին տոնեցինք գրերի գյուտի 1600-ամյակը, դա բիբլիական երանության նման մի բան է: Այդ օրերին ես ավելի խորն եմ զգացել իմ արմատները Հայոց արեւելից կողմանց: Եվ Հայոց արեւելից կողմանց մշակույթը մեկ անգամ չէ ավերի ու ավարի ենթարկվել: Իսկ այսօրվա խորհուրդն ինձ համար ինքս դեպի ինձ գնալն է, ինքս ինձ ճանաչելն է, ինքս ինձ նորից մոտենալն է, ինձ գրկելն է: Մի հետաքրքիր բան կա Վաչագան թագավորից մեզ փոխանցված, որ կրթության նկատմամբ, չեմ ամաչում այդ բառից, կար դավանանքի, պաշտամունքի հասնող մոտեցում Արցախում: Վաչագան թագավորը կառուցել է 365 եկեղեցի, որը ենթադրում էր այդքան գրչատուն եւ դպրատուն: Եվ այդ նկարազարդ մատյանների, տարբեր ժամանակներում արվեստավոր գրական խոսքի հետ մեզ է փոխանցել կրթության նկատմամբ պաշտամունքային մոտեցումը:

Ավետարանոցը մեր Արցախի կրթական համակարգում դիմացկուն, անհողդողդ, նախանձախնդիր, կրթության  եւ կրթության որակի համար մարտնչող դպրոցներից էր, որն իր ոսկեդարն ապրել է խորհրդային տարիներին, երբ դպրոցի տնօրենն էր Իվան Աթայանը: Ավետարանոցի դպրոցը, որը նախկինում գործել է մելիքական գրասենյակի տարածքում, հավատարիմ էր նախնյաց հայանպաստ եւ մշակութանպաստ վարքին: Ես շատ  կրթական  համակարգեր եմ առիթ ունեցել ուսումնասիրելու, բայց Ավետարանոցի դպրոցի համակարգը մանկավարժական կոնցեպտի  եւ մնացյալի առումով հանրակրթության մի այնպիսի նշաձող էր սահմանել, որին  աշխարհի առաջադեմ համարվող շատ դպրոցներ կնախանձեին: Սա չափազանցություն չէ։ Եվ շատ վիրավորական է, որ Արեւելից կողմանց այս 150 տարեկան դպրոցը, որի տարիքին էլ չի մեր հարևանը, շան ոտքի կոխան է դարձել այսօր: Շատ ծանր է մեզ համար,  շատ ծանրացող խոհերով եմ ես այստեղ, որովհետեւ այդ երկրում COP29 է իրականացվում, որը 21-րդ դարի ամենամասշտաբային կեղծիքն է: Բայց միեւնույն է, դա չպետք է խանգարի, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կառուցի իր տեսլականը, Արցախի վերադարձի իր տեսլականը: Ես, օրինակ, այսօր փորձելու եմ կրթության իմ խրամատը: Դա նշանակում է՝ Արցախի կրթության համակարգի տարեգրության ամբողջականացում, որը շատ խոսուն վկա է, պայքարի հանելու շատ ուժեղ գործիք է եւ իսկապես  պետք է տեր կանգնենք մեր կրթական շատ հարուստ ժառանգությանը եւ խնամքով փոխանցենք սերունդներին: 2020թ. պատերազմից հետո, երբ մենք 2000 քառակուսի մետր էինք, 5 «Արմաթ», ինժեներական լաբորատորիաներ, 3 Թումո տուփեր ենք տեղադրել՝ բաց վերքով, դպրոց ենք բացել,  այսինքն՝ ապագան կառուցել ենք կրթության տեսլականով: Ու աննկարագրելի ծանր է այն, ինչ հիմա ես ապրում եմ: Մեր կրթական համակարգի վիճակագրության մեջ տոկոսային առումով, եթե հանենք դասավանդող եւ աշակերտական կազմի պատկերը Արեւելից կողմում, ապա փաստ է, որ այսօրվա քոչվորներն ընդհանրապես չկային այն ժամանակ: Այդ ցուցանիշներով կարելի է դուրս գալ մարտի, բայց ունենք այն, ինչ ունենք»,-հավելեց Լուսինե Ղարախանյանը: