ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ – ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր բանաստեղծության մեջ մելամաղձոտությունը, ողբը կտիրեն․
Թումանյանի գործը փթթում մըն է հոգեկան լուսավոր ու արու առողջության․
անոր երգը ուժի, զվարթության, հավատքի, լավատեսության պոռթքում մըն է,
պայծառ ու խրոխտ նույնիսկ ցավի արտահայտության մեջ։
Արշակ Չոպանյան

Հովհ․ Թումանյանի թանգարանը այլևս դարձել է արցախցիներիս համար մի հարազատ միջավայր, հավաքատեղի, որտեղ շփումներ են տեղի ունենում ոչ միայն մեր գրական անցյալի մեծերի, այլև այսօր գրական աշխարհին շատ հայտնի ու արժանավոր մարդկանց հետ։

Թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանն այս անգամ էլ նախաձեռնել էր գիտական նստաշրջան՝ նվիրված մեծանուն գրող, բանասեր, թարգմանիչ, գրաքննադատ, լրագրող, ազգային ու հասարակական գործիչ, ի վերջո, ամենայն հայոց մշակույթի դեսպան Արշակ Չոպանյանի ծննդյան 152-ամյակին, որին հրավիրված էին գրական աշխարհի խոշոր դեմքեր Սամվել Մուրադյանը /գրականագետ, բ․գ․դ․, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ/, Ալվարդ Ջիվանյանը /բ․գ․դ․, պրոֆեսոր, թարգմանիչ, հեքիաթագետ/, Ավիկ Իսահակյանը /ՀՀ գրողների միության անդամ, բ․գ․դ․, պոֆեսոր/, Արտավազդ Ավագյանը /ԵրՊՀ, բ․գ․թ․, դոցենտ/, Աննա Ասատրյանը /ՀՀ ԳԱԱ, արվեստի ինստիտուտի տնօրեն, ա․գ․դ․, պրոֆեսոր/, Բեյրութի «Ծաղիկ» թերթի խմբագիր Յակոբ Տիւնեայանը, Նոնա Դավթյանը /ԱրՊՀ դասախոս/ և թումանյանասեր հասարակայնության ներկայացուցիչներ։

Հովհ․Թումանյանի թանգարանի տնօրենի ժ/պ  Լուսինե Ղարախանյանի հավաստմամբ՝ այսօրվա միջոցառումը պայմանավորված էր ս/թ մայիսի 17-ին կայացած միջազգային կոնֆերանսով, որտեղ քննարկվել էին.

1․ Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում /նվիրված էր հանդեսի ստեղծման 125-ամյակին/․

2․ Հայ գեղարվեստական երաժշտության քննադատությունը 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբին․ դրանց ձևավորման և զարգացման միտումների մասին։

Երկօրյա կոնֆերանսը հայտնություն դարձավ իր համար, հափշտակվեց Արշակ Չոպանյան անհատի նվիրյալ գործունեությամբ /Լ․Ղարախանյանի խոստովանությունն է/ ու ձեռնարկեց այս գիտական նստաշրջանը՝ մի նոր կողմից ավելի խորը բացահայտելու Արշակ Չոպանյան-Հովհ․ Թումանյան առնչությունները։ Ըստ նրա՝ շատ ճիշտ գնահատական է տվել Համաստեղը Արշակ Չոպանյանին․ վերջինս գրաքննադատությանը հաղորդել է շատ բարձր ճաշակ։

Առաջին բանախոսը՝ Վաչագան Ավագյանը, ներկայացրեց, որ քննադատ լինելուց զատ Չոպանյանը հանդես էր գալիս իբրև սփյուռքահայ գրական կյանքի կազմակերպիչներից մեկը և ծրագրեր էր մշակում գրական կյանքի կազմավորման ու զարգացման համար։ «Մեր գրականությունը» աշխատանքում ընդգծում էր այն ուղիները, որոնցով պետք է ընթանար սփյուռքահայ գրական կյանքը։ Առաջին կարևոր խնդիրը նա համարում էր «արևմտահայ գրականության շանթահար շենքը կանգուն ու կենդանի պահելու սրտառուչ ու նվիրական պարտականությունը»։

Ոչ պակաս կարևորություն էր ստանում նաև սփյուռքահայ գրականության լեզվի խնդիրը։ Շատերը, այդ թվում և Կոստան Զարյանը, առաջարկում էին գրել արևելահայերեն՝ պատճառաբանելով, որ հայ քաղաքական կյանքի կենտրոնը տեղափոխվել է արևելյան Հայաստան։ Սակայն Չոպանյանը դեմ է կանգնում այս մտայնությանը՝ բացատրելով, որ նախ՝ արևմտահայերենը ու նրանով ստեղծված գրականությունը ազգային հարստություն են և ապա՝ պետք է գուրգուրել թրքահայերի բզկտված լեզուն և պահպանել «Ալիշաններու», «Պեշիկթաշլյաններու», «Թերզյաններու», «Զոհրապներու», «Չրաքյաններու», «Վարուժաններու», «Սիամանթոներու», «Զարգարյաններու» գեղակերտած բարբառն ու գրականությունը։ Իսկ երկու լեզուների միացման հնարավորությունը նա թողնում էր բնական հանգամանքներին ու բնական ճանապարհին։

Իր այս ծրագրերը սկսում է պրոպագանդել 1929թ․-ից վերսկսած «Անահիտ»-ի էջերում։ Կոչ անելով գաղթավայրերում շարունակելու և զարգացնելու հայ մշակույթը՝ Արշակ Չոպանյանը այդտեղ է տեսնում մեր ցեղի կոչումը։

Նրա խմբագրած ազգային, գրական-գեղարվեստական «Անահիտ» հանդեսը բացառիկ դեր է ունեցել հայ պատմամշակութային կյանքի տարեգրության մեջ։ 30 տարի շարունակ ասպարեզում լինելով՝ այն անփոխարինելի դեր է կատարել հայ մշակույթի, գրականության ու գեղարվեստի զարգացման գործում, մեծապես նպաստել հայ և եվրոպական ժողովուրդների գրական կապերի ամրապնդմանը, Հայ դատի պաշտպանությանը, արևմտահայ և արևելահայ, իսկ հետագայում Սփյուռքի ու Խորհրդային Հայաստանի հասարակական-մշակութային առնչությունների առաջընթացին ու զորացմանը և հայ պարբերական մամուլի հարուստ պատմության մեջ գրավել իր կայուն ու առաջնակարգ տեղը։

Չնայած 1911թ․ միջոցների պակասը և նյարդային հիվանդությունը ստիպեցին Չոպանյանին դադարեցնել «Անահիտ»-ի հրատարակությունը, որը հոգեկան մեծ ցավ պատճառեց նրան, բայց 1928թ․ նախապատրաստական աշխատանքներ տարավ՝ վերահրատարակելու «Անահիտ» հանդեսը։ Եվ 1929թ․ մայիսին հրատարակվեց «Անահիտ»-ի առաջին համարը։ Նրա էջերում արտացոլվեց նաև հայոց ընթացիկ գրական կյանքը՝ իր բոլոր էական ու բնութագրական կողմերով։

Պարոն Վաչագան Ավագյանը շեշտեց, որ Ա․Չոպանյանը միշտ էլ եղել է իր հետաքրքրությունների շրջանակում․ չէ՞ որ նա Եվրոպայում Հայ դատի առաջին նախաձեռնողն էր։ Մեր միջնադարյան քնարերգությունը /Նարեկացի, Քուչակ, Նաղաշ Հովնաթան․․․/ հենց Չոպանյանի միջոցով մատուցվեց Եվրոպային։

Այսօր նա իր գերագույն պարտքն է համարում՝ կոչով դիմել ՀՀ կառավարությանը՝ Չոպանյանի անունով դպրոց կամ որևէ փողոց անվանակոչելու համար։

Բեյրութի «Ծաղիկ» թերթի խմբագիր Յակոբ Տիւնեայանը, որ առցանց էր միացել գիտական նստաշրջանին, ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց տիկին Լուսինե Ղարախանյանին, որ ձեռնարկել է այդպիսի գեղեցիկ քայլ․ «Անկախության տարիներից ի վեր սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Ա․Չոպանյանը համաշխարհային գրականության մեջ տիտանական մեծություն է․ նա ոչ միայն երևույթ է։ Նրա միջոցով ու նրա շնորհիվ մեր ժողովուրդը ճանաչվեց ֆրանսիական գրականության մեջ։ Շատ ուրախ եմ, որ հայտնի հյուրեր եք ընդգրկել Ձեր այսօրվա գիտական նստաշրջանին․․․»։

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ա․գ․դ․, պրոֆեսոր Աննա Ասատրյանն անդրադարձավ «Արշակ Չոպանյանի և Հովհ․ Թումանյանի դերը Կոմիտասի ստեղծագործական կյանքում» թեմային։ Թումանյանն ու Կոմիտասը առաջին անգամ հանդիպել են 1905 թվականին։ Կոմիտասը Թումանյանին առաջարկել էր «Անուշ» օպերայի համար լիբրետո գրել, և Թումանյանը հրաժարվել էր՝ ասելով, թե ինքը պոեմն է գրել, թող լիբրետոն էլ նրանք գրեն։

1910թ․ , երբ Կոմիտասը մշտական բնակության վայր է մեկնում՝ Կ․Պոլիս, Թումանյանի հետ կապն ընդհատվում է, և այդպես էլ «Անուշ» օպերան Կոմիտասի մոտ չի ստացվում։ Իսկ Կոմիտասի ու Չոպանյանի շփումների մասին խոսուն վկա է դառնում նրանց նամականին։ Չոպանյանի ներդրումը կոմիտասագիտության մասին նրա հոդվածներն են «Անահիտ» հանդեսում։

Կոմիտասի մահից հետո նույն «Անահիտ» հանդեսում Ա․Չոպանյանը շատ կարևոր հետազոտություններ է արել։

Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանն էլ անդրադարձավ «Անահիտ»-ի էջերում զետեղված երկու նամակներին, որ Ա․ Չոպանյանը հղել է Հովհ․Թումանյանին։ Յուրաքանչյուր միջոցառման ավարտի մեզ միշտ մի նոր անակնկալ է մատուցվում․ թանգարանի աշխատակից, հմայիչ Մայտա Պոշկէզենյանը իր քաղցրաբառ մայրենիով՝ արևմտահայերենով, մեզ ներկայացավ Արշակ Չոպանյանի «Գեղօն ի պատիւ հայ լեզուին» և «Օրոր մայր Հայաստանին» ստեղծագործությունների ասմունքով։ Քաղցրածոր արևմտահայերենը ուղղակի հորդում էր նրա շուրթերից՝ երբեմն մեղմ, երբեմն՝ շռնդալից․ հիացած էինք։

Որպես մայրենիի նվիրյալ՝ ես վատ էի զգում, որ մինչև այժմ ծանոթ չէի հայոց լեզվի գովքը անող գրական այդ գոհարներին։ Ասմունքին զուգահեռ՝ էկրանին ցուցադրվեց մի նկար՝ Հայաստանի երկու հատվածները միավորող, «Մայր Հայաստան» անունով, որի հեղինակները Մայտան ու իր մայրն են։ Այն ստեղծել են Սիրիայի պատերազմի հետևանքով Մայր Հայրենիք գաղթելուց հետո։ Հատվածներ «Գեղօն ի պատիւ հայ լեզուին» ստեղծագործությունից․

Ինչպէս գետ մը անհուն, հինաւուրց լեռներու անմատոյց բարձունքներէն ծնած, և որ անհաշուելի ժամանակներէ ի վեր արեւուն տակ կը պտըտցնէ իր թարմ կեանքը մշտահոս ու երգեցիկ, դուն կը կվազես դարերուն մէջէն, ո՜վ գեղեցիկ ու քաղցր Լեզու Հայկական։ Քու ակունքդ կը կորսուի Անցեալին ալեւոր սարերուն մշուշին տակ խորհրդասքօղ։

Առասպելական ստուերներուն վեհութեան ծոցէն, ինչպէս կաղնի մը հաստաբերձ՝ քո նորացայտ ուղխինահոսմանդ վերեւ կանգուն՝ դեռ կը տեսնենք պայծառ դէմքը հսկայ դիցակերպ Հայկին, որ քու վրադ կաթեցուց Բռնութեան դէմ առաջին բազուկը բարձրացնող ըմբոստի իր նայուածքն առնական։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ո՜վ մեր Լեզուն, հայելի՜ մաքրութեան, գորովի և արութեան, դուն մեր հոգին ու մեր արիւնն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես։ Դուն ամենէն բարձր երեւոյթներէն մէկն ես տիեզերական Ուժին։

Որքան ատեն որ Կեանքը երկրիս վրայ տեւէ, դուն պիտի շարունակես յաղթականօրէն քու վեհանձն ու պայծառ գնացքդ Ժամանակին անծայր դաշտերուն մէջէն։

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ