ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ հունիսի 14-16-ը
Հայաստանի հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-
թանգարաններում եւ այլուր անցկացվեցին «Եվրոպական
հնագիտության օրեր» միջոցառումներ: 2010 թվականից Ֆրանսիայի
կանխարգելիչ հնագիտական ազգային ինստիտուտի համակարգմամբ
անցկացվող գիտական այս միջոցառմանը մեր երկիրը միացել է 2022
թվականին։ Այս տարի «Եվրոպական հնագիտության օրեր»-ին միացել
էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» (ՀԱԻ),
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական
կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ
պատմական միջավայրի պահպանության ծառայություն», «Հայաստանի
պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները, ինչպես նաեւ Լոռի-Փամբակի
երկրագիտական թանգարանը՝ առաջին անգամ: Նշված կառույցների կողմից կազմակերպվող դասախոսությունները եւ այլ միջոցառումները նախատեսված էին հնագիտությամբ հետաքրքրվողների, մասնակիցների համար։
«Եվրոպական հնագիտության օրեր»-ի շրջանակում ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում
հունիսի 14-ին առաջինը բանախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի
գիտաշխատող, գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ.
Վիկտորյա Վասիլյանը։ ՀԱԻ ընթերցասրահում, որտեղ ներկա էին
հնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, այլ մասնագետներ,
հյուրեր, Վ. Վասիլյանը ներկայացրեց «Արհեստական բանականության
կիրառումը մշակութային ժառանգության հանրահռչակման մեջ»
բանախոսությունը։ Ներկաներին ողջունեց ՀԱԻ տնօրեն Արսեն
Բոբոխյանը։ Դասախոսությունը նվիրված էր արհեստական
բանականության կիրառումը հնագիտական նյութի հանրահռչակման,
վիրտուալ մշակութային տարածքի ստեղծման, թանգարանների
կերպարանափոխության ոլորտներում։ Ընթացքում բանախոսը
ներկայացրեց եռաչափ տեխնոլոգիաների կիրառումը նշված
ոլորտներում։ Անդրադարձավ նաեւ դրանց դերին արտեֆակտների եւ
պատմական վայրերի համապարփակ թվային արխիվացման գործում:
Վ. Վասիլյանը նշեց՝ ներկա դարաշրջանում ժամանակն է նաեւ, որ գիտության մեջ ամեն բան լինի տեսանելի ու շոշափելի եւ այս հարցում կարեւորվում է արհեստական
բանականությունը գիտությունում, արվեստում և այլ բնագավառներում։ 2020թ. կորոնավիրուսից հետո աշխարհի տարբեր վայրերում ստեղծվել են վիրտուալ թանգարաններ։ Եվ սրա նման մեզ մետ որոշվել է ստեղծել վիրտուալ շտեմարան, որում ներկայացված են հայաստանյան 100-ից ավելի պատմական հուշարձաններ, որը ոլորտում լավագույն ձեռքբեումներից մեկն է: Ծրագիրը երջանկահիշատակ հնագետ Գրիգոր Արեշյանի գաղափարն էր՝ հավաքել դրոնով նկարված 100-ից ավելի պատկերներ, քարտեզներ և ներկայացնել Հայաստանի 100 ամենահայտնի պատմական վայրերը՝ գիտահանրամատչելի նկարագրություններով, վիրտուալ շտեմարանի տեսքով: Այս առումով Գ. Արեշյանը նպատակ ուներ ստեղծել համապարփակ առցանց ռեսուրս, որը եղած նյութերի հետ կպարունակեր օդային տեսանյութեր, անիմացիաներ, վիրտուալ վերակազմություններ։ Այժմ արդեն իրողություն է կորոնավիրուսի պատճառով վախճանված գիտնականի գաղափարը, որը 2021 թվականին իրականացվեց եւ 2023-ին ավարտին հասցրեցին նրա գործընկերները: Ծրագիրն այժմ օգտագործվում է կրթական ու ակադեմիական նպատակներով, կարևոր դեր ունի նաեւ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։ Վ. Վասիլյանն անդրադարձավ նաեւ գաղափարի նպատակներին ու արդյունքներին: Նշեց, որ ընթացքում ձեռք է բերվել Հայաստանի 100 ամենահայտնի պատմական վայրերի՝ բոլոր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձանների (բերդեր, բնակավայրեր, դամբարաններ, սրբազան լանդշաֆտներ, տաճարներն ու վանքեր՝ սփռված ՀՀ բոլոր մարզերում) բարձր որակի օդային պատկերներ: Հայ հնագիտության, պատմության և համաշխարհային ճարտարապետության մասնագետների կողմից կազմվել են տեղանքների պատմականորեն ճիշտ նկարագրությունները: Նշված 100 պատմական հուշարձաններին նվիրված (յուրաքանչյուրին` 2 էջ)` բարձր որակի գիրք հրատարակելու համար նախատեսված է օգտագործել արդեն ձեռքի տակ ունեցած տեղեկատվությունը: Օգտագործվել է տեսամշակման հատուկ ծրագրակազմ՝ առավել նշանավոր շենքերի 3D մոդելներ ստեղծելու համար: Այս մոդելները կարող են օգտագործվել այս ճարտարապետական գանձերի տպագիր մոդելներում՝ կրթական եւ ակադեմիական նպատակներով։ Ծրագրի ընթացքում թվայնացվել են 100-ից ավելի հնագիտական հուշարձաններ: Ծրագիրն իրականացնողների կողմից նկարահանվել են 30-ից ավելի տուրիստական վայրեր՝ ագրոտուրիզմի ու մակրոզբոսաշրջության զարգացման նպատակով: Զեկուցման վերջում Վ. Վասիլյանը նաեւ երախտագիտության խոսք ուղղեց ծրագրի բոլոր աջակիցներին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի նախագահ՝ Քրիստին Սիմոն Մանուկյանին, ՀԱՀ Բիզնեսի եւ կառավարման ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանին, ՀԱՀ նախկին փոխնախագահ, դասախոս Բրայան Ադրիան Ելիսոնին, ՀԱՀ նախկին նախագահ Կարին Մարկիդեսին, այլոց:
Նկարահանումների ժամանակ թույլտվություններով աջակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ղեկավարությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային արխիվը։ Վ. Վասիլյանը տեղեկացրեց նաեւ, որ կա նպատակ նույն եռաչափ ձեւով ներկայացնել Հայաստանի հնագույն մայրաքաղաքները:
Վերջում ներկաները հարցեր եւ առաջարկներ ուղղեցին բանախոսին, եղավ քննարկում թեմայի շուրջ։
Զոհրաբ Ըռքոյան