Այստեղ սիրել գիտեն

«Խնդրում եմ իմ որդուն` …. …. – ին, ընդունել Ձեր դպրոցի 9-րդ դասարան»:

Ներքին դողը խանգարում էր գրել։ Ընդամենն օրեր առաջ որդիս ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատի միջնակարգ դպրոցի սան էր, իսկ ես ` նույն դպրոցի 20 տարվա  մանկավարժ։

Նախապես ինքս ինձ տրված չլացելու հրաման ունեի, որն ի կատար ածելու համար մեծ ճիգեր էր պահանջվում։

«Եվս մի սիրուն արցախցի տղա ավելացավ իմ դասարանում»,- գոհունակ տոնով արտաբերում է ներս մտած ուսուցչուհին:

Մայրական ինքնասիրություն շոյող խոսքերից գոտեպնդված ` բարձրացնում եմ թղթին հառած աչքերս։ Այն, ինչ տեսնում եմ դիմացինի աչքերում, վայրկենապես տապալում է ինձ։ Վստահ կեցվածքն անզոր էր քողարկել հոգու կսկիծը։ Թաց աչքերը մատնում էին։

Հարցնում եմ.«Ինչպե՞ս Ձեզ դիմեմ»։

«Ընկեր Մարինե,- ասում է տղայիս նոր դասղեկն ու շարունակում, – Հայկս արդեն դասարանում է»:

Հայկս…Այդ ստացական – ս հոդն  էլ հենց տեղում վճռում է ամեն բան։ Առանց ավելորդ պերճախոսության ընկեր  Մարինեն ինձ հասկացնել տվեց. «Հայկը նաև իմն է, իսկ Հայաստանը` նաև քոնը»։

Իմ տունն անտեր թողած աշխարհի տերե‘ր, ես մենակ չեմ։ Ինձ հետ են ընկ.Մարինեն  և Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը։

Արդեն 7 ամիս է, ինչ իմ երեխաները հաճախում են այս դպրոց։ Օր օրի համոզվում եմ, որ Ամենայն հայոց բանաստեղծի հայրենի Լոռին մի մեծ բաբախող սիրտ է ` լեցուն սիրով ու մշտարթուն խղճով։ Կարող եք պատահականության սկզբունքով զանգել թիվ6 դպրոցում սովորող արցախցիների ծնողներից ցանկացածին։ Վստահեցնում եմ` իմ  տեսակետը կպաշտպանի նրանցից յուրաքանչյուրը. մեր զավակները դասի են գնում ուրախությամբ, վերադառնում են` ոգեշնչված։ Այդպես լինում է,երբ դպրոցում աշխատում են նվիրյալներ։ Մարդիկ,որոնց համար դպրոցը ոչ թե աշխատավայր է, այլ` կրթօջախ։ Իսկ օջախը վառ պահելու համար երբեմն հարկ է լինում «հուր դառնալ ու լույս տալով սպառվել»: Բավական է դիտարկել ընկ.Մարինեի հրավիրած ծնողական ժողովները, որպեսզի պարզ դառնա, որ դպրոցում առողջ մթնոլորտ է։Որպես ուսուցիչ-ծնող՝ ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ Ստեփանավանի թ.6 դպրոցը բացառիկների  շարքին կարելի է դասել։ Անառարկելի փաստերն են այդ մասին խոսում. խաղաղ դասամիջոցներ` առանց հրմշտոցի ու անվայել լեքսիկոնով վիրավորանքների, ժամանակակից դասեր, որոնք ենթադրում են աշակերտակենտրոն, բայց ոչ անկառավարելի պրոցես, ուսումնական օր` հագեցած տարաբնույթ միջոցառումներով, սովորողների համար անվտանգ միջավայր ապահովելուն ուղղված հետևողականություն։ Հատկանշական է,որ կրթական համակարգում  հաճախակի տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում դպրոցը կարողանում է հետ չմնալ մրցավազքից։ Այս հարցում անվիճելի է ուսումնամեթոդական աշխատանքների  գծով տնօրենի տեղակալ Նարա Միկոյանի դերը։ Տիկին Միկոյանը կարողանում է ստեղծել մրցակցային միջավայր,որտեղ պարտվողներ չկան։ Թեքեյանցիները  համագործակցել գիտեն։

Եվ, այնուամենայնիվ, ծնողի համար ամենակարևորը իր զավակի փայլող աչքերն են։ Իմ երեխաները ամեն օր տուն են մտնում ժպտալով ու չեն զլանում ամեն անգամ տալ նույն  հարցը.«Մամ, քինյան չընք չէ՞ Ստեփանավանա»:

Այստեղ մեզ չեն հերոսացնում։ Այստեղ մեզ չեն մեղադրում։Այստեղ մեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կանք` մեր ապրած ողբերգությամբ ու ապրելու մեծ տենչով։

Այստեղ սիրել գիտեն։

      Մեդինա ՄԵԺԼՈՒՄՅԱՆ