ԴԱՐԵՐՈՒՄ  ԳՈՅԱՏԵՎԵԼ  ԵՆ  ՆՈՒՅՆ  ԼԵԶՎՈՎ  ՈՒ  ԱՅԲՈՒԲԵՆՈՎ

Երբ Մեսրոպ Մաշտոցն ավելի քան 1600 տարի առաջ Ամարասում հիմնում էր առաջին դպրոցը, նա հավանաբար Մեծ Հայքի 10-րդ նահանգում գիտելիքի ներուժը դիտարկում էր տիեզերական ժամանակի մեջ, քանի որ գիրն ինքնին անպարփակելի ուժ է, որից ճիշտ օգտվողը ոչ միայն դառնում է ապրած ժամանակի իրական տերը, այլև կարողանում է տիեզերքի իր հատվածում վստահաբար աճեցնել ապագայի ծիլերը։

Ավա՜ղ, այսօր Մաշտոցյան Ամարասը գտնվում է թշնամական գերության մեջ։ Եվ ոչ միայն Ամարասի, այլև Արցախ աշխարհի բոլոր կրթօջախների զանգերը համրորեն լռել են։ Անսովոր ու չարագուշակ է այդ լռությունը։ Ընդամենը մեկ տարի առաջ խուլ շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության դպրատներում, ի բացառյալ բռնազավթված շրջանների կրթարանների, ուրախ ղողանջում էր դպրոցական զանգը։ Այնտեղ կար մանկանց ուրախ կանչ, լավատեսություն կար ու ափակոծ ոգևորություն։ Միանգամից, մի քանի օրվա ընթացքում մասնատվեց այդ  ոգևորությունը, բզիկ-բզիկ եղավ և սփռվեց աշխարհով մեկ։

Թե՛ Հայաստանում և թե՛ ՀՀ սահմաններից դուրս նոր ուսումնական տարվա զանգն արցախցի դպրոցականների համար կհնչի Արցախի Հանրապետության օրհներգի հնչյուններով։ Մի քիչ շիվար, մի քիչ տրտմած արցախաբարբառ աշակերտները հարազատ դեմքեր կփնտրեն իրենց նոր տունը դարձած կրթօջախի կամարների տակ։ Հետո ամեն ինչ աստիճանաբար կշղարշվի կարոտի մշուշներով, ինչպես անցած մեկ տարվա ընթացքում, ու կմնա դարձյալ վերադարձի հույսը՝ որպես ոգու ամենահուսալի հենարան։

․․․ Հայաստանի Հանրապետության շատ դպրոցներում այսօր բռնատեղահանված արցախցի երեխաներ կան, որոնք արդեն հարազատորեն են վերաբերվում իրենց տարեկիցներին, ունեն իրենց սիրած ուսուցիչները, մտերիմ ընկեր-ընկերուհիները։ Մեծն Մաշտոցն է պատգամել. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ․․․», և նրանք իրենց դասընկերների հետ միասին հավատարիմ կլինեն մաշտոցյան սուրբ պատգամին։ Նաև կհավատան, որ ոչ հեռու ապագայում կվերադառնան հայրենի Արցախ, որտեղ կշարունակեն կրթությունը ծննդավայրի դպրոցներում՝ պահպանելով ջերմ սերն իրենց ապաստան տված Մայր հայրենիքի հանդեպ։  Նույն լեզվով ու այբուբենով են միասին գոյատևել դարերում, այդ ամուր կապով էլ հավերժ կգոյատևեն։ Չկասկածե՛նք։

Բարի՜ մեկնարկ նոր ուսումնականին։