Ամեն բան հեշտ է լինել,
ամենադժվարը մարդ լինելն է։
Հովհաննես Թումանյան
Դրվատանքի են արժանի այն մարդիկ, որոնց գործունեությունը միտված է երկրի լուսավոր ապագային, որոնց մտահոգությունը իրենց հայրենիքի հետագա ճակատագիրն է ու այդ ճակատագիրը կերտող այսօրվա մանուկները։ Ամեն ոք չէ, որ կարողանում է ընկալել այս կարևոր հանգամանքը ու իր ողջ ջանքերը միավորել այդ նպատակն իրագործելու համար։ Այսօրվա լուսաշող երեխաները մեր վաղվա օրն են, և ամեն ինչ կախված է նրանից, թե այդ հաջող վաղվա համար մենք ինչ ենք անում այսօր։ Այսինքն՝ ամեն ինչ մեծապես կախված է մեր վերաբերմունքից, իսկ ժամանակն էլ ցույց կտա դրա արդյունքը։
Օրերս Աբովյան քաղաքում ականատես եղանք մարդասիրության դրսևորման ևս մի մեծ քայլի, որի նախաձեռնությունը պատկանում է արցախցի մանկավարժ, ֆրանսերենի մասնագետ, ՀՀ տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ, միևնույն ժամանակ Երևանի Հովհ. Թումանյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչ, «Առաքելություն Արցախ» հասարակական կազմակերպության քարտուղար Դավիթ Գաբրիելյանին։ Դեռևս Արցախում եղած ժամանակ նա ճանաչված էր իր հայրենանվեր գործունեությամբ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով փախստական դարձած հայրենակիցներին սատարում էր ինչով կարող էր։ Իսկ Արցախի ամբողջական տեղահանությունից հետո բազմապատկվեցին նրա մտահոգությունները։ Գիշերուզօր մտահոգության առարկան Արցախն էր, իր հայրենակիցները, որ աշխատանք չունեին, և երկրի ապագան խորհրդանշող լույս մանուկները, որ հնարավորություն չունեին ընդգրկվելու նախակրթարաններում։ Սոսկալի էր զբաղվածության հարցը։ Ու ծնվեց գաղափարը. իրավաբան քրոջ՝ Արուսյակ Գաբրիելյանի հետ /վերջինս վաղուց էր փափագում այդ մասին/ ստեղծել մանկական զարգացման կենտրոն, որտեղ կընդգրկվեին արցախցի երեխաները, նրանց ծնողները, մանկավարժներ։ Մասնակիորեն կլուծվեր զբաղվածության խնդիրը որոշակի շրջանակի համար։
Արցախցի մանուկները բախվել էին մի մեծ խնդրի. նրանց համար դժվար էր շփումը Հայաստանի իրենց հասակակիցների հետ: Առաջ եկան մի շարք բարդություններ՝ կապված և’ խոսակցական լեզվի, և’ գրական հայերենով շփման հետ: Այս հիմնախնդիրներով էլ պայմանավորված՝ ստեղծվեց «Արուսյակ» մանկական զարգացման կենտրոնը, որը տեղակայված է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սրտում` երաժշտական դպրոցի հարևանությամբ, նախկին «Միկի Մաուս» զարգացման կենտրոնի վայրում։
Ամիսներ տևած դժվարին ու տքնաջան աշխատանքի արդյունքում, որի ընթացքում Դավիթ Գաբրիելյանին հաջողվեց ավելի ևս սերտացնել իր կապերը Ֆրանսիայի Արևելյան քրիստոնեական կազմակերպության՝ «Օղվե Դողյան»-ի հետ /կազմակերպության տնօրեն՝ Պասկալ Գոլնիշ/ ու բազմաթիվ հանդիպումներից հետո կյանքի կոչել քրոջ հետ միասին ծրագրած երազանքը։
Կենտրոնի բացման արարողությանը հրավիրված էին Դավիթ Գաբրիելյանը, որը կենտրոնի համահիմնադիրներից է, Երևանի Հովհ. Թումանյանի անվան հիմնական դպրոցի փոխտնօրեններ Ալվարդ Վահրամյանը, Գայանե Վարդանյանը, դպրոցի նախկին ղեկավար Ալինա Մովսիսյանը, բանաստեղծ Բորիկ Բաղդասարյանը, ՀՀ տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետի տեղակալ Արմեն Վիրաբյանը, Արցախի «Լուսարար» թերթի խմբագիր Սվետլանա Խաչատրյանը։
Հմայիչ հաղորդավարուհի Շուշան Քոթանյանի ձայնի հաճելի ելևէջներով հայտարարվեց միջոցառման բացման մասին, ու հնարավորություն տրվեց հրավիրված մարդկանց՝ արտահայտելու իրենց սրտի խոսքը։
Մանկավարժ Ալինա Մովսիսյանը նշեց, որ մարդկային բարության շնորհիվ միայն իրագործվեց այդ ամենը։ Այսօր ավելի, քան երբևէ բոլորիս խիստ անհրաժեշտ են բարեգթությունը, միասնությունն ու մարդկայնությունը։ Իրոք, իզուր չէ Մեծն Թումանյանն ասել. ՙԱմեն բան հեշտ է լինել, մարդ լինելն է միայն դժվարՙ։
Զարգացման կենտրոնի աշխատող Տաթև Բախշիյանն իր շնորհակալական խոսքը հղեց կենտրոնի տնօրեն Արուսյակ Գաբրիելյանին և բոլոր բարի մարդկանց այդ լույսի օջախը բացելու համար, քանի որ դրանով հնարավորություն կտրվի արցախցի երեխաներին պահպանելու մեր գեղեցիկ ու հնչեղ բարբառը, հոգում էլ միշտ վառ պահելու այն ամենը, ինչ որ արցախական է։ Մի խոսքով, կենտրոնի առաքելությունը բազմաբովանդակ է, իսկ ամենագլխավորն այն է, որ ստեղծվել է՝ Արցախն ապրեցնելու համար։
Ներկաներից Արմեն Վիրաբյանը, ողջունելով իր համաքաղաքացիներին ու արցախցիներին, ընդգծեց այն փաստը, որ իրականության մեջ հենց արցախցիներն են ամենաբնիկ հայերը, և Դավիթի ու Արուսյակի այդ կարևոր քայլը շատ գնահատելի է, դրվատանքի արժանի, և այն պետք է վարակիչ դառնա Հայաստանի տարբեր քաղաքների համար։ Միակ ցանկությունն էլ այն է, որ Արցախի այդ երեխաները հաջորդ տարի իրենց բնօրրանում հաճախեն այդպիսի կենտրոններ։
Աբովյանի «Մայրերի ակումբ»-ի ղեկավար Մոնիկա Համբարձումյանն էլ, անդրադառնալով բոլոր հանգամանքներին, նշեց, որ տիկին Արուսից հսկայական ջանքեր են պահանջվել՝ իր երազանքի իրագործման համար, և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ։
Տեր Մաշտոց քահանայի օրհնությամբ ու աղոթքով բացվեց միջոցառումը, իսկ կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց տիկին Արուսին՝ սաների հետ միասին։
Զարգացման կենտրոնի մանկավարժներից Անուշ Մովսիսյանը որոշակի մանրամասներ հաղորդեց կենտրոնի գործունեության մասին։ Նշեց , որ նախակրթարանում առայժմ ընդգրկված են 14 արցախցի երեխաներ, որոնք հաճախում են անվճար հիմունքներով, և նախնական ստեղծվել է կրտսեր և ավագ տարիքային երկու խումբ: Երեխաները, դաստիարակները, մանկավարժները Արցախից տեղահանված մարդիկ են:
Հետագայում կենտրոնը կգործի նաև տեղացիների համար՝ վճարովի հիմունքներով։ Աշխատողների աշխատավարձը հոգալու է հովանավոր կազմակերպությունը։
Կենտրոնում ուսուցումը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից հաստատված ծրագրերով, չափորոշիչներով՝ երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան: Դասավանդելու են հայոց լեզու/մայրենի/, մաթեմատիկա, անգլերեն, երգ-երաժշտություն առարկաները, աշխատելու է նաև հոգեբան։
Հունիս ամսից գործելու է ամառային դպրոց երկարօրյա խմբերով՝ 6-12 տարեկան երեխաների համար։ Կազմակերպվելու են էքսկուրսիաներ առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Աշխատելու են համապատասխան առարկաներից մասնագետներ, հոգեբան, գործելու է կավագործության խմբակ, նաև առկա է ավազաթերապիայի սենյակ։ Ամառային դպրոցի գլխավոր նպատակն է 2023-2024 ուստարում երեխաների ձեռք բերած գիտելիքների ամրակայումը, ամառային առաջադրանքների կատարումը և գիտելիքների խորացումը ըստ առարկաների։ Ընդգրկվելու են ոչ միայն արցախցի, այլև Աբովյանում բնակվող տեղացի երեխաները։
Սեպտեմբերի 1-ից հնարավոր կլինի վճարովի հիմունքներով ընդունելություն կազմակերպել տարիքային շեմն իջեցնելով. կընդգրկվեն ոչ միայն 3 տարեկանը լրացած, այլև ավելի փոքր տարիքի երեխաներից մինչև 6 տարեկանները։
Կենտրոնն ունի բացօթյա մեծ խաղահրապարակ, որին կից գործում է լողավազան, որից ամառվա ընթացքում կօգտվեն և՛ամառային դպրոցի, և՛կենտրոնի սաները։
Զարգացման կենտրոնի բացման արարողությանը հրավիրված հյուրերից շատերը, որոնք անձամբ ճանաչում էին տնօրեն Արուսյակ Գաբրիելյանին իրենց դրվատանքի խոսքն արտահայտեցին նրա հասցեին՝ իր հայրենանվեր գործունեության համար: Վերջում հաղորդավար Շուշան Քոթանյանը ներկաներին միասնական պարի հրավիրեց։ Հնչեց հայկական «Քոչարին», ուս ուսի տված պարահրապարակ մտան մեծ ու փոքր, որ հայի միասնական ոգին վեր հառնի, ավելի ամրանան ու սարեր շուռ տան։ Բոլորիս փափագն է՝ մեր հայ ազգին տեսնել միասնական, համախմբված և ուժեղ։ Բոլորիս այսօր դա է պակասում։
Երեխաների ափերի մեջ է մեր երկրի ապագան, նրանցից յուրաքանչյուրի ժպիտի մեջ է ամփոփված մեր կյանքի իմաստը։ Ամեն ինչ պետք է անել այդ ժպիտը չպակասեցնելու համար։ Մեր երեխաներին մաղթենք՝ բարով վայելեն այդ նոր հաստատությունը։ Թող այնպիսի հրաշք կատարվի, որ այդ երեխաները Արցախում հաճախեն նման կենտրոններ՝ հոգեկան խաղաղություն բերելով բոլորիս։
Նորաբաց «Արուսյակ» կենտրոնի տնօրեն Արուս Գաբրիելյանին էլ ավելի մեծ ուժ ու եռանդ մաղթենք սկսած գործը հաջողությամբ իրականացնելու համար։
Թող բախտը ժպտա մեր հայրենակիցներին։
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ