Համերգ՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրվա առթիվ

Բարի լուսո աստղ էրևաց
աղոթարան դռներն ի բաց,
բարով բացվեր լուս աղոթրան
սարված լծեմ էրթամ գութան։

Մայիսի 5-ին Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում  Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը հանդես եկավ «ԱԿՈւՆՔՈւՄ ՀԱՅՐԻԿ ՄՈւՐԱԴՅԱՆՆ Է» խորագիրը կրող համերգային ծրագրով: Համերգային երեկոն նվիրված էր երգիչ-բանահավաք, ազգագրագետ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանին:

«Ակունք» ազգագրական համույթ» ստեղծվել է 1974 թվականին Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Հայրիկ Մուրադյանի դուստր Մարո Մուրադյանի կողմից։ «Ակունք»-ում սկզբնական շրջանում ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի ՎանՄուշՍասունՇատախ և այլ բնակավայրերից 1915 թվականին տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ 1977 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել խմբի առաջին պաշտոնական ելույթը։ Մոտ կեսդարյա պատմություն ունեցող «Ակունք»-ը, որը, հիրավի, մեր ակունքներից է պեղում հայոց ազգագրական երգն ու պարը և իր ելույթներով հիացնում ու ոգևորում հանդիսատեսին, բազում համերգներ է ունեցել մեր երկրում ու արտերկրում։ Մայիսի 5-ին խումբը հանդես եկավ դարձյալ իր հիմնական ծրագրով։ Համերգը մեկնարկեց խմբի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի ողջույնի խոսքով: Նա բարձր գնահատեց Հայրիկ Մուրադյանի դերը հայ ազգագրական երգարվեստի տարածման, ինչպես նաև՝ «Ակունք»-ի կայացման գործում։ Անդրադարձավ նաև Հայրիկ Մուրադյանի կենսագրությանը։

Երգիչ-բանահավաք, ազգագրագետ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1955), Հայրենական մեծ պատերազմի մասնակից Հ․ Մուրադյանը ծնվել է 1905թ․ մայիսի 3-ին Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգի Շատախի գավառակի Ջնուկ գյուղում։ Խրիմյան Հայրիկի աշակերտներից էր Ջնուկի հարևան գյուղի ավագ քահանան, որը մանկանը մկրտել է Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ նրան կնքելով Հայրիկ՝ ի պատիվ Խրիմյան Հայրիկի։ 1915թ. Շատախի հայերը, այդ թվում՝  Մուրադյանների գերդաստանը, հարկադրաբար լքել են հայրենիքը։ Մուրադյանների 54 անձից բաղկացած գերդաստանը համընդհանուր կոտորածի միջով հասել է Սալմաստ (Իրան)։ Այնուհետև վերադարձել է Վան, հետո նորից՝ Իրան և, վերջապես, հասել Իրաքի անապատներ։ Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնալ այդ փորձություններից հետո։ 1921թ․ տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատել Վերին Արտաշատում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մայր բուհում նա շփվել է հայտնի մտավորականներ Հրաչյա ԱճառյանիՅուրի ՂամբարյանիԱրսեն ՏերտերյանիԳուրգեն ՍևակիՄկրտիչ Մկրյանի և ուրիշներ հետ։ 1937թ. հայազգի այլ մտավորականների նման Հայրիկն էլ հայտնվեց բանտում։ Նրան մեղադրում էին որպես Խանջյանի դրածո։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, տուն վերադարձել։ 1965թ. առաջին անգամ եթերում հնչել է Հայրիկ Մուրադյանի ձայնը։ Վախճանվել է 1999թ․ դեկտեմբերի 22-ին Երևանում։

Մինչ համերգի սկսելը, էկրանին «Հայֆիլմ»-ի նկարահանած «Հայրիկ» ֆիլմի տեսարանով, որտեղ հնչում է «Երազ իմ երկիր՝ հայրենի» երգը, ցուցադրվեց կարճ հոլովակ՝ նվիրված Հ․ Մուրադյանին։ Տեղեկացվեց, որ «Հայրիկ» ֆիլմում երգի այդ հիասքանչ կատարումը Հայրիկ Մուրադյանինն է։ Հայ երգի նահապետի մասին կան տարբեր հիշողություններ, որոնցից է լեգենդային այս իրապատումը։   Գարնանային արևոտ մի օր Հայրիկի մայրը գնացած է լինում Առնոս լեռան լանջ՝ կանաչի հավաքելու։ Հանկարծ երկինքը մթնում է։ Սկզբում անձրև է տեղում, հետո՝ կարկուտ։ Մայրը, եղանակից պաշտպանվելու համար, ծածկում է գլուխը մեծ տերևներով, մինչև որ հասնում է մի քարանձավի։ Այդ ժամանակ հանկարծակի սկսվում են ծննդաբերության ցավերը ու աշխարհ է գալիս Հայրիկը։ Մայրը, չկորցնելով իրեն, նրան փաթաթում է իր զգեստի մի կտորով։ Հայրը, տեսնելով, որ եղանակը փոխվել է, անհանգստանում է ու գնում է Առնոս լեռ՝ օգնելու կնոջը։ Հասնելով քարանձավի մուտքի մոտ՝ նա զարմացած ու ուրախացած նայում է կնոջը և որդուն ու երկուսին էլ տուն է տանում։ Հետագայում Հայրիկը, իմանալով իր առասպելական ծննդի մասին, հետևյալ տողերն է նվիրել մորը.

Խավարծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր,
Ինձ ողջունեցին որոտն ու կայծակ
Եվ ես զգացի հողմերի համբույր։

Համերգն սկսվեց հայ ազգագրական երգ ու պարով։ Ընթացքում հնչեցին ազգարական, ժողովրդական երգեր, օրորոցայիններ, այլ կատարումներ։ Խրիմյան Հայրիկի հեղինակած «Բարի լուսո աստղն էրվաց» երգը, որի անզուգական կատարողն էր Հայրիկ Մուրադյանը, «Ակունք»-ի բոլոր համերգներում է հնչում։ Երգ, որը կատարյալի մասին է։ Երգերն ուղեկցվում էին պարային կատարումներով։ Դարձյալ իր տեղում էր խմբի հիմնադիրներից ու ավագ անդամ Սարգիս Բաղդասարյանը։ Համերգի վերջում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր՝ «Հայ ֆիդայիներ․․․», «Քեռու երգը», «Գինի լի՛ց» և այլն։ Հնչեց նաև «Հայե՛ր, միացե՛ք․․․» երգը, որի հեղինակը՝ Գուսան Հայկազունը, նույնպես ներկա էր համերգին։

Հիշեցի «Ակունք»-ի համերգը Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնքի Խաչգետիկ գյուղի դպրոցի միջանցքում։ 2013թ․ հոկտեմբերին ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի կազմակերպմամբ «Ակունք»-ը,  ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանի և արդեն երջանկահիշատակ Մկրտիչ Մկրտչյանի՝ Մակիչի հետ, Մարտակերտում իրենց նվերն են մատուցել շրջանի ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Երևան վերադառնալիս «Ակունքի»-ի երգիչները, չնայած անձրևային եղանակին ու ճանապարհի դժվարությանը, համաձայնվեցին հասնել Աղավնատուն: Նրանց ուղեկցում էի Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, այժմ երջանկահիշատակ Արտուշ Մխիթարյանի հետ։ Ճանապարհին զրուցեցի համույթի այն ժամանակի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանի և հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանի հետ: Համերգը կայացավ դպրոցի նեղ միջանցքում՝ համայնքի գրեթե բոլոր բնակիչների ներկայությամբ։ Ավարտվեց համերգը․ ոգևորված էին բոլորը, առավելապես՝ «Ակունք»-ի արտիստները։ Ս․ Բաղդասարյանը հրաժեշտի պահին ասաց․ «Նայում եմ ձեր աչքերին, և հուզմունքը խեղդում է ինձ. այն լուսավոր կետն եք, որ 3 գյուղեր համախմբվել եք այս փոքր դպրոցում, որը, սակայն, մեզ համար ամենամեծ դահլիճն է, այս հատակը՝ ամենամեծ բեմը: Հավատում եմ, որ կգա օրը, եւ կմեծանա համայնքը, յուրաքանչյուր բնակավայր կունենա իր մեծ դպրոցը: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք. հաղթանակը կլինի կատարյալ, եթե ազատագրված հողում հայը բնակվի, բնակավայրը շենանա»։ Ցավոք, այսօր կրկին գերության մեջ է ողջ Արցախը, և «Հայե՛ր, միացե՛ք» երգն առավել արդիական է։

Երևանյան համերգը եզրափակվեց «Յարխուշտա» ռազմական պարով։ Ընթացքում արտիստներին զուգահեռ՝ պարում էին նաև դահլիճում ներկա երիտասարդներ։   

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ