ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ԲՈԼՈՐԵԼ ԵՆ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԸ

«…յարևմտից Սրկղօնից լերանց, կայ ամայի Պաշքէնտ`  ունենալով ի հարաւոյ նույնպէս ամայի և աւերակ բերդ համանուն` ի միջոցի կրկին ոստոց լերանց …բլուրն այն մեծամեծ վիմօք պատեալ և ամրացեալ` այժմեան աւերակն է Պաշքէնտ բերդի և նոյն դարձեալ Բոլորաբերդ կոչեցեալ երբեմն..»:

Ղևոնդ Ալիշան. «Սիսական», Վենետիկ, 1986 թ., էջ 130

12-րդ դարավերջին հայ իշխաններ Զաքարե Բ ամիրսպասալարը և Իվանե Ա աթաբեկ Զաքարյանները գլխավորում էին հայ-վրացական միացյալ ուժերը թուրք-սելջուկներից մեր երկիրն ազատագրելու պատերազմներում: Նրանց հաջողվեց հաղթել թշնամուն, և Սյունիքը տրվեց Օրբելյաններին: Ներքին Խաչենում էլ հայ իշխանները, ոգևորված Զաքարյանների հաղթանակով, ոտքի ելան և ազատագրեցին իրենց հայրենիքը:  Արցախի Առանշահիկ նախարարական տոհմի հետնորդներից Վասակ Խաղբակյանը և նրա 3 որդիները` Պապաքը, Մկդեմն ու Պռոշը, որոնք նույնպես մասնակցում էին սելջուկներից հայրենիքն ազատագրելու կռիվներին, աչքի ընկել իրենց խիզախությամբ, Զաքարյանների կողմից որպես «արեանգինք», 1201-1203 թվականներին ժառանգական տիրակալության իրավունքով նոր տարածքներ ստացան Գառնիի կողմերում ու Վայոց Ձորում: Վասակը նշանակվում է կուսակալ` «ի Գառնոյ մինչև ի Բարգուշատ»: Այս մասին հիշատակում է մատենագիր, պատմիչ, մանկավարժ, վարքագիր, բանաստեղծ, երգահան Մխիթար Այրիվանեցին (1224-1290. թաղված է Այրիվանքում` իր ճգնարան-քարայրի շեմին): Ամրանալով Վայոց Ձորում` Խաղբակյաններն սկսում են տարածքի շեները բարեկարգել, պաշտպանական ամրություններ կառուցել: Վայոց Ձորի Եղեգնաձորի տարածաշրջանի ներկայիս Վերնաշեն գյուղը` պատմական Սրկղունքը, դարձնում են իշխանական նստավայր, չնայած տարածքներ ունեին նաև հայոց տարբեր նահանգներում: 1223թ. Վասակին փոխարինել է կրտսեր որդին` Պռոշը, որի մասին մատենագրության մեջ հիշատակվում է`   արի ու հմուտ զորավար, պետական ու ռազմական ականավոր գործիչ: Պռոշը 61 տարի, մինչև 1284թ. վարել է Զաքարյանների բանակի սպարապետի պաշտոնը: 1228-ին նա ջարդել է Ջալալ-Էդ-Դինի խորեզմյան հրոսակներին և ազատագրել Դվինը, իսկ մոնղոլների օրոք բազմաթիվ արիություններ է գործել, որի համար գովերգվել է XIII դարի բանաստեղծ Խաչատուր Կեչառեցու տաղերում: Պռոշի անունով իշխանական այդ տունը հետագայում կոչվել է Պռոշյան: Խաղբակյաններ-Պռոշյանների  հովանավորությամբ հիմնվել ու կառուցվել են նաև վանքեր ու եկեղեցիներ, որոնցից արժանահիշատակ է Գեղարդի վանական համալիրը: Արդեն Մեծ իշխան` Պռոշը, դաշնակցելով մոնղոլ զորավար Բաչու խանի հետ, միասին 1258թ. փետրվարի 1-ին գնացել են Բաղդադի վերջին խալիֆ Մուստաֆայի մոտ` պահանջելով նրանից հանձնվել առանց կռվի: Հետագա երկու տարին Պռոշ իշխանը մասնակցել է Տիգրանակերտ բերդաքաղաքի պաշարմանը և հաղթել: Մատուցած մարտական ծառայությունների համար մոնղոլները Պռոշ իշխանին նվիրել են հողեր, ստրուկներ և փող: Բացի դրանից, նա մասնակի ազատվել է հարկեր վճարելուց: Եվ այս հզոր իշխանը նաև զբաղված էր երկիրը շենացնելու գործերով;

Ոչ մեծ ու կոպտատաշ բազալտաքարերից առավելապես հորիզոնական ուղղությամբ տեղադրված ուղղանկյուն քարերից, կրաշաղախի միջնաշերտով կառուցված պարիսպները, 5 հզոր աշտարակները պահպանվել են հիմնականում: Ամրոցի հիմնական մուտքը եղել է արևմտյան կողմից. պահպանվել է սրբատաշ բազալտից կամարը, նշմարվում է պատմական ճանապարհի հետքը: Լեռան գագաթը, որի վրա է ամրոցը, պատված է յոթանիստ անկյուն ունեցող պարիսպներով: Հարավ-արևելյան կողմի անկյունն 90 աստիճան է և միակը, որն ամրացված չէ բուրգով: Հնարավոր է` բուրգը ժամանակի ընթացքում քանդվել է: Այս հատվածում` պարիսպներից ցած ժայռեր են, որ նաև եղել են պատվար, և որոնց վրա հսկել են Պռոշ իշխանի քաջարի զինվորները: Պահպանված ամրոցապատերի ընդհանուր երկարությունը մոտ 120 մետր է: Պարսպապատերի փակ օղակից դուրս հյուսիսարևելյան կողմում կա առանձին ոչ բարձր պարսպաշար` մոտ 10 մ երկարությամբ: Իսկ հյուսիսային մասում կառուցվել է պարսպի առանձին կանգնած մի գոտի, որի մնացորդները պահպանվել են մոտ 13 մ երկարությամբ և 2,5-3 մ բարձրությամբ: Լեռան բարձունքից ողջ տարածքն ափի մեջ է: Հարթությունում փռված է Եղեգնաձոր քաղաքը` Վայոց Ձորի մարզկենտրոնը: Հեռվում նաև Մասիսներն են երևում: Ամրոցի հյուսիսարևելյան կողմում` ծովի մակերևույթից մոտ 3000մ բարձրությամբ Ղազմա կոչվող (կանանց գլխազարդ) սարի ստորոտում, բնակատեղի է պահպանվել. երևում են տների ավերակներ: Ամառային եղանակներին ընդհանրապես դժվար է հնավայրում աշխատելը: Առատ բուսականությունը խանգարում է. ծածկված են ամրոցի ներսի դարավոր շինությունների հիմքերն ու պատերը: Բայց զգացվում է, որ պարիսպներից ներս ժամանակին բազում շինություններ են եղել, որոնց շարքում նաև ջրամբարներ կան: Նման դիրքերում գտնվող ամրոցներում առավել կարևոր է առատ ջուր ունենալը: Լեռան գագաթին նույնպես մեծ-մեծ ժայռաբեկորներ կան, որոնք ժամանակին օգտագործվել են նաև որպես շինաքար, և պարսպի քարերն այդ ժայռաբեկորներից են կտրել միջնադարի հմուտ վարպետները:

 Իջնում եմ ցած ու անցնում ամրոցի պարիսպների տակով: Հիմնական մուտքի ձախակողմյան պարիսպների արտաքին քարերը թափվել են: Հարավային պարիսպները լավ են պահպանվել: Երևում է` այս կողմում նույնպես ամրոցը մուտք է ունեցել: Կանգուն են նաև բուրգ-աշտարակները, որոնց վրա նույնպես ժամանակին Պռոշ իշխանի զինվորներն էին հսկում ու հարկ եղած ժամանակ դիմակայում թշնամուն: Արևելյան հատվածի պարիսպներն ամբողջովին տեղում են. պարզապես կարելի է հիանալ մեր նախնիների վարպետությամբ: Բուրգ-աշտարակների որոշ հատվածներ քանդված են, բայց դրանք իրենց տեղում են ու ամուր: Պարիսպների վերին հատվածի քարերը կարմրավուն են, որ առավել են գեղեցիկ դարձնում ճարտարապետական հորինվածքը: Բոլորաբերդի մասին Քաջբերունին գրել է. «Գագաթը երեք կողմից ժայռապատ է. իսկ հյուսիսից ունի կրապատ պարիսպ: Այս կողմում պարիսպները երկուսն են. ստորին և վերին: Վերջինը կրապատ քարաշեն է, մի քանի տեղ քանդված: Բերդի գագաթի հարթությունը մեծ չէ, մոտավորապես 50 մ տրամագիծ ունի: Բերդի ներսում եղել են 40-50 կրաշաղախ սենյակներ, ջրավազան և հորեր»: («Արարատ» հանդես, թիվ 1, էջ` 96): Հյուսիսային պարսպի մի հատված նույնպես քանդվել է: Ժամանակի ընթացքում Ամրոցի ներսի շատ շինություններ հողի տակ են անցել, երևում են կիսով չափ: Տեղ-տեղ նաև հորեր ու այլ փոսորակներ կան պարիսպներից ներս:

Լևոն Մկրտչյանը դրոնով նկարահանումներ է կատարում: Վերջացնելուց հետո իջնում է ցած, միասին ուսումնասիրում ենք ներքին պարիսպները, որոնք նույնպես հիմնականների ոճով են կառուցված: Տարածքում ավելի հին շրջանի կառույցներ չեն երևում: Հյուսիս-արևելքից ամրոց, հնարավոր է, նույնպես ճանապարհ է բարձրացել. հետքերն զգացվում են: Վերջացնելով նկարահանումները, ուսումնասիրությունը` իջնում ենք ցած և շարժվում Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որը գտնվում է  Բոլորաբերդի արևմտյան կողմում` մոտ 1,5 կմ հեռավորության վրա: Փոքր վանական համալիրը կառուցվել է ժամանակի նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի (մահացել է 1333թ.) նախագծով: Վանքի միակ եկեղեցին ունի գավիթ ու զանգակատուն: Պահպանվել են նաև վանքը շրջապատող պարսպի հիմքերը: Եկեղեցին ունի գմբեթավոր հորինվածք: Ավագ Խորանի 2 կողմում կան ավանդատներ: Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների` վանքը հիմնադրել է Պռոշի որդին` Էաչի իշխանը, ով ամուսնացել է Էլիկում Օրբելյանի դուստր Մամախաթունի հետ: Այս ամուսնությամբ միավորվել են Սյունիքի երկու խոշոր իշխանական տոհմերը: Էաչին մահացել է 1318 թվականին, և վանքի շինարարությունը 1321-ին ավարտել է նրա Ամիր Հասան անունով որդին: 1338թ. Գլաձորի համալսարանի գործունեության դադարից հետո Սպիտակավոր վանքը դառնում է Պռոշյանների կրթամշակութային կենտրոնը, որտեղ նաև ձեռագրեր են ընդօրինակվել: Օրբելյանները 1339թ. վանքին նվիրաբերել են ընդարձակ այգիներ: Վանքի եկեղեցու մուտքն արևմտյան կողմից է: Ներսի կողմում` մուտքից վերև,  պահպանված է մի բարձրաքանդակ. երկու հոգի պահում են եկեղեցու փոքր կրկնօրինակը: Ենթադրվում է` հայր և որդի Պռոշյաններն են:

Ինչպես Հայոց շատ վանական համալիրներ, այնպես էլ  Սպիտակավոր Սբ. Աստվածածինը թալանվել, ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ: Ավելի ուշ, դիմակայել է 15-րդ դարի թուրքմենական ցեղերի ասպատակություններին: 1987թ. Սպիտակավոր վանքում ամփոփվել է Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը: Դրանից հետո ամեն տարի հունիսի 17-ին, այլ օրեր, հատկապես` ապրիլի 24-ին, ուխտագնացություն է տեղի ունենում դեպի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցի:

Օրվա ընթացքում այցելեցինք նաև Եղեգնաձորի տարածաշրջանի Հորս գյուղ, որտեղ է գտնվում իշխան Չեսար Օրբելյանի պալատի ավերակը: Այստեղ և կից եկեղեցու տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը, պ.գ.թ. Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ, պեղումներ ու հնագիտական այլ աշխատանքներ էին կատարում: Հողաշերտից մաքրվել են 14-րդ դարի պալատի և հարակից եկեղեցու ավերակները: Սրբատաշ քարից ու կրաշաղախով կառուցված իշխանական ապարանքը  բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա: Հողաշերտի տակից բացվել են նաև սյուների խարիսխները, այլ բեկորներ: Ավերակ մատուռ-եկեղեցու պեղումներից հայտնաբերվել է արձանագրություն: 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ