Մարտարվեստ ասելով սովորաբար հասկանում ենք արեւելյան մենամարտերի ավանդական տեսակներ, ինչպես օրինակ՝ կարատե, ձյուդո, այկիդո, թաեքվոնդո, ուշու եւ այլն: Ընդ որում, շատերը գիտեն, որ «դո» վերջավորությունը թարգմանվում է որպես «կյանքի ճանապարհ»: Հենց բարոյաէթիկական բաղադրության առկայությամբ էլ տարբերվում են արեւելյան մարտարվեստները արեւմտյան մարզաձեւերից՝ բռնցքամարտից, ըմբշամարտից, քիքբոքսից եւ այլն: Մինչդեռ արեւելյան մարտարվեստների երկրներում (Ճապոնիա, Չինաստան, Կորեա) ավելի լայն բացատրություն ունեն դրանք, քան պարզապես դրանցով պարապողների բարոյական համոզմունքները: Մարտարվեստը կյանքի դժվարին հանգամանքներում գոյության պահպանման եւ տարաբնույթ խնդիրների կատարման արվեստն է՝ առավելագույն արդյունավետությամբ ու նվազագույն կորուստներով:
Կյանքի դժվարին հանգամանքները միայն խուլիգանների հարձակումները չեն մութ փողոցներում, այլ օրինակ՝ աղքատությունը, տարերային աղետները, պատերազմները, սովը, հարազատների մահը եւ ընդհանրապես բոլոր դժվար իրադրությունները: Մարտարվեստը սովորեցնում է, թե ինչպես նման իրադրությունում ոչ միայն գոյատեւել, այլեւ պահպանել առողջությունը, սթափ միտքը եւ հանգստությունը, ինչպես նաեւ շարունակել հաջողությամբ կատարել տարբեր խնդիրներ:
Արմեն Պետրոսյան
Ինքնապաշտպանությունը մարտական արվեստի մի մասն է, որի նպատակը դրան տիրապետող մարդու գոյատեւության հմտության բարձրացումն է: Դրանով է տարբերվում ինքնապաշտպանությունը (զուգահեռ՝ առաջին օգնություն ցուցաբերելու, հոգեբանական եւ իրավաբանական անհրաժեշտ գիտելիքներ ունենալու) սպորտային մենամարտերից, որոնց մեջ կան կանոններ:
Ինքնապաշտպանության պարապմունքներ՝ որպես առանձին ոճ, դեռեւս հայտնի չեն, բայց այդ կենսական կարեւորագույն հմտությունը կարելի է ձեռք բերել՝ հաճախելով դասընթացների մարտարվեստների այն փորձառու մարզիչների մոտ, որոնք հանձն կառնեն փոխանցելու ինքնապաշտպանական հնարներ՝ մեծ շեշտ դնելով պարապողի հոգեբանական եւ ֆիզիկական պատրաստության վրա, իհարկե, իրենց տիրապետած մարտական տեխնիկայի եւ կյանքի անձնական փորձի շրջանակում:
Սայաթ Բաղդասարյան
Մարտարվեստներով տասնամյակներ մարզվելու եւ սաներ մարզելու մեծ փորձ ունեցող արցախցի մարզիչների խրատներն է ամփոփում «Լուսարար»-ի հերթականը:
– Ինքնապաշտպանություն սովորելու համար պարտադի՞ր է մարտարվեստ իմանալ:
– Մարտարվեստում կոփված եւ դրան լավ տիրապետող մարդը կարիք չունի առանձին դասընթացներ անցնելու, որպեսզի սովորի ինքն իրեն պաշտպանել: Մարտարվեստի պարապմունքները իրականում միտված են դրան: Պետք է հասկանալ, որ մարտարվեստում արդյունքի հասնելու համար երկար տարիների համառ եւ համբերատար աշխատանք է պահանջվում: Դա այդքան էլ հեշտ չէ, բայց վարպետությունը երկարատեւ եւ քայլ առ քայլ հղկելու արդյունքում յուրացված կարողություններն ու հմտություններն են ամուր ու աշխատունակ: Եթե դիմորդն ուզում է իսկապես իրական ինքնապաշտպանություն սովորել, ուրեմն պետք է զինվի համբերությամբ եւ երկար ժամանակ համառ աշխատելու պատրաստակամությամբ: Իսկ այն դիմորդները, որոնք ցանկանում են ավելի կարճ ժամանակում սովորել ինքնապաշտպանություն, կարող են հատուկ դասընթացներ անցնել այն մարզիչների մոտ, որոնք զբաղվում են դրանով: Մարզիչն իր հայեցողությամբ կարող է տիրապետած տեխնիկայից ընտրել լավագույն հնարներ, հարվածներ, գցումներ եւ փոխանցել կամեցողներին: Սակայն արդյունավետության տեսանկյունից եթե համեմատելու լինենք երկար տարիների փորձ ունեցող մարզիկի տեխնիկան, որն արդեն ավտոմատիզմի է հասել եւ այն մարզիկի կարողությունները, որը նույն տեխնիկան ավելի սեղմ ժամկետում է յուրացրել, պարզ է, որ առաջին դեպքում արդյունավետությունը բարձր կլինի: Բայց եթե համեմատենք ինքնապաշտպանության դասընթացներ թեկուզ կարճ ժամանակում հաճախող մարդու, եւ այն մարդու կարողությունները, որը ոչ մի մարզաձեւ կամ մարտարվեստ չի պարապում, այստեղ արդեն արդյունավետությամբ շահում է պարապողը:
– Մարզիչը, որի գործունեությունը ռինգում մրցելու համար մարզիկներ նախապատրաստելն է, կարո՞ղ է նաեւ ինքնապաշտպանության լավ հրահանգիչ լինել:
– Դա կախված է մարզչի վարպետությունից, նրա տիրապետած տեխնիկայից: Ընդհանրապես, եթե խոսքը վերաբերում է մարտարվեստներին, ապա դրանցում վարպետության հասած մարդն արդեն իսկ լավ մարզիչ եւ հրահանգիչ է: Խոսքը ոչ միայն ֆիզիկապես կոփված լինելու կամ իր նախընտրած մարտարվեստի հնարներին տիրապետելու մասին է, այլ նաեւ հոգեպես եւ բարոյապես կրթված լինելու, իր գիտելիքներն ու կարողությունները պատշաճ մատուցել կարողանալու մասին: Այսինքն՝ կայացած մարզիչը կարող է համակողմանի պարապմունքներ անցկացնել, սակայն որոնց մեթոդական եւ տեխնիկական մասերը կտարբերվեն իրարից, հետեւապես, կտարբերվի նաեւ մարզչի մոտեցումը պարապողներին: Ռինգում մրցելու համար նախապատրաստելիս հիմնական ուշադրությունը սեւեռվում է մրցումի անցկացման կանոններին: Դա ավելի շատ սպորտային բնույթ ունի, ոչ թե իրական մարտի: Իսկ, օրինակ՝ առօրյա կյանքի «մարտերում» հաղթելու համար կանոնների տեսքով սահմանափակումներ չկան, ուստի այդ դեպքում փոխվում է նախապատրաստելու ձեւը. պարապմունքի ընթացքում դիտարկվում են զանազան կենսական իրադրություններ եւ դրանցից արդյունավետ դուրս գալու միջոցներ:
Տիգրան Գևորգյան
– Բացի հնարներից եւ ֆիզիկական կոփվածությունից, ի՞նչ հատկություններ են զարգանում մարտարվեստով պարապող մարդկանց մոտ:
– Մենք աշխատում ենք անձի ոչ միայն արտաքին կողմի, այլեւ ներքին ուժի, արագության, տեխնիկայի եւ տակտիկայի վրա: Ձեւավորվում է սթափ ինքնավստահություն, ներքին հանգստություն: Այսինքն՝ ձեռք է բերվում ներդաշնակություն արտաքինի եւ ներքինի միջեւ: Մարտարվեստով պարապելիս կատարվում են մի շարք մարտական տարրեր ու հնարներ, ամրակայվում՝ դրանք կատարելով տարբեր իրադրություններում, քննարկվում եւ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, թե ինչպես պահել իրեն եւ դրսեւորել կարողություններն ու հմտությունները ծագած իրադրությունում, որի արդյունքում հաղթահարվում է վախը, առաջանում է ցանկացած իրավիճակ վայրկենապես ճիշտ գնահատելու եւ ճիշտ որոշում կայացնելու կարողություն:
– Ի՞նչ խորհուրդ կտաք վտանգավոր իրավիճակի մեջ հայտված մարդուն:
– Նա պետք է գործի իրավիճակին համապատասխան: Երբեմն կարելի է բախումը կանխել խոսքով: Եթե դիմացինը նկատում է ոգու հզորությունը, դժվար թե կամենա այդ հզորության դեմ մարտի ելնել: Պետք է կարողանալ ճիշտ եւ դիպուկ բառեր օգտագործել: Պետք է հստակ կանխատեսել նաեւ պատասխան քայլերը, պատրաստ լինել դրանց: Երբեմն էլ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որտեղ անխուսափելի է ֆիզիկական բախումը, այլապես հետդարձ չկա: Մեր նպատակը՝ որպես մարզիչներ, պահի կանչին արագ եւ ճշգրիտ արձագանքել կարողանալու հմտություններ սովորեցնելն է: Այստեղ շատ բան որոշում է ոչ միայն տեխնիկան, այլեւ մարդու ներքին վիճակը, ներուժը, բնավորությունը, ինքնատիրապետելու աստիճանը:
– Այսպիսով, ովքե՞ր կարող են հաճախել ինքնապաշտպանության դասընթացների:
Կարող են հաճախել ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ, ինչպես աղջիկներ, այնպես էլ տղաներ: Եթե կա ցանկություն հոգեպես ուժեղանալ ֆիզիկական վարժությունների եւ հնարների միջոցով, ուրեմն ինքնապաշտպանության պարապմունքներն անհրաժեշտ են այդ մարդուն: Եթե սեր կա դեպի մարտարվեստները, արեւելյան կենսափիլիսոփայությունը, ապա մարտական արվեստի պարապմունքները կհետաքրքրեն ձեզ: Այսպես կարելի է երկարացնել «եթե»-ների ցանկը, մինչդեռ կարելի է անձամբ այցելել, դիտել որեւէ պարապմունք, ծանոթանալ մարզիչների հետ, տեղում եզրակացություններ անել եւ ընտրել, թե որ զբաղմունքն է հոգեհարազատ:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ