Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։
Ազատագրված ու անկախություն ձեռք բերած Արցախում շատ էր կարևորվում նաև մշակույթը: Ստեփանակերտում ու շրջաններում գործում էին տարբեր մշակութային խմբեր, որոնց մի մասը դեռ խորհրդային տարիներից էին հայտնի: Անկախության տարիներին ստեղծվեցին երգարվեստի ու պարարվեստի տարբեր համույթներ ու խմբեր: 2000 թվականին արցախյան մշակութային գործիչներ Ռոբերտ Ղահրամանյանի և Սլավա Ապրեսյանի նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրվեց երգի պարի այսպես կոչված «Տարեցներ»-ի համույթը, որտեղ հիմնականում երիտասարդության տարիքն անցած երգիչ-երգչուհիներ էին, երաժիշտներ։ 2002թ. Արցախի կառավարության որոշմամբ մշակութային այս խումբը կոչվեց «Մենք ենք մեր սարերը» ազգագրական համույթ և սկսեց համալրվել երիտասարդներով։ Տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր ԱՀ վաստակավոր արտիստ Տիգրան Մկրտչյանը։ Որոշ ժամանակ անց համույթի տնօրեն է նշանակվում հիմնադիրներից Սլավա Ապրեսյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ Գարի Ավանեսյանը։ Այդ ընթացքում արդեն ստանում է պետական կարգավիճակ՝ «Մենք ենք մեր սարերը» երգի պարի պետական համույթ անվանումով։ Տնօրենն էր ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ս․ Ապրեսյանը, գեղարվեստական ղեկավար՝ ԱՀ վաստակավոր արտիստ Վիտալի Ղազարյանը։ Արցախ աշխարհում տեղի ունեցող տոնական ու այլ միջոցառումներում հատկապես կարևոր տեղ ուներ այս համույթի ելույթը: Ստեղծման օրվանից «Մենք ենք մեր սարերը» հաճախ նաև զորամասերում էր ոգևորում հայ զինվորին, առանձնապես կարևորվում էին սահմանամերձ զորամասերը, բնակավայրերը: Բացի ՀՀ տարբեր մարզերում, ԱՀ շրջաններում ու մայրաքաղաքներում համերգներով հանդես գալուց, համույթը, որի ստեղծագործական համերգային ծրագրում ընդգրկված էին ոչ միայն արցախյան, այլև Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգների ազգագրական, ռազմահայրենասիրական, ժողովրդական, գուսանական երգեր ու պարեր, ելույթներ է ունեցել նաև արտերկրում՝ ՌԴ, Հունաստան, ԱՄՆ, Սիրիա, Լիբանան, Վրաստան, Իրան, Մերձբալթիկա և այլն:
Արցախյան 44-օրյա պատերազմը, որ դարձավ Արցախի հայաթափման ու ցեղասպանության սկիզբը, շատ բան փոխեց մեր կյանքում: Այդ պատերազմի ընթացքում համույթի արտիստ-տղաները նաև մարտադաշտում էին: Պատերազմից հետո համախմբվեց «Մենք ենք մեր սարերը», և առաջին ելույթն ունեցան Ստեփանակերտում 2022-ի հունիսի 16-ին։ Սակայն դժվար էր շրջափակված Արցախում հանդես գալ համերգներով:
Երբեք հայաթափ չեղած մեր հայրենիքի արևելյան հատվածը՝ Արցախը, այսօր գերության մեջ է: 2023թ. սեպտեմբերի վերջին արցախցին մոտ մեկամյա շրջափակումի ժամանակ մնաց մենակ, ենթարկվեց ռազմական հարվածի ու ստիպված թողեց իր տունը: Թշնամու շունչն է այժմ մեր սրբավայրերում, ավերված են մեր շեներն ու հանգստարանները: Երկրի կարոտը սրտում՝ արցախցին ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում, արտերկրում հավատում է՝ մի օր տուն է վերադառնալու:
Հայաստանի տարբեր մարզերում ու Երևանում բնակություն հաստատեցին նաև համույթի արտիստները։ Գեղարվեստական ղեկավար Վ․ Ղազարյանը տեղեկացրեց, որ իր և նախկին տնօրեն(2022-ից համույթը տնօրինում է Էլինա Հարությունյան-Ապրեսյանը) Ս․ Ապրեսյանի շնորհիվ հնարավոր եղավ համույթի անձնակազմի 30-40 տոկոսը համախմբել։ Այժմ Երևանում մեծ դժվարությամբ իր գործունեությունն է փորձում շարունակել ու արցախցիներին համախմբել «Մենք ենք մեր սարերը» համույթը՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի, ողջ թիմի ու աջակիցների հետ արդեն որպես՝ «Մենք ենք մեր սարերը» մշակութային հասարակական կազմակերպություն(ՀԿ)։ « Մեր նպատակն է՝ պահել-պահպանել արցախյան մշակույթը և փոխանցել եկող սերունդներին, -ասաց Վ․ Ղազարյանը,- և կարևորը՝ չկորցնել տուն վերադարձի հույսն ու հավատը»։
Ձգտում են հանդես գալ նոր ծրագրերով ու շուտ ճանաչություն ձեռք բերելու նպատակով: Կա ֆինանսական, անհրաժեշտ տեխնիկայի, տարազների և այլ աջակցության խնդիր, որի հաղթահարումից հետո «Մենք ենք մեր սարերը» ՀԿ-ն կկարողանա իր տեղը գտնել, հանդես գալ արդեն իր միջոցներով: Կարևորը՝ կան աջակիցներ, որն էլ հնարավորություն տվեց համույթին 2024 թվականին արդեն 2 համերգով հանդես գալ: Հունիսի 28-ին Երևանում՝ Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի հանդիսությունների դահլիճում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, OVIO ընկերության, «Հայաքվե» նախաձեռնության, «Լույս» կրթամշակութային հիմնադրամի, «Արաբկիր» բժշկական կենտրոնի, «Տերյան» մշակութային կենտրոնի ու նրա տնօրեն Լիլիթ Մելիքյանի աջակցությամբ երկրորդ համերգով հանդես եկավ համույթը: Առաջին համերգը կայացել էր 2024 թ․ փետրվարի 29-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Հաղորդավարներ ու աջակիցներ Նարե Սիմոնյանն ու Արեգա Հովսեփյանը, որոնք նույնպես արցախցի են ու մեծ կարոտ ունեն սրտներում, հայտարարեցին համերգի սկիզբը՝ համառոտ ներկայացնելով Արցախ աշխարհի մասին: Երկրորդ համերգին «Մենք ենք մեր սարերը» համույթի հետ հանդես եկավ նաև Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ Խոսելով գրեթե քառորդ դարի պատմություն ունեցող համույթի մասին՝ Մրոն կարևորեց նրա դերը Հայ մշակույթի կենտրոն Արցախի կյանքում: Տեղեկացրեցո, որ համույթը մշտապես մասնակցել է իր նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվող «Գութան» փառատոնին: Արցախյան մշակույթի կյանքում առանձնակի նշեց Գուրգեն Գաբրիելյանի դերը, որի միայն «Ղարաբաղի հորովել» երգը, որ միշտ է հնչել համույթի համերգներին, առանձնակի տեղ ունի առհասարակ հայ երգարվեստում: Համերգի սկզբում հնչեցին ՀՀ և Արցախի օրհներգերը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում և ՀՀ սահմաններում նահատակված քաջորդիների հոգիների։ Դժվար էր լսել Արցախի օրհներգը, երջանկահիշատակ Վարդան Հակոբյանը կդիմանա՞ր, արդյո՞ք, տեսնելով հազարավոր հայորդիների Սուրբ արյամբ ազատագրված իր Սուրբ հայրենիքի հայաթափումը։
Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ։
Անհնար է առանց արցունքի ունկնդրել հիրավի պետություն խորհրդանշող Օրհներգը։ Համույթը հանդես եկավ արցախյան, ժողովրդական, ազգագրական, ռազմահայրենասիրական, գուսանական երգերով՝ պարային կատարումներին զուգահեռ։ Յուրաքանչյուր կատարում ոգևորություն էր առաջացնում դահլիճում, հանդիսատեսներից շատերն արտասվում էին, հուզվում. Հայրենիքի կարոտը խեղդում է: Ռազմահայրենասիրական երգերն ավելի շատ հնչեցին. պետք է ամուր պահենք հայի ոգին, տուն դառնալու հավատը:
Մասիս սարը վկա, թուրքը ծնկի կգա,
Թեկուզ մեկ հայ մնա, էրգիրը չենք մոռնա:
Սասուն, Մուշն ու Վանը, Սուրբ Մարութասարը,
Պապերի շիրիմը չենք թողնի թուրք շանը:
Դահլիճը ոտքի կանգնած ունկնդրեց արցախցի ճանաչված բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի «Ղարաբաղցին» երգը։ Իսկ երջանկահիշատակ Հրաչը կհանդուրժե՞ր, որ իր հայրենիքը մնար օտարի գերության մեջ․․․ Իր գրչակից ավագ ընկերոջ մասին Վարդան Հակոբյանը գրել է․ «Միշտ խիզախ, միշտ անվեհեր, միշտ իր ժողովրդի դատի պաշտպանության դիրքերում, անընկճելի, անկոտրելի, ծուռ թե շիտակ՝ միշտ ինքն ու ինքը, միշտ՝ շանթ ու կրակ. այդպիսինն է բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը, մեր Արցախի օրհներգիչն ու նվիրյալը, իմ ավագ գրչախպերը, իմ ընկերը, իմ անկրկնելի Հրաչը.․․»։
Ընթացքում հաղորդավարները նաև հարցեր ուղղեցին հանդիսատեսին՝ անդրադառնալով Արցախի հարուստ բարբառին: «Ղարաբաղի նախշուն բաջի» երգը բավականին հետաքրքիր ու հաջող ներկայացրեց 9-ամյա Կարինան՝ մեծ ոգևորություն պարգևելով ներկաներին: Դահլիճում հիմնականում տեղահանված արցախցիներ էին, որ կարոտի ցավը սրտներում՝ ոգևորված էին կատարված երգ ու պարով։ Ու կա հավատ՝ կգա տուն դարձի ճանապարհը։ Համերգի վերջում հանդիսատեսներն ու համույթի անդամները ողջագուրվում էին, շատերը ծանոթներին, բարեկամ-հարազատներին տեղահանությունից հետո առաջին անգամ էին երևի հանդիպում:
Հուսանք՝ «Մենք ենք մեր սարերը» ՀԿ-ն կգտնի իր հաստատուն տեղը Երևանում ու կշարունակի իր գործունեությունը, ինչպես միշտ եղել է: Պարզապես պետք է նաև ժողովուրդն էլ աջակցի՝ ընդամենը տոմս գնի և ներկա լինի համերգներին:
Զոհրաբ ԸռՌՔՈՅԱՆ