ԱՂԵՏՆԵՐՈՎ ԱՆՑԱԾ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ամեն անգամ Արցախը սրտիս մեջ փայփայած եմ խոսք  գրում։ Ցավախառն են ապրումներս, երբ  խորտակված եմ տեսնում հայրենիքում խաղաղ ապրելու  երազանքները…
Հազարավոր   արցախցիների  իրավունքներ խախտվեցին,  երբ  շրջափակման մեջ էինք,  նկուղներում  կուչ եկած,  պատերազմի, բենզինլցակայանի պայթյունի սարսափով, բռնատեղահանության ճանապարհին…

Ժամանակի ու տարածության մեջ  երբեմն ինձ մոտ փոխվում է  ես-ի գիտակցումը, ու հայացքս գամվում է մի կետի…  Մտածումներիս խառնարանում  մեր  շուրջը  բախումներ են, որոգայթներ, ծուղակներ բազմակի, որոնցից  ձերբազատվելու հնարը չեմ տեսնում, երբ օրեցօր ամպեր են կուտակվում մայր երկրի գլխավերևում։

Իմ  ես-ն ընդհանրական է դառնում, ու փորձում եմ նրա մեջ տեղավորել  գոնե այն 120 թե 150 հազարին… Չեն տեղավորվում` իրենց բազմաչարչար կյանքով, ապրած տառապանքով, այնքան մեծ կորուստներով…
Ստիպված բաժանում, զատում եմ միմյանցից` ըստ դառնության, մեծագույն վշտի խորության…Ուզում եմ  տեղավորել նրանց  լույսի մատյանում, բայց տեսնում եմ, որ հայրենազուրկներիս տառապանքն օր օրի խտանում է։

                             *****

1

Արցախի շրջափակման ժամանակ` դեռևս  անցած ամռան արձակուրդային օրերին, հաճախ էի լսում` Արցախում դասեր լինելու՞ են…
Հիշողությանս մեջ մեր պատմությունն էր նորացվում, երբ ցեղասպանվող, Դեր֊Զորի անապատ քշված հայ մայրը ավազի վրա էր  հայերեն տառերը սովորեցրել իր զավակին, երբ հայրենիքի համար կյանքը նվիրաբերող հայը վերջին շնչում իր արյամբ էր հայերեն տառեր գրել` հավերժ հայեցի ապրելու պատգամը հղելով սերնդին։
Դժվար էր,  երբ կողքից լսում էի  ծնողի խոսքը, թե իր երեխաներին չի կարողանալու սոված ուղարկել դպրոց։

<<Հաց չկան>> զնգում էր մեր երեխաների ականջներում։ Ու մտածում էինք, թե ինչպես ենք նայելու նրանց աչքերին, երբ գիտեինք, որ դարը մերը չէ, երբ գիտեինք, որ շատ հարցերի պատասխաններ մնալու են օդում։ Ու մի անպատասխան հարց թևածում էր մեր շուրջը,  թե ինչո՞վ են մեղավոր մեր երեխաները, որ պատերազմներով անցան, բախվեցին հայրենիք, հարազատներ  կորցնելու վտանգին, դարձան այդ աղետալի օրերի վկաները` իրենց վրա կրելով կյանքի  դառնությունների  կնիքը։

Գոյաբանական խնդրի առջև լինելով, հայրենիք կորցնելու ահասարսուռ օրերի մղձավանջով անցնելով` հասկանում էինք, որ  պիտի կրթենք սերնդին, ինչպես էլ  լինի, ուսուցանենք, որքան հնարավոր է, դաստիարակենք այնպես, որ ոչ մեկը  չզգա իր ծանրությունն այս հողի վրա, ու դառնա մեկը, ով  շունչ է տալիս, ապրելու հույս, ոգի, որ հայեցի կյանքը շարունակվի։

Ասում էին` տետր չկա, գրիչ չկա, որտե՞ղ են գրելու աշակերտները։ Ստույգ չգիտեինք,  գուցե կավիճ էլ չլիներ` գրատախտակին գրելու համար, բայց մենք պատրաստ էինք  մեր ձեռքերի ափերը տետրեր դարձնել, մատները` գրիչներ, մեր ուսանելի խոսքը` հասանելի, որ չտուժի կյանքի մաքառումների կիզակետում հայտնված  սերունդը։
Այդ դժվարին ժամանակներում   խոցելի էինք բոլորս,  և պատրաստ` կյանքի կոչելու  դպրոցական առօրյան, որ ապրեցնենք սերնդին` մեր հայացքը ուղղած լուսավոր գալիքին։

Բայց 2023-ի  սեպտեմբերի 19-ին երկինքը փուլ եկավ գլխներիս… Կյանքը կանգ առավ, երբ մեր գլխավերևով թշնամու  անօդաչուներն էին մահ սփռում։

Պատերազմից օրեր առաջ էր։ Կեսօրին մոտ երկրորդ հերթի դասերի շտապեցի։ Ինչպես միշտ, վառելիք չկար, մեքենաների շարժ չկար… Զարմանալիորեն մենակ էինք` ես ու դպրոցի ճամփան։
Դպրոցի բակում հեռախոսս փոխանցեցի աշակերտներից մեկին` խնդրելով  կրթօջախի շենքի վերանորոգված մասնաբաժինը նկարել։ 
Այդպես էլ չհասցրինք  վերանորոգված դպրոց մտնել, երբ 30 տարվա ընթացքում մեր բոլոր շրջանավարտների, մեր աշակերտության, ուսուցիչներիս մեծ երազանքն էր, որ մենք էլ նորոգված ու պատերազմների հետքերը վերացած դպրոց մտնեինք, կահավորված դասարաններում դասավանդեինք…
Անավարտ մնաց դպրոցի մյուս հատվածի նորոգումը, իսկ այժմ  վերանորոգված մասի հանդեպ  ափսոսանք ունենք, որ այն պիտի վայելեն թշնամու  երեխաները, որոնց մոտ մեր հանդեպ  հայատյացություն սերմանում են դեռ մանկապարտեզից։

Մենք չէի՞նք կարողանում, թե՞ չէինք ուզում  թնամու հանդեպ նույն ատելությունը սերմանել  մեր երեխաների մոտ։  Երևի թե  չէինք ուզում ատելության դասը սերտած նվաճող  ցեղին հավասարվել, երբ մեր  տունը,  դպրոցը,  ճանապարհը, քարը, ծառը, թուփը հայրենիք են,  որի պաշտպանության  համար  զոհաբերվեցին ոչ թե ատելության, այլ հայրենասիրության դասը սերտած մեր տղաները։
Անհանդուրժելի է,  երբ ոմանք հայրենասիրությունը վերացական հասկացություն են համարում։ Այդ մասին հարցնել է պետք   երկնքի մաքուր հոգիներին,  ովքեր  իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի։
Հուսով ենք`  մեր հարազատ  դպրոցը չի  հանդուրժի, որ իր պատերի ներսում անօրենների անեծքը հնչի,  երբ  որմերն ամրացնող շաղախի մեջ էլ  հայրենյաց սեր կա,   տունդարձի հույս` մեր  զոհվածների  երկնային հոգիների կարոտալից  սպասումով։

Ինչերի՜  միջով անցան Արցախի երեխաները…
Աշխարհի ո՞ր մասում հարցրին, թե այդ երեխաներն ինչպես են գոյություն քարշ տալիս շրջափակման  դառը ամիսներին։ Ովքե՞ր իմացան ու միջոցներ ձեռնարկեցին սովի մատնված երեխաներին փրկելու համար, որ  դասերից կտրված` հացի հերթերում էին, ձմռան ցրտին` առանց ջերմության,  առանց լույս` մթության մեջ։
Պատերազմներով անցած Արցախի երեխաները, որոնց  նկուղներ տարան ծնողները` սարսափած ահեղադղորդ ավերածություններից…

Միջազգային ո՞ր մի կառույցն էր,  որ փորձեց կանխել 30 հազար  երեխաների տնավեր դառնալը,  այդ ովքե՞ր ձեռք մեկնեցին նրանց, որ հայրենազուրկ չդառնան։ Անկախ տարիքից, սեռից, գույնից` բնավեր դարձան, զրկվեցին հայրենիքից  ու ընկան քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, տնից տուն, դպրոցից դպրոց… Արտասվախառն էին նրանք,  նոր միջավայրին չհարմարվելու  տառապանքով դրոշմված, հայրենիքի կարոտը սրտներում….

Արցախի երեխաները, որոնց խոսքում հայրենիքը  հնչում է արտասվախառն,   ու գլորվում են օրերը, որ պիտի սպեղանի դառնան   հայրենակարոտի,  բայց  ժամանակն էլ չի բուժում, ու նորից հայացքիս առջև երևում են այն բոլոր երեխաները, որ
պատերազմներով անցան, շրջափակման աղետներով, հետո եկավ  բռնատեղահանությունը…

2.

Դպրոցում հաճախ չէի համարձակվում երեխաների աչքերին նայել, երբ գիտեի, որ շատերը  սոված են։ Հացի խնդիրը վաղուց գերակա էր դասերի կողքին, ձգտում էի ես խոսել դասանյութերից։

Պատերազմից օրեր առաջ էր։ Դասարան մտա,  նպատակ չունեի դաս հարցնել, բայց  շուտով ձեռքեր տեսա` վեր բարձրացրած։
Որքա՜ն գոհ էի աղջիկների գրագետ խոսքից, գրականության դասանյութի խորքային վերլուծությունից։ Կարծես կյանքով լցվեցին, որ   տեսան` հիացած եմ, իրենք էլ գոհ` ժպիտներ փոխանցեցին ինձ։  

Շուտով դասարանի դուռը բացվեց։ Շնչակտուր, դեմքը շառագունած`  ներս մտավ նորեկ աշակերտը։ Միանգամից վրա բերեց. <<Ուշացա, հացի հերթում էի…>>։ 
Չէի համարձակվում հարցնել` գոնե կարողացա՞վ հաց գնել։ Կողքից մեկի հարցին պատասխանեց. <<Երեկվանից եմ հերթագրված, վերջապես մեկ հաց հասավ  ինձ>>։

Դասարանում լռություն էր։  Երկու սոված, գուցե կիսասոված աշակերտուհի <<գերազանց>> էին ստացել, իսկ  կյանքի դաժան դպրոցով անցած մեկ աշակերտ էլ հերթերում գերազանցությամբ հաղթահարել էր ժամեր ու  հացի տեր դարձել։

Առաջարկեցի աշակերտներին`  իրենց մտորումները թղթին հանձնել։  Հանկարծ մեկն  ընդդիմացավ ինձ, թե տխուր բաների մասին չի սիրում գրել… Բայց հետո, երբ հայրենիք էր  կորցրել, նա ինձ  ուղարկեց <<կյանքի տխուր բաների մասին>> իր խառը շարադրանքը։  Ես մխիթարում էի նրան, որ նոր միջավայրին հարմարվի, շատ չհուսահատվի…

Դպրոցը, տունը, հայրենիքը մեզ երևում են երազներում, մեր հիշողություններում… Փորձում եմ հարմարեցնել ինձ, որ դպրոցին հրաժեշտ եմ տվել Արցախում` անցած տարվա դեռևս սեպտեմբերի 19-ին։ Չհասցրի այդ օրը երկրորդ հերթով դասարան մտնել, դասի մուտքն ու ելքը իրար խառնվեցին…Այդպես էլ դպրոցի  զանգի ղողանջները մարեցին օդային տագնապի,  ռումբերի ահասարսուռ պայթյունների տակ։

Այստեղ` մայր երկրում,  անցած ուստարում մի նոր իրականության մեջ էի, երբ աշակերտներս տարբեր դպրոցներում էին,    ես վայելում էի նրանց ձեռքբերումները հեռվից։ Եվ որքա՜ն լավ էր, որ գոնե ինձ շոշափելի էին նրանց հաջողությունները։

<<Բարև Ձեզ, տիկի’ն Պողոսյան։ Ափսո՜ս,  որ Ձեզ նման մանկավարժն այլևս չի դասավանդում։
Մասնակցել եմ հայոց լեզվի օլիմպիադային։ Ամեն հարց կարդալիս Ձեր տվածն էի հիշում, որոնք օգնեցին, որ հարցերը ճիշտ գրեմ։
….Որոշեցի կիսվել Ձեզ հետ և ասել, որ շատ շնորհակալ եմ։ Իմ բարձր միավորը Ձեր տված գիտելիքների արդյունքն է…
Արթիկի ավագ դպրոցն եմ հաճախում։ Տնտեսագիտականն եմ ընտրել։ Ճիշտ է, շատ լավ են ընդունել թե’ աշակերտները, թե’ ուսուցիչները, բայց, միևնույն է, չեմ կարողանում հարմարվել։  Ամեն դասաժամի մտովի գնում եմ Մարտակերտ, մեր դասարանը…
Երեկ Ձեզ էի տեսել երազում։ Դասարանում էինք, հայ  գրականության ժամ էր…
Մենք զրուցեցինք, անգամ խոսեցինք իրավիճակից։ Ինչպես միշտ, Ձեր խոսքերով հույս էիք տալիս մեզ, որ ամեն ինչ լավ է լինելու… Բայց զարթուցիչի ձայնից արթնացա ու  ափսոսացի,  որ այդ ամենը, ընդամենը, երազ էր>>։
                                                   Աննա Բաղմանյան

<<Բարև Ձեզ, տիկի’ն Պողոսյան։ Ինչպե՞ս եք, չնայած դժվար է  ինչպես լինելու մասին հարցնելը։  Մենք Աշտարակի Ոսկեվազ գյուղում ենք, բայց կարոտում ենք  Արցախը։  Մեր օրն սկսվում և ավարտվում է` Մարտակերտից նկարներ նայելով, պատմություններ պատմելով։
…Շուրջս ամեն բան Արցախն է հիշեցնում։ Պահարանում գտա կտրոն, մեր հացի կտրոնն էր։ Նայեցի ու վերապրեցի ինը դաժան, բայց և երջանիկ ամիսները։  Այո’, երջանիկ, երբ հայրենիքում էինք։
Ամեն օր նայում եմ ժամին և ինքս ինձ ասում` լույսերը անջատելու ժամն է, բայց լույսերը չեն անջատվում։
….Հուսով ենք, որ նորից գնալու ենք  տուն։ Առայսօր չեմ հավատում, որ 24 ժամում այդպես  ամեն բան կարող էր փոխվել։ Փոխվեց կյանքը, փոխվեցինք մենք, և նույնիսկ փոխվեցին մեր աղոթքները։
Ձեզ առողջություն եմ ցանկանում, տիկի’ն Պողոսյան, ամենաշատը ուզում եմ նորից ուսուցչի աթոռին նստեք Մարտակերտի մեր դպրոցում  և մեզ դասավանդեք>>։
                                               Մելինե Բեջանյան

Ո՞վ կիմանար, որ սեպտեմբերի 18-ին
իմ վերջին դասն էր լինելու 10-րդ հումանիտար  դասարանում։ Հանձնարարեցի գրել Արցախի շրջափակման մասին։ Դասարանի աշակերտուհի Աստղիկ Ջավադյանի խոսքերի արձագանքն առայսօր ինձ լսելի են։

<<Ինչու՞ հենց Արցախը պաշարման մեջ հայտնվեց, ինչու՞ այս ճակատագրին արժանացանք։ Ինն ամսից ավելի է, ինչ շրջափակման մեջ ենք, ինչ փակ է Մայր Հայաստանին կապող ճանապարհը,  գազ չկա, լույսերը հովհարային անջատումներով են։  Արցախում նաև  սնունդ չկա։  Մենք ուզում ենք անհոգ ապրել, խաղաղ երկնքի տակ, որ ոչ մի պատերազմ չտեսնենք, բայց մեր մանկությունը թշնամին խլեց, և   մեր տարիքին անհամապատասխան ու մեր կամքին հակառակ` ավելի շուտ  մեծացանք` պատերազմներ  տեսնելով, այս ամիսներին էլ`   շրջափակման մեջ գտնվելով։ Ես հոգնել եմ վախով ապրելուց` անընդհատ պատկերացնելով  ամենավատը, որ  կարող է մի օր մեր բնօրրանից դուրս գանք ու այլևս չկարողանանք հետ վերադառնալ։ Ե՞րբ է աշխարհի կույր աչքերը բացվելու, որ թույլ չտան` մենք հայրենիք կորցնենք>>։

Երբ  Արցախում ապրող սերունդը  կանխավ զգացել  էր հայրենիք կորցնելու վտանգը, աշխարհը կույր ձևացավ,  և կապի միջոցներից,  գազից ու լույսից զրկված, սովահարության մատնված` մեր շուրջն ամեն ինչ խլացավ  թշնամու արձակած  ռումբերի տեղատարափի տակ։
Ինչո՞վ էր  մեղավոր  նոր սերունդը, որ արժանացավ այս դաժան ճակատագրին, 
ովքե՞ր են, որ պիտի պատասխան տան, բայց դեռ չեն պատժվել մեզ անհայրենիք թողնելու համար։ Գիտեմ, որ նրանք  շատ են, ամեն մեկը` հերթով…Դատաստան պիտի լինի…

                                      Նատաշա   ՊՈՂՈՍՅԱՆ