Յուրաքանչյուր մարդու կյանքում որպես անձ կայանալու եւ հաջողակ մարդ ձեւավորվելու շրջանն անքակտելիորեն կապված է մանկապարտեզում, դպրոցում, ուսումնարանում, ԲՈՒՀ-ում սովորելու հետ: Այդ փուլում կարեւոր դեր են խաղում ոչ միայն ծնողներն ու ընկերները, այլեւ դաստիարակները, ուսուցիչները, դասախոսները, եւ իհարկե մարզիչները: Շատերի համար նրանք դառնում են կրթված, դաստիարակված, քաղաքավարի, բազմակողմանի զարգացած մարդու կերպարի օրինակներ, իսկ երբեմն էլ՝ բարոյական չափորոշիչներ:
Շատ մարդկանց կյանքում մեծ դեր է խաղում սպորտը: Ինչ-որ մեկի համար այն դառնում է առողջությունն ամրացնելու, ինքնագնահատականի բարձրացման, դիմադրողականության ձեւավորման, ֆիզիկական եւ կամային հատկությունների ընդլայնման, կարգապահության հասնելու լուրջ հնարավորություն: Մյուսների համար սպորտը դառնում է կյանքի մաս, պրոֆեսիոնալ գործունեություն:
Ե՛վ նրանց, ե՛ւ մյուսների ճանապարհին անշուշտ կանգնած է մարզիչ անձնավորությունը: Նրա սովորեցնելու հատկությունը, անհատական մոտեցում ցուցաբերելը, դժվար պահերին օգնել կարողանալը, ինչ-որ տեղ նաեւ օգնելը ծուլությունն ու հոգնածությունը հաղթահարելիս կամ որեւէ խոչընդոտի միջով անցնելիս, որը սպորտային հաղթանակների հասնելու ճանապարհին խանգարում է, միշտ էլ բարձր են գնահատվել ինչպես սիրողական պարապողների, այնպես էլ պրոֆեսիոնալների կողմից: Այդ մարդու կերպարը, որը մշտապես կողքիդ է մարզումների ժամանակ, հիշողության մեջ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:
Մարզիչը մարզիկի համար թերեւս ավելի հաճախ, քան ուսուցիչը դպրոցում աշակերտի համար եւ դասախոսը ուսանողի համար, դառնում է օրինակելի կերպար եւ վայելում է անառարկելի հեղինակություն:
1999 թվականին Ռուսաստանի Դաշնության սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան հանդես եկավ նախաձեռնությամբ, որ մարզիչներին հատուկ օր հատկացվի տարվա մեջ: Այդ գաղափարը կյանքի կոչվեց սպորտային աշխարհում. ամեն տարի հոկտեմբերի 30-ին նշվում է մարզչի օրը աշխարհի շատ երկրներում:
Մարզչի օրը պաշտոնականացված չէ, բայց այնուամենայնիվ այն նշվում է բոլոր սպորտային կազմակերպություններում, տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաներում: Ավանդաբար հոկտեմբերի 30-ին մարզիկները պատվում են իրենց խրատատուներին՝ շնորհավորելով նրանց: Մինչդեռ մարզչի համար լավագույն ընծան միշտ էլ մնում է իր սաների հաջողությունն ու ձեռքբերումները: Նրանց հաղթանակները նաեւ մարզչի հաղթանակներն են:
Հարգելի մարզիչներ, շնորհավոր ձեր մասնագիտության օրը: Շարունակեք մարզել ու անգնահատելի խրատներ տալ, թե ինչպես կարելի է ապրել առողջ, ֆիզիկապես ու հոգեպես կոփված: Մեծ է ձեր ներդրումը բազմաթիվ մարդկանց կողմից սպորտը որպես ապրելակերպ դարձնելու հարցում: Ձեր սաների հաջողության եւ ձեր մարզական ձեռբերումների շնորհիվ մեր Եռագույնը ծածանվում է աշխարհի բազմաթիվ մրցահարթակներում՝ հպարտության եւ ուրախության զգացումներ պարգեւելով մեր հայրենակիցնրին: Ինչքան էլ ձեր մարզչական գործունեության ճանապարհին խոչընդոտներ հանդիպեք, կհիշեք, որ դուք եք շատերի համար այն լուսատուն, որի լույսն է ուղեցույց դառնում շատերի համար ամենադժվար պահերին: Ուրեմն շարունակեք ձեր գործունեությունը՝ միշտ առաջնորդվելով ձեզ բնորոշ լավատեսությամբ, կենսուրախությամբ, ոգու անսահման ուժով: Իսկ «Լուսարար»-ը սիրով շարունակելու է ներկայացնել ձեզ, բացահայտել ձեր մասնագիտական գաղտնիքները, զրուցել ձեզ հետ սպորտի թեմայով եւ ոչ միայն: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ