«Երգում ենք, որ մեր երգի տատանումները հասնեն Արցախի հողին, ու նա զգա, որ ուր էլ լինենք, մեր սրտերը տրոփում են իր շնչառության կշռույթով»։
Զաքար Քեշիշյանի խոսքից
Սեպտեմբերի 13-ին Երևանում՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, տեղի ունեցավ իր էությամբ բացառիկ համերգ։ «Երգող Արցախ» խորագիրն էր կրում «Վարանդա» մանկական երգչախմբային համերգը, որի հովանավորն է Արևելյան Ամերիկայի Կիլիկյան թեմի առաջնորդարանը։ Շուշիի «ՎԱՐԱՆԴԱ» երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ արցախցի մոտ 60 մանուկներից կազմված երգչախումբը(դաշնակահար` Նադեժդա Հարությունյան) հանդես եկավ մոտ 2 տասնյակ երգերով՝ սկսելով Կոմիտասի «Հայր մեր»-ով, ավարտելով Արցախի Օրհներգով, որի հզոր խոսքերի հեղինակն է երջանկահիշատակ Վարդան Հակոբյանը։ Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին շատ արցախցիներ, որոնք ստիպված լքել են հայրենի տունը և այժմ բնակվում են Երևանում, ՀՀ այլ վայրերում։ Հանդիսատեսի շարքերում ներկա էին նաև ՀՀ մշակութային գործիչներ՝ երաժիշտներ, այլ բնագավառների ներկայացուցիչներ։ Մոտ մեկ ու կես ժամ տևած համերգի ընթացքում արցախցի փոքրիկներն իրենց կատարումներով մեզ մտովի Արցախ տարան՝ Շուշի, որտեղ 32 տարի առաջ Զ․ Քեշիշյանը, գալով Լիբանանի Այնճար քաղաքից, հիմնեց «Վարանդա» երգչախմբերը՝ մանկական, պատանեկան և երիտասարդական։ Նա այդ ժամանակ ուսանում էր երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ շվիահար, դուդուկահար ու խմբավար։ Շուշիի Արամ Մանուկյանի անվան վարժարանում հիմնելով «Վարանդա» երգչախումբը՝ ուներ նպատակ, որ արցախցի մանուկն այլևս չարտասվի, չտեսնի պատերազմ ու այլ արհավիրք։ Շատ էր կարևորում հատկապես հոգևոր սնունդն արցախցի մանուկների, պատանիների ու երիտասարդների կյանքում։ Հետագայում «Վարանդա»-ն պետականացվեց։ Ունեցել է 200-ից ավելի համերգներ Արցախի տարբեր շրջաններում, մայրաքաղաքում, զորամասերում, ՀՀ մարզերում, Երևանում, Լիբանանում։ Զ․ Քեշիշյանը, բացի «Վարանդա»-ից, ստեղծել է նաև Լիբանանի Համազգային «Կարկաչ» մանկապատանեկան ու «Այգ» երիտասարդական երգչախմբերը, որոնց հետ համերգներով հանդես է եկել «Վարանդա» խումբը։ Տարիների ընթացքում 600-ից ավելի պատանիներ ու երիտասարդներ են եղել «Վարանդա» երգչախմբում։ Արցախյան հետագա գոյամարտերում երգչախումբն էլ ունեցավ կորուստներ։ «Այս պահին սեպտեմբերի 2-ի հետմիջօրեն է։ Առավոտյան այցելեցինք Եռաբլուր, ուր ննջում են մեր նահատակները, նրանց շարքին՝ «Վարանդա»-ի նախկին սաներ, նախկին սանուհիների եղբայրներ ու ամուսիններ, ներկա սաների հայրեր ու հարազատներ․․․», -նոր համերգի առթիվ գրել է Զ․ Քեշիշյանը։
2020թ․ պատերազմից հետո էլ «Վարանդա» երգչախումբը շարունակեց գործել, չնայած հայրենի Շուշիի անկմանը։ 2021 և 2022թթ․ Ստեփանակերտում երգչախումբը 120 սաներով կազմակերպել է «Երգող Արցախ» երգչախմբային համերգաշարը, որի շարունակությունն է արդեն Երևանում իրականացվողը։ Այս անգամ Երևանում հանդես եկան մանուկները ու մեծ հուզմունք, կարոտ, երազանք ու նպատակ պարտադրեցին մեզ՝ ավագներիս։ Յուրաքանչյուր երգից հետո ծափերը երկար էին հնչում․ Արցախը կանչում էր։ Մանուկների կողմից կատարած երկրորդ երգը՝ «Ժառանգներն ենք Արցախի», պահանջ էր, կանչ դեպի երկիր։ Յուրի Սահակյանի խոսքերով գրված «Երկիր իմ Հայաստան» երգի երաժշտությունը Տիգրան Մանսուրյանին է, որը ներկա էր համերգին։ Հնչեց նաև Մուշեղ Իշխանի խոսքերով գրված «Հայ հոգին» երգը՝ Արմենուհի Կարապետյանի երաժշտությամբ։ Ու էլի երգեր՝ արցախյան մանուկների շուրթերով։ Ուրախ ու բարձր տրամադրություն էին ապահովում դահլիճում կատակերգերը՝ «Խոզուկին գանգատը», «Քաջ Նազար» և այլն։ «Պարոն Զաքարն ու 40 սատանաները» կատակերգը խմբի ու խմբավարի մասին էր, որը, հիրավի, ուրախ էր, և որի կատարման ընթացքում պարոն Զաքարը չդիմացավ ու, իբր նեղացած, հեռացավ բեմից, իսկ նրա փոխարեն դիրիժորի պարտականությունները կատարեց երգչախմբի աղջնակներից մեկը։
Համերգի ընթացքում Զ․ Քեշիշյանը հանդիսատեսին էր ներկայացնում նաև իր հյուրերին՝ Դանիել Երաժիշտ, արցախցի գրող Դավիթ Միքայելյան, ուրիշներ։ Շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, երգչախմբի համար երգեր գրողներին։ Ավարտվեց համերգը, բայց երկար ժամանակ դահլիճում էին հանդիսատեսներն ու օրվա հերոսները։ Այդքան արցախցիներ մի տեղում չէին եղել արդեն մեկ տարի է։ Ողջագուրվում են, տխրում, հուզվում, հիշում երանելի օրերը։ Այստեղ էին Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարներ Նարինե Աղաբալյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը, գրողներ, կրթության ու մշակույթի բնագավառների, լրատվական դաշտի ներկայացուցիչներ։ Արցախում բոլորն են ճանաչում Միքայել Հաջյան հայտնի ռադիոլրագրողին, որի 2 որդիները նահատակվեցին Արցախյան 2016 և 2020 թ․ պատերազմներում։ Մի առիթով Մ․ Հաջյանն ասել է․ «Նորայրս աջ թևս էր՝ հատվեց, Երվանդս՝ ձախ թևս, հատվեց նույնպես․․․»։ Այսօր նա չի կարող նաև որդիների շիրիմին այցելել։ Բայց դիմանում է․ «Վարանդա»-ի մանուկներն ուժ տվեցին նրան։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը 1988-ից մշտապես Արցախում էր ու Արցախի հետ։ Խաղաղության տարիներին ստեղծել էր «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը։ Տարիների ընթացքում նույն հիմնադրամը մեծ օժանդակություն ցուցաբերեց Արցախին։ Այսօր էլ նրա ղեկավարած հիմնադրամը դարձյալ արցախցիների հետ է։ Գ․ Մելիքյանը մոտեցավ Զ․ Քեշիշյանին, ողջագուրվեցին, ասաց․ «Զաքր, մեզ նորից Շուշի տարար․․․»։ Շուշիի շրջանային բուժմիավորման երկար տարիների տնօրեն Վիգեն Խաչատրյանը ցավով է հիշում՝ ինչքան սիրով է հայրենի քաղաքում ներկա եղել «Վարանդա»-ի համերգներին։ «Վարանդա» երգչախումբը Շուշիում համերգով հանդես էր գալիս նաև բերդաքաղաքում գործող «Նարեկացի» կենտրոնում, որի հիմնադիր Նարեկ Հարությունյանը նույնպես ներկա էր համերգին։ Տեղացող անձրևն էլ դարձավ պատճառ, որ ավելի շատ շփվեն միմյանց հետ հանդիսատեներն ու Զաքարը, երգող մանուկները։ Ու կար հավատ տունդարձի․․․ Ճանաչված կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի հետ տուն եկա, Արցախյան գոյամարտերում մարտիրոսված բազում տղաներին նվիրված ֆիլմեր է նկարահանել՝ «Խոնարհ հերոսներ» խորագրով։ Հիշում է Շուշիում մի քանի անգամ է ներկա եղել «Վարանդա»-ի, այլ խմբերի համերգների․ այսօրվանը այլ էր․․․
Հ․ Գ․ Զ․ Քեշիշյանն իր խոսքում գրել է նաև․ «Իսկ այս տարի ինձ թույլ կտամ անձնական մի զեղում․ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում մեր պսակադրության 20 ամյակի առիթով՝ այս համերգը նվիրում եմ ամբողջ մի քսանամյակ արցախյան առաքելությունս ինձ հետ կիսած տիկնոջս՝ Կամիլային»։
Զոհրաբ Ըռքոյան