Վաղուց էի նախատեսել` Գյումրի գնալ։ Եվ ահա վերջին օրերին հարցերը խտացան շուրջս` ե՞րբ, ինչո՞ւ, ո՞ւմ մոտ, ո՞վ է նա, քանի՞ օրով… Ի պատասխան այդ հարցերի` ես խոսում էի ՆՐԱ` ՀՀ վաստակավոր մանկավարժ, պատմության ուսուցչուհի Ռուզաննա Կիրակոսյանի մասին, որի հետ ծանոթացել էի ՖԲ հարթակում, մի հրաշալի կերպար, որի հրավերը վաղուց էի ընդունել` խոստանալով լինել իր տանը` այցելելով Գյումրի` բնակչության մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքը։
Նա առաջինն էր, որ ամիսներ առաջ տեսավ ուշանում է մեր հանդիպումը, հենց ինքը եկավ Երևան, ինձ հանեց <<տնից>>, որ Արցախի կորստից, մարդկային զոհերից, մեր տարած աղետներից հետո մի քիչ ուշքի գամ։
Առաջին անգամ եղա Ավ. Իսահակյան, Հովհ. Շիրազ հայ դասական գրողների, հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի ծննդավայրում։ Ակնածանք ունեցա, մեծագույն հպարտություն…
Դեռ ճանապարհին հայացքս ուղտերի քարավան էր փնտրում <<օտար, ամայի ճամփեքի վրա>>, երբ տեղ հասա, քաղաքում փնտրում էի իր կուլայով ջուր ծախող փոքրիկ տղային։ Եվ համով-հոտով ֆիլմերի որքա՜ն դրվագներ երևացին աչքիս…
Առաջին անգամ այցելեցի Գյումրի, որն ինձ երևացել է նաև իմ ՖԲ ընկերների ծննդավայրով։ Ես նրանց աչքերով նայեցի քաղաքին` ժպտադեմ ու թախծալից։
Գոհա’ր Բադալյան, սիրելի’ս, իմ բարի’ ու հարազա’տ, այս հեռվից` Գյումրիից եմ տեսնում ՔԵԶ արդեն քանի օր, այստեղից եմ տեսնում երկրաշարժից փրկված ընտանիքդ այն ամերիկյան հեռավոր երկրում։
*****
Ռուզաննա Կիրակոսյանը արմատներով Մուշից է, ծննդով` Ջավախքից` սիրահարված իր հող ու ջրին։ Երկրաշարժից ամիսներ առաջ տեղափոխվեցին Գյումրի… Շուտով նոր բնակարան մտան` չիմանալով, որ հինգ օր անց բնական աղետի սարսափելի ավերածություններին են բախվելու…
Հազիվ փրկվեցին։ Որդին չորս տարեկան էր։
Երկու տասնյակ տարի փոքրիկ տնակի մեջ էին` իր ծանր հետևանքներով, մինչև մի նոր կյանք, ու իր տքնաջան աշխատանքի շնորհիվ` մանկավարժական մեծ ձեռքբերումների հասավ։
Հիշում եմ, թե սարսափելի երկրաշարժից ավերված բնակավայրերն ինչպես էին տնքում ահռելի ողբերգությունից, աշխարհը սգում էր, մենք մտածում էինք, թե Արցախը որքան ընտանիք, քանի որբացած երեխայի կարող է պահել-փայփայել իր ջերմ գրկում։
Գյումրին երբևէ չէի տեսել, բայց այս քաղաքը մտավ սիրտս, երբ <<ողբի ու որբի>> հայրենիքի այդ հատվածն էլ նորից շունչ առավ բնության ահռելի տարերքից հետո։
Գյումրիում էի, ինձ մտերիմ, հարազատ ու սիրելի Ռուզաննա Կիրակոսյանի հյուրընկալ օջախում։ Մեծատառով մարդ, արդարամիտ, անկողմնակալ, խելացի մանկավարժ, իր մասնագիտության լավագույն գիտակ, որին ժամերով կարելի է լսել ու չհագենալ։
Նա էքսկուրսիայի հրաշալի սեփական <<տուր>> էր նախատեսել` միասին անցկացնել Գյումրիում, չնայած ուրիշ առաջարկ էլ կար, բայց նախընտրեցի մշակութային Գյումրին` խորապես շնորհակալ լինելով ինձ հարազատ տիկին Կիրակոսյանին և իր որդուն` այն մարդկային ազնվագույն որակների համար, որին առերեսվեցի ես։
Արցախի կորստից հետո Երևան` արդեն 10 ամիս, հետո Գյումրի` մի քանի օրով… Հիասքանչ օրեր են ավելանում Հայաստանի և Արցախի վաստակաշատ մանկավարժներիս հիշողության անմոռաց մատյանում։
2
Այցելեցինք հայոց մեծ բանաստեղծ ՀՈՎՀ. ՇԻՐԱԶԻ ՀՈՒՇԱՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ։ Ընդարձակ բակում մեզ դիմավորեց բերքառատ բալենին… Թանգարանի արտաքին տեսքը գերող էր` առանձնակի շքեղությամբ…
Էքսկուրսավար Նարինե Խաչատրյանի հետ էինք, որը Շիրազի քրոջ` Գոհարիկի թոռնուհին է։ Նա հիացրեց մեզ հայոց դասականի կյանքի, գործունեության, թողած ժառանգության մասին յուրահատուկ մատուցմամբ։
Գրագետ խոսքի հնչողությունը, առոգանությունը, ոգին, ձայնը բացառիկ էին, հարուստ նրբերանգներով, գունեղ ոճով, մի տեսակ շիրազյանական, որին շարունակաբար կարելի էր ունկնդրել։
Իմացանք, որ Շիրազին տունը նվիրել են 1983թ.-ին, սակայն բանաստեղծն այդ տանը չի ապրել, մեկ տարի անց նա մահացել է։ Այն գործել սկսել է 2003-ից։ Շենքը եղել է մեծահարուստ վաճառականի տուն, որը դարձել է հուշատուն-թանգարան։ Այդտեղ Շիրազի անձնական իրերն են, ստեղծագործական տարբեր աշխատանքներ, ձեռագրեր, նկարներ…Կից սենյակում Արա Շիրազի քանդակներն են։
Թեև Շիրազը չի հասցրել ապրել իր անվան տուն-թանգարանում, սակայն ամեն ինչ այնտեղ լցված է իր պոեզիայով, հայրենասիրությամբ, բարձր ոգով ու երկրի նկատմամբ մեծ սիրով։ Կանաչը նրա սիրելի գույնն էր, որը խորհրդանշում է բնության զարթոնքն ու կյանքի սկիզբը։
Նրա սեղանին միշտ դրված է եղել Լեոյի <<Հայոց պատմությունը>> և Նարեկացու <<Մատյան ողբերգության>> պոեմը։ Ամեն էջում փակցրել է երեխաների նկարները, որպեսզի <<Նարեկի>> զորությունը նրանց պահապան լինի ու հեռու պահի հիվանդություններից և փորձանքներից:
Նրա համար Նարեկացին ու Աստված հավասար էին, տարբերությունը միայն այն էր, որ Աստծուն գլխից վերև են պահում, իսկ <<Նարեկը>>` բարձի տակ: Շիրազի համար մայրը համաստվածություն էր, թանգարանում մոր նկարը` տեսանելի։ Օտար լեզվով խոսելը նա սպիտակ ջարդ էր համարում։
Սենյակի պատին փակցված կարպետը 1902 թվականի ձեռքի աշխատանք էր ու կոչվում է <<Մայր Հայաստան>>, որի վրա նշված են հայերից խլված գավառները, իսկ կինը խորհրդանշում է հայրենիքը։
Ազատ ժամանակ ամեն երեկո հեքիաթի փոխարեն հայրը երեխաների համար հայոց պատմություն է կարդացել:
Սենյակի մի հատվածում ընտանեկան լուսանկարներն են, պատկերված է առաջին կինը՝ Սիլվա Կապուտիկյանը, նրանց նկարիչ և քանդակագործ որդին։
Թանգարանում <<Ղարաբաղի ողբի>> արձագանքն էր մեզ հասանելի, երբ Արցախի գլխին կախված վտանգի մասին վաղուց էր բարձրաձայնել բանաստեղծը։
Դու չես ջոկվել, խլել են քեզ,
Որ մոռանաս երգերն հայոց,
Ձորերիդ պես խտացել են
Քո կարոտով վերքերն հայոց,
Ա´խ, ե°րբ պիտի լեռներիդ պես
Վեր բռնցկվեն ձեռքերն հայոց,
Որ չդառնա հայոց արծիվն
Օտար ծովին ճայ, Ղարաբաղ:
3
Նույն օրն այցելեցինք ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, որը գործում է 1975 թ.-ից մեծ գրողի հայրական տանը։ Այն կառուցվել էր 1828 թ.-ին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։
Օրեր առաջ առիթ էի ունեցել Երևանում Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից կազմակերպված միջոցառմանը տեսնել Իսահակյանի թոռանը` գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ, արվեստի վաստակավոր գործիչ Ավիկ Իսահակյանին, և ահա նրա պապի` Ավ. Իսահակյանի հայրական տանն էինք… Գրողի ծննդյան 100-ամյակի օրերին էր Իսահակյանների տունը դարձել հուշատուն- թանգարան։
Գիտեի, որ այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Հետագայում վերականգնվել են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը, թոնրատունը։
Պահպանված են Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, դաշնամուրը, հայելին, փայտե մանկական օրորոցը, մահճակալը, բարձերը, ասեղնագործված սեղանի սփռոցը, խոհանոցային բազմաթիվ իրեր, անգամ սուրճի պատրաստման ամանը։
Ուշադրությանս արժանացավ արցախյան մեղվագորգը, որ կախված էր պատից։ Ի ցույց էին դրված նաև թոնրատան բազմաթիվ իրեր, և այդ ամենը գրագետ խոսքով ջանասիրաբար ներկայացրեց էքսկուրսավարը։
Կարծում էի` անհնար էր լինել Իսահակյանի թանգարանում ու չհիշել գրողի Արցախ այցելելու մասին, որի շուրջ խոսք չկար։ Եվ այն էլ այնպիսի ժամանակաշրջանում, երբ վտանգավոր էր նրա այցելությունը Խորհրդային Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղ։
Նա եղել է Ստեփանակերտում, Բերդաշեն գյուղում, Ամարասում…Ամենուր Վարպետին ընդունել են շատ ջերմ, խորին ակնածանքով։ Գրողի կինը` Սոֆյա Իսահակյանը, Շուշիից էր։ Պատմում են, որ այնտեղ քաղաքի մեռած պատկերները Վարպետին ցնցել են և այդ տեսարաններից ճնշված` նա միայն ասել է. <<Փախչենք, այստեղ կոտորած է…>>։
Իսահակյանը հազիվ է փրկվել ձերբակալությունից, բայց նրա Արցախ այցելությունից հետո խորհրդային երկրում ադրբեջանական իշխանություններն իրենց իսկական դեմքը ցույց տվին պաշտոնազրկությամբ, ձերբակալություններով…
Ավ. Իսահակյանն էլ դեռ այն օրերին զգաց, որ ժամանակի ընթացքում Ղարաբաղում հայ չի մնա։ Նա կանխազգաց, և ցավոք, այն իրականություն դարձավ անցած տարի արցախցիներիս բռնատեղահանությամբ, Արցախի կորստով…
Եվ այդ դեպքերից տարիներ անց Իսահակյանի թոռ Ավիկ Իսահակյանն այցելեց Արցախ, եղավ Ստեփանակերտում, անգամ այն հյուրանոցում, որտեղ Իսահակյանը կնոջ հետ իջևանել էր: Նա այցելեց Բերդաշեն գյուղը, գյուղացիներ կային, որ հիշում էին Իսահակյանի 1948թ.-ի այցելության մասին։
Հետագայում Ավիկ Իսահակյանի` Արցախ այցելելուց հետո ծնվում է 40- րոպեանոց <<Արցախ. Իսահակյանի հետքերով>> ֆիլմը, նաև` <<Արցախը և վարպետը>> գիրքը:
4
Կինոյի և թատրոնի նշանավոր դերասան ՄՀԵՐ (ՖՐՈՒՆԶԻԿ) ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀՈՒՇԱՏՈԻՆ-ԹԱՆԳԱՐԱՆ մտանք։
Մարդ, ով ուզում էր մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։ Եվ ասաց ու թողեց հավերժությանը, ամեն մի խոսքը` մի-մի դաս, որ ուղեցույց է դարձել մեր անցնելիք ճանապարհին։
Հենց այդպես ժպտալով էլ նրան <<հանդիպեցինք>> թանգարանի մուտքում։ Կանգնեցի կողքին` հավերժանալու պահի զգացողությամբ` հիշելով նրա տողերը.
<<Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին>>:
*****
Գյումրիում հիշեցինք նաև <<ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ>>։ Մի հատված` <<Վառեմ, մարեմ…>>, որ տրամադրություն ստեղծեց, առիթ տվեց նկարվելու, հիշելու սիրված դերասաններ Մհեր Մկրտչյանին և Գալյա Նովենցին։
Այլ աղբյուրներից տեղեկացա, որ անցյալ դարի վերջում Գյումրիում նկարահանված կինոֆիլմերը քաղաքը դարձրին կինոպատմություն կերտող միջավայր: Ֆիլմերում նկարահանված շենքերն ու շինությունները գտնվում են Գյումրու պատմական կենտրոնում և հանդիսանում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ: <<Մեր մանկության տանգոն>> ֆիլմը նկարահանվել է 1984թ. <<Հայֆիլմ>> կինոստուդիայի կողմից: Ասում են` ֆիլմը նկարահանելուց հետո այդ պատշգամբին գյումրեցիները այլ անուն ու հասցե տվեցին՝ <<Վառեմ-մարեմի բալկոնը>>։
5
ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՄԱՐԻԱՄ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ էինք։ Մի քանի հարյուր նկարներում Արցախ էի փնտրում… Զգացի, որ տաղանդավոր նկարչուհիների բազմաբնույթ գործերը պետք է գնահատել, բայց ինքս, մասնագետ չլինելով, հայացքս Արցախ էր փնտրում։ Եվ հանկարծ հեռվից տեսա այդ նկարը` տատիկների պատկերով։ Մեր մեծ ազիին հիշեցի։ Նա էլ նման տարազ էր հագնում։
Էքսկուրսավարի ձայնը մեզ հասավ, երբ մի խմբի բացատրում էր նկարների պատմությունը։
<<Այս նկարում արցախյան տարազն է…>>,-լսելի եղավ ինձ։
Հետ շրջվեցի, թվաց` կորած Արցախս գտա, ու նորից հարցրի` արցախյա՞ն…
Գյումրիում պատկերասրահը գործում է 1987թ.- ից։ Քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Մի օր էլ շքեղացավ, երբ սիրելի մարդկանց` Ռուզաննա Կիրակոսյանի և Կարինե Գրիգորյանի հետ այցելել էինք պատկերասրահ։
6
Այդ օրը Գյումրին մարդաշատ էր։ Անձրևախառը եղանակը զովություն է տարածում մեր շուրջը։ Քաղաքի մի գողտրիկ անկյունում նստած էինք։ Ես` Արցախից, Ռուզաննա Կիրակոսյանը` ծննդով Ջավախքից, Կարինե Գրիգորյանը` Շիրակից (Գյումրի)։
Մանկավարժի ճանապարհ անցած, կյանքի թոհուբոհ հաղթահարած, հայտնված մշակութային մի քաղաքում, երբ հանդիպման վայր էր ընտրվել` երեքով մի քիչ զրուցելու, միմյանց հետ վայելելու միքանի հիասքանչ ժամեր…
Այցելեցինք Գյումրիի ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ։ Պատարագ էր։ Պարզվեց` եկեղեցին կառուցվել էր 1853 թ.-ին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Ըստ որոշ աղբյուրների` շինարարական աշխատանքներն այն ժամանակ ավարտվել էին 1873 թ.-ին։
Նման զուգադիպություն էր, որ եկեղեցին վերանորոգվում է նաև այս օրերին` Վարդան Ղուկասյան անհատի հովանավորչությամբ։
Զանգակատան գմբեթը, որն ընկել էր երկրաշարժի ժամանակ, գտնվում էր եկեղեցու կողքին՝ որպես Սպիտակի երկրաշարժի հիշատակ։ Եկեղեցու կողքին տեսանելի էր նաև երկրաշարժի զոհերին նվիրված <<Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին>> հուշարձանը։ Այն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է, որը մի տեսակ անսովոր սարսուռ ու ակնածանք է ծնում դիտողի սրտում։
7
<<ՅՈԹ ՎԵՐՔ>> ԵԿԵՂԵՑՈՒՄ ենք։ Օր առաջ մեր ֆեյսբուքյան <<ընդհանուր ընկեր>> Կարինե Գրիգորյանի առաջարկը, որ ցանկանում է միանալ մեզ ու տեսնել Նատաշա Պողոսյանին, իրական դարձավ։ Մենք միասին էինք` երեքով, ջերմ միջավայրում և մի նոր առաջարկով Ռուզաննա Կիրակոսյանի կողմից, որ լսելի եղավ եկեղեցի մտնելիս։ Որքան <<Յոթ վերքը>> ցավոտ հնչեց, նույնքան` հոգուս հարազատ, որ այս եկեղեցում մոմեր ենք վառելու Արցախ վերադարձի, հայոց երկրի համար…
Որոշ աղբյուրների համաձայն` այն կառուցվել է 1874-1886 թթ.-ին, բայց ինչո՞ւ <<Յոթ վերք>>, երբ եկեղեցու անունը Սուրբ Աստվածածին է…
Շուտով իմացա, որ պատճառը եկեղեցու խորանում պահպանվող նկարն է` սրբապատկերը, որը խորհրդանշում է Աստվածամոր յոթ վերքերը։ Դրանք խաչված Քրիստոսի շուրթերից թռած յոթ բառերն են, որ մխրճվել են Մարիամի սիրտը` յոթ սուր վերքեր պատճառելով նրան։
Ու տեղեկանում ենք, որ նախկինում եկեղեցու դիմաց բնակելի շենք կար, որը փլվել էր երկրաշարժի պատճառով։ Կիսավեր շենքն ամբողջությամբ վերացվել է, դրա արդյունքում եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից, և Գյումրու երկու եկեղեցիները՝ <Յոթ վերքն>> ու Սուրբ Ամենափրկիչը, նայում են միմյանց։
Սիրտս լցված էր գոհությամբ, երախտապարտ լինելու ցանկությամբ երկու սիրելի անձանց, երբ նրանց շնորհիվ անցած ամիսների դառնության հետքերը մոռացած` շարունակում էի վայելել անմոռաց օր…Եվ որքա՜ն գեղեցիկ էր կյանքը…
8
Այցելեցինք ՁԻԹՈՂՑՈՆՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ։
Ասում են` Գյումրիում չես եղել, եթե չես մտել այդ թանգարանը։
Իմացանք, որ գյումրեցի հարուստ վաճառականի տունը վաղուց դարձել է ամենագրավիչ և ամենաշատ այցելվող թանգարանը Գյումրիում: Այն հին առանձնատուն է՝ տների հավաքածու, որը կապ ունի և՛ Գյումրիի պատմության, և՛ ամենօրյա կյանքի հետ, ինչպես նաև տեղական մշակույթի և քաղաքի ճարտարապետական առանձնահատկությունների հետ: Հայտնի տունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872 թ.-ին: Չորս եղբայրները Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից էին գաղթել Ալեքսանդրապոլ:
Թանգարանի ցուցասրահներում տեսանք գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների տեսքը։ Մի սենյակում շքեղ կահույք է, մյուսում` հասարակ սեղան ու աթոռ, մի պահարան` հին սպասքով: Սենյակներից մեկում Գյումրվա ֆայտոնն է, մյուսում` լուսամուտի մոտ կանգնած աղջիկը, որը մինչ օրս դուրս է նայում՝ սպասելով սիրած տղային:
Ի ցույց են դրված բազմաթիվ արհեստներ, տարբեր արհեստավորների գործիքներ, կենցաղային իրեր… 200 տարվա մանկական օրորոց, հին մահճակալ, գորգեր, կարպետներ…
9
Բարձրությունը հաղթահարեցինք դեպի ՍԵՎ ԲԵՐԴ և <<ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ>> ՀՈՒՇԱՐՁԱՆԸ, որոնք միմյանց կից էին` Գյումրիի հարավարևմտյան մասում։
Պարզվում է` հուշարձանը տեղադրվել է 1975 թ.-ին, այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Բարձունքում ենք։ Մեր տեսադաշտում ամբողջ Գյումրին է… Մտովի տեղափոխվում եմ Գանձասար։ Մաքուր օդ, հրաշալի բնություն… Պատմության մասնագետ ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռուզաննա Կիրակոսյանն էլ տարիներ առաջ եղել է Գանձասարում, վայելել մեր դրախտավայրի հմայքը, և ամեն անգամ խոր հոգոց է քաշում, երբ խոսում է կորսված Արցախի մասին։
Սև բերդը (Սև ղուլ) 1834 թ.-ին կառուցված ամրոց է։ Տեղեկացանք, որ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս <<Մայր Հայաստան>> հուշարձանը։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այդ բերդը քաղաքի ամենահին բնակելի հատվածն էր։
10
ԳՅՈՒՄՐԻԻ ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԻՄԱՑԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ էինք` մեր մեծերի` Հովհ. Շիրազի, Ավ. Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի քարե քանդակների կողքին։ Անձրևը չխանգարեց` <<նրանց հետ>> նկարվելու մեր մեծ ցանկությանը։ Ամեն ինչ գերող էր, մաքուր, երբ վերևից տեղացող անձրևը ասեղնագործում էր մեր շուրջը` հավաքելով վերջին փոշին ծառերից, ծաղիկներից, խոտերից պուրակի նստարաններից, քանդակներից…
Հիշեցի, որ օրեր առաջ Զորավար Անդրանիկի հրապարակում, ձիու վրա նստած, նրա հուշարձանը նկարեցի, հետո մտանք Ֆիդայիների պուրակը։ Եվ որքա՜ն շատ քանդակներ կային մեր աջ ու ձախ կողմերում, որոնք անուն են թողել իրենց հետևում, մի-մի կենսագրություն, որ ազգի, հայրենիքի նվիրվածության օրինակ էր…
Մենք նկարվեցինք Սոսե մայրիկի քանդակի կողքին։ Անմխիթար էր շուրջը… Հասկացա, որ ոչ մի անձրև չի կարող մաքրել փոշու հետքերը, քանի դեռ մոլախոտերը գրկել են Թեհլերյանի, Դրոյի, Սոսեի ու մի քանի տասնյակ ազգի հերոսների քանդակները։
Պատմության ուսուցչուհի Ռուզաննա Կիրակոսյանի խոսքն ինձ սթափեցրեց. <<Աշակերտներիս հետ եկել էինք Ֆիդայիների պուրակ, բաց երկնքի տակ նրանց հետ դաս վարել…>>։
Ապրում են նրանք, քանի դեռ նրանց հիշողներ կան, որքան էլ փոշի նստի այդ քարե արձաններին։ Միայն մարդկային ազնիվ որակներով օժտված մանկավարժը կարող էր վերակենդանացնել անուններ` սերնդին փոխանցելով այնպիսի հերոսական ճանապարհ, որն ազգի լինելության համար էր։
11
Իմ այցելությունը Գյումրի ավարտվեց` հետևում թողնելով կյանքիս էջերին ավելացած մի նոր շրջան, որ պիտի ունենա նոր վերնագիր` <<Գյումրիի շարքից>>, շնորհիվ Հայաստանի վաստակավոր մանկավարժ Ռուզաննա Կիրակոսյանի, որի հրավերով վայելեցի մեկշաբաթյա հանգիստ մշակութային Գյումրի քաղաքի իր հյուրընկալ օջախում։
Գյումրիում եղած ամեն օրը դաջվեց մեր սրտերում` մոտիկից ավելի շատ ճանաչելով միմյանց, համակրանքի, սիրո ու հարգանքի նոր թեժությամբ։ Մենք այնտեղ էինք, որտեղ մեզ չէին սպասում գուցե, բայց որտեղ էլ այցելում էինք, հետք էինք թողնում պատկառանքի, որ հարստացել ենք հոգով` մանկավարժներիս մշակութային իմացությանը նորն ավելացնելով։
Այս օրերին մեզ հետ էր Ջավախքը` տիկին Կիրակոսյանի հայրենի ծննդավայրը, մեզ հետ էր Արցախը, որի հեռավոր հառաչանքը լսելի էր մեզ ամեն օր։
Մշակութային թե հոգևոր օջախներ (տուն-թանգարան, եկեղեցի, պատկերասրահ, բերդ-ամրոց, հուշարձաններ) այցելությունները հոգնելու առիթ չտվեցին, երբ նպատակը ճանաչողական էր, մայր հայրենիքի Գյումրվա հատվածի հետ։
Ողջունելի էր մեր <<եռյակ միությունը>>, երբ միացել էր մեզ Գյումրվա դպրոցի մանկավարժական աշխատանքով անցած Կարինե Գրիգորյանը։
Ամեն ինչ համուհոտով է, եթե հասկացված է… Եվ որքա՜ն գույներ տեսա ես երեք մանկավարժներիս խոսքում, վերաբերմունքում, որ լցված էին սիրով, երախտագիտությամբ, խորին ակնածանքով, շնորհակալությամբ առ Ռուզաննա Կիրակոսյան ազնվություն Մարդ անհատը, առ Կարինե Գրիգորյան բարությունը, որ օրերս լցրին լույսով, հավատով, ապրելու, նորից արարելու երազանքով։
<<Գյումրիի շարքը>> ավարտվեց <<ՕԱԶԻՍԻ>> շատ խաղաղ միջավայրում։
Դեպի Երևան ճանապարհս բաց է, մեկնում եմ տուն` ինձ հետ տանելով Ջավախքի համուհոտը, Գյումրվա հարուստ մշակույթը, Արցախի կարոտը։
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ