Գաղտնիք չէ, որ արցախցի մարզիկներն աչքի են ընկնում բարձր ոգով ու տարբեր մարզաձեւերում` հատկապես արեւելյան մարտարվեստներում իրենց լավագույնս դրսեւորելով: Խոսքը վերաբերում է ոչ միայն հայրենիքում, այլեւ երկրից դուրս տարբեր մրցահարթակներում արցախցի մարզիկների մեծ հաջողության հասնելուն: Անվանի մարզիկ Վարդգես ՄԱՆԱՍՅԱՆՆ է «Լուսարար»-ի մարզական էջի ուշադրության կենտրոնում:
Ծնվել է 1992թ. ապրիլի 25-ին Ստեփանակերտում: Ավարտել է մայրաքաղաքի 9-րդ դպրոցը, այնուհետեւ ընդունվել ԱրՊՀ նախնական զինվորական պատրաստության բաժինը: 2010-12թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայությունը ԱՀ ՊԲ շարքերում:
1997-98թթ. Վարդգեսը, ինչպես եւ իր հասակակիցներից շատերը հետաքրքրվեց արեւելյան մարտարվեստներով եւ սկսեց պարապմունքների հաճախել այն ժամանակ ուշու-քունգֆու մարտարվեստ սովորեցնող թերեւս միակ կառույցում` Հայ Սեւ Գոտիների Միությունում (Հ.Ս.Գ.Մ.): 6 տարեկանից ծանոթանալով ու յուրացնելով քունգֆուի հնարները` Վարդգեսը ստացավ նաեւ հայրենասիրական ու մարտական գաղափարներով լեցուն դաստիարակություն, ինչը Միության առաջնային նպատակն էր: Մարզումներն անց էր կացնում սփյուռքահայ մարզիչ Հարութ Բերբերյանը: Տարիներ անց, երբ արդեն Միության լավագույն մարզիկներն էին մարզչությամբ զբաղվում, Վարդգեսը շարունակեց մարզվել Սայաթ Բաղդասարյանի մոտ: Տաղանդավոր մարզիկն իրեն լավ էր դրսեւորում նաեւ սանդա ուշու մրցաձեւում եւ շուտով սկսեց մրցույթների մասնակցել:
Բազմիցս հռչակվել է Արցախի եւ Հայաստանի սանդա ուշուի չեմպիոն: Մարզական լավ տվյալների ու մարզաձեւին լավ տիրապետելու շնորհիվ դարձել է միջազգային մրցաշարերի, Կովկասի առաջնության, Եվրասիայի առաջնության չեմպիոն: Սիրելով մարտարվեստը` Վարդգես Մանասյանը շարունակել է անընդհատ մարզվել եւ մեծ հաջողության է հասել նաեւ մեծահասակների շրջանում: 2014 թ. հռչակվել է Եվրոպայի մեծահասակների քունգֆուի առաջնության չեմպիոն:
2014թ. Արցախի մարզական կյանքում իսկական ցնծություն էր. Վարդգես Մանասյանը Չինաստանում մասնակցել էր աշխարհի առաջնության եւ գերազանց հանդես գալով` դարձել աշխարհի չեմպիոն: Մարզական վերլուծաբաններից ոչ մեկը չէր կարող անտարբեր լինել այն փաստի հանդեպ, որ արցախցի մարզիկը ելույթ է ունեցել ուշուի հայրենիք Չինաստանում ու նրան հաջողվել է հաղթել ուժեղագույն մրցակիցների` հռչակվելով աշխարհի չեմպիոն: Անվիճելի է, որ արցախցի մարզիկները հանդես գալով արտասահմանյան մրցահարթակներում` միշտ տարբերվել են իրենց բարձր ոգով ու լավ պատրաստվածությամբ, ինչն էլ հարեւան ու թշնամի պետությունների կողմից հաճախ նախանձի տեղիք է տվել, իսկ շատ դեպքերում էլ արցախցի մարզիկները օրինակ ու ոգեւորության առիթ են հանդիսացել հաղթանակի ձգտող մյուս մարզիկների համար:
Վարդգես Մանասյանը շարունակել է մարզվել եւ կարողացել է հաղթողի տիտղոսը պահել նաեւ 2016-ին: Մինչ դա 2015թ. Չինաստանում մասնակցել էր քունգֆուի առաջնությանը եւ արժանացել երրորդ մրցանակային տեղի, իսկ 2016-ին ՌԴ-ում կայացած աշխարհի քունգֆուի առաջնությունում նվաճել է հաղթողի տիտղոսը, նույն ժամանակ մասնակցել սանդա ուշուի Եվրոպայի առաջնության եւ գրավել 2-րդ տեղ:
2018թ. Մոսկվայում մասնակցել է «Աստղերի» առաջնության` կրկին զբաղեցնելով 1-ին տեղը: Սակայն ստիպված էր եզրափակել մրցույթների մասնակցելը, քանի որ ձեռքի վնասվածք էր ստացել: Մինչդեռ եթե մրցումների մասնակցել այլեւս չէր կարող, ապա մարզչական գործունեությունը դարձավ նրա կյանքի ուղեկիցը: Նպատակասլաց, ուժեղ ու պարտաճանաչ մարզիկը սկսել էր մարզչական աշխատանքով զբաղվել 2016-ին: Նրա աշակերտներին նույնպես հաջողվել է լավ արդյունք ցույց տալ եւ ապացուցել, որ դժվարությունները հաղթահարելու համար են, ոչ թե դրանց առջեւ նահանջելու:
Ուշագրավ էր 2022թ. դեկտեմբերի սկզբին արցախցի մի խումբ մարզիկների ուշուի մրցման մեկնելն ու տուն վերադառնալու դժվարությունը: Ինդոնեզիայում կայացած սանդա ուշուի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցած Վարդգես Մանասյանի սանը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը, սակայն այդ օրերին փակվեց Հայաստան-Արցախ միակ ճանապարհը, որն էլ հանգեցրեց հետագա ողբերգական իրադարձություններին: Հայաստանում մնալու կամ վտանգավոր զարտուղի ճանապարհով տուն վերադառնալու տարբերակներից արցախցի մարզիկները նախընտրեցին երկրորդը, եւ բարեբախտաբար կարողացան տուն հասնել: Դրան հաջորդեցին շրջափակման պատճառով առաջացած դժվարությունները, մարզումների համար անբարենպաստ պայմանները, որոնք մեծամասամբ հաղթահարվում էին: Վարդգես Մանասյանն Արցախում ուներ շուրջ 50 սան, որոնց մարզում էր ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ Արցախի սահմանամերձ գյուղերում:
Արցախից բռնատեղահանվելուց հետո Վարդգես Մանասյանն այն եզակի մարզիչներից է, որը կարողացել է արագ համախմբել իր շուրջը մարզիկներին ու շարունակել մարզել: Թեեւ մարզումների համար Երեւանում գտնվող տարածքն այնքան էլ նպատակահարմար չէ (պարապում են նկուղային տարածքում), այնուամենայնիվ կարեւոր է, որ չեն դադարում մարզվել, ու դեռ ավելին` նրա սան Դավիթ Իսախանյանը (60 կգ ք.կ.) 2023թ. դեկտեմբերին Թուրքիայում մասնակցել է մեծահասակների միջեւ սանդա ուշուի Եվրոպայի առաջնությանը եւ արժանացել 3-րդ մրցանակային տեղի:
2024թ. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած սանդա ուշուի Եվրոպայի առաջնությունում արցախցի ուշուիստները, մասնակցելով ՀՀ ուշուի հավաքական կազմում, դարձել են չեմպիոններ: Հատկանշական է, որ մրցումի մեկնած չորս հոգանոց մարզիկակազմում երկուսը արցախցի ուժեղագույն մարզիկներն էին: Վարդգես Մանասյանի սան Դավիթ Իսախանյանը այս անգամ մասնակցել էր 56 կգ քաշային կարգում, իսկ ուժեղագույն մարզիկ Արսեն Բաղրյանը` 60 կգ քաշային կարգում:
«Արցախից տեղահանված մարզիկներին պետք է շատ ուշադրություն դարձնել: Մարզվելու համար պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն, ունենք մարզադահլիճի, գույքի խնդիր, սակայն մեր մարզիկները չեն դադարում պարապել: Այն, ինչին հասել ենք, կարողացել ենք ձեռք բերել մեր ուժերով: Եթե լիներ պետական աջակցություն կամ ցանկացող որեւէ անհատ կարողանար ինչ-որ չափով օգնել մեզ, այդ դեպքում ավելի հեշտ կլիներ մեր մարզիկների համար պահպանել իրենց մարզական բարձր տիտղոսները: Գաղտնիք չէ, որ արցախցի մարզիկները ուժեղագույնն են սանդա ուշու մարզաձեւում»,- ասել է սաների մարզական ճակատագրով մտահոգված Վարդգես Մանասյանը:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ