Երբ մենք խոսում ենք սպորտի մասին, առաջին հերթին մտածում ենք դրանից ստացվող ֆիզիկական օգուտի մասին: Ֆիզիկական վարժություններն օգնում են դառնալ ավելի դիմացկուն, ամրացնել մկանները եւ ունենալ ուժեղ մարմին: Բայց դա այն բոլորը չէ, ինչ կարող է մեզ տալ ֆիզիկական ակտիվությունը: Սպորտով պարբերաբար պարապելն օգնում է պայքարել ընկճախտի (դեպրեսիայի), տագնապի եւ սթրեսի դեմ: Այն ամենը, ինչ լավ է ազդում մեր մարմնի վրա, մեծ ազդեցություն ունի նաեւ բանականության վրա: Կարեւոր է հասկանալ, թե որ ֆիզիկական վարժություններն են դրական ազդում յուրաքանչյուր մարզվողի ինչպես առօրյա կյանքի, այնպես էլ ընդհանուր ինքնազգացողության վրա:
Հետհակամարտային միջավայրում ապրող մարդկանց, առավել եւս երեխաների շրջանում անխուսափելի են սթրեսն ու տագնապը, հետվնասվածքային սթրեսային խանգարումները, որոնք չի կարելի անտեսել: Դրանց դեմ պայքարելու լավագույն միջոց են ֆիզիկական պարապմունքները, իսկ ավելի նպատակային են խմբային պարապմունքի տարբերակները:
Արցախից բռնի տեղահանվելուց հետո մեր մարզիչները, կարողանալով հաղթահարել մի շարք դժվարություններ, վերսկսել են տարբեր մարզաձեւերից մարզումներ անցկացնել: Բարեբախտաբար կան մարզվելու հնարավորություններ ինչպես երեխաների ու պատանիների, այնպես էլ հասուն տարիքի մարդկանց համար: «Լուսարար»-ը պարբերաբար ներկայացնում է արցախցի մարզիչների ու մարզիկների գործունեության մասին պատմող նյութեր, որոնցում արձանագրվում են նաեւ գործող մարզիչների տվյալները: Բոլոր ցանկացողները կարող են օգտվել տեղեկություններից, հետաքրքվել ու միանալ իրենց պահանջներին համապատասխանող մարզաձեւերի պարապմունքներին, որոնք բոլոր առավելություններից բացի նաեւ լավ հնարավորություն են մշտապես շփվելու մեր հայրենակիցների հետ, պահպանելու Արցախի բարբառը, լինելու միաբանված: Իսկ մինչ այդ նպատակային ենք համարում եւս մեկ անգամ վերհանել ակտիվ կենսակերպի կարեւորության, օգտակարության, իսկ մեր դեպքում՝ սպորտի ավելի շատ պահանջված լինելու մասին թեման:
Ակտիվ կենսակերպն ունի մի շարք առավելություններ մեր հոգեկան առողջության համար: Դրա միջոցով բարելավվում են ուղեղի առողջությունը եւ կոգնիտիվ (իմացական) գործառույթները, ինչպես նաեւ նվազում է ընկճախտի ու տագնապի առաջացման ռիսկը: Պարբերաբար մարզումները նպաստում են քնի ու տրամադրության լավացմանը: Պետք է հաշվի առնել, որ եթե կան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ, ուրեմն պետք է բժշկի հետ խորհրդակցել նախքան մարզումներ սկսելը:
Ինչպե՞ս է սպորտն ազդում հոգեկան առողջության վրա: Ֆիզիկական վարժությունները շատ ավելին են տալիս, քան միայն ֆիզիկական կառուցվածքի բարելավումը: Դրանք նպաստում են, որ մարդն ապրի երկար ու առողջ կյանք՝ բազմաթիվ առավելություններով, ինչպիսին են էներգիայի ավելացումը եւ դիմացկունությունը: Դա նաեւ հոյակապ միջոց է տրամադրությունը բարձրացնելու համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարբերաբար կատարվող ֆիզիկական վարժությունները կարող են զգալիորեն նվազեցնել հոգնածությունը, բարձրացնել էներգիայի մակարդակը, նպաստել լավ քնելուն, դրական ազդեցություն ունենալ տրամադրության եւ բանակաանության վրա՝ բարելավելով կենտրոնացածությունը եւ հոգեկան առողջությունը:
Ֆիզիկական վարժությունները բնական ու արդյունավետ միջոց են տագնապի, ընկճախտի եւ սթրեսի բուժման համար: Անկախ նրանից, թե քանի տարեկան եք եւ որքանով եք սպորտային, ֆիզկուլտուրան օգտակար է բոլորի համար: Պետք է դրան վերաբերվել ինչպես հաճելի սովորության, որը կօգնի հաղթահարել հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:
Մարմնի շարժումները օգնում են հանել լարվածությունը եւ բարձրացնել ֆիզիկական ու մտավոր էներգիայի մակարդակը, ստիպելով, որ օրգանիզմը արտադրի էնդորֆիններ, որոնք ընդունված է անվանել «երջանկության հորմոններ»: Կարող եք ոչ միայն արագ հասնել լավ մարզավիճակի, այլեւ ձերբազատվել սթրեսից ու անհանգստությունից: Պարապմունքի ընթացքում պետք է ձգտել չընկղմվել մտքերի գիրկը, այլ գիտակցորեն ապրել պահը. ուշադրություն դարձնել, թե ինչպես են ոտքերը հպվում գետնին վազքի կամ քայլքի ժամանակ, եւ կենտրոնանալ շնչառության ռիթմի վրա՝ հետեւելով, թե ինչպես է աստիճանաբար այն դառնում ավելի խորքային: Այդ ամենը կօգնի հանգստացնել տագնապային մտքերը եւ ամրացնել մարմինն ու բանականությունը:
Ֆիզիկական վարժությունները կարող են արդյունավետ բուժում լինել թեթեւ կամ չափավոր ընկճախտի դեպքում: Օրվա մեջ ընդամենը 15 րոպե տեւողությամբ վազքը կամ մեկժամյա քայլքը կարող են նվազեցնել դեպրեսիվ փուլերի ռիսկը 26 տոկոսով: Սպորտը թեթեւացնում է դեպրեսիայի ախտանիշները (հնարավոր է դրանք այն ախտանիշներն են, ինչն զգում եք հիմա. անքնություն կամ քնկոտություն, ախորժակի բացակայություն, քաշի կտրուկ փոփոխություն, տրամադրության անկումներ, հաճույք ստանալու անկարողություն, անտարբերություն եւ այլն) եւ նվազեցնում է դրանց կրկնվելու հավանականությունը հետագայում: Երբ պարապում ենք, մեր ուղեղում կատարվում են զարմանալի բաներ, ինչպիսին են նեյրոնների զարգացումը եւ բորբոքման նվազումը, որն իր հերթին նվազեցնում է սթրեսի մակարդակը եւ տալիս է հանգստի զգացողություն: Ֆիզիկական վարժությունները կարելի է օգտագործել նաեւ ուշադրությունը շեղելու համար, որպեսզի շեղվել բացասական մտքերից:
Սթրեսը կարող է ուժեղ վնաս հասցնել ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը: Օրինակ՝ մկանային լարվածությունը, պարանոցի եւ ուսերի մասերում ցավերը, զարկերակի արագացած հաճախականությունը, աղիների հետ կապված խնդիրները կարող են սթրեսի հետեւանք լինել: Սպորտն օգնում է հաղթահարել նույնիսկ սթրեսը: Սկզբնական շրջանում հնարավոր է, որ դժվար լինի գտնել մոտիվացիա, բայց պետք է հիշել, որ առաջին հերթին դուք դա անում եք ձեզ համար: Ֆիզիկական վարժությունները մեր այն դռան բանալին են, որը տանում է դեպի երջանիկ ու առողջ զգալուն: Երբ մարմինը թուլանում եւ հանգստանում է, սկսում է բանականությանը դրական ազդանշաններ հաղորդել, որոնք միտված են տրամադրության լավացմանը, ինչն էլ սթրեսի ցածր մակարդակով կամ էլ դրա բացակայությամբ կյանքի հիմքն է:
Անկախ նրանից, թե հոգեկան առողջության հետ կապված ինչ խնդիրների եք բախվում, համակարգված պարապմունքները բարձրացնում են հոգեբանական կայունության աստիճանը, դարձնում են սթրեսակայուն, օգնում են պահպանել հանգստություն դժվար օրերին, բարելավում են տրամադրությունը, հոգեկան բարեկեցությունը եւ ընդհանրապես կյանքի որակը: Ուստի պետք չէ ժամանակ կորցնել, այլեւ հստակ որոշել ու սկսել հաճախել նախընտրած մարզումների:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ