ԲԱԶՈՒՄ ԵՆ ԿՈՉՎԱԾՆԵՐԸ, ԲԱՅՑ ՍԱԿԱՎ ԵՆ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ

«Լուսարար»-ը Արցախից բռնատեղահանված և այժմ ՀՀ ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների դիմանկարների շարք է սկսում:

Արցախի կրթական գործի ճանաչված կազմակերպիչներից մեկն ասել է, որ դպրոցում անգամ մեկ անվերապահ հեղինակավոր ուսուցիչը կոլեկտիվի համար լոկոմոտիվի դեր է կատարում` իր ետևից տանելով ամբողջ դպրոցը: Իսկ Արցախի յուրաքանչյուր դպրոցում աշխատում էր մասնագիտական, մանկավարժական, մարդկային բարձր ու վեհ արժեքներով օժտված ոչ մեկ ուսուցիչ-անհատ և նրանց աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ՀՀ կրթական հաստատություններում սովորող աշակերտների մասին միայն գովեստի խոսքեր ենք լսում: Նրանցից մեկն էլ այս դիմանկարի հերոսուհին է:

Լիլիթ ԱԶԻԶՅԱՆ: Աշխատել է Մարտակերտի շրջանի Վաղուհասի միջնակարգ դպրոցում: Քիմիայի և կենսաբանության մասնագետ է, եղել է դպրոցի ուսումնական մասի վարիչը: Այժմ աշխատում է Երևանի հ. 146 հիմնական դպրոցում: Դասավանդում է կենսաբանություն առարկան:

Վաղուհասի միջնակարգը Արցախի բարեկարգ, հմուտ մասնագետներով համալրված դպրոցներից էր: Վաղուհասը արցախյան շատ գյուղերի պես 1990-ականների պատերազմի ժամանակ թշնամու կողմից ամբողջությամբ ավերվել, հրդեհվել, հողին էր հավասարվել: Ազատագրումից հետո (1992թ. սեպտեմբեր) գյուղի բնակչությունը, թեկուզ ապրելու աննպաստ պայմաններին, վերադարձել է, ամեն մեկն իր համար սկզբում փայտե կացարան ստեղծել, այնուհետև պետության ու բարերարների աջակցությամբ իրենց օջախները և առաջին հերթին դպրոցը վերականգնել, անթաքույց մրցման մեջ մտած` բազմանդամ ընտանիքներ ստեղծել, շենացրել, բարգավաճ գյուղ դարձրել: Վաղուհասում պատերազմից հետո ավելի շատ երեխաներ, այն էլ տղաներ էին ծնվում, քան մինչև պատերազմը, և բնակչության թիվը պատերազմից մի քանի տարի անց նախապատերազմականից ավելի շատ էր:

Կենսաբանության մասնագետ Լիլիթ Ազիզյանն այս երևույթը պարզաբանել էր հետևյալ կերպ. բնությունը ինքնակարգավորող հատկություն ունի: Ի դեպ, արժե  նշել, որ  մեր հերոսուհին, ծնված, մեծացած լինելով քաղաքում (այդպես էին անվանում Ստեփանակերտը), 2006 թվականին հարս էր գնացել Արցախի համար հեռավոր համարվող Վաղուհաս գյուղ և դարձել այս դպրոցի, հետևաբար և` գյուղի զարգացման լոկոմոտիվներից մեկը: Սովորաբար որպես լավ ուսուցչի փաստացի վկայություն նշվում են նրա այն շրջանավարտները, որոնք դարձել են նշանավոր մարդիկ` գիտնականներ, բժիշկներ, ռազմական գործիչներ և այլ մասնագետներ: Դա, հարկավ, այդպես է: Բայց պակաս կարևոր չէ և այն, որ նրանք կրթում, դաստիարակում են հայրենիքի արժանավոր քաղաքացիներ, որոնք պատիվ են համարում ապրել և արարել իրենց հայրենի հողում, շեն են պահում իրենց բնակավայրը: Նմանները չեն երկնչում ու չեն փախչում դժվարություններից, փորձում են իրենք լուծել խնդիրները: Լիլիթ Ազիզյանի սաները հենց այդպիսի մարդիկ են` և՛ լավ մասնագետներ, և՛ լավ քաղաքացիներ, և որ առավել դժվար է` լավ մարդիկ, ինչպես կասեր Մեծն Թումանյանը. «….հեշտ բան հո չի՞ մարդ լինելը…»:

Վաղուհասի դպրոցը Արցախում կենսաբանության հանրապետական օլիմպիադային ամենից շատ մասնակիցներ տվող կրթօջախն էր: Նրանց գերակշիռ մասը բժշկական համալսարանի պոտենցիալ դիմորդներ էին: Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովը ընդունվածների փաստաթղթերում կարդալով «Վաղուհաս» տեղանունը, ասում էին` հա՜, սա այն բժիշկներ արտադրող գյուղն է:

«Լուսարար»-ը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեսչական խմբի կազմում գործուղված լինելով Վաղուհասի դպրոց, ականատես է եղել, թե ինչքան են Լիլիթ Ազիզյանին սիրում աշակերտները: Նա միշտ շրջապատված էր աշակերտներով: Տնից դպրոց և դպրոցից տուն ճանապարհին նրան միշտ ուղեկցում էին երեխաները: Դասամիջոցներին էլ նրանք «հանգիստ» չէին տալիս. նրանց համար ամենահաճելի պահերը սիրելի ուսուցչուհու հետ անցկացնելն էր: Պարզ է, երբ սիրում ես ուսուցչին, սիրում ես նաև նրա դասավանդած առարկան: Այս դպրոցի աշակերտները կրկնուսույցների մոտ չէին պարապում, քանի որ դրա կարիքը չէր լինում: Լիլիթ Ազիզյանին հետևելով` ուսուցիչներն արտաժամյա պարապում էին աշակերտների հետ: Դպրոցը քիմիայի և կենսաբանության լավ կաբինետներ ուներ: Երբ թեմայի վերաբերյալ որևէ պաստառ էր անհրաժեշտ լինում, աշակերտներն իրենք էին ցանկություն հայտնում պատրաստել, նմանապես` որոշ գործիքներ:

Թե բժշկական համալսարանին քանի սան է տվել Լիլիթ Ազիզյանը, արդեն հաշիվը կորցրել է: 2021-ին «Լուսարար» թերթին  տված հարցազրույցի ժամանակ, երբ պատմում էր նրանց հաջողությունների մասին, հպարտությամբ նշել է, որ Հերացու անվան բժշկական համալսարանում սովորող իր սաները` տղա-աղջիկ, 2020թ. կամավոր մեկնել են պատերազմի դաշտ`  վիրավոր մարտիկներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Երևանում 11-րդ դասարանում սովորող ավագ որդին արդեն վերջնականապես կողմնորոշվել է, որ ընտրելու է բժշկի մասնագիտությունը: Բազում շրջանավարտների համար բժշկի մասնագիտության դուռը բացած մայրը չի ազդել որդու որոշման վրա, ընդհակառակը, բացատրել է, որ դա շատ դժվար, անչափ պատասխանատու գործ է: Որպեսզի տղան ճիշտ կողմնորոշվի,  Ազիզյանի բժիշկ սաները նրան իրենց մոտ պրակտիկայի են տարել: Եվ միայն դրանից հետո էր որդին ասել` այո՛ իրեն այդ ոլորտում է տեսնում:

Լավ ուսուցիչն ուղեկցում է սանին նրա ողջ կյանքի ընթացքում: Իր` Լիլիթ Ազիզյանի հուշերում էլ անմոռաց են ԱրՊՀ  վարժարանում իր սովորած տարիները: Նա անթաքույց հպարտությամբ նշում է, որ իր կյանքը կանխորոշել, մանկավարժի իր ճանապարհը գծել է քիմիայի մասնագետ Արինա Գրիգորյանը: «Երևի դրանից է, որ ես չեմ կարողանում աշակերտների հետ այլ կերպ հարաբերության մեջ լինել»,-ասում է նա: Ու շարունակում է թվարկել իր` որպես մասնագետի կայացման գործում այլ մանկավարժների անուններ. «Ես այդ լավը տեսել եմ իմ ուսուցիչներից, ես էլ պետք է իմ աշակերտների համար նույնը լինեմ…»: Եվ անշահախնդրորեն իր գիտելիքները փոխանցում է նրանց:

Այսօր, երբ Արցախից բռնի տեղահանվելուց հետո նրա աշակերտները, որոնցից հինգը բժշկական համալսարանի հավակնորդներ էին, հայտնվել են տարբեր բնակավայրերում, շարունակում են առցանց եղանակով գիտելիքներ ստանալ իրենց ուսուցչուհի Լիլիթ Ազիզյանից: Նպատակադրվել են ուսուցման անվճար համակարգ ընդունվել:

Լիլիթ Ազիզյանն այդպես աշխատել է Արցախում և այժմ շարունակում է   Երևանում: Հ. 146 դպրոցի կոլեկտիվի մասին նա միայն դրական է արտահայտվում: Արցախցի-հայաստանցի տարանջատումը, որ որոշ ուժերի կողմից սերմանվում է հանրության մեջ, Լիլիթ Ազիզյանն ասում է, որ ինքը  բարեբախտաբար չի տեսնում իր դասավանդած դպրոցում ո՛չ ուսուցիչների, ո՛չ աշակերտների մոտ: Մանկավարժական կոլեկտիվը` տնօրեն Մարիետա Դավթյանի գլխավորությամբ, սիրով է վերաբերվում և՛ արցախցի ուսուցչին, և՛ դպրոցում սովորող արցախցի երեխաներին: Լիլիթ Ազիզյանի կրտսեր որդին ավարտել է նույն դպրոցի 3-րդ դասարանը, որտեղ արցախցի երեխաներ կան: Ասում է` այնպես են արել, որ դասարանի երեխաները Արցախի բարբառով էլ են խոսում:

Լավ ուսուցչին ճրագով են ման գալիս ամենուրեք: Լիլիթ Ազիզյանը փնտրված մասնագետ է նաև Երևանում: Նա տարբեր  տեղերից աշխատանքի առաջարկություն է ստացել` ավելի բարձր վարձատրվող, ինչպես, օրինակ` քիմիկ-լաբորանտ, տեխնոլոգ արտադրությունում, բայց ասում է. «Ես ինձ այլ ոլորտներում չեմ տեսնում: Մեր վիճակում, ճիշտ է, գումարը մեծ նշանակություն ունի, բայց մեկ է, դա ինձ չի գայթակղում, իմը աշակերտն է, մանկավարժությունը, դպրոցը, ես միշտ պիտի շփման մեջ լինեմ աշակերտի հետ»:

Իրավ է ասված` բազում են կոչվածները, բայց սակավ են ընտրյալները:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ