ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Երևանի Աբովյան 13 հասցեում գործող Իգիթյան գեղագիտական կենտրոնում եռուզեռ էր․ հավաքվել էին Արցախի շնորհաշատ ու տաղանդավոր երեխաները՝ վայելելու ամիսներ տևած իրենց քրտնաջան աշխատանքի քաղցր պտուղները։

Ներկա էին մասնակից երեխաները, նրանց ծնողները, արվեստի գեղահրաշ դռները նրանց առջև բացող մանկավարժ-վարպետները, հյուրեր, կենտրոնի աշխատողներ։ Երեխաներին դասավանդող արցախցի 10 վարպետ-ուսուցիչները նախ դասընթացների միջոցով հմտություններ են ձեռք բերել ու կատարելագործվել, այնուհետև հավաքագրել Արցախից բռնի տեղահանված /2020 թ․-ից ու նրանից հետո․․․/ շնորհալի երեխաներին, նրանց հետ տքնել ու աշխատել և այսօր վայելում են իրենց աշխատանքի արդյունքը։ Կենտրոնում գործել են արվեստի 6 ճյուղեր, որոնցից յուրաքանչյուր մասնակից ցուցադրության է ներկայացրել գեղեցիկ նմուշներ։

Արցախի Հադրութի շրջանի ՄՊՍԿ տնօրեն Իրա Թամրազյանը ներկայացնում է իրենց անցած ճանապարհը։ Ցուցահանդեսին նրանք ներկայացրել են արվեստի 4 ճյուղերով նմուշներ․ ասեղնագործություն, գեղարվեստական տպագրություն, բատիկ, կավագործություն։

2020թ․-ից ի վեր նրանց գործունեությունը վերաբացվել է Իգիթյան գեղագիտական կենտրոնում։ ՄՊՍԿ տնօրենը ամեն կերպ ձգտել է պահպանել Արցախում ունեցած իրենց ավանդույթները։ Հեշտ ու դյուրին չի եղել իրենց աշխատանքը Հայաստանով մեկ ցրված արցախցի երեխաներին հավաքագրելու գործում։ Այսօր նա չի խնայում գովեստի ու գնահատանքի խոսքերը՝ ուղղված Իգիթյան կենտրոնի բարի ու կամեցող մարդկանց հասցեին, որոնք ամեն ինչով աջակցել են, որ այդ երեխաների երազանքը կիսատ չմնա․ տեղ են հատկացրել, միջոցներ տրամադրել՝ ստեղծագործական գործունեություն ծավալելու համար։

Օրվա ցուցահանդեսը, որ ընդգրկում էր արցախցի երեխաների վառ երևակայությունն ու երազանքները, կարոտն ու ցավը, դրանցից ծնված յուրահատուկ գործերը, լավագույնս բացահայտում է Արցախի տարբեր շրջաններից այստեղ հաճախող երեխաների լուռ մտորումներն ու խոսուն իրականությունը։ Ցուցահանդեսը գործելու է մի քանի օր՝ այցելուներին պարգևելով արցախյան համուհոտով գողտրիկ պատկերները, հմուտ ձեռքի աշխատանքները վայելելու գերագույն բերկրանքը։

Անցնում ես այդ ցուցանմուշների կողքով, ու թվում է՝ դրանք արվեստի նշանավոր ու հայտնի դեմքերի ստեղծագործ մտքի գեղեցիկ օրինակներ են։

Իրա Թամրազյանը մանրամասնում է կենտրոնի գործունեությունը․ կենտրոնը ձեռնարկում է տարբեր ծրագրեր, և մեր երեխաները միշտ սիրով են արձագանքում բոլոր ծրագրերին։ Այդ ծրագիրը գործել է ընդամենը 2 ամիս։ 60-ից ավելի երեխա է ընդգրկված եղել այդ ծրագրին, և երկու ամսվա ընթացքում ուսուցանվածը այսօր տվել է իր ցանկալի արդյունքը։ Շաբաթական երկու-երեք անգամվա պարապմունքները գրանցեցին գերազանց արդյունք։

Պարգևատրվեցին ծրագրին մասնակցած բոլոր երեխաները՝ գոհ ու երջանիկ իրենց աշխատանքներով, նրանց վարպետ-ուսուցիչները։ Վերջիններս իրենց երախտագիտական խոսքն ուղղեցին Իգիթյան կենտրոնին՝ իրենց աջակցելու համար և հատուկ շնորհակալություն հայտնեցին կենտրոնի աշխատող Սառային՝ նրան համարելով իրենց պահապան հրեշտակը։ Ի․ Թամրազյանի տեղեկություններով՝ իրենք կապ են պահպանում ՀՀ-ի՝ արվեստի հետ առնչվող բոլոր կենտրոնների հետ, որոնք ամեն ինչով նպաստել են բոլոր ցուցահանդեսների կայացմանը։ Չորս տարվա մեջ սա 80-րդ ցուցահանդեսն է, որ իրենք կազմակերպում են․ հովանավորը Իգիթյան գեղագիտական կենտրոնն է։

Ի․Թամրազյանը ցավով է նշում, որ ապագայում դեռ շատ անելիքներ ունեն, սակայն հիմնական տեղ չունեն․ 3-րդ անգամ են տեղահանվում /տեղակայված են Զեյթուն թաղամասում/։

Շատ ցավալի է, որ այս լուսավոր երեխաների ապագան մշուշոտ է /ո՞վ իմանա, թե նրանցից քանիսն են աշխարհին հայտնի անուններ դառնալու/։ Նա սրտի խոր ցավով է իր միտքը շարունակում․ «Այս չորս տարիների ընթացքում մշակութասեր Արցախի մեր ղեկավարությունը բացարձակ անտարբերություն է ցուցաբերել այս երեխաների ճակատագրի ու նրանց գործունեության հանդեպ։ Բոլորովին հետաքրքիր չէ, թե ինչով են շնչում ու ապրում այս շնորհալի երեխաները․․․»։

Փորձելով ժամանակից առաջ չընկնել՝ նշեց, որ առաջիկայում ավելի լուրջ անելիքներ ունեն, սակայն վարձակալության համար գումար չունեն, գլխներին տանիք չունեն, որ աշխատեն։ Տակավին տեղին է նրա վրդովմունքն առ այն, որ ո՛չ Արցախի և ո՛չ ՀՀ իշխանությունները հետաքրքրված չեն այս կենտրոնի աշխատանքներով ու ոչնչով չեն նպաստում նրա գործունեությանը։ Անտեր ու անտիրական տեղից տեղ են թափառում ու հանգրվան չեն գտնում։

Մնում է հուսալ, որ կգտնվեն բարի ու մեծահոգի մարդիկ, որոնք կընդառաջեն այս երեխաների լուսավոր երազանքների, որ անկատար չմնան նրանց սուրբ ու նվիրական ձգտումները։

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ