Մի քանի օր առաջ հարևանուհիս ինձ հրավիրատոմս տվեց` ներկայանալու Հայաստանի կույրերի միավորման (ՀԿՄ) երաժշտական կոլեկտիվների համերգին, որի երգչախմբում նաև ինքն է ընդգրկված: Այն տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանում գտնվող ՀԿՄ Ս. Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում:
«Երաժշտական հարթակ» խորագրով համերգը, որ նվիրված էր Երաժշտության օրվան, անցավ լեփ-լեցուն դահլիճում: Ներկա էին տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ, հրավիրվածներ:
Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀԿՄ գործադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար Վրեժ Մանուկյանը, որը նշեց, որ համերգը հովանավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ինչը հնարավորություն է տվել երկար դադարից հետո կրկին հանդիպել:
ՀԿՄ երաժշտական կոլեկտիվներն իրենցից ներկայացնում են երգչախումբ և ժողգործիքների նվագախումբ: Շուրջ հիսուն տարվա պատմություն ունեն: Երկարամյա երաժիշտները երանությամբ են հիշում այն ժամանակները, երբ պետական հովանավորչություն ունեին, ստանում էին կայուն աշխատավարձ և համերգներով շրջագայել են Բուլղարիայում, Լիտվայում, Լատվիայում, Վրաստանում, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններում: Կոլեկտիվը միջազգային մրցույթների դափեկիր է, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր:
Իսկ ներկայում ստիպված են դիմել այս կամ այն կազմակերպությանը` համերգ կազմակերպելու համար: Անդամների մեծ մասը պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Համերգի առաջին մասում հանդես եկավ երգչախումբը (խմբավար` Կառլեն Ալեքսանյան), որը կատարեց Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Կարա Մուրզայի, Էդգար Հովհաննիսյանի սիրված խմբերգերը:
Երկրորդ մասում ելույթ ունեցավ ժողգործիքների նվագախումբը` կատարելով ժողովրդական, գուսանական, երգեր: Երբ հնչեցին պարեղանակներ` դահլիճում առավել համարձակները ելան պարելու: Առանց հուզմունքի հնարավոր չէր տեսնել բոլորովին չտեսնող կամ մասամբ տեսնող երգիչների կատարումները: Նրանց թվում էր նաև արցախցի սիրված երգիչ Մարատ Հարությունյանը: Նրա մատուցած «Ղարաբաղի հորովել»-ը ուղղակի տակնուվրա արեց մեր հոգիները: Նա երգեց նաև Ալ. Հեքիմյանի «Վարդ աղջիկ»-ը:
Մարատի հետ փոքրիկ զրույց ունեցանք: Հուրախություն բոլորիս նա աշխատանքի է անցել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, դասավանդում է արցախցի ուսանողներին:
Համերգից ստացած տպավորությունների տակ գիշերը համացանցում փնտրում էի այս երաժիշտների մասին լրացուցիչ տեղեկություններ և գտա գեղարվեստական ղեկավար Վրեժ Մանուկյանի ստեղծած և իր իսկ կատարմամբ «Խնապատի հերոսները» երգը տեսահոլովակով, որը գուցե ինձ նման շատ արցախցիների համար նորություն է: Շատ հուզիչ է:
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ