ՑԱՎԻ ՄԱՍԻՆ ՊԻՏԻ ԽՈՍԵԼ

“Թունելի վերջում միշտ էլ լույս կա՛՛,-արդեն որերորդ անգամ անցնելով Պուշկինի լեռնանցքի թունելով՝ կրկնում եմ մտովի։ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի խորհրդավոր հատվածն է՝ 1830մ երկարւթյամբ ավտոխճուղային թունելը, որը հաճախակի մնալով առանց էլեկտրական լուսավորության՝ բացարձակ խավարի պայմաններում իմ ուղեղում ակամա զուգորդվում է արցախցու կարգավիճակի հետ։ Փակում եմ աչքերս։ Միևնույն է, այդպես էլ եմ զգալու Բազումի լեռնաշղթայի վրա շողացող լուսատուին, երբ դուրս գանք թունելից։ Մանկան հրճվանք եմ ապրում ամեն անգամ, երբ թունելի վերջում հայտնվում է լույսը; Թոթափում եմ ծանր մտքերը ,  և ծնվում է հույսը։Կասեք ՝ ի՞նչ հույս․ վերդարձի սին սպասումի՞, մեկ այլ վայրում  երջանիկ ապագայի՞։ Երկուսից և ոչ մեկը։ Միանգամայն իրատեսական և այս պահին, ըստ իս, ամենաանհրաժեշտի՝ բուժվելու հույսը։ Մեր սերն առ Արցախ ցավեցնող է։ Ինչքա՜ն ցավ պատճառեց մեզ այդ սերը, ինչքա՜ն անմարդկային փորձությունների ենթարկեց 35 տարի․․․ Չպոկեցինք սրտից ու չենք էլ անի, քանզի առանց այդ սիրո կկորցնենք ինքներս մեզ: Բայց ցավին դիմանալ էլ չի լինում։ Պիտի սովորենք  սիրել առանց հալումաշ անող ցավի: Ասում են՝ ցավի մասին խոսել է պետք։ Եկեք խոսենք։ Իսկ թե ցավի բարձրաձայնումը ողբ եք համարում, թերթեք ու առաջ անցեք: 

Կեսգիշերին հաղորդագրություն եմ ստանում։ ՛՛Ինստագրամյան սթորիիս արձագանքեցին անքուն համագյուղացիներս։ Ո՞նց կարող էին անտարբեր անցնել՝  գյուղի լուսանկարները տեսնելով ՛՛,-մտածում եմ ես ։ Նախկին սանուհիս էր՝ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Նանար Գասպարյանը: Խոսք խոսքի հետևից, ու արցունքներն արդեն հորդում էին, համոզված եմ, նաև  ինձնից 140կմ հեռու  գտնվող օնլայն զրուցակցիս աչքերից։ ”Դո՞ւք էլ եք գիշերները գյուղ գնում, մտնում տուն ու սուրճ դնում։ Հետո փաթաթվում սեփական վերմակով, զգում նրա բույրն ու անուշ-անուշ քնում․․․՛՛։

՛՛Չէ, ես ամեն գիշեր ձեռքս մեկնում եմ, բացում արկղը, որտեղ լուսանկարների ալբոմներն էին: Վերցնում եմ դեղին ալբոմը՝ երեխաներիս մանկության լուսանկարներով, շոյում եմ ու․․․ Այդտեղ ընդհատվում է արթմնի քաղցր երազս։ Հայտնվում է թշնամու բուլդոզերն ու քանդում է տունս։ Քարակույտի մեջ ես տեսնում եմ փոշոտ ու ճմրթված նկարները, ու սկսվում է ինքնախարազանումը․ ինչպե՞ս ես կարող էի դրանք թշնամուն թողնել…՛՛։

“Երբ այնտեղ էինք վերջին օրերին,մի երազանք ունեի միայն․ եթե թշնամին մոտենա մեզ, առաջինն ինձ սպանի ու ես չտեսնեմ ՝ ինչպես են սպանում մորս”,-ասում է  զրուցակիցս։ Զարհուրում եմ ու սթափվում։ Վերապրում եմ մղձավանջն ու վերհիշում ՝ ինչո՞ւ չկարողացա վերցնել ալբոմներս։՛՛ Մեռնելը երազա՞նք։ Իսկական անհեթեթություն՛՛,-կասի 21-ամյա Նանարի հասակակից մեկը, ով սեպտեմբերյան այդ օրերին  ճեմում էր Հյուսիսային պողոտայով՝  գլխում սովորականի պես գունեղ երազանքներով։ Իսկ այնտեղ՝ իմ կորուսյալ հայրենիքում , այլ էր կյանքի գինը։ Այնտեղ Նանարի ՛՛հրեշավոր երազանքը՛՛ ոչ մեկին էլ խորթ չէր։ Սխալվեցինք, սայթաքեցինք, ընկանք ու վեր ելանք։ Չդիմացողը գնաց։ Դիմացողը մնաց ու հանձն առավ մահապարտի դերը։ Մնացին գուցե նաև  նրանք, ով մնալու մեջ էլ շահ էր փնտրում։ Մենք տարբեր էինք, ինչպես բոլոր մահկանացուները։ Անկատար էինք, ինչպես Աստծո ամեն մի արարած: Դավադրապաշտները հազար ու մի տեսություն կարող են առաջ քաշել, վերլուծաբաններն էլ ՝ պատճառահետևանքային կապեր փնտրել  արցախցու սխալ քաղաքական քայլերի ու կատարվածի միջև։ Իսկ ճշմարտությունը մեկն էր․մենք կույր էինք, որովհետև սիրում էինք։ Դամոկլյան ճոճվող սրի ներքո մենք կերտեցինք մի պատմություն, որը պետք էր կոչել ոչ թե հերոսական, այլ սիրո պատմություն։

Հայրենիքի հանդեպ ցավոտ սիրո պատմություններով կկիսվեն մեզ հետ  տարիներ շարունակ կողք կողքի ապրած մեր հայրենակիցները։ Մենք ոչ մեկի առաջ արդարանալու փորձ չենք անելու։՛՛Ինչու ՛՛ և ՛՛ինչպեսը՛՛ կթողնենք ամենագետ քաղաքագետներին։Կփորձենք այս կերպ ազատվել  ցավից՝  թողնելով միայն սերը։

                                           Մաս առաջին

                                                ԱՅԳԻՆ

՛՛Այգիս նեղացած է ինձնից՛՛,-մի օր ասաց Լիանան ՝ մեր ծանոթությունից շատ ժամանակ անց :

“Ի՞նչ այգի,- հարցրեցի՝ նկատելով նրա հանգիստ տոնի տակ թաքնված անհուն թախիծը։ Լիանան ընդհանրապես միշտ խոսում է հանգիստ, առանց դժգոհության ու պոռթկումների։ Հենց այդ պատճառով բավականին ուշացումով իմացա նրա ապրած ողբերգության մասին, և այն էլ ՝ ուրիշներից (բռնագաղթից հետո ում հետ էլ ՀՀ-ում ծանոթանայիր,անպայման կպարզվեր,որ հայրենիքում ընդհանուր  ծանոթներ ունեինք)։

Իսկ այգին 3000 պտղատու ծառեր ուներ։Լիանան ու Վահեն բարեկեցիկ ապագայի պլաններ էին մշակում՝ արցախյան կենարար ջրով սնուցելով այգին: Անկախ եղանակային պայմաններից, նույնիսկ եթե ձյուն էր եկել, Վահեն այցի էր գնում իր այգուն։ Հայրենիքի հողի ու ջրի կենացը առաջինն էր բարձրացնում ընտանեկան հավաքույթների ժամանակ։ Զարմանում էր, երբ մարդիկ լքում էին երկիրը։ Ամեն կերպ ջանում էր նրանց հետ պահել այդ մտքից․ ՛՛Ի՞նչ կա այնտեղ, որ մենք չունենք՛՛։ Ինքն ամեն ինչ էլ ուներ երջանիկ լինելու համար։ Սիրասուն մայր, կին ու 3 երեխա, հանուն որոնց պատրաստ էր սարեր շուռ տալ; Ու շուռ տվեց։ Ֆինանսների նախարարության իրավաբանական բաժնի պետ Վահե Վաչագանի Մելքոնյանն առաջիններից մեկը զենքը ձեռքն առավ, երբ իր պաշտելի հայրենիքը զգաց դրա կարիքը։ 44-օրյա պատերազմը նշան էր բռնել նաև Լիանայի ընտանեկան երջանկությանը: Վերջին անգամ ամուսնու հետ հաջողվեց կապ հաստատել հոկտեմբերի 8-ին։ Միայն ամիսներ անց իրենք պիտի իմանային, որ հոկտեմբերի 10-ին  Հադրութի Քյոշբեկ գյուղում, հայտնվելով շրջափակման մեջ, Վահեն ու իր զինակիցները միացան անմահների բանակին։

Դժոխքը, որի միջով անցավ ընտանիքը, Վահեի մասին գոնե որևէ տեղեկություն ստանալու հավերժություն թվացող ընթացքում, ծանոթ է հազարավորներին: Կրտսեր դուստրն ընդամենը 3 տարեկան էր։ Ինչ  է նշանակում մանկահասակ երեխաներին միայնակ ոտքի կանգնեցնելը, Վահեի մայրիկն ամենքից լավ գիտեր։ Վահեն ընդամենը 1 տարեկան էր, երբ կորցրեց հայրիկին։ Նրա ու քրոջ համար արժանապատիվ կյանք ապահովելու բեռը ամբողջովին մնաց տիկին Ռիտայի փխրուն ուսերին։

Ճակատագրի հեգնանքով ԴՆԹ անալիզի պատասխանը եկավ նոյեմբերի 19-ին՝ Վահեի մինուճար որդի Վաչագանի ծննդյան օրը։ 39-ամյա Վահեն իր վերջին հանգրվանը գտավ Եռաբլուրում՝ հոգին թողնելով իր հող ու ջրին, իր այգուն, իր Արցախին, որից հեռացողներից ինքը խիստ նեղանում էր։ Լիանան չէր կարող չվերադառնալ Արցախ, որքան էլ նրան փորձում էին համոզել դա չանել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ ”Վահեն զոհվալա,վեր ուրան խոխեքը էդ հողումը  կարին ապրին՛՛,-դա էր միակ ճշմարտությունն իր համար: Նա նաև հրաժարվեց այգին վաճառել։ Նույնիսկ այդ գումարով Հայաստանում տուն գնելու առաջարկը նրան չգայթակղեց: Գիտակցում էր՝ առանց ամուսնու դժվար կլինի հսկայական տարածքը խնամել: Բայց Վահեն հոգի էր դրել այդ այգում․ ինքն իրավունք չուներ հանուն և ոչ մի գանձի հրաժարվել նրա երազանքներից։ 2020-ի մղձավանջից իրական կյանք վերդառնալը անհնարին էր թվում։ Միայն թե այլընտրանք չկար․ իր ձեռքերում զավակների ապագան էր։

Լիանայի հետ ծանոթացա 2023-ի հոկտեմբերին Ստեփանավանում։ Արցախցիներն առանց խոսելու էլ միմյանց հեռվից են ճանաչում։ Անտունիին մոլորված հայացքն է մատնում: Իսկ երբ բախտակիցդ, պարզվում է, նաև գաղափարակից է, համարիր՝ բախտդ կարգին էլ բերել է։ Տնտեսագետ Լիանայի հուզական ներաշխարհում թվերը տեղ չունեին։Հաշվենկատության իսպառ բացակայությունը, հազվագյուտ սրտացավությունն ու  օգնության հասնելու պատրաստակամությունը չէին կարող աննկատ մնալ նրա հետ կարճ ժամանակ շփվելուց հետո։ Դժվար էր կռահել, որ իր ցավը նա սպանում է սիրով։ Չէի էլ կռահի, եթե չլիներ այգին։ Երբ զավթիչների տարածած տեսանյութերում տեսավ հողին հավասարեցված իրենց շենքը, փորձեց անսասան մնալ․ չողբալ, որ իրենց հյուսած տաքուկ բույնն էլ չկա։ Միայն թե այգուն ձեռք չտան։ Առանց այն էլ այգին նեղացած կլինի, որ իրեն չեն ջրում․․․ Միայն թե այգին չչորանա․․․

Վահեի մասին Լիանան խոսում է ներկա ժամանակով։ Նա այդկերպ կարծես մարտահրավեր է նետում ժամանակին,որը, հակառակ սփոփողների ,իր վերքերը չբուժեց․․․

Մեդինա ՄԵԺԼՈՒՄՅԱՆ