Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կազմավորված «Միհր» մշակութային կրթամարզական հասարակական կազմակերպությունը, որն այժմ գործում է Երևանի Այգեձոր փողոցում, 2024թ. օգոստոսի սկզբից Սևանա լճի ափին՝ Շողակաթ գյուղի մոտակայքում, իրականացրեց 4-րդ վրանային ճամբարը: 10 օր «Միհր»-ի սաները՝ ճամբարի համակարգող ու պատասխանատու Գոռ Մանուկյանի ղեկավարությամբ, ակտիվ հանգիստն անցկացրեցին այս գեղատեսիլ վայրում՝ հագեցած առօրյայով: «Միհր»-ը կազմավորման օրվանից իրականացնում է մեծ աշխատանք մատաղ սերնդի հայեցի, հայի իսկական արժեհամակարգով դաստիարակվելու գործում։ Մասնաճյուղեր ունի նաև ՀՀ մարզերում: Արդեն 4 տարիների ընթացքում հարյուրավոր պատանիներ ու երիտասարդներ են եղել «Միհր»-ի սան։ Կան տղաներ, որ արդեն զինվորական են, և «Միհր»-ում ստացած կարգապահությունը նրանց լավ զինվոր է դարձրել։ Զրույցի ընթացքում Գ. Մանուկյանն ասաց՝ այս տարի ճամբարում հանգստացել են մոտ 45 պատանի ու աղջիկ՝ Երևանից, Տավուշից, Արարատից, Գեղարքունիքից, Կոտայքից։ Եվ մեր երկրի տարբեր վայրերից եկած պատանիներն ու երիտասարդները դարձել են հարազատ ու մտերիմ։ Տավուշցի միհրականները ճամբար էին եկել իրենց հրահանգիչ Արտակ Բադալյանի գլխավորությամբ:
Ճամբարը գործում էր 3 ջոկով, ուներ իր կանոնակարգը: Առավոտյան ժամը 7-ին զարթնում են ճամբարականները. վարժանք լճափին, վազք, նախաճաշ։ Օրվա ընթացքում 3 անգամ սնվում են։ Մասնակցում են հիմնականում մարզումների, ունկնդրում դասախոսություններ ռազմարվեստի, պատմության, օտար լեզուների, առաջին բժշկական օգնության, մարտավարության և այլնի վերաբերյալ։ Յուրաքանչյուր օր ջոկերի հրամանատարները փոխվում էին: Նպատակը՝ բոլորը հավասար են, և այսօրվա հրամանատարը վաղը շարքային է, իսկ շարքայինը՝ հրամանատար։ Սահմանված էր հերթապահություն. ճամբարի մուտքի մոտ հսկում էին 2-3 հոգի, հարկ եղած դեպքում կապի միջոցով հաղորդում էին տալիս կենտրոն՝ հերթապահության պետին: Օրվա ընթացքում ճամբարականներն անցնում էին նաև նախնական զինվորական պատրաստություն դասընթացներ՝ նախկին զինվորականների(Դավիթ, Ալեքսանդր և այլք) դասախոսությամբ: Կրտսեր միհրականների հետ աշխատում են նաև նույն կառույցի առաջին սաներ եղած պատանի հրահանգիչները՝ Ավետը, Ալեքսը, Յուրան, Ալենը, Արմանը։ Պատանի հրահանգիչները մշտապես էին հերթափոխում՝ կրտսեր ընկերներին իրենց փորձը փոխանակելու, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Կարևորվում էր տեղանքում կողմնորոշվելը, կրակային պատրաստությունը՝ օդամղիչներով։
Տավուշի մասնաճյուղի ղեկավար, նախկին զինվորական Ա․ Բադալյանը, որը ճամբարի ուսումնական գծով պատասխանատուն էր, շատ է կարևորում կարգապահությունը։ Նաև գիշերներն էր պարապում ճամբարականների հետ։ Երեկոյան խարույկի շուրջ հնչում էր հայոց ծիրանափողը Գոռ Մանուկյանի կատարմամբ։ Անպակաս էին երգն ու պարը։ Պարզ է՝ ճամբարը Սևանա լճի ափին է, ուրեմն բոլորն էլ լողում էին հրահանգիչների հսկողությամբ, երբեմն փրկարարների նավակներով շրջում լճում։ Կազմակերպվում էին նաև արշավներ Արտանիշ թերակղզու պատմական հուշարձաններ ու բլուրներ։
Նախավերջին օրը Երևանի ջոկատի հրահանգիչ, նախկին զինվորական Ալեքսանդր Սահակյանի հետ մոտ 10 ճամբարականների ուղեկցեցինք թերակղզում պահպանված հնավայրերից Ք․ Ա․ 3-րդ հազարամյակի դամբարանադաշտ, որտեղ 2 դամբարան պեղվել է հնագետների կողմից։ Անցանք նաև թերակղզու տարածքով։ Մշտապես «Միհր»-ի հետ է նաև «Վահագն» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Մորուք Կարո Կարապետյանը, ով շատ է կարևորում նման միջոցառումնեը մեր պատանիների ու երիտասարդների կյանքում:
Ճամբարի փակման օրը կայացավ նաև պարգևատրման արարողություն: «Միհր» ՀԿ շնորհակալագրով պարգևատրվեցին ընթացքում առավել ակտիվ ու աչքի ընկած ճամբարականները: Ինչ խոսք, շատ կարևոր էր նաև ճամբարի աշխատակիցների՝ խոհարարներ Աննայի ու Գայանեի, բուժքույր Գայանեի դերը, ովքեր մեծ սիրով էին աշխատում, և ճամբարականները հայտնեցին երախտագիտություն: Իր հիմնական գործը կատարելով՝ բուժքույր Գայանեն առաջին բուժօգնություն դասընթացներն էր վարում, նաև օգնում էր խոհարարներին։
Միհրականների համար դժվարը միայն վերջին օրն էր՝ բաժանումը: Շատերը նախկին տարիներից են ծանոթ ու հարազատ դարձել, որոշները նոր էին ծանոթացել, բայց արդեն հարազատ էին: Բաժանվեցին արդեն հստակ կարգախոսով՝ «Կողքինս ես եմ. Միշտ հայ»: Ավտոբուսներից մեկը մեկնեց Տավուշ, մյուսը՝ դեպի Երևան՝ վստահ մեկ տարի անց դարձյալ նույն տեղում հանդիպելու են։ Իհարկե, բացի ճամբարական հավաքներից, միհրականները տարվա ընթացքում հանդիպում են նաև այլ առիթներով:
Հ․ Գ․ «Միհր»-ը շարունակում է ընդունելություն մարզական ու մշակութային տարբեր բաժիններում։
Զոհրաբ Ըռքոյան