ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵՌՆԵԼ, ՔԱՆ ԹԵ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՐՑԱԽԻՑ. ԱՆԴՐԱՆԻԿ ՂԱՋԱՆՅԱՆ

Կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտները լուսաբանելուց բացի «Լուսարար»-ը ստանձնել էր եւս մեկ առաքելություն. թերթի էջերում պարբերաբար զետեղվում էին Արցախյան բոլոր պատերազմների հերոսների սխրագործությունների, նրանց ապրած կյանքի ու գործունեության մասին պատմող հոդվածներ: Որքա՜ն ցանկալի կլիներ, որ այդ ոլորտում նոր էջեր չունենայինք, բայց խորը ցավով սկսում ենք արձանագրել վերջին՝ 2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի նահատակների մասին տեղեկություններ, որոնց հավաքագրումը չափազանց դժվար է մեր պայմաններում, մինչդեռ որպես  առաքելություն՝ արժանի:

«Լուսարար»-ը ներկայացնում է արցախցի հերոս, հրետանու սպա՝ մայոր Անդրանիկ Կիմի Աղաջանյանին, որի անցած մարտական ուղին փառավոր է ու հիշատակման արժանի: Ծնվելով խորհրդանշական ժամանակահատվածում, երբ Արցախը գոյության կռիվ էր տալիս, կարծես թե իր աշխարհ գալով հանձն առավ ծառայել ու պաշտպանել հայրենիքը:  Զոհվեց, քանի որ գերադասում էր մահը. Արցախի անկումը տանել չէր կարողանա: 

 Ծնվել է 1992թ. օգոստոսի 31-ին: Սովորել եւ ավարտել է Ստեփանակերտի հ.9 միջնակարգ դպրոցը: 2013թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՊԲ զորամասի 1-ին հգմ ակմ հրամանատարի պաշտոնը:

2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զբաղեցրել է ՊԲ հրետանու բաժնի ՄՊԲ ավագ սպայի պաշտոնը:

Գործողությունների սկսման պահից զբաղեցրել է ՊԲ ԽՀԿ-ն, այնուհետեւ տարբեր ուղղություններում աջակցություն է ցուցաբերել հրետանային ստորաբաժանումներին եւ անձամբ ղեկավարել է հրետանու կրակը:

Ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր ուղղություններում, ինչպես նաեւ ՀՀ-ից տրված տարբեր հրետանային ստորաբաժանումների ընդունման, ուղեկցման, կրակային դիրքերում ճիշտ զբաղեցման եւ կրակի վարմանը բարձր մակարդակով նախապատրաստման գործում:

Ցուցաբերել է մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ նախաձեռնություն, իսկ դժվար իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակություն:

Քաշաթաղի ուղղություններում ղեկավարել է ՀՀ-ից ժամանած ականանետային մարտկոցի գործողությունները, հմուտ եւ կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների արդյունքում հակառակորդի կենդանի ուժին եւ կրակային միջոցներին պատճառել է զգալի կորուստներ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը:

Մարտկոցի կրակային դիրքը հակառակորդի կողմից ենթարկվել է ռմբակոծության եւ նա ստացել է ձախ ձեռքի շրջանում բեկորային վիրավորում: Բուժումից հետո շարունակել է ծառայությունը նույն պաշտոնում:

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած խիզախության, արիության, անձնուրացության համար պարգեւատրվել է՝ ԱՀ նախագահի հրամանագրով «Արիության համար» մեդալով, «Անբասիր ծառայության 1-ին» աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով:

2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զբաղեցրել է ՊԲ հրետանու բաժնի ՄՊԲ ավագ սպայի պաշտոնը եւ գտնվել է ՊԲ ԽՀԿ-ում, տարբեր գործողություններում աջակցություն է ցուցաբերել հրետանային ստորաբաժանումներին եւ անձամբ ղեկավարել է հրետանու կրակը:

ՊԲ ԽՀԿ հրթիռակոծության ժամանակ գլխի շրջանում ստացել է վիրավորում եւ տեղափոխվել հիվանդանոց: 2023թ. սեպտեմբերի 24-ին արձանագրվել է  հերոսի մահը:

Հայրենիքի համար մղվող մարտում հերոսի մահով ընկած մայոր Անդրանիկ Կիմի Աղաջանյանի հուղարկավորությունը կազմակերպվել է Եռաբլուրում:

Ամուսնացած չէր:

Եղբայրը՝ Արման Աղաջանյանը, նրա մասին մեծ պատկառանքով ու կորստի  ծանր ցավով է խոսում. «Նա ինձ համար ոչ միայն ավագ եղբայր էր, այլեւ ծնող ու ընկեր: Փոքր հասակից սիրել է զինվորական ծառայությունը, դպրոցում սովորելուց հետո ընդունվել է Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, որտեղ սովորելուց հետո՝ ռազմական համալսարան: Շարունակել է նվիրվածությամբ ծառայել հայրենիքին անգամ 44-օրյա պատերազմում վիրավորվելուց հետո: Բուժման հետ կապված բարդություններ կային, նրան առաջարկեցին հաշմանդամության կարգ ստանալ եւ այդպիսով դադարեցնել զինվորական ծառայությունը, բայց նա հրաժարվեց ու շարունակեց ծառայել՝ չխնայելով առողջությունն ու կյանքը: Անդրանիկի կերպարը թե´ որպես եղբայր, թե´ որպես զինվորական, թե´ որպես անձնավորություն օրինակելի է ու պատմության մեջ հիշատակման արժանի: Ընկերներս հաճախ արտահայտվում էին, որ բարի նախանձով ինձ նախանձում են այդպիսի եղբայր ունենալու համար: Իսկ ես միայն հպարտ էի ու հպարտ եմ, որ նրա եղբայրն եմ»:

Հրետանու վարորդ Արթուր Մաթեւոսյանն ասում է. «2020թ. օգոստոսից ծառայությունս շարունակել եմ հրետանու բաժնում՝ որպես հրետանու պետի տեղակալի վարորդ,  ու ճանաչել եմ հրետանու սպա Անդրանիկ Աղաջանյանին: Նա հիացնում էր ոչ միայն իր բարձր մասնագիտական կարողություններով, գրագիտությամբ,  այլեւ ընկերասիրությամբ ու բարությամբ: Ինչպես մասնագիտական հմտություններն էր ակտիվ դրսեւորում, այնպես էլ նվիրված ընկերություն էր անում: Սիրում էր ընկերական հավաքույթները, ակտիվ էր կոլեկտիվում: Չեմ մոռանում ընկերական հերթական հավաքույթի ժամանակ նրա ասած ճակատագրական խոսքերը, որ ավելի լավ է մեռնի, քան թե դուրս գա Արցախից: Ասում են, թե խոսքը ուժ ունի: Գուցե եւ ճակատագիրն այդպես դասավորվեց, որ նա չտեսավ բռնատեղահանման, Արցախի հայաթափման ողբերգությունը, այլ զոհվեց հերոսի մահով՝ հայրենիքի ազատության համար մարտնչելով»:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ