/«Ոսկե դարան» բջջային հավելված/
Ամեն մի ժողովրդի համար, բնության ու
մարդկության ճշմարիտ ծանոթության հետ միասին,
իր ազգային ինքնաճանաչողությունն է
իր ճանապարհի մթնում լույս տվող լապտերը։
Հովհաննես Թումանյան
Կրկին մարդաշատ էր Երևանի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի Հովհաննես Թումանյանի ցուցասրահը։ Հավանաբար այստեղ աշխատող մարդիկ չեն հասցնում ձանձրանալ, քանզի նրանց օրը միշտ հագեցած է լինում նորանոր նախաձեռնություններով։
Այս անգամ Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը հանդես էր եկել ազգանպաստ ու ազգանվեր մի նոր նախաձեռնությամբ։ Թիմային աշխատանքով, որում ընդգրկված են թումանյանասեր նվիրյալներ՝ դերասան, նկարիչ, երգահան, թարգմանիչ, ասմունքող, ստեղծվել է Թումանյանի հեքիաթների «Ոսկե դարան» շտեմարանը՝ թումանյանական հեքիաթների և բանահյուսական արժեքների տարածման ու հանրահռչակման աուդիո տարբերակով։
Այդ «Ոսկե դարան» բջջային հավելվածի շնորհանդեսն էր, որին հրավիրվել էին հայտնի դերասաններ, մշակութային աշխարհի նշանավոր դեմքեր, բարերարներ, աջակիցներ ու հյուրեր։
«Ոսկե դարան»-ում կարող եք գտնել Թումանյանի 22 հեքիաթ՝ տաղանդավոր դերասանների և մտավորականների ընթերցմամբ, երաժշտական ուշագրավ ձևավորմամբ։ «Ոսկե դարան»-ը թումանյանական պատուհան է դեպի մեծ աշխարհ։
Այս համարձակ նախաձեռնությունը Լուսինե Ղարախանյանի հերթական շատ պատասխանատու քայլն էր ոչ միայն մայր հայրենիքի հանդեպ, այլև իր կորուսյալ Արցախ աշխարհի հոգևոր արժեքների պահպանության գործում։ Թումանյանի հեքիաթները հնչելու են ոչ միայն մայրենի լեզվով, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և այլ տարբերակներով, այլև Արցախի՝ մայրենի բարբառով, ինչի կենդանի օրինակը հնչեցրին արցախցի երեխաները միջոցառման ընթացքում։
Հաճելի ու ջերմ մթնոլորտում հայտարարվեց միջոցառման բացման մասին։ Լուսինե Ղարախանյանը, ողջունելով հյուրերին Թումանյանի ցուցասրահում, ընդգծեց այն միտքը, որ, իրոք, հեքիաթների մեջ է առավել խորն արտահայտված Թումանյանի և՛ ազնվականությունը, և՛ հզոր երևակայությունը։ Իսկապես, բոլորս մեծանում ենք այդ հեքիաթների հետ ու ապրում դրանցով։ Եվ որտեղի՞ց իմանար հայ բանահյուսական նյութերի այդ հրաշագործ ու անխոնջ մշակը, որ Քաջ Նազարը դառնալու է հայոց երգիծանքի գլխավոր դեմքը, Ձախորդ Փանոսը՝ հիմարության ֆենոմենը, Պոչատ աղվեսը փոխարինվելու է մի ամբողջ խրատանու, Չախ-չախ թագավորը՝ անարժան ղեկավարի, Հազարան բլբուլը՝ կյանքը առավել գեղեցիկ դարձնելու խորհրդանիշի և այլն․ շարքը կարելի է անվերջ շարունակել։
Մտահղացումը հաճելի էր ու գրավիչ՝ ստեղծել մի «Ոսկե դարան» հավելված, որպեսզի երեխաները քաշեն իրենց բջջային հնեռախոսների մեջ ու լսեն դրանք գեղեցիկ և գրագետ մատուցմամբ։
Դարանը /շտեմարան/ սկսվում է 22 հեքիաթով ու շարունակություն կունենա ապագայում։ Թումանյանը Արևելքն ու Արևմուտքը միավորող եզակի ու հրաշագործ գրող է։ Այդ հավելվածով մեր հզոր Սփյուռքի երեխաները հնարավորություն կունենան վայելել Թումանյանին և՛ մայրենիով, և՛ անգլերենով ու ֆրանսերենով, Արցախի բարբառով, նաև ռուսաց լեզվով։
Մեր անփոխարինելի դերասաններն ու թանգարանի մասնագետները հոգացել են, որ խորքային Թումանյանը մատուցվի առավելագույնս պարզ ու մատչելի, հետաքրքիր ու հասկանալի։
Այնուհետև Լուսինե Ղարախանյանը ներկայացրեց ձայնադարանի ստեղծմանը մասնակցած անհատներին, երաժշտությունը ձևավորող Վահե Գրիգորյանին՝ որոշ հատվածներ ցուցադրելով ունկնդիրների համար։
Դերասանուհի Քրիստինեն խոստովանեց, որ հինգ տարեկանից է սկսել շփվել Թումանյանի հեքիաթներին, և այսօր իր համար մեծ պատիվ է դերասան ընկերոջ՝ Բաբկենի հետ մարմնավորել հանճարեղ գրողի անմահ հերոսներին։
Մասնագիտությամբ նկարիչ, հետագայում դերասան Վարդան Պետրոսյանը շեշտեց, որ Թումանյանի մասին խոսելիս բառերն ինքնին հորդում են մեր շուրթերից, քանի որ նա ոչ միայն մեծ գրող էր, այլև մեծ փիլիսոփա, որն այնքան է գնացել պատմության խորքերը, որ կարողացել է պեղել մեր ազգային խնդիրները։ Որպես նկարիչ՝ Վարդան Պետրոսյանը Թումանյանի հետ առնչվել է իր «Քաջ Նազարը» նկարով, որը ներկայացվել է ցուցահանդեսում։ Նրա խոսքով՝ Թումանյանն այնպիսի կոդեր է բացահայտում մեզ համար, որ կարողանում ենք ճանաչել ինքներս մեզ։ Վերցնենք, օրինակ՝ «Կիկոսի մահը» հեքիաթը։ Ինքներս մեզ համար չեղած տեղից ողբերգություն ու խնդիրներ ենք հորինում ու դրանք ռեալիզացնում կյանքում։ Կամ վերցնենք «Բարեկենդանը» հեքիաթը․ ամուսինը կնոջն է ասում՝ շաշ, կինը՝ ամուսնուն։ Սա այսօրվա մեր իրականությունն է, երբ բոլորս իրար մեղադրում ենք, բայց ոչ մեկն էլ չի ասում, թե ինքը մեղավոր է։ Դրա համար էլ այս օրին ենք։ Մեր երկիրը ձեռքից գնում է, բայց ոչ մեկը իրեն մեղավոր չի համարում։ Թումանյան կարդալով՝ մենք ճանաչում ենք մեզ ու կարող ենք փոխվել։
Ընդհանրապես ժողովուրդները կոդավորված են իրենց ժողովրդական հեքիաթներում, ու դա շատ բնական է։ Ունեցվածքը, հարստությունը երբեք չպետք է գերադասել․ կարող ես դա կորցնել, բայց հետագայում ձեռք բերել այն, իսկ նախընտրում ես ունեցվածքը, քեզանից հետո ու՞մ է պետք այդ հարստությունը։
Երբ Վարդան Պետրոսյանին առաջարկվեց Թումանյանի հեքիաթների ֆրանսերեն տարբերակը ներկայացնել, իրեն շատ պարտավորված զգաց, ու մեծ ջանք պահանջվեց իրենից։ Եթե իր արած գործը երեխաներին դուր գա, ապա, ինքնըստինքյան, մեծերին էլ դուր կգա։ Համոզված է՝ իր «խենթությունները» անպայման դուր կգան երեխաներին։ Թումանյանի հետ կապված անվանի դերասանը դեռ շատ մեծ ծրագրեր ունի, որոնց մասին գերադասեց առայժմ լռել։ Մի կողմից մենք դառնանում ենք Թումանյանի հետ իր դառնացած ժողովրդի պես, մյուս կողմից էլ հպարտանում ենք, որ ունենք նրա պես հանճարեղ գրող։
Արցախցի Արմանի ու Անիի Արցախի բարբառով ասմունքը /«Անհաղթ աքլորը»/ ավելի տպավորիչ դարձրեց միջոցառումը ու արժանացավ բուռն ծափահարությունների․ չէ՞ որ Արցախի բարբառը ևս կործանման ու անհետանալու վտանգի տակ է։
Երգահան Վահե Գրիգորյանը, որը հեքիաթների երաժշտական ձևավորողն է, ևս իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներին՝ այդ լուրջ ու պատասխանատու գործը իրեն վստահելու համար։
Պարսկահայ համայնքի ներկայացուցիչը ևս երախտապարտ էր՝ հեքիաթներին նոր գույն ու երանգներ հաղորդելու գործը իրեն առաջարկելու համար։
Բոլոր ելույթ ունեցողներն անխտիր հավանության արժանացրին գեղեցիկ ու հաճելի նախաձեռնության գաղափարը։ Խրախուսական ջերմ խոսքերից ավելի էր ոգևորվել թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը, որը չէր կարող թաքցնել իր գոհունակությունն ու երախտագիտությունը իր գաղափարը սատարողների հանդեպ։ Նա հուշամեդալով և շնորհակալագրով պարգևատրեց բոլոր հովանավորներին․
1․ Գլխավոր հովանավոր Հայ կրթական հիմնադրամին՝ խոշոր ներդրումների և լուսավոր առաքելության համար։ Հիմնադրամի ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց՝ իրենց աշխատանքը գնահատելու համար, և իր պատրաստակամությունը հայտնեց այսուհետ ևս նման կրթական ծրագրերին սատարելու գործում։
2․ Ֆրանսիայի համայնքի ներկայացուցչին, որը ևս իր գոհունակությունը հայտնելով նշեց, որ ինքը ֆրանսախոս էր, և հայերեն սովորելուն նպաստել է իր հայուհի կինը, որի հետ 20 տարի է՝ ամուսնացած է։ Նա ուրախությամբ հայտնեց, որ այսուհետ հայ երեխաները, որոնք հայերեն չգիտեն, հնարավորություն կունենան այդ հավելվածի միջոցով շփվել Մեծն Թումանյանի հետ։
3․ Ռոստովի համայնքի ներկայացուցիչ Տանյային, որը Դոնի Հայ երիտասարդական միություն ՀԿ անդամ է։
Գաղափարական ծրագրերի նորանոր նախաձեռնությունների ճարտարապետ Լուսինե Ղարախանյանը համոզված է, որ այս հավելվածը ազգանպաստ դերակատարություն է ունենալու մեր սերնդի հայեցի դաստիարակության ու հայապահպանության գործում։
Իրոք, «Ոսկե դարան»-ը Թումանյանի հեքիաթների խորը, անծայր, հարուստ ու շքեղ բանալին է, որը դեռ շատ «փակ դռներ» է բացելու։
Նորովի բացահայտենք մեր տաղանդաշատ գրող, հանճարեղ մտածող Հովհաննես Թումանյանին։ Օգտվենք «Ոսկե դարան» բջջային հավելվածի հնարավորություններից, որի QR կոդը կարող եք գտնել համացանցում։
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ