Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարանում ենք։ Արտաքին և ներքին տեսքից հիացած եմ, երբ ներսի աջ ու ձախ կողմերում մեզ <<ողջունում են>> դասական երկու մեծերը, լոռեցիներ Հովհաննես Թումանյանն ու Հրանտ Մաթևոսյանը։
Շնորհակալական զգացումով էի լցված մտերիմ անձնավորության` Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանի հանդեպ, ում տեսնելու առիթն էր նաև ինձ տարել <<Զապել Եսայան-Հովհաննես Թումանյան…>> միջոցառմանը։
Անակնկալը մեծ էր, երբ թանգարանում հանդիպեցի արցախցիների` <<Լուսարար>> թերթի խմբագիր Սվետլանա Խաչատրյանին, Արցախի վաստակաշատ մանկավարժ Սուրայա Ղազարյանին, ֆբ ընկեր Ռուզաննա Խաչատրյանին։
Թերևս ողջունելի էր, որ Արցախի ԿԳՄՍ պաշտոնաթերթը շարունակում է լույս սփռել մեր շուրջը մայր երկրում բարեգործական նախաձեռնությամբ։
Եսայան կին գրողի մասին խոսել, նշանակում է վերհիշել նրա հայտնի խոսքերը, որ միշտ ինձ հետ են, ինձ ուղեկից։
<<Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը>>։
Այն պատկերացումն էր, որ գնում էի երախտիքով լցված խոսքս հնչեցնելու արևմտահայ գրողին` այդ խոսքերի, այն նվիրական գաղափարների համար, որին զոհ գնաց նա։ Փրկված լինելով Հայոց ցեղասպանությունից` նա դարձավ ստալինյան անձի պաշտամունքի զոհը, ըստ որոշ աղբյուրների` իր մահկանացուն կնքելով Բաքվի բանտում։
Հիշողությանս մեջ տարիներ առաջվա իմ աշակերտուհին էր` Տաթևիկ Ղահրամանյանը, ով Արցախում մասնակցել էր Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված շարադրությունների մրցույթին։ Թեման Զապել Եսայանն էր, առանցքում` նրա <<Սիլիհտարի պարտեզները>>, ըստ որի` պետք է զուգահեռներ անցկացվեր մեր օրերի և Օսմանյան Թուրքիայի` իրավունքները խախտված հայերի միջև։
Աշակերտուհիս առաջին կարգի մրցանակի արժանացավ, պարգևատրվեց պատվոգրով և հուշանվերով։ Հետաքրքիրն ինձ մատուցած անակնկալն էր Տաթևիկի կողմից։ Նա ինձ նվիրեց այն հուշանվերը, որտեղ Զապել Եսայանի դիմապատկերն էր` կնոջ մասին շարված հայտնի տողերով։ Չցանկացա վերցնել, առավել ևս, երբ ասաց` գրողի թոռն է նվիրել, ով Ստեփանակերտում մասնակցում էր մրցանակաբաշխությանը։ Բայց ընդունեցի այդ հուշանվերը, երբ ասաց. <<Տիկի’ն Պողոսյան, կնոջ մասին գրած այս տողերը համահունչ են Ձեր կերպարին, Դուք էլ ըմբոստ եք, պայքարող… Հարմար եմ գտնում այն նվիրել Ձեզ>>։
Կորցրած հայրենիքի, իմ հեղինակած գրքերի և շատ արժեքների կողքին Մարտակերտի իմ բնակարանում մնաց նաև այդ հուշանվերը, երբ անցած տարվա սեպտեմբերի 20-ին հրետակոծության տակ դուրս եկանք հայրենի քաղաքից` առանց գիտակցելու, որ վերադարձ չկա։ Ափսոսանքս մեծ է նաև այդ նվերի կորստյան համար, որի մասին հուզված շարեցի տողերս, երբ Եսայան֊ Թումանյան առնչության ու նամակագրության կապը իմ մտածումներում արդիականացավ, ու նոր օրերի լույսի տակ Արցախի կորուստն աղաղակեց արյանս երակներում։
Թանգարանից դուրս նայեցի երկնքին` թումանյանական խոսքերը հիշելով. <<Երկնքին էլ նայեցեք: Եվ հաճախ նայեցեք երկնքին: Ձեր հոգին կմեծանա, ձեր սիրտը կազնվանա և ձեր հայացքը կխորանա ու կլայնանա…>>։
Հայոց մայրաքաղաքում էի, բայց մտքերով Արցախում, ինչպես Զապել Եսայան գրողը, ով հայրենին կորցնելուց հետո իր կյանքը ապրեց Սիլիհտարի պարտեզների հիշատակով։
<<Իմ կեանքի ընթացքին տեսած եմ շատ երկիրներ եւ վայելած եմ բնութեան բազմատեսակ գեղեցկութիւններ, բայց Սիլիհտարի պարտէզներու յիշատակը մնացած է անջնջելի։ Ինձ հետ տարեր եմ ամենուրեք այդ պարտէզները եւ անոնց մէջ ապաստաներ եմ ամէն անգամ, երբ մութ եւ սպառնական ամպեր կուտակուեր են իմ կեանքիս հորիզոնին վրայ>>։
Ն. ՊՈՂՈՍՅԱՆ