Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութթյան հռչակման օրն է։ Ավելի քան երեք տասնամյակ մենք այն ընկալել ենք որպես Արցախի պետականության գլխավոր տոն, թեպետ կապված Արցախյան շարժման հետ՝ հիշարժան այլ օրեր էլ ունենք։ Դրանց շարքում են փետրվարի 20-ը՝ ի նշանավորումն 1988-ի փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական որոշման, այնուհետև 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝ վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշումը, հետայդու՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որտեղ Արցախի ժողովուրդը միաձայն քվեարկեց իր անկախության օգտին, իսկ ամենավերջում՝ 1992թ. հունվարի 8-ին, պետական անկախության հռչակումը ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նիստում։
Հիշյալ տոների մեջ ո՞րն էր միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ճիշտ, որով կարելի էր անխոտոր առաջնորդվել ու հասնել ցանկալի արդյունքի։ Փաստն այն է, որ վերոհիշյալ տարեթվերը շարունակում են ապրել մեր հույզերի մեջ, սակայն բուն սուբյեկտը՝ Արցախի Հանրապետությունը, ցավալիորեն չկա․ մենք իրականությանը պետք է նայենք այն գույներով, որպիսին դրանք կան, «գունավոր ակնոցներ» մեզ պետք չեն։
Ի՞նչն ենք սխալ արել, որ լիարժեք կայացած, պետական ինստիտուտներով ձևավորված երկիրը դադարել է գոյություն ունենալուց։ Իհարկե, պատճառները ենթադրելի են, սակայն ինչպես անցած տասնամյակներին, մենք դարձյալ փորձում ենք սխալները փնտրել այլոց մեջ։ Մեզանից ոչ ոք չի ուզում տեսնել սեփական վրիպումները և այն անիմաստ հանդուրժողականությունը, որ երբևէ դրսևորում էինք իշխանության ներկայացուցիչների խոտորնակ գործողությունների նկատմամբ։
․․․ Երբեմն համեմատություններ են արվում, մասնավորապես, ԼՂՀ-ն համեմատելով Կիլիկիայի, Ստեփանակերտը՝ Կարսի հետ։ Եթե կա որոշակի ընդհանրություն, դա թերևս հայկական պարզամտությունն է, որն օգտագործելով՝ ֆրանսիացիները՝ Կիլիկիան, իսկ բոլշևիկները Կարսը թողեցին շան բերանում ու հեռացան։ Իսկ 2023-ի մեղավորը նաև ինքներս ենք, որովհետև մինչ այդ պաշտպանված լինելով հայկական զինուժի անվիճարկելի մարտունակությամբ՝ ապավինեցինք օտարին և հայտնվեցինք անդունդի եզրին։ Կարո՞ղ ենք այս ամենից հետևություններ անել, որպեսզի խուսափենք հետագա ճակատագրական սխալներից։ Անշուշտ, կարող ենք, եթե չշարունակենք կաղապարվել հին պատկերացումների մեջ։ Ժամանակը նոր մարտահրավերներ ու մարտավարություն է առաջադրում, հարկավոր է դրանք ճանաչել ու ճիշտ ռազմավարություն մշակել։ Իսկ դրա առաջին քայլը հայկական հողի վրա կառչած մնալն է։ Այստեղ Հայաստանն է՝ մեր երազ-երկիրը, որի պաշտպանությունն ու բարգավաճումը ամեն մեկիս սրբազան պարտքն է։ Իսկ ռեկոնկիստա՝ հետնվաճում, անպայման կլինի, և դրան մեզ կառաջնորդի սեպտեմբերերկուսյան անփոփոխ խորհուրդը։
Կեցցե՛ն Հայաստանն ու Արցախը։ Շնորհավո՛ր բոլորիս տոնը։
՚ ԼՈՒՍԱՐԱՐՙ