«ԱՐՑԱԽԸ ԿԱՐԴՈՒՄ Է» ԳՐՔԱՐՇԱՎԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՑԱԽՑԻ ԸՆԹԵՐՑԱՍԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Աշակերտների մեջ գրքի նկատմամբ սեր արթնացնելու, դպրոցական պարտադիր գրականությունը ամառային արձակուրդին նրանց կողմից ընթերցելու նպատակով 2020թ. Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի նախաձեռնությամբ ներդրվեց «Արցախը կարդում է» ծրագիրը: Դա իր բարերար ազդեցությունը թողեց երեխաների ընթերցասիրությունը խթանելու վրա, ինչը հաստատում էին նաև «Լուսարար»-ի կողմից գրադարաններ կատարած շրջայցի արդյունքները: Աշխատակիցները վկայում էին, որ անհամեմատ ավելացել է գրադարան այցելողների թիվը և այս կամ այն գրքի պահանջարկը:

Գրքարշավը կանգ չառավ նաև Արցախի շրջափակման ժամանակ:

2023թ. սեպտեմբերի 19-ի առավոտյան «Լուսարար»-ը այցելեց ԿԳՄՍ նախարարություն` գրքարշավի արդյունքներին ծանոթանալու: Նախարարության արտադպրոցական ծրագրերի գլխավոր մասնագետ, գրքարշավի աշխատանքները համակարգող Նաիրա Ղահրամանյանն ասաց, որ շրջափակմամբ պայմանավորված` չէին ուզում այդ տարի շարունակել ծրագիրը, քանի որ ճանապարհը փակ լինելու պատճառով չէին կարող Երևանից գրքեր բերել (մրցանակները տրվում էին գրքի տեսքով), տրանսպորտի բացակայության պատճառով տեղեր այցելել և այլն: Սակայն Ճարտարի միջնակարգ հոսքային դպրոցի տնօրեն Ջավադ Հակոբյանը զանգել էր նախարարություն, որ իրենց և ենթաշրջանի մյուս դպրոցների երեխաները պատրաստ են գրքարշավին, ինչո՞ւ հայտարարություն չկա այդ մասին: Նշենք, որ այդ դպրոցները գտնվում են ծննդով ճարտարցի, ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Ջիվանյանի հիմնադրած «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության հովանավորության տակ, որը ցանկություն էր հայտնել ներդրում ունենալ նաև գրքարշավում: 

ԱՀ ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Նորայր Մկրտչյանը հրահանգել էր շարունակել գրքարշավը`  մրցանակների համար սահմանափակվելով նախարարության պահեստում եղած գրքերով, որոնք հիմնականում ռուս դասական գրողների երկերն էին: Գրքարշավին մասնակցել է շուրջ 220 աշակերտ, որից 46-ը լավագույն էր: Ծրագիրը միշտ մեկնարկում է հուլիսի սկզբին: Նախարարությունը ներկայացնում է պարտադիր գրականության ցանկը, որպեսզի երեխաները ամառային արձակուրդի ժամանակ ընթերցեն: 1-4-րդ դասարանների աշակերտներն իրենց կարդացած գրքերը ներկայացրել էին նկարի տեսքով, 5-9-րդցիները` բանավոր, իսկ ավագ դպրոցի աշակերտները վերլուծել էին: Նախարարությունում տեսանք մրցանակի արժանացած ընթերցասերներին հասցեագրված պարգևները, առանձին փաթեթով դասավորված էին ևս երկու մանկավարժի մրցանակները: Դրանց հասցեատերերն էին Մարտակերտի Վլ. Բալայանի անվան հ. 1 միջնակարգ հոսքային դպրոցի ուսուցչուհի Գոհար Մամունցը, որի հորդոր-պահանջով դասարանի բոլոր աշակերտները մասնակցել էին գրքարշավին և Ճարտարի միջնակարգ հոսքային դպրոցի տնօրեն Ջավադ Հակոբյանը, որը համակարգել է Ճարտարի 4 և Քերթի, Խնուշինակի դպրոցների գրքարշավը: Մրցանակները շրջաններ առաքել հնարավոր չէր վառելիքի բացակայության պահանջով: Սպասում էին պատեհ առիթի` դրանք տեղ հասցնելու համար:

Դրանք այդպես էլ մնացին նախարարությունում, ինչպես նաև` «Լուսարար»-ում հրապարակվելիքը` ձայնագրիչում, քանի որ սեպտեմբերի 19-ի կեսօրին Ստեփանակերտում սկսվեցին ռմբակոծությունները:

Այս նախաբանը մի նպատակ էր հետապնդում` ցույց տալ, որ «Արցախը կարդում է» ծրագիրը չի ընդհատվել անգամ շրջափակման պայմաններում և թեկուզ ուշացումով տեղեկություններ հաղորդել 2023-ի գրքարշավի արդյունքների մասին:

Ուրախությամբ տեղեկացանք, որ «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությունը հնարավորություն ընձեռեց 2024թ. գրքարշավը շարունակել Արցախից բռնատեղահանված աշակերտության շրջանում, և ստանձնել է խրախուսել ոչ թե առանձին դպրոցների, այլ ողջ ծրագրի իրականացման առաքելությունը, ավելին` այն կրելու է շարունակական բնույթ: Պարգևատրման գրավիչ ֆոնդը, կարծում ենք, խթանող գործոն կլինի մեծ թվով մասնակիցներ ունենալու համար: Բայց առավել գնահատելին և արժեքավորը երևույթի բարոյական կողմն է:

«Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության ամբողջական առաքելության մասին խոսելը մի առանձին թեմա է, թե Արցախում և այժմ նաև ՀՀ-ում ինչպիսի ծրագրեր է իրականացնում ճարտարցի և շրջակա գյուղերի իր հայրենակիցներին միասնականությունն ապահովելու գործում: Բայց որ գրքարշավի ծրագրի հովանավորումը կնպաստի որոշակի պատկերացում կազմել տարբեր վայրերում, այդ թվում` ՀՀ-ից դուրս սփռված արցախցի երեխաների մասին և որոշակիորեն  ուղղորդելու  նրանց  որպես արցախցի դաստիարակելու և կորսված հայրենիքի վերադարձի հույսը անմեռ պահելու համար, աներկբա և աստվածահաճո գործ է:

«ԼՈՒՍԱՐԱՐ»