Ծանր իրավիճակ էր շրջափակված Արցախում, բայց մենք աշխատանքի էինք գնում, մեր երեխաները` դպրոց, մանկապարտեզ, երբ չգիտեինք ոճրագործ ցեղի կեղտոտ քայլերը։
Երբեմն ինքս ինձ հարցնում էի` որտեղի՞ց ենք մեծով թե փոքրով ուժ ստանում, որ դիմանում ենք այդ ամենին, ու երբ հետադարձ հայացք էի ձգում հայ ժողովրդի անցյալին, հասկանում էի, որ դարերն են մեզ պատգամել, որ ամուր կառչենք հողից, որը մեզ սնել, պահպանել է, ու կառչած էինք` հավատալով, որ կյանքի իմաստը սեփական հողում ապրելն է, հողի համար պայքարելն է, մեր արմատները պաշտպանելն է, մեր գերնպատակը հողը սիրելն է, որը կոչվում է հայրենիք։
Ցավոք, տառապած էր այդ մի կտոր հայրենիքը` հոգնած չարիքներից, աշխարհի դավերից…Երանի՜ միայն արտաքին թշնամի ունենայինք, գոնե կիմանայինք, թե որ ուղղությամբ պետք է դիմադրել։
*****
1
Այս երկիրը պահել է պետք, հինավուրց հայոց երկիրը, այն մեր նախնիներն են իրենց կյանքի գնով պահել-պաշտպանել, որ մեզ հետ սերնդեսերունդ դարերով տանենք։
Մենք ի՞նչ ենք թողնում սերունդներին` կորսված Արցախ, թշնամու <<յաթաղանի>> տակ կուչ եկած մայր երկիր, որտեղ բաժան-բաժան են անում հայրենի հողը, հայկական գյուղերը, բարձունքները, ճանապարհները, որոնք շուտով թշնամու համար մի-մի <<Հակարիի կամուրջ>> են դառնալու, որ հսկեն հայոց աշխարհի ելումուտը։
Ամեն օր ինձ երևում է այն անցակետում կանգնած ազերիների ոհմակը` մեկը մյուսից նողկալի, գիշատչի հայացքով…
Մեքենայի պատուհանները իջեցնել տվին, մեկը գլուխը խոթեց ներս` տեսնելու քանի կին, քանի երեխա կա։ Մեր աչքից չվրիպեց մյուսի վավաշոտ ու զազրելի հայացքը` կանանց ուղղված։
Սիրտս անհանգիստ թպրտաց, ցանկացան մեր <<բեռները>> ստուգել…
<<Գիրքս` <<Պատերազմական օրագիրը>>,- անցավ մտքովս,- հանկարծ չտեսնեն>>։
Այն նվիրել էի 44-օրյայում հավերժացած տղաներին` գրքի կազմը ձևավորած մեր դպրոցի զոհված շրջանավարտների նկարներով։
…Ազատ շունչ քաշեցինք։ Չտեսան։ Փրկված էինք մենք, փրկված էր գիրքը, որի տողերը շարվել էին մահ սփռող անօդաչուների հրետակոծության տակ։
Ի՞նչ անել, երբ Հայաստան երկիրն էլ մաս-մաս կորցնում ենք, և այդ ճանապարհին ինչպիսի՞ միջոցներ են օգտագործվում, ինչպիսի՜ դրդապատճառներ են երևան հանվում, որոնցով շեղում են ժողովրդի ուշադրությունը։
Հանրապետության հրապարակը, որ ամիսներ առաջ հավաքատեղի էր դարձել` իշխանափոխության պահանջով, Վարդավառի օրը դարձել էր ցնծագին տոնակատարության կենտրոն։ <<Ջրոցի>>, որ մոռացության էր տվել երկրի հոգսերը, գյուղերի հանձնումը, <<հարևան>> բռնապետի բարբաջանքները` պատերազմի սպառնալիքով, սահմանադրության փոփոխության պահանջներով…
Աչքիս մեկընդմեջ երևում են այն թափով տղամարդիկ, որ ջրով լցրած դույլերը ձեռքներին` ջրոցի էին խաղում մեծ ոգևորությամբ։
Ի՞նչ էր պետք երկիր հանձնողներին, երևի <<մի բուռ>> ջուր, որ <<մաքրվեին>> մարդիկ հիշողության կորստով` մոռանալով հայրենիքին սպառնացող վտանգը։
Համազգային շարժման օրերին մարդկանց ուշադրությունը բեկելու շարժառիթ դարձավ հեծանիվը, որն իր շուրջը համախմբեց մարդկանց և այն էլ` մի քանի անգամ։ Ու հեծանվամրցավազքը դարձավ շարունակական, չէ՞որ կյանք էր հեծանիվը այն տունուտեղ կորցնող տավուշցիների արցունքների կողքին։
Երեխաներին պաղպաղակով հյուրասիրելը նորաձև էր գուցե, որ կիրառվեց, բայց հաջողված էր, երբ պաղպաղակը մղիչ ուժ դարձավ երեխաների և երկրի իշխանավորի շփման ժամանակ, երբ վերջինս գյուղեր էր այցելում։
Չզարմանանք, որ իրերը` ջուր, հեծանիվ, պաղպաղակ…, <<մոտիվացիայի>> աղբյուր են դառնում նպատակային երկիրը կորստյան մատնելու <<ֆոնին>>։
Եթե ավելացնենք այն <<պետականամետ>> գործողությունը` հայ գործարարներից գանձվող միլիոնները, ուրեմն փողն էլ իր դերն է խաղում` մեր շուրջը տեղի ունեցող ոչ հայանպաստ իրադարձություններից շեղվելու համար։
Մնում է ասել` մեզ երկի՞ր է պետք, թե՞ արդեն հոգնել ենք Հայաստան ունենալուց, իսկ մենք` հազարավոր արցախցիներս, խեղդվում ենք Արցախի կարոտից, որ մնաց շան բերանում։
Հիմա ինչպե՞ս է ապրում հայրենազուրկը։ Նա իր տեղը չի գտնում, հյուծում է միտքը ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, թե ինչու կորցրեց հայրենի երկիրը…
Արցախի կյանքից շրջափակման օրերը երբևէ չեն մոռացվում, և ո՞վ կիմանար, որ կգան շատ ավելի ծանր ժամանակներ, ու երանի կտայինք անցած օրերին։
Հացի սակավություն կար շուրջս արդեն քանի օր։ Չէի ուզում հավատալ, որ երբևէ հացի պակաս կզգանք, երբ Արցախը հացի երկիր էր։
Այդ օրը հացի մոտակա փուռում ասացին, որ շուտով տեղական ալյուր կստանան։ Մտա խանութ, մեկում չկար, մյուսում պարզվեց` իմ գնալուց 10 րոպե առաջ վերջացել էր, ասացին` 45 հացը 5 րոպեում <<թռցրել են>>։
Չէի հավատում, ո’չ, <<աշխարհի վերջը>> չէ, չնայած նախորդ օրերին էլ հացի պակաս կար։ <<Կարծում եմ` խուճապի մատնվելու կարիք չկա… Հաց չկա, մակարոնեղեն կպատրաստենք>>,- մտածեցի ես։
Կողքից մեկը հուշեց, թե լավաշ կարելի է գնել։ Պարզվեց` լավաշ էլ չկար…Լավ է, որ խմորեղենից քաղցրավենիք կար, ուրեմն այսօր հացին փոխարինող ուտելիք ունենք։
Եվ հետո որքա՜ն քաղց զգացին մեր երեխաները այդ քաղցրեղենի համար, որ ջրի նման ցամաքեց, իսկ շաքարավազ ձեռք բերելը լավագույն երազանք դարձավ։
Նախորդ օրն էլ չէի կարողացել հաց գնել։ Խանութից կտրտած ու չորացրած հաց էի գնել` հիշելով, որ տատս <<կունչուլ>> էր պատրաստում` չորացած հացը մեջը բրդելով։
Հետո հացի փշրանքը սուրբ նշխար դարձավ, երբ գիշերն ու ցերեկը իրար խառնվեցին, ու մենք, քնից, հանգստությունից զրկված, հացի հերթերում էինք, ընտանիքին տրվող այն մեկ հացի, որի համար կանգնում էինք ժամերով թե օրերով։
Ասում են` շան քիթը մսի հոտ չպիտի գցեն։ Բայց գցեցին, այն էլ` ի՜նչ միս…Ու լափեցին ոսկորն էլ հետը… Բայց հերթով այսպես որտե՞ղ ենք հասնելու…Արցախից հետո արդեն որքան ժամանակ հոտոտում են` նոր պատառ ձեռք բերելու… Ու ձեռք են բերում հայոց երկրից կտոր-կտոր։
Հետո գլխներին վայ տվողներ կլինեն, որ իրենք էլ երկիր կորցրին, ու ծափ զարկողներ կլինեն, որոնց համար այն լայնարձակ դաշտերն ու խրոխտ լեռները հայրենիք չեն համարվի։ Վա՜յ նրանց, որ դեռ կշարունակեն միմյանց մեղադրել երկիր հանձնելու մեջ…Բայց հազա՜ր փառք կտանք նրանց, ովքեր կորցրածը ետ կբերեն։
2.
Այստեղ ամեն օր ենք կորցնում ու շատ ավելի արագ, քան Արցախում էր։
Սերնդին արմատներից կտրելու միջոց է դառնում <<Հայոց պատմության>> դասագիրքը կառավարության որոշմամբ վերափոխելը <<Հայաստանի պատմության>>։
Սա նույնն է, որ իրական Հայաստանը <<պետություն>> որակավորումով անջատվում է դարերով անցած պատմական Հայաստանից, որը պետականություն չուներ։ Դեռ հարց է, թե այդ գրքերն ինչ ընդունելության կարժանանան` հեղինակներով հանդերձ։
Հայոց (հայերի) պատմությունը համայն հայության պատմությունն է, երբ դարեր շարունակ աշխարհով սփռված հայերի երկիրն է եղել Հայաստանը։ Թերևս հիմք է դրվում այն գաղափարին, որ այսօրվա Հայաստանը զատվում է դարերի պատմությունից։
Արցախից անջատումը տարավ արցախցիներին հայրենիքի կորստյանը, հիմա էլ <<հայոց>>-ից հրաժարվելը տանում է Հայաստանը Սփյուռքից անջատելուն։
Առանց հիմք տուն չի լինում, ու ցավալին է արձանագրվում` Հայաստանը ձեռնոց է դարձել թշնամու նկրտումների համար, հերիք չէ, որ մաս-մաս տանում են, դեռ Հայաստանն էլ ներսից առանց հիմք են թողնում, առանց արմատների։
Եռամիասնության, համերաշխության սյուները փլվում են, հնօրյա է դառնում Սփյուռք-Արցախ-Հայաստան շղթան, տարանջատվում է Հայաստանը։ Արցախը չկա, նոր իրական Հայաստանին Սփյուռք պետք չէ։
Ինչպե՞ս կարելի է երկիրը կտրել արմատներից։ Անգամ բացառիկ գրադարան, որն ունի շուրջ 22 մլն գրականությամբ պահոց, ՀՀ կառավարությունը լուծարում է։ Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները կդառնան գործազուրկ։ Կառավարությունը որոշել է նաև օտարել գրադարանի շենքը։ Ըստ մամուլի որոշ աղբյուրների` <<ՀՀ-ում գործող չորս մասնաճյուղերից՝ Գյումրիում, Վանաձորում, Ղափանում և Հրազդանում դիտարկվում է միայն Գյումրու մասնաճյուղի պահպանության հարցը>>:
Հայաստանի իշխանության նախընտրությունը ո՞րն է` մենա՞կ մնալ, թե՞ Ադրբեջանի և Թուրքիայի նման <<դաշնակիցներ>> գտնել։ Երբ ինչ կատարվում է, նրանց պահանջով է, ուրեմն հայտնագործություն չէ, որ այս իշխանությունները Արցախը փոխանակեցին Ադրբեջանով, Սփյուռքն էլ կփոխարինեն Թուրքիայով, երբ այդ փոփոխությունների մեկնարկը վաղուց է տրված <<հարևան>> երկրների բռնակալ տերերի կողմից։
Սերտած դաս է դարձել Արցախում ապրած մեր ամեն օրը, ու չէինք ցանկանա Արցախի աղետները կրկնվեն Հայաստանում։
Մեր կյանքից դրվագներ կան, որ չենք մոռանում, անգամ երեխաներն էին մեզ զարմացնում, երբ համբերատար հաղթահարում էին շրջափակման դժվարությունները։
Լույսերը հանգած էին։ Տանը երեխա կար, նա արձագանքեց իմ հարցին, թե
Տեսնես որքան կկարողանանք այսպես ձգել…
Շատ հաստատուն և կտրուկ նա պատասխանեց.
- Կդիմանանք, որքան պետք լինի։
Րոպեներ անց լռությունը խախտեց.
-Լույսերը հանգած են արդեն 30 րոպե, մնաց 90 րոպե, որ նորից լույս ունենանք։ 90 րոպեն ի՞նչ է, աչքներս մի քանի անգամ փակենք-բացենք, լույսերը կտան։
Նա մեկն էր Արցախի 30 հազար երեխաներից, որոնց իրավունքները խախտված էին, երբ օրվա ընթացքում, խնայելով էներգիան, երեք անգամ երկու ժամով անջատում էին լույսերը։
Մտածեցի` ո՛չ մի հուսահատություն, ո՛ չ մի տվայտանք մեր կողմից չպիտի արտահայտել, քանի դեռ մեր երեխաներն այդքան լավատես են։
-Երանի՜ լույսերը տան, բարին էլ` հետը։ Առավոտյան մեր աչքերը բացենք, տեսնենք Արցախը շրջափակումից դուրս եկած, գրաված տարածքները հետ վերադարձրած, կյանքն էլ` խաղաղ։
Ես լուռ էի, տխուր, ոչ թե պատասխան չունեի, այլ թոռնիկիս խոսքերով հիացած էի, որ այնքա՜ն լուսավոր էին, կյանքով լցված։
Ապրելը դժվարացավ, երբ բախվեցինք խանութների դատարկ դարակներին։ Հացի խնդիրը գերակա դարձավ, երբ առերեսվեցինք սովահարության։ Չէինք էլ ուզում հավատալ, որ նոր դարում պատժի ձև են ընտրել մեզ սովի մատնելը։
Այդ օրը խանութ մտա։ Մանկանը գրկած մայրը շուտափույթ նայեց դատարկ դարակներին` բարձրաձայն հարցնելով, թե իր սոված մանկան համար ինչ կարող է գնել։ Լռությունը խախտեց վաճառողուհին` նրան ցույց տալով քարտերով շնչերին հասնող մակարոնեղենը։ Կինը հանկարծակի ընկրկեց, կարծես դժգոհ պիտի ինչ֊որ խոսք ասեր, բայց երեխային պինդ գրկած` գնեց այն։
Մտքերով այդ բալիկի հետ մնացի, ում մանկական շուրթերին հասու չէր դեռ մայրիկի գնածը։
Մեծ քաղաքի լիքը խանութները մեկընդմեջ ինձ հիշեցնում են մեր դժվար օրերը, երբ սնունդ գտնելու փնտրտուքի մեջ էինք։
Մոտակա գյուղից տուն վերադառնալիս մտա գյուղական խանութը։ Գուցե գնելու ինչ-որ բան լիներ։ Անշուք էր, դատարկված։ Ինձ անծանոթ տղամարդը մտավ, զննող հայացքն ընդգրկեց խանութի դատարկությունը, ապա ձեռքերը մեկնած հարցրեց. <<Այս դատարկ ձեռքերով ինչպե՞ս տուն մտնեմ, երեխաներիս աչքերին ինչպե՞ս նայեմ…>>։
Օր օրի ծանրանում էր կյանքը, պատեպատ էինք զարկվում ինչ-որ տեղից ինչ-որ բան ձեռք բերելու համար, իսկ այդ ձեռք բերածը առաջին հերթին տան երեխայի համար էր, ամիսներով քաղցրեղենից, մրգերից, բանջարեղենից զրկված երեխաների, երբ հողին պահ տված վարած-ցանածն էլ` ջրհեղեղների բաժին էր դարձել արդեն քանի անգամ։ Թե ինչու բնությունն էլ դեմ էր մեզ, չհասկացանք,
Գուցե մեր համբերությու՞նն էր չափվում, որ մի օր պիտի սպառվեր մի նոր պատերազմով, բենզինլցակայանի պայթյունով` փրկության միակ ճանապարհ ընտրելով բռնի տեղահանվելը…
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ