50 տարիների ընթացքում անհնարին թվացող ցանկալի հանդիպումը կուրսեցիներով օրեցօր դառնում էր հնարավոր, ու մենք սրտատրոփ այդ հանդիպմանն էինք սպասում։
Արցախի բռնի տեղահանումից հետո ավելի շատ սկսեցինք իրար փնտրել ու կարողացանք կապ հաստատել։
2020 թվականից հետո, երբ Քարվաճառն էլ նվիրեցին թշնամուն, ոմանք մնացին Հայաստանում, որոշներն էլ սփռվեցին օտար ափերում /հայի բախտ․․․/։ Քոչվորները եկան, թալանելով տիրոջ իրավունք վաստակեցին, բնիկներն էլ քոչվոր դարձան /աշխարհ եմ ասել, է՜է՜է՜է՜է՜հ․․․ արդար դատող ու ուշադիր․․․/։
2023-ի սև սեպտեմբերյան դեպքերից հետո հիմնովին դատարկվեց Արցախը բնիկ հայերից, ու մենք դարձանք քոչվոր․ քոչվոր՝ մայր հայրենիքում, քանզի այդ հայրենիքում մենք չստացանք այն սերն ու ջերմությունը, ինչ մենք ունեինք միմյանց հանդեպ Արցախ աշխարհում։ Ավելին, արհամարհված էինք ու անտարբերությունից խոցված։ Մենք ավելորդ բեռ էինք, հայրենիքի հաշվին ապրող «տզրուկներ»։ Այդ վերաբերմունքից մեր ցավն ավելի էր խորանում, վերքը՝ նորոգվում, կարոտը՝ ահագնանում․․․
Այս պայմաններում կարեկցանքը, օժանդակությունն ու աջակցությունը դառնում էին կենսական պահանջմունք․ չէ՞ որ զրկված ու հայրենակարոտ, 10 ամիս շարունակ շրջափակման դաժան զրկանքները ճաշակած արցախցուն մխիթարիչ ու սփոփիչ խոսքն էլ բավական էր, որ հոգու թեթևություն զգար /անհնարին թվացող մի բան/։
Ու ահա զանգեր, փնտրտուքներ ծանոթների ու բարեկամների, ընկերների ու հարևանների, որոնց ճակատագրի հզոր իններորդ ալիքը ուղղակի շպրտել էր աջ ու ձախ և թողել բախտի քմահաճույքին։ Գտնվեցին բարի, կարեկից ու մեծահոգի մարդիկ մեր ընկերներից։ Կուրսընկերներից ոմանք կրկնակի, եռակի գաղթականի «փորձ» ունեին արդեն, և հենց նրանք էլ առաջինը սկսեցին փնտրել կուրսընկերներին ու աջակցություն առաջարկել։ Թող Աստված նրանց պահապան լինի։
Ի վերջո, երբ փորձում էինք «հաշտվել» մեր վիճակի հետ, հեռախոսակապ հաստատեցինք իրար հետ ու որոշեցինք հանդիպել /քանի հոգով հնարավոր էր/ 50 երկար ու ձիգ տարիների բաժանումից հետո։ Սկզբում մտածեցինք մի տեղ հավաքվել, նստել ու խոսել մեզ բաժին հասած դառն ու անուշ օրերից, սակայն հետո առաջարկ եղավ օգտվել որևէ շրջագայության խմբի ծառայություններից՝ օրն ու հանդիպումը ավելի հետաքրքիր ու հաճելի դարձնելու համար։ Ընտրեցինք Հառիճավանք, Գյումրի /քաղաքային տուր/ ուղղությունը և չփոշմանեցինք, մանավանդ որ մեր ընկերուհիներից մեկը հանգրվանել էր Գյումրիում ու այնտեղ պետք է միանար մեր խմբին։
Շրջագայությանը նախորդող գիշերը ոչ մեկս չէր քնել․ անընդհատ պատկերացնում էինք մեր մոտալուտ հանդիպումը․ 50 տարվա ընթացքում ով ինչքան էր փոխվել, կճանաչեի՞նք, արդյոք, իրար 50 տարի անց, ճակատագիրը ում ինչ անակնկալներ է մատուցել․․․ Խառնիճաղանջ մտքերը խռնվել ու հանգիստ չէին տալիս մեզ։
Վաղ առավոտյան հավաքվեցինք Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բակում․ այնտեղից պետք է շարժվեինք։
Պահը շատ հուզիչ էր։ Մեկ-մեկ ժամանում էին մեր ընկերուհիները․ նայում էինք մեկս մյուսին՝ փորձելով կռահել՝ ով է կանգնած դիմացդ։ Եվ գրկախառնություններ, բացականչություններ, արցունքախառն ժպիտներ՝ շաղախված կարոտի ու ցավի երանգներով։
Վերջապես բոլորս «ճանաչեցինք» իրար, ավտոբուս նստեցինք իրար շատ մոտիկ, ու բացվեց պատմությունների կծիկը։ Հիշեցինք մեր ուսանողական տարիները, ընկերներին, որոնք այլևս չկան /լույս իջնի նրանց հոգիներին/, նրանց, որ հեռու են ու չկարողացան գալ այս հանդիպման, նրանց, ովքեր առողջական խնդիրների պատճառով չմիացան մեզ, հիշեցինք մեր երջանկահիշատակ դասախոսներին ու նրանց դասախոսությունները։ Վերջ չունեին պատմությունները․․․
Առաջին կանգառը Ապարանում էր՝ Գնթունիք սննդային կետում, որտեղ նախաճաշեցինք ու շարունակեցինք ճանապարհը դեպի Հառիճավանք։ Վանքային այս համալիրը հայկական ճարտարապետական արվեստի շատ յուրօրինակ նմուշ է։ Մեզ ուղեկցող գիդը՝ Հայկը, ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էր կոթողի պատմությունը։ Վանքը կառուցելիս օգտագործվել են տարբեր երանգների քարեր, որի շնորհիվ վանքի պատերը անսովոր գեղեցիկ տեսք են ստացել։ Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Վանքը նաև գիտության կենտրոն է եղել։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889թթ․ սովորել է մեծանուն Վարպետը՝ Ավետիք Իսահակյանը։
Ողջ ճանապարհին Հայկի պատմությունները սիրով ու հետաքրքրությամբ էինք լսում։ Անցնում էինք մայր հայրենիքի տեսարժան վայրերով՝ մեր հոգում ու սրտում, սակայն, ունենալով կորուսյալ Արցախի վանքերն ու գողտրիկ անկյունները։ Հիշեցի մեծ բանաստեղծի հայտնի խոսքերը․
Հիմա ո՞վ է ձեզ է համբուրում
Ծովասարիս ծաղիկներ,
Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում,
Իմ Սիփանի եղնիկներ․․․
Հիմա Արցախիս սուրբ վայրերով վաչկատուն ու վայրի ցեղերն են քայլում ու պղծում դրանք․ ցավս դրանից բազմապատկվում է։
Հառիճավանքի մասին ավանդություններից մեկի համաձայն՝ իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասի է բաժանվել․ նման հրաշքից վախեցած՝ սելջուկները մի կողմ են քաշվել, և օրիորդը փրկվել է։
Հաջորդ կանգառը Գյումրիի տարածքում գտնվող Սև բերդի մոտ էր։ Ամրոցը կառուցվել է 1834 թվականին։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ Ու կառուցվեց բերդը՝ որպես կարևորագույն ռազմական հենակետ։ Երբ 1877-1878թթ․ Բալկանյան պատերազմից հետո ռուսները գրավեցին Կարսը, Կարսի բերդը դարձավ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի /Գյումրի/ բերդը՝ հրետանու պահեստարան։ Այն ծառայել է նաև որպես զինվորական բանտ։
Հաջորդ՝ վերջին կանգառը Գյումրիի Վարդանանց հրապարակն էր, որտեղ մեզ սպասում էր մեր յոթերորդ ընկերուհին, որը, չնայած առողջական խնդիրներին, հարսի օգնությամբ միացել էր մեզ։ Հույզերի ու պոռթկումների ինչպիսի՜ տարափ․ հնարավոր չէր ներկա լինել ու չհուզվել այդ տեսարանից։
Վարդանանց հրապարակից էլ սկսվեց մեր ծանոթությունը մշակութային քաղաքի մանրամասներին։
Եղանք Սուրբ Ամենափրկիչ, Յոթ Վերք և Սուրբ Նշան եկեղեցիներում, ծանոթացանք նրանց պատմությանը, մոմեր վառեցինք մեր «բացակա» ընկերների հիշատակի համար, այնուհետև քայլելով Վարպետաց փողոցով՝ ծանոթացանք Հովհ․Շիրազի, Ավ․Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի թանգարաններին ու, վերջապես, մեր շրջագայությունն ավարտեցինք հայֆիլմի հայտնի կինոնկարի /«Մեր մանկության տանգոն»/ նշանավոր բալկոնի /«Վառեմ-մարեմ․․․»/ տակ՝ անուղղակիորեն շփվելով մեր մեծերի հետ։
Յոթ տասնամյակը վաղուց հաղթահարած համակուրսեցիներիս համար քաղաքում այդքան քայլելը չնայած հոգնեցնող էր, այնուամենայնիվ, մեր օրը հագեցած էր հետաքրքիր տեղեկություններով, ու հանդիպումը՝ կայացած, ինչի համար ուրախ էինք բոլորս։
Տունդարձի ճանապարհին մեր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցինք ONE WAY TOUR-ի կազմակերպիչներին ու մեզ ուղեկցողներին։
Օրվա ամենագլխավոր ձեռքբերումն այն էր, որ Արցախի կորստյան ցավը մեր հոգում ամբարած՝ կարողացանք ուժ գտնել ու հետաքրքիր ժամանակ անցկացնել մայր հայրենիքի պատմական վայրերում։
Կյանքի մայրամուտի շողերը հեռվից նշմարող համակուրսեցիներս խոստացանք այսուհետ ևս նման հանդիպումներ հաճախակի կազմակերպել։
Տա Աստված։
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ