Թեկուզ հազար տարի անցնի, աշխարհ կգանք մենք միասին՝
Հայոց թագը պիտի տեսնենք դրված այնտեղ՝ Մեծ Մասիսին:
Շիրազի «Էլեգիա» բանաստեղծության վերջին տողերը
ԷԼԵԳԻԱ
Անմահ Ավետիք Իսահակյանին
Ո՛վ Մանթաշի անուշ հովեր, էլ չեք սիրտս հովացնի,
Ա՜խ, ես հորս շունչը կուզեմ, որ իմ հույսը ծովացնի-
Իրավ, հա՛յր իմ, չէ՞ որ դու դեռ Մասիսն էիր ելնելու.
Դարձի՛ր, բլբու՛լ, ո՞ւր ես գնում, Բինգյոլն ո՞ւմ ես թողնելու…
Արագածի պաղ աղբյուրնե՛ր, հուր արցունք եք այսօր թվում.
Ձեր հազարան բլբուլն ընկավ. հազար տեղով սիրտս է ցավում,
Էլ ո՞ւմ պիտի սեր դայլայլե, ա՜խ, բլբուլս էս ի՞նչ դառավ…
Հիմա իրավ դագա՞ղն է սև, թե՞ աչքերիս լույսը թռավ:
Սգա՛, անսուգ իմ Հայաստան, ընկավ կաղնին մայր անտառիդ,
Ա՜խ կտրվեց ամենասուրբ ոսկե լարը մեծ քնարիդ,-
Դու էլ ամպե, իմ Արարատ, ձյունե թագդ վար խոնարհե.
Ընկավ թագը հույսիս գլխից, էլ ո՞վ պիտի քեզ տուն բերե…
Էլ ո՞վ պիտի վիշտս կիսե, իմ Սևանս ծովացնի, –
Սևանն, ավա՜ղ, արցունք դառավ՝ բյուր աչքերում Հայաստանի:
Մենակ ինչպե՞ս ծովացնեմ ցամաքածը մեր Սևանա.
Մենակ ինչպե՞ս փրկեմ Մասիսը ես, ո՞նց տուն բերեմ ծովն էլ Վանա:
Կարծես Անին նորից փլվեց. մի նոր Սիփան խլվեց, ավա՜ղ…
Ետ բերելու հույսն էլ փլվեց, մի նոր Նարեկ մտավ դագաղ:
Տիեզերքի պերճ հյուսվածքն էր՝ Նարեկացու երգի նման,
Ինչպե՞ս պիտի մի բուռ հողը ծածկե սրտիկն իր անսահման:
Հա՛յր իմ, քարերն անգամ լացին, ու քիչ մնաց լեռն Արարատ
Շղթան կտրե, Արազն անցնի, ծունկի իջնի, ողբա վրադ…
Բայց, ախ չէ՞ որ մենք դեռ անհաս Մասիս էինք բարձրանալու,
Մեկտեղ էինք Մասիսն ի վեր՝այրվող սրտներս հովին տալու,-
Թե ինձ թողիր քնարն հայոց, Մասիսն ո՞ւմ ես դու թողնելու,
Մի՞թե ես էլ պիտի մեռնեմ՝ առանց Մասիս բարձրանալու,
Վշտիս հուրը ծով կուլ կտա՝ ցավս այն հողն է բովանդակ,
Հավատում եմ, սակայն վաղվան,
Կհովանա վիշտս վայրագ՝
Հայոց վշտի հրաբուխը լոկ Մասիսի սուրբ ձյունի տակ…
Թեկուզ հազար տարի անցնի, աշխարհ կգանք մենք միասին՝
Հայոց թագը պիտի տեսնենք դրված այնտեղ՝ Մեծ Մասիսին:
Հովհաննես Շիրազ
17. 10. 1957թ.
Ինչքան էլ շատ տեղեկություններ իմանանք մեր մեծերի մասին, միևնույն է՝ դարձյալ կան պահեր, որ կհետաքրքրեն բազմությանը, և դառնում են պատմական իրողություն։ Մայիսի 24-ին Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ներկա եղանք նման երևույթի։ Գյումրիում ծնված երկու Մեծերը՝ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Շիրազը, չնայած տարիքային (մոտ՝ 40) տարբերությանը, մտերիմ են եղել, և Իսահակյանը, 1946 թվականից մինչև կյանքի վերջը լինելով Հայաստանի գրողների միության նախագահը, շատ է օգնել Շիրազին: 1957թ. հոկտեմբերի 17-ին վախճանվում է Իսահակյանը, Շիրազը մեծ ցավ է ապրում։ Մեծ Վարպետի մահվան ու հոգեհանգստի կապակցությամբ գրում է մի բանաստեղծություն՝ «Էլեգիա», որը, սակայն, այդ ժամանակ չի տպագրվում որևէ տեղ:
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ, ԵՊՀ երկար տարիների դասախոս Սամվել Մուրադյանը տեղեկացրեց, որ 1964թ., երբ տպագրության է տրվել Շիրազի «Քնար Հայաստանի» գրքի 2-րդ հատորը, խմբագիր Գևորգ Հայրյանը կարողացել է «Էլեգիա»-ի 32 տողից ընդամենը 12-ը տպագրել գրքում: Դրանից հետո անհայտ է եղել բանաստեղծության ճակատագիրը: Շիրազը մեքենագիր տարբերակը հանձնել է խմբագրություն, որն էլ չի գտնվել: Ս. Մուրադյանը, որը շատ մտերիմ է եղել Շիրազի հետ, կես դարից ավելի փնտրել է, որ գտնի «Էլեգիա»-ն, չի ստացվել: Բարեբախտաբար Շիրազը նույն բանաստեղծության մի օրինակ էլ 1980թ․ հանձնել է Լենինականի այդ ժամանակվա քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանին, որի հետ նամակագրական կապ է ունեցել, ցանկացել է թանգարան ունենալ իր ծննդավայրում: 2023-ի ամռանը Դ. Հարությունյանը Շիրազի «Ղարաբաղի ողբը» և «Էլեգիա» բանաստեղծությունների տպագիր էջերը պահ է տվել Գյումրիում գործող «Դպիր» հրատարակչության հիմնադիր տնօրեն, բանասեր Հովիկ Կարապետյանին։ Ճանաչելով Սամվել Մուրադյանին և իմանալով, որ նա զբաղվում է նաև Շիրազի ստեղծագործությունների հրարատարակմամբ՝ Հ․ Կարապետյանն էլեկտրոնային փոստով բանաստեղծություններն ուղարկում է գրականագետին: Այսպիսով գտնվում է երկար տարիներ անհայտության մեջ մնացած բանաստեղծությունը:
Ժամանակակից նշանավոր գրականագետներ Սամվել Մուրադյանի և գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Դավիթ Գասպարյանի նախաձեռնությամբ, Արարատ և Վարդան Գյոմցյան եղբայրների օժանդակությամբ, որոնք Գյումրիի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների պատվավոր բարեկամներ են, կազմակերպել էին հանդիպում Գյումրիում։ Եվ մայիսի 24-ին Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ գրական ցերեկույթ՝ նվիրված «Էլեգիա» բանաստեղծությանը:
Ներկա էին արվեստասերներ, արվեստագետներ, դասախոսներ և ուսանողներ Գյումրիի բուհերից, հյուրեր Երևանից, այլ բնակավայրերից։ Օրվան անհամբեր սպասել ու Իսահակյանի հարկի տակ գրականագետներին հանդիպելու էին եկել գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանը, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը՝ Գյումրու Պապը, պոլիտեխնիկական համալսարանից Պարույր Գոմցյանը, բանասեր Արմենուհի Ավագյանը, «Դպիր» հրատարակչության հիմնադիր տնօրեն Հովիկ Կարապետյանը, ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի կազմակերպիչներից Արցախյան պատերազմի օդաչու-հրամանատար Սեյրան Վանցյանը, ճանաչված գյումրեցի Վարդան Հովսեփյանը, այլոք: Հյուրերին ջերմորեն, գուսանական ու ժողովրդական երգերով դիմավորեցին և ընդունեցին Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակիցները՝ տնօրեն Կարինե Վիրաբյանի գլխավորությամբ: Դահլիճում ներկաներին ողջունց թանգարանի տնօրեն Կ. Վիրաբյանը՝ կարևորելով նման միջոցառումները, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, աջակիցներին: Միջոցառմանը ներկա էր նաև Վարդան Գոմցյանը, որը ներկայացրեց գրականագետներ Ս. Մուրադյանին և Դ. Գասպարյանին՝ կարևորելով նրանց տեղն ու դերը արդի հայ գրականության զարգացման գործում։
Ս. Մուրադյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրեց Շիրազի «Էլեգիա» բանաստեղծությունն ամբողջությամբ: «Բովանդակությամբ քնարական-հուզական այս ստեղծագործությունը նաև Իսահակյան բանաստեղծի՝ Մեծ հայի և քաղաքացու համակարգված գնահատականն է, որը կարող է հիմք հանդիսանալ Վարպետի ստեղծագործությունը նորովի արժևորելու-գնահատելու համար»,- ասաց Ս. Մուրադյանը: Անդրադարձավ բանաստեղծության տպագրված 12 տող-հատվածին, այնուհետև բնորոշեց չտպագրված 20 տողը: Բանաստեղծությունում Շիրազը նաև հայր է անվանում Իսահակյանին։
Տիեզերքի պերճ հյուսվածքն էր՝ Նարեկացու երգի նման,
Ինչպե՞ս պիտի մի բուռ հողը ծածկե սրտիկն իր անսահման:
Հա՛յր իմ, քարերն անգամ լացին, ու քիչ մնաց լեռն Արարատ
Շղթան կտրե, Արազն անցնի, ծունկի իջնի, ողբա վրադ…
«Ոչ մի գրականագետ չի կարող բանաստեղծի պես ընկալել ցանկացած բանաստեղծություն։ Եվ Շիրազը հասկանում ու զգում էր Իսահակյանի մեծությունը, որը սովորական մահկանացու չի եղել գյումրեցի մյուս մեծության համար։ Գյումրու հողը տվել է նման մեծություններ, որոնք այսօր էլ միասին են շատերի համար ուսուցիչ», -հավելեց Ս․ Մուրադյանը։
Գրականագետ Դ․ Գասպարյանն իր խոսքում հանգամանորեն անդրադարձավ Իսահակյան-Չարենց-Շիրազ գրական առնչությանը։ Գիտականորեն հիմնավորեց հայ երեք մեծերի գրական ազգակցությունը և նրանց փոխառնչությունները հայ բանաստեղծական մտքի ընդհանուր համապատկերում։
Ելույթներից հետո դերասան Ս․ Գրիգորյանն ու երիտասարդ դերասանուհի Անուշն ընթերցեցին Շիրազի «Էլեգիա» բանաստեղծությունը։ Ընթացքում Գոմցյան եղբայրների կողմից թանգարանին նվիրվեց մի լուսանկար, որում Վարպետն է և մի քանի գյումրեցիներ, որոնց շարքում ժամանակին այս քաղաքում ճանաչված Բաբկեն Մարտիրոսյանն է: Հուշ-լուսանկարը եղել էր Բաբկենի թոռան՝ Վարազդատ Մարտիրոսյանի մոտ: Բժշկուհի Գայանե Բաբայանը, որը Երևանից եկել էր մասնակցելու ցերեկույթին, թանգարանին հատկացրեց իր սկեսուր Մարիամ Շախկուլյանի դպրոցական ավարտական վինետկան, որը տրվել է 1943թ․ Թբիլիսիի Ավ․ Իսահակյանի անվան թիվ 72 միջնակարգ դպրոցն ավարտելու առթիվ։ Հետաքրքիր է՝ շրջանավարտները հիմնականում հայեր են։
Վերջում ներկաները շրջեցին Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում, ծանոթացան վարպետի մանկության տարիներին այստեղ օգտագործված կահ-կարասու, այլ իրերի հետ։
Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից՝ բանաստեղծի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։ 1975թ․ հոկտեմբերի 29-ին լրացավ Իսահակյանի ծննդյան 100-ամյակը, և այդ օրերին Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան։ 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով թանգարանի շենքն ավերվում է, 90-ականների սկզբին հիմնովին քանդվում՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով։ Սակայն պատերազմի և այլ պատճառներով շինարարությունն ընդհատվել է, և Շիրակի մարզպետարանի պատվերով սկսվել 2002 թ․ գարնանը։ Տուն-թանգարանը Վարպետի հարազատների նկարագրումով վերականգնվել և ձևավորվել է նույն ոճով ու ձևով, ինչպես եղել է 1957 -ին։ Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։ Գյումրու Վարպետաց փողոցում է գտնվում թանգարանը, որի հարևանությամբ է նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը։
Օրվա ընթացքում եղավ ժամանակ Երևանից գնացած մեր խմբով՝ Սոնա Գյոմցյան, Գայանե Բաբայան, Հրանտ Սուքիասյան, Կարինե Բիշարյան և պատանի Ալբերտ Հովսեփյան, շրջել Գյումրիում, այցելել Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի, ժողովրդի խոսքով՝ Սուրբ Յոթ Վերք, որը կառուցվել է 1874-1886 թվականների ընթացքում: Եղանք նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ կառուցված 1860-1873 թվականների ընթացքում: 1988թ. երկրաշարժից ավերված Սուրբ Ամենափրկիչում ընթանում էին արտաքին և ներքին հարդարման ու կառուցապատման աշխատանքներ:
Զոհրաբ Ըռքոյան