Միշտ ընդունելի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը

«Եվ սեղմենք մի կոճակ

Եվ մարդկանց հոգում

Ծաղիկների պես լույսերը ծաղկեն:

Եվ ստվերները

Դառնան ցայտաղբյուր ճառագայթների

Ու եթե լինի՛,

Հենց այդպես լինի,

Իզուր չենք գոչի «Եղիցի՛ լույս»,

Այլ կշշնջանք արդեն «Եվ եղև»:

 Պ. Սևակ

Երևանի  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում են գործում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի(ԳԴՄՄԿ)  «Կանչ» ու «Դեպի լույս» երգչախմբերը։ Արդեն երկար տարիներ է՝ երգչուհիերգահան Վարդուհի Խաչատրյանը ղեկավարում է տվյալ երգչախմբերը, որոնք նրա գլխավորությամբ հանդես են եկել ՀՀ տարբեր մարզերում, Երևանում, Արցախում՝ համերգային դահլիճներում, զորամասերում։ Մանկապատանեկան կենտրոնի սաները նաև հանդես են եկել արտերկրում։ Արհեստավարժ ու լավ կատարումների համար «Կանչ»-ը ու «Դեպի լույս»-ը բազում մրցանակների են արժանացել, դարձել միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ։ Առիթ ունեցել եմ մի քանի անգամ ներկա լինել այս երգչախմբերի ելույթներին ու հուզվել․ մեծ նվիրումով են հանդես գալիս մեր երեխաները։

Հոկտեմբերի 9-ին Երևանում գործող «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում կայացավ «Սուրբ մայր հայրենիք՝ հերոս հաղթական» խորագիրը կրող համերգային ցերեկույթը՝ նվիրված Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսների հիշատակին։ Այդ օրը «Զատիկ»-ի տարածքում կատարվեց «Խաղաղության աղավնու» խորհրդանիշը կրող պուրակի բացումը։ Միջոցառմանը փայլուն ելույթով հանդես եկավ նաև «Դեպի լույս» երգչախումբը՝ ինչպես միշտ արժանանալով հանդիսատեսի ծափողջույններին ու սիրուն։ Խմբի գեղարվեստական ղեկավար Վ Խաչատրյանը զրույցի ընթացքում ասաց «Անբացատրելի ու հուզիչ պահեր ապրեցի, երբ միջոցառման ավարտին «Զատիկ»ի երեխաների երգչախումբըէ գեղարվեստական ղեկավար Շաքե Սարգսյանի գլխավորությամբ, կատարեց իմ հեղինակած «Հայ զինվոր» երգը»։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ ԿԳՄՍՆ ԳԴՄՄԿ «Կանչ» ու «Դեպի լույս» երգչախմբերըէ Վ Խաչատրյանի ղեկավարությամբ, հանդես եկան Լուսակերտի զորամասում։ Այստեղ այդ օրը նշվում էր Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված միջոցառում, որը կրում էր «Շնորհակալ ենք քեզ, Հա՛յ Զինվոր» խորագիրը։ «Կանչ» ու «Դեպի լույս» երգչախմբերը ջերմ ընդունելության արժանացան զորամասի անձնակազմի և հյուրերի կողմից։ «Միջոցառման ընթացքում մտքով տեղափոխվեցինք այն երանելի օրերը, երբ մեր երեխաները համերգով հանդես էին գալիս Արցախի զորամասերում», ասաց Վ Խաչատրյանը։ Մանկապատանեկան երգչախմբերի կատարումներին միանում էին նաև Լուսակերտի զորամասի զինվորները, և համերգն առավել հուզիչ ու ընդունելի էր դառնում։ Լուսակերտում նույնպես «Կանչ» ու «Դեպի լույս» երգչախմբերին զինվորները հրաժեշտ տվեցին իրենց կատարումներով՝ մեծ բավանակություն պարգևելով նրանց։ Վ Խաչատրյանն ասաց՝ վերջին այս համերգները միշտ է հիշելու։   

                                                                              Զոհրաբ Ըռքոյան