ԱՊԱԳԱՆ ՀԱՐԹԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մասնակցում էինք հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան  152-ամյակին նվիրված գիտական նստաշրջանին, որ կազմակերպված էր Հրանտ Մաթևոսյան  թանգարան մշակութային կենտրոնում` Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ։

Առանցքում Արշակ Չոպանյան-Հովհաննես Թումանյան առնչություններն էին,  անձնական  նամակագրությունը երկու մշակութային գործիչների  միջև։

Չոպանյանը  ներկայացվում էր որպես մշակույթի դեսպան, թարգմանիչ,   գրաքննադատ, ազգային գործիչ…Երկու մեծերի` Չոպանյանի և Թումանյանի  դերակատարությունը մեծ էր նաև Կոմիտասի  կյանքում, որին նույնպես անդրադարձ եղավ։

Հետաքրքրությամբ լսեցինք գիտական նստաշրջանի բանախոսներին.

Վաչագան Ավագյան` Երևանի պետական համալսարանի բ.գ.թ դոցենտ։

Յակոբ Տիւնեայեան` Բեյրութի  <<Ծաղիկ>> թերթի խմբագիր (Բեյրութից տեսակապով)։

Աննա Ասատրյան` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն,  ա.գ.դ. պրոֆեսոր։

Լուսինե Ղարախանյան` Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Նստաշրջանի ամփոփիչ խոսքը դյութիչ արևմտահայերենով ամբողջացրեց  Մայտա  Պոշկեզէնեանը` Չոպանյանի բանաստեղծությունների հոգեցունց  ասմունքով` հայացքն այն նկարին, որն ասես ասեղնագործած լիներ իր մայրիկի  հրաշագործ  մատներով։

                    *****

Միջոցառումն ինձ հնարավորություն տվեց վերհիշելու Արշակ Չոպանյան մարդուն, որի մասին տեղեկացված էի դեռևս Արցախում դասավանդած տարիներիս։

Առիթ ունեցա նորից  <<քրքրելու>> նրա արխիվում պահպանված որոշ նամակներ,  նաև բանախոսների  խոսքով հարստացած`  շատ ավելի համոզվեցի, որ  Արշակ Չոպանյանը մեկն էր, ում կյանքն անցավ հայ ժողովրդի ապագան հարթեցնելու  ճանապարհով,   նա մեկն է, ում գործունեություն կարիք ունի հանրության մեջ լուսաբանման…

Հրաշալի էր բանախոսների խոսքը, որոնք  ներկայացրին Արշակ Չոպանյանի անցած ճանապարհը, նրա գիտական վաստակը,  վիթխարի ժառանգությունը,  որը նաև  բանաստեղծ էր, արձակագիր,  թարգմանիչ, լրագրող,  գրականագետ,  արվեստաբան… Նա մեկն էր, ով ազնվորեն նվիրվել է  հայրենիքին,  ով տարբեր ազգերի մոտ արժանապատվորեն ներկայացրել է հայկական մշակույթը, հայ ժողովրդին։

Եվ իզուր չէ, որ Չոպանյանի մասին ասում են. <<Նա մարդ էր, ով հոգնել  չգիտեր>>։

Արշակ  Չոպանյանը, ծնված լինելով  Կ. Պոլսում, այնտեղ նախնական կրթություն է ստացել,  աշխատակցել  տարբեր պարբերականների։ 1895-ին սկսել է  <<Ծաղիկ>> հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար, հետո ահաբեկված համիդյան բռնություններից՝   հազիվ փրկվել է, հաստատվել  Փարիզում, որտեղ էլ անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը:

Նա միշտ եղել է հայ ժողովրդի հետ, հայրենիքի ճակատագրով մտահոգ,   որին էլ նվիրել է իր ստեղծագործ կյանքը բազմաթիվ հրապարակումներով։ Եվրոպայում պաշտպանել է հայ ժողովրդի դատը տարբեր ուղղություններով։

Կոմիտաս վարդապետի նամակը  նաև  այդ մասին է վկայում, որ  Արշակ Չոպանյանը հայ ժողովրդին տեսնում էր օտար աշխարհի քաղաքակրթության մեջ։

<<Սիրելի Արշակ։ Արդէն հայ ազգը քեզ շա՛տ բան է պարտական. դո՜ւն էիր առաջինը, որ լաւ ըմբռնեցիր, թէ մեր ապագան հարթելու համար պետք էր, նախ մեզ օտարներին ծանօթացնել. ցոյց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսոյ որդեգիր ու կարապետ ենք խաւար վայրերում, շինարար ենք… Եթէ մեր մէջ տեւականութիւնն ու միութիւնը պակաս է եղած, պակասն այն է, որ ազատ շունչ չենք քաշել, նոյնիսկ մեր իբր-անկախութեան օրերումն իսկ` հալածուելով տգիտութենէն ու խաւարէն, աւերակէն ու աւարէն, սրէն ու հրէն… Բայց աննկուն բան ունենք մեր մէջ, մի անմար յոյս` դէպի ապագայ լուսոյ կանթեղը, որ հայ ժողովուրդը, իր թագաւորութիւնն ու իշխանութիւնը կորցնելէն յետոյ, տարել ու կախել է բազմաբեղուն ու երկնադէտ Արագածի գագաթը` երկնքի անտես առաստաղէն, անթել կապով, որ մարդիկ` խաւար ու աւարառու ձեռք տալ չը կարողանան եւ գոնէ նորա լուսոյ նշոյլը ցայտէ մեր վերայ եւ մեր ապագայ կեանքը երազենք>>:

Եվ ո՞րն է այն  <<աննկուն բանը>>, որ հիշեցնում է Կոմիտասը։  Դա անմար լույսն է, որ ունի հայ ժողովուրդը, որն  իր թագավորությունն ու իշխանությունը կորցնելուց հետո տարել, կախել է լույսի կանթեղը  Արագածի գագաթին, որ  այն, երկնքի անտես առաստաղից անթել կապված,  լույս սփռի վերևից,  և մեր ժողովուրդը  իր ապագա կյանքի մասին երազի։

Եվ որքան արդիական է այն հնչում,  որպես ուղեցույց` մեզ տանում դեպի  լույսը, որին շունչ էր տվել Ամենայն հայոց բանաստեղծն իր տողերով.

Կես գիշերին կանթեղը վառ

Կախ է ընկած երկընքից,

Լուսավորչի կանթեղն անմար

Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առանց պարան

Արագածի կատարին,

Ու սեղանից հսկայական

Լույս է տալիս աշխարհին:

Ահա Չոպանյանին ուղարկած Թումանյանի մի նամակից   հատված` գրված 1921 թ. հոկտեմբերի 6-ին, որով տեսանելի է դառնում երկրի ծանր վիճակն անցած դարասկզբին։  Դար առաջ գրված տողերն արդիական են դառնում,  երբ բազում արհավիրքներով ենք անցնում  մեր օրերում էլ։

<<Անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի վերջանա մեր դժբախտ խնդիրը իր ամբողջությամբ, որ կարողանանք անցնել մեր սիրած գործին – շինարարական գործի, կուլտուրական աշխատանքի, և Դուք էլ էդքան նուրբ ու ճաշակավոր մի գեղարվեստագետ՝ Ձեր գործին անցնեք:

Ես նոր եմ վերադարձել Երևանից։ Մեր երկիրը շատ է ավերվել վերջին տարիների ընդհարումներից: Ամեն անգամ, որ թուրքերն առաջ են անցել, աշխատել են հիմնովին փչացնել երկիրն ու ցեղը:

….Ավերումի վրա ավելացավ էս տարվան երաշտը մեր երկրում: Բայց պետք է վկայեմ, որ մեծ թափով ու մեծ անկեղծությամբ են մարդիկ աշխատում փրկել ժողովրդին ու վերաշինել երկիրը: Եվ անշուշտ պիտի հաջողեն, եթե արտաքին մի որևէ դժբախտ անակնկալ չխանգարի>>։

Հետաքրքիր էր, որ Չոպանյանի արխիվում պահպանվել են բազմաթիվ նամակներ, այդ թվում` արցախցի Տիրայր Տեր-Հովհաննիսյան արքեպիսկոպոսից։ Մի բացիկի վրա  նա Չոպանյանին գրում է, որ Ղարաբաղը նախկին Արցախն է, Սյունիքը՝ Սիսիանը։ Նաև անդրադառնում է Չոպանյանի «Ֆրիկ» գրականագիտական հոդվածին, որտեղ նա Ֆրիկի ծագման մասին խոսելով՝ նշում է Սյունիք տեղանունը։  Լինելով Ֆրիկի ստեղծագործությունների մեծ մասի բացահայտողը` Տիրայր-Տեր Հովհաննիսյանն իր գրականագիտական հետազոտություններում առաջ էր քաշել այն տեսակետը, որ Ֆրիկը ծագումով Արցախից է,  անգամ նշում էր արցախյան բարբառի բազմաթիվ բառեր` գործածված  Ֆրիկի ստեղծագործություններում։

Նորօրյա է դառնում Չոպանյանի <<Օրոր մը Հայաստանին>>, երբ  ողբի ու մահվան օրորի ժամանակներն անցել են, պիտի նոր օրոր երգեն հույսի և վրեժի։

Հերի՛ք, հերի՛ք… այդ օրորդ ողբ է մահու.

Հերի՛ք… մենք նոր օրոր ունինք երգելու,

Պիտի երգինք օրորն հույսին ու վրեժին,

Ու մեռելներն պիտի հողին տակ սարսին…

Հավատարիմ մնանք հայ մշակույթի մեծանուն գործչի պատգամին,  որքան էլ ավերեն, ցանկանան ոչնչացնել մեզ, որտեղ էլ լինենք,  ապագան հարթելու ճանապարհին  պահպանենք   լեզվի մաքրությունը, որ մեր զենք ու զրահն է, մեր գոյությունը։   <<Ո՜վ մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության,  դուն մեր հոգի  և արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես>>։

ՆԱՏԱՇԱ ՊՈՂՈՍՅԱՆ