Մայր երկրում ենք` Արցախը մեր ներսում, մեր հոգում, մեր սրտում

Արցա’խ տվեք մեզ, ոչ թե` սահմանամերձ բնակավայրեր… Մեզանից յուրաքանչյուրը  աշխարհ է  կորցրել, որ հայրենիք է կոչվում, տուն-տեղ է կորցրել, հարազատ օջախներ…

Սառեցրիք մեր դեմքի ժպիտները, սպանեցիք մեր հույսն ու հավատը,  մեր կենսուրախ կյանքը հոշոտեցիք, խաթարեցիք մեր անցնելիք ճամփան, գցեցիք դռնեդուռ, ու հիմա ծայրամասային  բնակավայրեր, նորից թշնամուն դեմառդեմ։

 Վերադարձրե’ք մեր հինավուրց դրախտավայրը, մեզ վերադարձրե’ք մեր  ճաքճքած  հողը, որ  անձնազոհ հայորդիների արյամբ է ներծծված, մեզ վերադարձրե’ք մեր տունուտեղը,  մեր ոտնահետքերը վերադարձրե’ք մեզ,  մեր գերեզմանները, մեր հուշարձանները, մեր խաչքարերը, մեր եկեղեցիները ե’տ վերադարձրեք…

Մեզ վերադարձրե’ք մեր Արցախը,  մեր կորցրած կյանքի իմաստը ե’տ վերադարձրեք…

* * * *

1

Այս ամիսներին, ինչ բռնատեղահանությունից հետո  Երևանում եմ, նկատել եմ, որ աստղաբաշխական թվերի հասնող  գներով պետությունը զբաղված  է բարձրահարկ շենքեր կառուցելով և վաճառելով։ Հասկանալի է, որ այն  հասու կլինի ունևորներին։  Այդ պատկերի հակադիր կողմում  չքավորներ են, տվյալ դեպքում` արցախցիներ, որոնց մեկ շնչին տրվող 3, 4 թե 5   միլիոն դրամով առաջարկում են անշարժ գույքի տեր դառնալ, այն էլ` հիմնականում  սահմանամերձ բնակավայրերում։

 Շատ սուղ թվով արցախցիներ աշխատանքի են տեղավորվել պետական համակարգում, այնքան քիչ, որով տեսանելի է դարձել  անվստահությունը, ավելի ճիշտ` չկամությունը մասնագետ արցախցիների հանդեպ, որ նրանց չտեսնեն պետական կառույցներում։

Արցախցիների մի ստվար հատված, զրկված  մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից, ստիպված է եղել  տարբեր դասընթացների մասնակցել և այլ զբաղմունքների տեր դառնալ,  այն էլ` հաճախորդներ ունենալու դեպքում։

Հայրենազուրկ  արցախցիներին  <<մուրացկանության>> տանող ճանապարհը վտանգավոր է, որի ուրվականը վաղուց  տեսանելի է մեր շուրջը։ 

Պետք է հիշել` այդ մենք չենք ինքնակամ լքել  հայրենիքը, մեր տունուտեղը, երբ մեր կյանքը փրկելու գնով ենք հասել մայր երկիր։ Այդ մենք չենք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և  կորստյան մատնել  մեր երկիրը…Բայց մենք սպասում ենք, որ կգան ժամանակներ, երբ  մարդն արժեք կդառնա` իր   երկրի հանդեպ ունեցած բարձր սիրո գնահատանքով, իր մասնագիտական գիտելիքներով, իր դրական արժանիքներով, մարդկային ազնվագույն որակներով…

  Ես էլ հազարավորների նման սպասում եմ  փոփոխության,   երբ  հայրենիք հանձնելը հաղթանակ չեն համարի և ոչ էլ` փրկություն,  երբ հայրենասիրությունը վերացական երևույթ չեն ընկալի և ոչ էլ` հանուն ոչնչի զոհաբերություն…

Մեզ ոչնչացնելու համար երևի չորս պատերազմ էր պետք,  դրսից` տարբեր երկրների զինանոց, ներսից` դավաճանություն…

Արցախյան  պատերազմներով  հազարավոր մատաղված կյանքեր, հաշմված ու գերեվարված հայորդիներ…

Հանուն ոչնչի՞ էր,  որոնցով անցանք մենք, ու  սերունդներ, որ կորցրին խաղաղ ապրելու իրենց իրավունքը, ու երազանքներ, որ մնացին անկատար, ու բանակցություններ,  որ աչքակապության նման մի բան էին թվում, որին  երբեմն երկրից երկիր, քաղաքից քաղաք տանող պետական այրերին  անգամ հույս չէր ներշնչում։  Եվ ժողովուրդ, որ ամեն օր, ամեն ժամ երեք տասնյակ  և ավելի տարիների ընթացքում խաղաղության էր սպասում։ Եվ վերջում մի փոքրիկ Արցախ, որ կշռաքարի երկու նժարներից մեկի վրա դրվեց, և որքա՜ն   թեթև էր այն աշխարհի շահամոլ տերությունների աչքին,  ու արցախցիներ, որ շատ քիչ էին աշխարհի միլիոնավոր  ժողովուրդների կողքին…

Այսքան տառապանք որտեղի՞ց, որ բաժին հասավ այս փոքրաթիվ ժողովրդին, այսքան կսկիծ ու ցավ ինչպե՞ս տեղավորվեցին մեր սրտերում, որ դեռ շարունակում ենք ապրել` երբեմն ցանկություն ունենալով նորից սկսել այն սկզբից,  որից արդեն հոգնել ենք, ուժասպառ եղել` հասկանալով, որ հայտնվել ենք շահերի  բախման կիզակետում։

Հավիտենական չէ կյանքը, բայց այս անցողիկ կյանքում ժամանակ չունեցանք ապրելու աշխարհի շատ ժողովուրդների նման։  Ընկանք հոգևոր թե նյութական արժեքների հետևից, և  ի՞նչ շահեցինք մենք ու  մեր սերունդները…

Հանուն ոչնչի՞ էր, ու կրկնում է մի ներքին ձայն մեր  ներսում։  Եվ անպատասխան մնացած այս հարցից ծնվում է մի նոր հարց, թե որտեղ մնացին  մեր նվիրյալներից շա՜տ-շատերի գերեզմանները, մեր մշակութային հինավուրց հուշարձանները, մեր դարերի պատմություն ունեցող եկեղեցիները… Այնինչ հոշոտվում են, պղծվում անօրենների կողմից` հայկական հետքերը վերացնելու համար։

Արցախը մեր ներսում է, մեր հոգում, մեր սրտում, արցախցին կարոտախտ ունի, որ երբևէ չի սպառվի, քանի հեռու է իր տունուտեղից, իր հայրենիքից, որ բռնազավթված է…

Չեմ ուզում մի նոր <<Արցախ>> լինի, բայց այն նորից կրկնվում է մայր երկրում։

Թշնամին նախատեսել էր Արցախը վերցնել 24 ժամում, երբ անցած տարվա սեպտեմբերի 19-ի կեսօրին պատերազմ էր սանձազերծել, և այն վերցրեց 24 ժամից 17 րոպե առաջ` հաջորդ օրը` սեպտեմբերի 20-ի կեսօրին։

Արցախցիներիս ծանոթ կեղտոտ  ձեռագիր, երբ <<հարևան>> երկրի  բռնապետը Արցախից հետո  իր կեղտոտ ճանկերը խոթում է  մարդկանց սրտերը`  ցանկանալով տեր դառնալ  նրանց`  տարիներով կառուցած տունուտեղին, ծննդավայրին…

 Տավուշից հետո Սյունիք, Գեղարքունիք…  Ցավոք, այն շարունակական ընթացք ունի, երբ  հայրենի  տան դարպասները բաց են։

2

Չեմ   հիշում  պատմության մեջ նման դեպք,  երբ  հողի աշխատավորն  աղաչի երկրի իշխանավորին, որ  հայրենիքը չհանձնի։ Չեմ լսել երբևէ,  որ հանուն պետության` հայրենի  գյուղեր պիտի հանձնեն, հայրենի ճանապարհներ… Չեմ հիշում նման արարք, որ հայ զինվորականները  տարածք  ականազերծեն, որ թշնամին ապահով  ներս մտնի…Չեմ էլ ուզում հավատալ,  որ գյուղացիներին ասել են, թե դիմադրելու դեպքում  պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է նրանց  վրա։

Սա՞ է Հայաստանի ապագան, որ 150 հազար արցախցիներ, հայրենազուրկ դարձած, հասնեն մայր երկիր, այստեղից էլ` անդին։

Սա՞ է հայոց երկրի ապագան, որ արցախցիների նման դռնեդուռ ընկնի հայը` իր տունուտեղը  թողնելով թշնամուն… Բայց  այդքանով չի ավարտվում, դեռ քանի՜-քանիսն են  արտասվելու, քանիսն են ըմբոստանալու, դեռ քանիսն են անտեղի կալանավորվելու,  քանի՜-քանի գյուղեր, դիրքեր, բարձունքներ, ճանապարհներ  են հանձնվելու շարունակաբար  ու հայրենին լցնեն  հազարավոր  <<փախստական>> ադրբեջանցիներով։

Թշնամին <<Արևելյան Ադրբեջան>> է ուզում` ամբողջ Հայաստանը`  իր մայրաքաղաքով։

Վերջապես  քաղցր նիրհից պիտի՞ արթնանա հայ ժողովուրդը։

Երկրի կյանքով ապրել` չի նշանակում քաղաքականության մեջ մտնել։ Հաճախ եմ լսում անտարբերների քար կեցվածքը, թե իրենք քաղաքական գործերի մեջ չեն մտնում։  Ցանկալի է հարցնել նրանց, երբ հողդ ոտքերիդ տակից ուզում են  քաշել, տունուտեղդ ձեռքիցդ վերցնել, քեզ աշխատանքից զրկել,  մի՞թե քաղաքականության մեջ ես մտնում, երբ  ազատ խոսքով ըմբոստանում ես քո  իրավունքները ոտնահարողների դեմ։

 Արդյո՞ք քաղաքականության մեջ ես մտնում, երբ ազդարարում ես այն սարսափելի աղետի մասին, թե  հայրենիքը կորցնելու  վտանգի առջև ես…

 Մի՞թե քաղաքականության մեջ է մտնում նա, ով դժգոհում է չար հարևանից, թե  իր այգին է մտել, կտրել  իր այգու բերքատու ծառը։

Մի՞թե քաղաքագետ  դարձանք,  երբ  շրջափակման մեջ դժգոհեցինք,  թե ինչու և ում մեղքով ենք կանգնել հումանիտար  ու էներգետիկ ճգնաժամի առջև։ Այն ո՞վ է, որ կլռի, երբ իմանա, որ  միայն իր տուն մտնող էլեկտրական լարը  կտրել են, կամ գազատար խողովակը` փակել։

Ինչու՞, երբ երկիր ենք կորցնում, ոմանք լռում են, բայց սեփական տունը, այգին, բակը, աշխատանքը կորցնելու դեպքում մոռանում են, որ իրենց աղմուկ-աղաղակով, հարայ-հրոցով, հայհոյանքներով, բռունցքներով, օրենքի դռները ծեծելով  <<քաղաքականության մեջ են մտնում>>` չհասկանալով, որ հայրենիքն այն տունն է, որտեղ ապրում են, այն այգին, որի բերքով սնվում են, այն աշխատանքը, որով ապրեցնում են երկիրը…

Այդպես էր Արցախում, այդպես է Հայաստանում։

Անտարբերության  ու տգիտության չարիքը սպանում է մեզ, երբ երկրի կյանքով ապրողներիս փորձում են թիրախավորել, թե քաղաքական կյանքի մեջ են ներքաշված։  Երանի՜ թե ամեն ոք  երկիր  կորցնելու ծանր օրերին  իրենց բաժին  <<քաղաքականությամբ>> զբաղվեին` հանուն ընդհանրական գաղափարի, հանուն հայրենիքի, հանուն խաղաղության, հանուն սերունդների ապահով կյանքի…

Մնում է ասել չարամիտներին` լռե՛ք ու  մի՛ խանգարեք։

Ի՞նչ անել, երբ  երեխադ առանց ջեռուցման մրսի, սոված լինի, մնա  առանց  լույս, մթության մեջ։

 Եթե գազատարը դեպի Հայաստան թշնամին  անջատի,  գոնե այն ժամանակ կհասկանա՞ն մարդիկ, որ նման դեպքում չեն տարբերակվում մեծերն ու փոքրերը, ունևորներն ու չունևորները, պաշտոնավորներն ու աշխատազուրկները…

 Արցախից հետո այս անգամ  ցուրտ ու մութ օրերը կայցելեն մայր երկիր։

Արցախցու օրը սևացավ, երբ Արցախ մտնող գազատարի փականը հայտնվեց ազերիների ձեռքին։  Ու շարունակվեց` գազից հետո լույսը, ապա` ճանապարհները… Մեկուսացանք,  նաև` սովածացանք, առանց լույս մնացինք,  առանց ջերմության, առանց սնունդ մնացինք, առանց դեղորայքի, վերջում մնացինք առանց հացի։ Առանց աղ մնալն էլ անհնար էր, բայց ոմանք հնար գտան <<քարից աղ քամել>>։ Եվ որքա՜ն  երեխաներ ամիսներով  քաղցր թեյի կարոտ մնացին…

Ոստիկանի երեխան էլ սովածանալու է, ա’յն ոստիկանի, ով  ընդդիմանում  է ժողովրդի ցասմանը։ Սովը չի տարբերելու  պատգամավորի երեխային,   իշխանականների ընտանիքներն են մտնելու  նույն մութ ու ցուրտ օրերը…

Գրպանում գումար ունենալով` խանութ կմտնեն բոլորը, ու դատարկ դարակները կողջունեն նրանց։

Արցախի շատ ու շատ երեխաներ այլևս հոր կամ մոր բացակայությունից չէին լացում, այլ  սովից տնքում էին, երբ ժամերով հացի հերթ կանգնած  ծնողները դատարկաձեռն էին տուն մտնում։  Եվ նրանք չէին համարձակվում  երեխաների աչքերին նայել ու  <<սևերես>> էին մնում իրենց սոված, ցրտից կուչ եկած երեխաների մոտ։

Մենության տագնապից է սկսվում  ամեն ինչ։ Բռնի տեղահանություն, հայաթափություն, մարդկային նորանոր կորուստներ, երբ բարձունքները թշնամու ձեռքին են լինում…Այդպես են հայրենիք կորցնում, ինչպես Արցախը կորցրինք` մենակ մնալով  ներսի ու դրսի թշնամիների հյուսած դաժան սարդոստայնում։

 Հիմա ի՞նչ անել,  երբ  արցախցիների կյանքը խաթարված է, երազանքները` խորտակված։ Հույսից կառչած`ապրել ենք ուզում, բայց չգիտենք` ինչպես, երբ Մայր  հայրենիքում ենք`  հայրենի Արցախը մեր սրտում։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ