Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար:
Կինը եկած է իր խելքը, մտային,
բարոյական և ֆիզիքական յատկությունները զարգացնելու համար:
Զապել Եսայան
Իր ժամանակի գրաքննադատների կողմից ֆեմինիստ անվանված հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանը իրականում մտահոգված է եղել սոցիալական անարդարությամբ, այդ թվում` գործադրված նաև կանանց նկատմամբ:
Զապել Եսայանը ամերիկյան Refinery 29 կայքի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաանվախ կանանցից մեկը: «Եսայանը կատարյալ օրինակ է կնոջ, որն ապրել է այն ժամանակներում, երբ շատ վտանգավոր էր ցուցադրել սեփական խելքը և ուժը»,- գրել է պարբերականը:
«Մեծերի հետ առնչվելը ավելի է մեծացնում ու զորացնում մեր հոգիները… Զապել Եսայան մեծությունը ոչ մի բնագավառում երբեք միջակ չեղավ: Հոգով ու մտքով քաջ այդ կինը համարձակորեն բռնեց արդարության տուտը ու տարավ իր հետ առանց վարանելու»,- այս խոսքերով է հերթական միջոցառման սկիզբն ազդարարում Հովհաննես Թումանյանի թանգարանի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը:
Այս օջախը դարձել է մեծերի հետ շփման ջերմ մի միջավայր, որտեղ մարդ մոռանում է առօրյա հոգսերը (մանավանդ մենք` արցախցիներս) ու ապրում է մեծերի կողքին մեծերի նման:
Հերթական միջոցառումը նվիրված էր երկու հայ մեծությունների` Հովհ. Թումանյանի և աշխարհին հայտնի խիզախ կնոջ մարմնացում Զապել Եսայանի առնչություններին ու նամակագրական կապերին: Չնայած այդ նամակները շատ չեն, այնուամենայնիվ, նրանց միավորում է այն հանգամանքը, որ այդ երկու մեծությունների կյանքի գիտակցական շրջանի զգալի մասը նվիրված է եղել մեր ժողովրդի դառը ճակատագրի ու ազգային տառապանքների` աշխարհին հաղորդակից դարձնելու բարդ ու դժվարին առաքելությանը: Երկուսն էլ իրենց հոգում կրել են այդ դառը ճակատագիրն ու տառապանքները և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես, բայց մնացել են միշտ իրենց անհաս բարձունքին` հպարտորեն տանելով բոլոր դժվարությունները:
Զ.Եսայանի և Հովհ. Թումանյանի կյանքի հերոսական ու ողբերգական էջերը լուսաբանելու պատիվը տրված էր ԵՊՀ-ի ասպիրանտ Անի Օհանյանին, որը հանգամանորեն ներկայացրեց, թե ինչ անլուր տառապանքների միջով են անցել երկու գրողները` ազգանպաստ իրենց գործունեությունը ծավալելու ճանապարհին:
Երբեմն-երբեմն Անիի հաճելի խոսքն ընդհատվում էր թանգարանի կամարների տակ թևածող արևմտահայերենի քաղցրահունչ ելևէջներով, որը ներկայացնում էր Թումանյանի թանգարանի աշխատակցուհի, Հալեպից գաղթած Մայտա Պոշկէզենյանը: Հնչեցին Զ. Եսայանի` 17 տարեկանում գրած առաջին բանաստեղծությունը` «Երգ առ գիշեր»-ը, և հատվածներ «Հոգիս աքսորյալ» վիպակից:
Եկու՛ր, ով գիշեր. եկու՛ր քու սև քղանցքներովդ աշխարհը ծածկէ,
Քու զովությանդ մէջ մարէ՛ վերջալույսին յետին շունչը,
Ծածկէ աշխարհը քու դամբանական մութիդ մէջ:
Իր ողջ հմայքով արևմտահայերենը ծորում էր Մայտայի շուրթերից ու խորը թափանցում մեր հոգիները:
Իր ապրած ժամանակի դաժան իրականությունը ափեափ էր նետում խիզախ ու համարձակ Զապել Եսայանին. ամեն կերպ փորձում էր սատար լինել տառապյալ հայ ժողովրդին:
Նա միակ կինն էր, որ 1915թ. հայտնվում է թուրքերի «սև ցուցակում»: Կ.Պոլսի հյուրանոց ժամանած թուրքերին, որոնք եկել էին իր ետևից, և ինքն էլ նոր էր դուրս եկել իր համարից, նրանց հարցին, թե` Զապել Եսայանը դու՞ ես.
-Չէ, Զապելը ներսում է,- հանգիստ պատասխանել է նա ու անշտապ հեռացել:
Թուրքի ու հետո նաև հույնի անվան տակ թաքնվելով` նա հայտնվում է Թիֆլիսում` Թումանյանի տանը (սա նրանց առաջին հանդիպումն էր), որը ջերմորեն է հյուրընկալում Զապելին:
Այստեղ նա ամեն կերպ օգնում էր հայ փախստականներին ու գրի առնում նրանց վկայությունները Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունների մասին: Փարիզում բազմաթիվ պարբերականներում տարբեր լեզուներով հրապարակել է բազմաթիվ աշխատանքներ Հայոց ցեղասպանության մասին: Երկար տարիներ եղել է ՀՕԿ-ի փարիզյան մասնաճյուղի անդամ, զբաղվել է հայ գաղթականներին և որբերին աջակցելու հարցերով:
Փարիզյան մտավորականության շրջանում ճանաչված լինելու և ֆրանսերենին կատարելապես տիրապետելու շնորհիվ 1919-1920թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել Փարիզի խաղաղության խորհրդաժողովին` որպես ՀՀ պատվիրակության խորհրդական ու թարգմանիչ:
Զապելի ուսերին է ծանրացած եղել Ցեղասպանության վավերագրության, որբերի խնամքի, Եվրոպայում հայ գրականության տարածման ու հանրահռչակման գործը: Փարիզում հավաքել ու տղամարդու կեղծանվան տակ հրապարակել է Ցեղասպանությունից փրկվածների պատմությունները` շարունակելով սարսափելի իրադարձությունների վավերագրման իր առաքելությունը:
1916թ. «Հայկական վերջին հալածանքները Կ.Պոլսո մեջ» վերնագրով Թիֆլիսի ժողովարանի դահլիճում դասախոսություն է կարդացել Զ.Եսայանը, որը նախագահում էր Հովհ. Թումանյանը: Որոշակի գումար է հա-վաքվել գրական գործիչների համար (շատ չնչին), որը հավասարապես բաշխվել է նրանց միջև: Իսկ երբ գրեց «Վերջին բաժակը» ստեղծագործությունը, Թումանյանը բարձր գնահատականի արժանացրեց: Կենսախինդ Թումանյանը երբեմն օրերով խորը թախծում էր, ժպիտը` չքանում դեմքից: Այս ամենը հայտնի էր Զապելին:
Երբ Թումանյանը Մետեխի բանտում էր, նամակներից մեկում գրում է. «Էսպես է եղել աշխարհիս բանը` լավությունն էլ է պատժվում, էն էլ ավելի շատ…»: Իսկ 1915թ. հուլիսի 23-ին, երբ հիվանդ ու հյուծված նստած էր Թիֆլիսի իր ամառանոցում, և վրա է հասնում Վանը թշնամուն հանձնվելու բոթը, ծովածավալ գաղթականությունն էլ բռնել էր Իգդիրի և Էջմիածնի ճանապարհը, Թումանյանը գրում է «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը. ո՞վ կարող էր 1915թ. ասել` իմ նո՜ր հայրենիք, հզո՜ր հայրենիք: Այդ տարիներին բոլորի շուրթերից միայն անեծք էր հնչում, իսկ Թումանյանն ասում էր.
Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով:
Հուլիսի 30-ին նա իր դստեր` Նվարդի հետ Էջմիածնում էր: Նրա հաստատուն ջանքերի շնորհիվ բացվում է 5 հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` 3000 երեխայի համար: Այդ փոքրիկ, բախտահալած որբերի պաշտպանն ու գուրգուրողն է եղել, որի համար նրանց կողմից անվանվել է «մեծ բանաստեղծ հայրիկ»:
Լեոն գրել է. «Հովհ. Թումանյանն այդ դժոխքի մեջ է գործում, բարեբախտաբար չի գժվում»:
Զապել Եսայանին գրած նամակում ասվում է, որ չի գժվում, բայց ահա թե ինչ օրն է ընկնում. «…մի ծանր թախիծ ճնշում է սիրտս շարունակ: Շատ բան է խորտակվել ինձ համար աշխարհում, և աշխարհքը շատ ցավերով է լցված արդեն: Շատ բան կա, որ էլ չեմ սիրում, բաներ էլ կան, որ սիրում եմ, բայց տեսնել չեմ կարող: Օրինակ` էն օրվանից հետո, որ տեսա մորս` սպանված եղբորս դիակի վրա, և մյուս սպանված եղբորս էլ թաքցրեցինք, որ նա չիմանա, այլևս չեմ կարողանում տեսնել նրան – իմ մորը»:
Թումանյանն ապրեց ոչ այնպես, ինչպես կուզենար, այլ այնպես, ինչպես թելադրում էր իր ժողովրդի ճակատագիրը, անում ամեն ինչ, որ կարող էր` առանց իր կարողությունների սահմանն իմանալու:
Զ. Եսայանի երկրորդ նամակը` ուղղված Թումանյանին, թվագրված է` 1921թ. Պոլիս, երբ գրողը ՀՕՄ-ի նախագահն էր: Հովսեփ Միրզոյանին հղած նամակում Թումանյանը Զ. Եսայանի մասին գրում է, որ նա (Զ. Եսայանը) շատ է մտահոգված հայ գաղթականների ճակատագրով:
Շատ հոգատար էր Ամենայն հայոց բանաստեղծը Զապելի հանդեպ մանավանդ այն ժամանակ, երբ իմանում է, որ նա թոքերի հիվանդություն ունի: Թումանյանը Բորժոմիում բուժվելու համար նրա համար համար է վարձում, չնայած Զապելը նախընտրում է ուրիշ վայր մեկնել:
Մի այլ նամակում (1921թ.) Թումանյանը Զ. Եսայանին գրում է. «Մեծ ցավով կարդացի Ձեր նամակը: Շատ ու շատ եմ փափագում տեսնելու Ձեզ լավ օրերի և լավ պայմանների մեջ, որին էնքան արժանի եք Դուք: Երանի թե շուտով կարգի գան մեր դժբախտ երկրի գործերը, և, կարծում եմ, Ձեզ համար էլ միայն մեր երկրում պիտի ապահով անկյուն գտնվի: Ցավում եմ, որ չեմ կարող այժմ ևեթ ասել- թե եկեք: Տակավին խառնակ դրություն է: Բայց Դուք լսած եք, անշուշտ, թե ինչքան վերաբերմունք ունեն այժմյան կառավարությունները թե մեր, թե հարևան երկրներում դեպի գրականությունը»:
Ի վերջո Զ. Եսայանը հայրենիքում էր, սակայն խորհրդային կարգերը չէին կարող մարսել նրա ընդգծված հայրենասիրությունը: Դրա համար էլ Գրողների միությունում ունեցած իր ելույթին հաջորդում է դռան թակոցը…
Թուրքական հետապնդումներից փրկված Զապելը շատերի պես 1936-ին հայտնվում է «սովետական մսաղացում»:
Նրան մեղադրում էին «ֆրանսիական հետախուզության գործակալ լինելու» մեջ: Կայացվում է դատավճիռը` գնդակահարություն…
Նա խնդրագիր է ուղարկում Մոսկվա, որի արդյունքում «մեղմվում է» պատիժը, և դատապարտվում է 10 տարվա ազատազրկման:
«Զապել Եսայանը երբեք չէր հուսահատվում և ասում էր, որ ինչ էլ լինի` ճշմարտությունը հաղթանակելու է, իսկապես պարզելու են իր գործի հանգամանքները և հանելու են իր վրայից այդպես անարժան կերպով իրեն վերագրված մեղադրանքը: Նա ասում էր, որ անարդար մեղադրանքը կկրի ու դեռ օգտակար կլինի Սովետական Հայաստանի համար»,- իրենց բանտային զրույցներն է վերհիշում Կարինե Գյուլիքեխվյանը:
Զապելի դուստրը` Սոֆի Եսայանը, հուշագրության մեջ նշում է, որ 8 ամիս անց տեսակցում է մորը. «Մորս պետք է տեսնեի սեպտեմբերի 2-ին 1939թ.: Քաղաքային բանտումն էր. սև սաթին խալաթը հագին, մազերը արտակարգ սպիտակացած, բայց անկաշկանդ հոգեպես, նույնիսկ անքոր: Շոյեց 2 տարեկան երեխայիս, իրեն ասեց. «Պիոներ կրնես, կասես տատիկս հա-կա հեղա-փո-խա-կան…» ու ինքն իրեն հակաճառելով ասեց. «Բայց չէ, 20 տարի հետո չես ասի…»: Եղբորս հարցին, դատ տեղի ունեցավ թե ոչ, մայրս պատասխանեց «հա, և առաջին որոշումը մի քիչ շատ էր, երկրորդը` ոչինչ»: Այդ «ոչինչը» Մոսկվայից «մեղմված» նոր վճիռն էր` 10 տարվա ազատազրկումն էր…»:
Արխիվներում առկա Զապելի վերջին նամակները թվագրված են 1943թ.` Բաքվից, թեև նրա որդին` Հրանտը, նշում է, որ մորից վերջին նամակը 1945թ. ապրիլին է ստացել:
Զապել Եսայանի մահվան ճշգրիտ հանգամանքները, ժամանակն ու վայրը մինչ օրս անհայտ են:
Ուշացած արդարությունը վերականգնվում է միայն 1956 թվականին. ոչ միայն Գյուլիքեխվյանի, այլև Ստ. Զորյանի, Գեղամ Սարյանի և Վահրամ Ալազանի վկայություններով` Զապել Եսայանը ներկայացված է բացառապես դրական, հայրենասիրական, ազնիվ լույսի ներքո. նրա ոչ մի հրապարակումներում ու զրույցներում որևէ հակասովետական միտում չի եղել:
1957թ. նա արդարացվում է, և հանվում է մեղադրանքը: Պատասխանատվության են ենթարկվում 1939թ. հունվարի 23-ին նրա դեմ ներկայացրած դատավճռի հեղինակները:
Վերջապես, Արդարության հույսը լուցկու տուփին ի պահ տված այս խիզախ հայուհին (բանտում գտնված ժամանակ նա ասեղով իր արյունով էր լուցկու տուփի վրա գրառումներ կատարել, քանի որ տևական ժամանակ զրկված էր եղել իր հիմնական զենքից` թուղթ ու գրչից, և իր փախուստը բանտախցի խոնավ ու գորշ պատերից գտնում էր կալանավորների համար անցկացվող ֆրանսիական գրականության դասախոսությունների մեջ) վերադարձվում է հայ ժողովրդին` իր անաղարտ ու անբասիր նկարագրով:
Արդարությանն ու իր երազանքին շատ ամուր կերպով հավատացող Եսայանին, իրոք, չեն ներվել իր հենց այդ որակները` անարդարության դեմ բարձրաձայն խոսելը, անարժանին քննադատելը, արժանիին գովելը` ի հեճուկս քաղաքական հակառակ տրամադրությունների:
«Հոգիս աքսորյալ» վիպակում գրողը վարպետորեն ներկայացրել է քաղաքական բարդ իրավիճակում իրենց գործունեությունը ծավալող մտավորականների հավաքական կերպարը. մտավորականներ, որոնք խճճվել են քաղաքականությամբ շնչող մթնոլորտում, և գրողը նախանշել է հոգեկան ազատության ու կաշկանդող պատյանները կոտրելու ուղին: Չնայած վիպակը ինքնակենսագրական է, այնուամենայնիվ, այն շնչում է խորը փիլիսոփայությամբ:
Հենց այս հանգամանքով պայմանավորված` միջոցառման ավարտին Լուսինե Ղարախանյանը հավելեց, որ խռովքի մեջ գտնվող կինը, այնուամենայնիվ, ողջ տիեզերքը գրկելու կարողություն ու ձգտում ունի. սրանով է պայմանավորված Զապել Եսայանի անառարկելի մեծությունը: Այնուհետև շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին ու մասնակիցներին և ԵՊՀ-ի ասպիրանտ Անի Օհանյանին նվիրեց Հովհ. Թումանյանի գիրքը` արժանվույնս գնահատելով նրա վաստակը:
Վերջում թանգարանի աշխատակցուհի Մայտա Պոշկէզենյանը ներկաներին հյուրասիրեց իր իսկ ձեռքով պատրաստած վարդի մուրաբան, որի մասին այնքան տպավորիչ նկարագրել է Զապելը իր ստեղծագործության մեջ: Վարդի մուրաբայի պատրաստումը հատուկ ավանդույթ է եղել Զ. Եսայանի ընտանիքում, որի գլխավոր դերակատարը տատն էր: Այդ ավանդույթին հավատարիմ մնալով` Մայտան էլ նույն կերպ վարվեց` դրանով ավելի ևս անուշցնելով օրվա միջոցառումը:
Մեծերն իսկապես անսպառ են. ինչքան շատ ես խորանում նրանց գործունեության մեջ, այնքան չպեղված էջեր ու նոր շերտեր ես բացահայտում:
Շատ ուրախ ենք մանկավարժներս, որ այսօր դպրոցական ծրագրում հաճելիորեն տեղ է զբաղեցնում Զ.Եսայանը` իր հանճարեղ «Սիլիհտարի պարտեզները» ստեղծագործությամբ: Թերևս սա շատ վաղուց պիտի լիներ:
Մեր երախտագիտությունը հայտնենք Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանին` գեղեցիկ ու բովանդակալից նախաձեռնությունների համար. այս էլ որերորդ անգամ այդ լույսի տաճարում հաղորդակից ենք դառնում հայոց մեծերի` հավատ ու լույս ընծայող կյանքի էջերին` դրանցով ևս ավելացնելով մեր հոգու լույսը:Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ