21-րդ դարի հարափոփոխ և գրեթե անվերահսկելի պայմաններում փոփոխության են ենթարկվում նաև ընտանիքի՝ որպես հասարակական կարևորագույն ինստիտուտի կառուցվածքն ու դիմագիծը: Այսօր էլ շարունակվում են փոխվել ընտանեկան շատ արժեքներ, ընտանիքին ներկայացվող պահանջներ, դերեր ու դերային սպասումներ, միջանձնային հարաբերությունների առանձնահատկություններ և ավանդույթներ:
Հայ ընտանիքը իր դարավոր քաղաքակրթության մեջ ապրել է զարգացման երկար գործընթաց և համարվում է ընտանեկան ամենաուժեղ նախօրինակներից մեկը: Այնուհանդերձ, աշխարհաքաղաքական փոփոխությունները իրենց բացասական ներգործությունն են ունենում նաև հայ ընտանիքի վրա: Իրապես փոխվել են միջանձնային հարաբերությունների առանձնահատկությունները, ծնողասիրության ու զավակասիրության որակները, ընկերային դերերը, հոգեբանական բնութագրերը:
Ո՞րն է ընտանիքի այն օրինակելի տիպարը, որ կարելի է ուսանելի դարձնել սերունդների համար: Այս առումով ուշագրավ է Հովհաննես Թումանյանի ընտանիքը՝ կայուն համակարգի, նրանում պահպանվող և ձևավորված ավանդույթների ու սովորույթների, միջանձնային հարաբերությունների առանձնահատկությունների առումով, որոնց մասին տեղեկանում ենք Թումանյան ընտանիքից պահպանված նամակագրության և այլ վավերագրերի հարուստ ժառանգության էջերում, Թումանյանի և նրա զավակների ու ժամանակակիցների հուշագրություններում:
Բազմանդամ ընտանիքն, անշուշտ, նաև շատ հոգսեր էր դնում Հովհ. Թումանյանի ուսերին, բայց բանաստեղծը արարչական հոգատարությամբ, անսպառ սիրով, համբերությամբ ու քրիստոնեական խոհեմությամբ էր տանում մեծ ընտանիքի հոգսերը: Կինը ՝ Օլգա Թումանյանը, նույնպես ժպիտը երեսին ու սիրով էր հոգում ոչ միայն մեծ ընտանիքի կարիքները, այլև բանաստեղծ ամուսնու քմահաճույքները: Մարտիրոս Սարյանի հուշերում ընթերցում ենք․ «Հմայիչ էր Հովհ. Թումանյանը որպես բանաստեղծ և մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը. գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները»:
Ընտանիքում տիրող կարգ ու կանոն, ընտանեկան հավաքույթներ ու միջոցառումներ, որոնք միջանձնային շփումների մշակույթ ձևավորելուց զատ նաև գեղագիտական կրթության և դաստիարկության միջավայր էին ստեղծում, սրտառուչ և գորովալից վերաբերմունք մեկը մյուսի նկատմամբ, նամակագրության, ընտանեկան խաղերի, ընթերցանության ու ստեղծագործելու մշակույթ: Կարգ ու կանոնին հետևելը գալիս էր հայր Հովհաննես Թումանյանից․ կարգ ու կանոն ամեն ինչի մեջ՝ սկսած մանրուքներից:
Հյուրասիրությունն այս մեծ ընտանիքի ամենաընդգծված առանձնահատկությունն էր: Դա նահապետական-ավանդական հյուրասիրություն էր, որ սովորաբար իրականացվում էր Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ և Օլգա մայրիկի անտրտունջ ու սիրալիր աշխատանքով: Անշուշտ, հյուրասիրության՝ ծիսակարգի նմանվող արարողության մեջ ուրույն տեղ ունեին նաև Թումանյանի դուստրերը: Թումանյան ընտանիքի շատ ու շատ հայտնի հյուրեր հետագայում իրենց հուշերում անդրադարձել են հատկապես ընտանիքի հյուրընկալությանը: Զապել Եսայանի հուշերում ընթերցում ենք․ «Անիկա բազմանդամ ընտանիքի տեր էր, և անոր կինը, տիկին Թումանյանը, զարմանալի համբերությամբ և սիրալիրությամբ ընդառաջ կերթար իր ամուսնույն ցանկություններուն: Տանը մեջ աղախին և ծառայող չի կար: Կինը և աղջիկները կը ստանձնեին տնային բոլոր գործերը և անվերջ հյուրերու սպասարկելու անսպառ գործը: Եվ ամենքն ալ տանը մեջ մինչև ամենեն փոքրերը ժպտուն էին և սիրալիր հայրիկին հյուրերու հետ: Այցելուներեն ոմանք կ’երթային տիկնոջը մոտ, պատշգամը կամ նույնիսկ խոհանոցը, ոմանք Նվարդի մոտ, որ այդ շրջանին ինձ մելամաղձոտ կը թվեր և կ’առանձնանար իր սենյակը, և ոմանք խաղ կ’ընեին փոքրերու հետ: Ծիծաղը և ուրախ կանչերը կը բարձրանային պատշգամբեն, հարակից սենյակներեն… Ինչքա՜ն հյուրընկալ և քաղցր էր Հովհ. Թումանյանի տունը այդ օրերուն»:
Նամակագրության մշակույթը՝ իբրև ընտանեկան ամրագրված արժեք, վկայում է այդ մեծ ընտանիքում տիրող համերաշխության և միջանձնային խոր ու ամբողջանվեր շփումների մասին: Նվարդ Թումանյանի՝ հորն ուղղված նամակները լեցուն են գորովանքով, սրտացավությամբ ու անսահման սիրով: Կարևորելով հոր նամակագրության դերը՝ Նվարդ Թումանյանը նրան ուղղված նամակներից մեկում գրում է. «Երեկ ստացանք նամակդ, և դա այնքան ուրախացրեց մեզ բոլորիս: Անձամբ ինձ համար դա ամենաթանկ նվերն էր, չէ՞ որ դու գիտես, թե որքան թանկ է մեզ համար քո խոսքը, քո գուրգուրանքը, խորհուրդները և մեր մտերիմ զրույցը: Հայրիկ, խոնարհաբար խնդրում եմ, ավելի հաճախ նամակներ գրիր, եթե շաբաթը մեկ անգամ ոչինչ, բայց աշխատիր հնարավորինս մանրամասն: Ավելի մանրամասն գրիր քո տրամադրության մասին, հոգեվիճակիդ մասին, գործիդ, զբաղմունքիդ մասին – մի խոսքով, ամեն ամենի մասին»:
Թումանյանի ընտանիքի կարևորագույն արժեքներից էր ընթերցանության մշակույթը: Այս բազմանդամ ընտանիքում կրթական միջավայրը ձևավորված էր ակամա, քանի որ Թումանյանի ընտանիքի հյուրերն էին ժամանակի հայտնի մտավորականները, գրողներն ու մշակույթի գործիչները․ «․․․․ Եվ ամենափոքրիկը Հովհաննեսի զավակներից` Սեդան (ամենափոքրը՝ Թամարը, այդ ժամանակ ծնված չէր) անգամ ազդվում էր ո՛չ միայն իր քնքշասիրտ և սիրառատ հայրիկից, այլև գրական այն մեծերից, որոնք նստում էին նրա հետ միասին մի սեղանի: Ամենքն ապրում էին գրականության շահերով ու հարցերով, ամենքը ներդաշնակորեն միաձուլվում էին մի գրական ընտանիքի ամբողջության մեջ»։
Ընդունված էր տան պատերին իմաստուն մտքեր և մակագրություններ փակցնելը: Օրինակ, սեղանատանը փակցված էին․ «Իմաստությունը և մաքրությունը գեղեցկության հիմք են: Քո սրտի մեջ է փայլում քո բախտի աստղը» (Շիլլեր), «Մեր բախտը մեր ներսն է, դժբախտությունը՝ դուրսը» (Բյուֆոն), «Քո մտքերը, քո խոսքերը և քո գործերն է՛ն կենդանի քարերն են, որոնցից շինած է քո հոգին»: Այս մակագրությունները ժամանակի ընթացքում փոխվում ու թարմացվում էին, և սա ևս բարեկրթության միջավայր էր ստեղծում՝ ուղերձներ հղելով ոչ միայն տան անդամներին, այլ նաև եկող- գնացողներին:
Ուշադրության և գնահատանքի արժանի են նաև Թումանյանի ընտանիքի ստեղծած խաղերը և ընտանիքում խաղեր կազմակերպելու մշակույթը: Ցայսօր պահպանվել և սերնդեսերունդ փոխանցվում են Թումանյանի ընտանիքի ստեղծած խաղերը, որոնք իրենց բնույթով հայրենաճանաչողական են: Ընտանիքում ընդունված էր միասին խաղալը, խաղերն ստեղծվում էին զավակների օգնությամբ: Միասին ընթրել, միասին խաղալ, միասին զբոսնել․ սա խմբային արժեքների, խմբային մշակույթի, խմբային պատասխանատվության ու մտածողության ձևավորման հրաշալի միջավայր էր ստեղծում: Եվ եթե դիտարկելու լինենք ժամանակակից մանկավարժության ոճերի համատեքստում, ապա դաստիարակության գործընթացն այս մեծ ընտանիքում ժողովրդավարական բնորոշ նկարագիր ուներ, բռնության կամ պարտադրանքի որևէ դրսևորում չկար: Օրինակ, ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է կերակրվեր ըստ իր ցանկության: Որդիներից Արեգը միս չէր ուտում՝ կենդանիներին մորթելը համարելով մահացու մեղք՝ նրա համար առանձին ճաշ էին պատրաստում:
Ընտանիքի ներդաշնակ միջավայրի, ջերմ և հոգածու մթնոլորտի ձևավորման գործում նշանակալի էր Օլգա Թումանյանի դերը: Սիրո և փոխըմբռնման մթնոլորտում ծնվեցին ու դաստիարակվեցին նրանց տասը զավակները: Օլգա մայրիկը առանձնահատուկ սիրով ու նախանձախնդրությամբ էր պատրաստվում զավակների տարեդարձին (ընտանեկան արխիվում պահպանվել է նրանց ծննդյան օրերի տվյալներով Օլգայի կողմից կազմված թերթիկը): Նրա և ամուսնու միջև ստեղծված հոգևոր ներդաշնակ կապը անխախտ մնաց հանդիպման ու ծանոթության օրից մինչև Թումանյանի մահը: Ներդաշնակ և օրինակելի ամուսնական զույգի պերճախոս վկայություն է նրանց նամակագրությունը: Անսահման հավատարմություն, հոգևոր եզակի կապ կա արտացոլված այդ նամակագրության մեջ: Նամակներից մեկում Թումանյանը կնոջը խոստովանում է, որ աշխարհում չկա որևէ մեկը, որ փոխարինի նրան: Մեկ այլ նամակում էլ հայտնում է, որ իրեն հաճելի է նրան գրելը, և շատ կվշտանա, եթե պատասխանն ուշանա: Վերջում միշտ խոսքն ավարտում էր այս կերպ․ «Քեզ կարոտող Հովհաննես»:
Նույն սիրով ու ջերմությամբ էլ Հովհաննես Թումանյանին պատասխանում էր Օլգան: Նրա հոգում միշտ վստահություն կար ամուսնու սիրո և հավատարմության նկատմամբ, անգամ այն պարագայում, երբ նա հաճախ լինում էր ժողովների, հանդիպումների կամ էլ մեկնում էր հանգստի: Նա ամուսնու համախոհն ու գաղափարակիցն էր, բոլորանվեր հոգեկիցը: Հենց այս փոխադարձ ջերմության ու փոխըմբռնամն մթնոլորտում է ձևավորվել հարմարավետության ու ջերմության այն համախումբ զգացումը, որ իշխում էր Թումանյանների ընտանիքում։ Օլգան ամիսներով հոգ էր տանում իր տանը հյուրընկալած Ղ. Աղայանի ընտանիքի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Կ. Գալֆայանի և այլոց համար: Այդ մասին նա իր նամակներից մեկում գրում է ամուսնուն. «Ինձ շատ է ծիծաղեցնում, որ Շանթը մինչև քո գալը մնալու է, երևի ինձ պահելու կամ հսկելու են բերել»: Թումանյանի ընկեր-բարեկամները զարմանում էին Օլգայի մշտազվարթ հյուրընկալության և համբերության վրա. ժամանակակիցները հուշերում նրան կատակով անվանում էին «նահատակ», իսկ Թումանյանին՝ «ընտանեկան աղետ»:
Տասը զավակների կրթվելու, աշխատելու, ազգային-հանրային կյանքին նվիրվելու, արժեքներ ստեղծելու իրողությունը ևս հավաստիքն է այս ընտանիքում կրթության արժևորման ու խորը իմաստավորման: Այս ընտանիքի պատմությունը պատկանում է յուրաքանչյուրիս, որովհետև նրանցից յուրաքանչյուրը դատապարտված էր գտնվել բարիկադների վրա: Զավակներն էլ հոր պես ժողովրդի ճակատագրով և մարդկության ցավով տառապող անհանգիստ ու մարդասեր կերպարներ էին: Նվարդ Թումանյանը հոր հետ 1915թ․ էջմիածնում խնամում էր արևմտահայ որբերին, Արտավազդ Թումանյանը՝ Վանի վերջին լիազոր պարետը, զոհվեց արևմտահայ գաղթականներին փրկելու, նրանց անվտանգ տեղահանությունը ապահովելու ընթացքում (1918): Անհատի պաշտամունքի տարիներին Համլիկը (1937) և Արեգը (1938) գնդակահարվեցին, իսկ Մուշեղը մահացավ սրտի կաթվածից (1938)։
Ասում են՝ Օլգա մայրիկը չափազանց շատ էր հյուսում: Նա ժամերով ճաղերով գործվածքներ էր անում: Դուստրերը հաճախ ստիպված էին լինում քանդել գործվածքները և նրա մոտ նոր թելերի կծիկներ դնել: Հավանաբար նա գործում էր կորստի վիշտը՝ լուռ, սրտաբեկ և վհատ, երբևէ չփաթաթելով որևէ մեկին:
Վաղաժամ կորցնելով ամուսնուն, չորս որդիներին, դստերը՝ Անուշին և երկու հասուն թոռներին, հաղթահարելով հոգեկան ծանր տառապանքները՝ Օլգան չչարացավ, ողբերգական կորուստներից հետո անգամ համախմբեց ընտանիքին՝ պահպանելով օջախի ջերմությունը, միասնականության ոգին: Ավելին, նա կարողացավ խնամքով պահել ու պահպանել, ապա Թումանյան թանգարանին հանձնել այն ամենը, ինչ կապված էր Թումանյանի հետ՝ արխիվը, աշխատասենյակը, գրադարանը, և հետագայում պայմաններ ստեղծեց դրանց պահպանման համար՝ Երևանում բանաստեղծի թանգարանը հիմնադրելիս: Հաստատակամությունը, զսպվածությունը, հավասարակշռվածությունը, քրիստոնեական խոհեմությունը, հոգատարությունն ու բարեկրթությունը ամբողջացնում են Օլգայի՝ որպես հայ ընտանիքի մոր անզուգական, եզակի և դասական կերպարը:
Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ, հ․ գ․ թ․, դոցենտ