ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ  ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրինությունը 2023թ. սեպտեմբերին բռնի տեղահանությունից ի վեր անլուր ջանքեր է գործադրում դպրոցի գործունեությունը շարունակելու և այն պահպանելու ուղղությամբ: «Մենք` Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի վերաբացման նախաձեռնող խմբի անդամներս, փորձում ենք պահպանել մեր սիրելի կրթօջախը` հուսալով ու հավատալով, որ կկարողանանք բարի մարդկանց և իրավասու կազմակերպությունների օգնությամբ վերակազմակերպել դպրոցի աշխատանքը և շարունակել շուրջ ինը տասնամյակի պատմություն և բարի համբավ ունեցող կրթօջախի կենսագրությունը»,-այսպիսի հայտարարություն է տարածվել դպրոցի կողմից: Այդ նպատակին են ուղղված մինչև օրս դպրոցի կազմակերպած համերգները Երևանում, որոնցից վերջինը` հինգերորդը, տեղի ունեցավ հունիսի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:  

Համերգի ամսաթիվը պատահական չէր ընտրված. մեկ տարի առաջ այդ նույն օրը, շրջափակված Արցախում` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում  մոմերի և հեռախոսների լապտերների լույսի ներքո հոբելյանական համերգով նշվել է դպրոցի 85-ամյակը

Կոմիտասի անունը կրող դպրոցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում իր համերգը մեկնարկեց Կոմիտասյան մոտիվներով:

Համերգը վարող` լրագրող-դերասանուհի Շողեր Սարգսյանն իր խոսքը սկսեց մեկ տարի առաջ Ստեփանակերտում կայացած հոբելյանական համերգի նկարագրումով, որն անչափ հուզիչ էր.

«Օրվան երկար էին պատրաստվում և որքան ծանրանում էր կյանքը շրջափակման մեջ, այդքան ավելի ոգևորված ու համառ էին ուսուցիչներն ու սաները պայքարում համերգի կայացման համար: Թե ինչպիսի ահռելի ջանքերով էին դասերը կազմակերպվում շրջափակման մեջ` թողնում եմ ձեր երևակայությանը: Իսկ ահա համերգի օրը կցանկանայի ձեզ ներկայացնել որոշ մանրամասնություններով:

Հոբելյանական համերգը կայացավ մոմերի ու հեռախոսների լապտերների լույսի ներքո, ինչը ի սկզբանե նախատեսված չէր. համերգը հարմարեցրել էինք հովհարային անջատումների ժամանակացույցին: Բայց էլեկտրաէներգիայի անջատումներն այդ օրերին անկանխատեսելի ու անխուսափելի էին: Երբ հանկարծակի բեմն ու դահլիճը հայտնվեցին կատարյալ մթության մեջ, երգչախումբը շարունակեց երգել սահուն, առանց դադարի:

Չեմ կարող ասել, որ նույնքան սահուն էր իմ և իմ գործընկերոջ խոսքը, երբ մենք փորձում էինք փրկել իրավիճակը` առանց մեր տեքստերը, հանդիսատեսին և իրար տեսնելու: ժամանակ շահելու ջանքերն ապարդյուն էին: Պետք էր արագ որոշում. կամ համերգը չեղարկվում է, կամ…

Մեր հանդիսատեսին դժվար էր զարմացնել արտակարգ իրավիճակներով, բայց ո՛չ նրանք, ո՛չ էլ մենք պատրաստ չէինք հանձնվելու հանգամանքներին:

Ես կանգնած էի ետնաբեմում և զարմացած  նայում էի, թե ինչպես են այս երեխաներն ու պատանիները, սկսնակ երաժիշտներն ամեն մեկն իր մեջ ինքնուրույն որոշում կայացնում ընդունելու այս մարտահրավերը և  վստահ բարձրանում կատարյալ մութ բեմ: Եվ ամեն բեմ բարձրացողին հետևում էր նրա ընկերը` հեռախոսների լապտերներով լուսավորելու նոտաները: Լապտերն արագ էին անջատում, որ հեռախոսի մարտկոցը բոլորին հերիքի ու իրար ձեռքից բռնած, ետնաբեմի վարագույրները շոշափելով` միմյանց փոխարինում բեմում: Այդ օրը ես պատիվ ունեցա ականատեսը լինել արվեստի արարմանը և  մտածեցի` Աստվա՛ծ իմ, ոչինչ երբեք ու երբևէ չի կարող հաղթել այս սերնդին: Հանդիսատեսը հուզված էր և շնորհակալ` ոչ միայն գեղեցիկ կատարումների, այլև  առավել շատ բեմից փոխանցված ահռելի ուժի, ապրելու կամքի ու կյանքում ամենակարևորի մասին հիշեցման համար»:

Վերադառնալով օրվա համերգին` երիտասարդ հաղորդավարուհին մեր հայրենիքի հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունից հետո վստահություն ներարկեց հանդիսատեսին. երիտասարդները, որոնք  պետք է բեմ բարձրանային, միևնույն է, հաղթել են կյանքի ամենակարևոր մարտերից մեկը, քանզի չկա ուժ, որ ի զորու լինի խլելու նրանց հոգիներում արմատ ու ծիլ տված երաժշտությունը:

Ինչպես մեկ տարի առաջ, այդ օրն էլ բեմում երաժշտական դպրոցի բոլոր սերունդներն էին` ամենափոքրերից` երաժշտական իրենց առաջին քայլերն անողներից մինչև շրջանավարտներ, վարպետներ և ճանաչված երաժիշտներ:

Համերգի ծրագիրը հարուստ էր եվրոպական, ռուսական, հայկական դասական, ժողովրդական, ֆոլկլորային ստեղծագործություններով: Փոքրիկ և պատանի երաժիշտները տարբեր գործիքներով կատարեցին Շոպենի, Գրիգի, Պագանինիի, Գերշվինի, Չայկովսկու, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բաբաջանյանի և դասական ու ժամանակակից այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի մաս էին նաև արցախյան բարբառով և Արցախին նվիրված երգերը: Առանձին համար էր նվիրված հայազգի կոմպոզիտոր, ակորդեոնահար, մանկավարժ Էդուարդ Ղազարյանցին, որն ազգի նվիրյալ էր, Արցախյան ազատագրական պայքարի առաջամարտիկ: Հենց նա է ղեկավարել Ստեփանակերտի երաժշտական դպրոցը և երաժշտական ուսումնարանը երկրի համար ծանրագույն այդ ժամանակաշրջանում: Ղազարյանցը ապագա երաժիշտներին է ժառանգել նաև հայկական  երաժշտարվեստում իր ուրույն տեղն ունեցող ստեղծագործություններ, որոնցից մեկը ներկայացվեց համերգին:

Հանդիսատեսին անտարբեր չթողեց ոչ մի կատարում, իսկ դպրոցի դասատու Գոհար Ալեքսանյանի կատարմամբ «Ձոն Արցախին» երգը` ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Սարգսյանի նվագակցությամբ, մեր ապրումների, հույզերի, մեծագույն սիրո, նվիրումի, խիզախումի, մեր ուխտի ու երազանքների, մեր հույսերի ու կարոտի միահյուսումն է, որն այսօր ապրելու ու արարելու ուժ է տալիս:

86 տարվա պատմությունը դժվար է ամփոփել մեկ համերգով: Համերգի կազմակերպիչները փորձել էին տասնամյակների պատմությունը տեղավորել տասնյակ րոպեների մեջ: Դպրոցի տարեգրությանը նաև լույս սփռեց 85-ամյակին նվիրված ֆիլմը:

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մեծագույն առաքելությունը 1938 թվականին հիմնվելուց  առայսօր շարունակում է մնալ հայ ժողովրդի ազգային երաժշտության երախտավորների ստեղծագործական, կատարողական և գիտական ողջ ժառանգությունը փոխանցելը սերունդներին: Այսօր երաժշտության դասերը նաև մեկ ուրիշ կարևոր դեր են կատարում այս երեխաների կյանքում` թույլ չտալ վերջնականապես կտրվել արմատից, երբ կտրված ես քո հողից:

«Արցախը կորցնելուց հետո մենք կանգնած ենք արցախյան ողջ մշակույթը կորցնելու շեմին, վտանգված է մեր մշակութային կենտրոնների` այդ թվում երաժշտական դպրոցի գոյությունը»,- ներկայի մղձավանջային փորձությունների և դրանք հաղթահարելու հույսի մասին լավագույնս ներկայացնում է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը:

«Երբեմն ես ինքս դժվարանում եմ պատկերացնել մեր դպրոցի պես կառույցի լիարժեք աշխատանքը Արցախից կտրված, քանի որ արժեհամակարգի հիմքում Արցախում հայկական երաժշտական մշակույթի պահպանումն է: Այսօր դպրոցը շարունակում է իր շուրջը համախմբել տաղանդավոր պատանի երաժիշտների, սակայն դժվարանում եմ նկարագրել այն մեծագույն ջանքերը, որ այսօր մենք ներդնում ենք դպրոցի գոյությունը պահպանելու համար»:

Ուսուցիչները կամավոր հիմունքներով շարունակում են դասերը` հանրակրթական դպրոցներին խնդրելով տրամադրել մի քանի ժամով դասասենյակ ու երաժշտական գործիքներ: Աշակերտների մեծ մասը չի կարողացել Արցախից փրկել իրենց գործիքները, ուսուցիչների մեծ մասը չունի անգամ տարրական պայմաններ` տանը դասապրոցեսը կազմակերպելու համար: 

Այսօր երաժշտական դպրոցի գոնե մասնակի պահպանման համար դպրոցի տնօրինությունը բարի կամեցողների, կազմակերպությունների օգնությանն է դիմել: Համերգային  ծրագրերն էլ չէին կայանա, եթե չլիներ մեծահոգի ու ազգանվեր անձանց աջակցությունը: Զ. Բաբայանը խորին  երախտագիտություն է հայտնում բոլոր 5 համերգների կազմակերպման աջակիցներին` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին` ղեկավար Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցին` ի դեմս Էռնեստ Պիչիկյանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ողջ անձնակազմին` ի դեմս տնօրեն Գարեգին Սարգսյանի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ողջ անձնակազմին` ի դեմս Նիկոլայ Կոնստանդյանի:

Զ. Բաբայանը վստահ է, որ լավագույն երաժշտությունը և սերունդներին կրթելու առաքելությունը շարունակելու է համախմբել Կոմիտասի անվան դպրոցի բարեկամներին, և նրա 86 տարիների գեղեցիկ պատմությունը չի ավարտվի:

Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ դպրոցում գործում էին դաշնամուրի, լարային, փողային, հարվածային, ժողգործիքների, երգեցողության բաժինները, դպրոցն ուներ 386 աշակերտ, բավարար շենքային պայմաններ, 93 բարձրակարգ, իրենց գործին նվիրված մասնագետներ, որակյալ գործիքներ: Այսօր նրանց առաջնահերթ երազանքն է` ունենալ իրենց տարածքը և վերագործարկել դպրոցը: Տնօրեն Զարինե Բաբայանը, չնայած ծանր վշտին (որդին զոհվել է բենզինի պայթյունի ժամանակ), իր մեջ ուժ է գտնում պայքարելու դպրոցի գոյատևման համար: «Ես ինձ չեմ ների, եթե չհասնեմ այդ նպատակին»,-ասում է նա և ավելացնում, որ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը վերաբացվի Մայր հայրենիքում:

«ԼՈՒՍԱՐԱՐ»Հ.գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ համացանցում կարդացինք երկար սպասված հայտարարությունը. «Աստծո կամոք և սրտացավ մարդկանց շնորհիվ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցն իր դռներն է բացում Մայր հայրենիքում: Դպրոցը կատարում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն: Դիմումներն ընդունվում են հուլիսի 1-ից»: