Հայաստանը մի որևէ աղետյալ չէ,
Այլ մի բարձր աղետյալ, որ առողջանալով՝ շատ բան ունի տալու մարդկությանն ու աշխարհին։
Հովհ․ Թումանյան
«Ողջունում եմ ձեր մուտքը Հովհ․ Թումանյանի թանգարան։ Հայերի ու ֆրանսիացիների միջև ինչ-որ անբացատրելի, առեղծվածային կապ գոյություն ունի, որը կարելի է ջերմ ու բարեկամական համարել։
Ֆրանսիական իրականության հետ շփվել եմ հենց ձեր տարիքում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի միջոցով։ Հետո՝ ուսանողական տարիներին, խորացրել եմ գիտելիքներս ֆրանսիական գրականության պոեզիայի ու արձակի շրջանակում՝ ագահորեն ընթերցելով նշանավոր գրողների հանրաճանաչ երկերը։ Օրինակ՝ Ժան Պոլ Սարտրի միջոցով ես պարզել եմ ինձ համար, թե ինչ է ազատությունը, ինչ է ազատ ապրելը։ Համոզված եմ, որ այսօր ֆրանսերենով ոչ նվազ հեռաքրքրությամբ կըմբոշխնենք մեր գրականության Անհաս բարձունքի՝ Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված ձեր միջոցառումը»,- ողջույնի այս խոսքերով դիմեց թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը Երևանի Հովհ․ Թումանյանի անվան հ․32 հիմնական դպրոցից ժամանած աշակերտներին ու մանկավարժներին։
Նրանք եկել էին Մեծ Լոռեցու ծննդյան 155-ամյակը նշելու եղբայրական ֆրանս ժողովրդի մայրենի լեզվով։ Երեխաները շատ ուրախ էին ու ոգևորված։
Դահլիճը, համակ լռություն դարձած, վայելում էր «Կիկոսի մահը» հեքիաթի բովանդակալից հումորը բարեկամ ժողովրդի սիրո լեզվով, որը դպրոցի աշակերտները ներկայացնում էին սահուն ու հնչեղ՝ հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո։ Մեծանուն գրողը անգամ ֆրանսերենով է հասկանալի հայ ունկնդրին։ Երբեմն հեքիաթի որոշ հատվածներ հնչում էին հայերեն՝ վա՜յ, Կիկոս ջան․․․
Սովորողները նաև երաժշտական համարներ էին պատրաստել․ հնչեց «Ախթամար» երգը համանուն լեգենդից, հետո փոքրիկ նաիրուհին ֆրանսիական երաժշտության ներքո ներկայացրեց իր նազանի ու հեզաճկուն պարը, որի մեջ արտահայտության ձևը ֆրանսիականն էր, բովանդակայինը՝ հայկականը։
«Հայոց լեռներում» բանաստեղծությունը, որը մեր ազգային ցավի ու ծանր կորուստների, միաժամանակ լավատեսական տրամադրությունների հայելին է, հնչեց ֆրանսերեն-հայերեն փոխանցումներով։
Հովհ․ Թումանյանի մեծությունը, փիլիսոփայական խոհերը թերևս ամենաընդգրկուն ձևով ներկայացնում են նրա խոհափիլիսոփայական քառյակները, որոնք երեխաների շուրթերից հնչում էին թե՛ մայրենի լեզվով, թե՛ ֆրանսերենով։
Մեծ գրողը հանճարեղ է աշխարհի բոլոր լեզուներով ու բոլոր տարիքի մարդկանց համար։
Իմիջիայլոց, հոբելյանական այս միջոցառումը անցկացվում է ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակներում։
Մշակութային այս կենտրոնը ևս ամեն միջոցառման ժամանակ գեղեցիկ անակնկալներ է մատուցում այցելուներին։ Այս անգամ դա արտահայտվեց թանգարանի ավագ գիտաշխատող Լեյլա Ներսիսյանի ֆրանսերեն ելույթով, որում փաստվում է այն միտքը, որ ֆրանսիական պոեզիան եղել է և է աշխարհն ու հասարակությունները մարդասիրացնելու հզոր միջոց։ Պատանիները միշտ էլ հափշտակվել են Բալզակի, Հյուգոյի, Քամյուի, Սարտրի երկերով, իսկ «Փարիզի Աստվածամոր տաճարը» և Նոբելյան մրցանակակիր մյուս գրողների գրքերը պարտադիր ընթերցանության նյութ դարձան տարիքային տարբեր խմբերի համար։ Անդրե Ժիդ, Ալֆրեդ դը Մյուսե, Լուի Արագոն, Ժան Պոլ Սարտր, Ֆրանսուա Մորիակ․ սրանք այն հեղինակներն են, որոնց ստեղծագործությունները հայ ընթերցողների հետաքրքրությունների հագեցման աղբյուր են դարձել։ Հովհ․ Թումանյանը թարգմանել է Ալֆրեդ դը Մյուսեի «Լյուսիեն» բանաստեղծությունը։ Լուի Արագոնի «Կարմիր աֆիշ»-ը նվիրված է Ֆրանսիայի Ազգային հերոս Միսաք Մանուշյանին։ Արագոնի միջամտությամբ է Սերգեյ Փարաջանովը բանտից ազատվել, իսկ 1955 թվականին հրապարակած մի հոդվածում, որը նվիրված է հայ գրականությանը, նա բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները։
Սարտրյան «Գրականությունը մարտի է մղում» միտքը ի մի է բերում կարևոր մի հանգամանք․ հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը դարերի պատմություն ունի։
Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը վերջում շնորհակալություն հայտնեց երեխաներին ու նրանց մանկավարժներին՝ Երևանի հ․ 32 դպրոցի տնօրեն Քնարիկ Պետրոսյանին, Լաուրա Հովհաննիսյանին և արցախցի մանկավարժ Դավիթ Գաբրիելյանին /նրանք երեքն էլ ֆրանսերենի լավագույն մասնագետներ են, իսկ Դավիթ Գաբրիելյանը Արցախից տեղահանվելուց հետո աշխատում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզուների տեսչությունում՝ որպես ֆրանսերենի տեսուչ/։ Նրանք զգալի աշխատանք են կատարել առ Մեծն Թումանյան, և հուրախություն նրանց՝ տիկին Ղարախանյանը հայտնեց, որ շուտով հեռախոսային հավելված է շրջանառվելու՝ Թումանյանը ֆրանսերենով, ու հետագայում դպրոցներ շրջայցերի շրջանակում իրենք կծանոթացնեն այդ հավելվածին, որպեսզի նրանք կարողանան օգտվել դրանից։
Վերջում, ամփոփելով միջոցառումը, տնօրեն Լուսինե Ղարախանյանը, թանգարանի խորհրդի որոշման համաձայն, Թումանյանի հուշամեդալով պարգևատրեց Երևանի Հովհ․Թումանյանի անվան հ․32 հիմնական դպրոցի տնօրեն Քնարիկ Պետրոսյանին, որը մեզ համար մի նոր բացահայտում դարձավ․ նա Հովհ․ Թումանյանի քրոջ՝ Իսկուհու թոռնուհին է՝ գերդաստանի սերունդներից մեկը, որը, շնորհակալություն հայտնելով կենտրոնի աշխատողներին, ավելի պարտավորված զգաց՝ այսուհետ ևս կցվելու հայ գրականության հսկայի՝ Հովհ․ Թումանյանի կյանքն ու գաղափարները տարածելու գործին։
Պարգևատրվեցին նաև միջոցառման համար անսահման ջանքեր ներդրած մանկավարժներ արցախցի Դավիթ Գաբրիելյանը /Թումանյանի հուշամեդալ/, Լաուրա Հովհաննիսյանը /շնորհակալագիր/, հաղորդավար աշակերտները /շնորհակալագիր և «Թումանյանը՝ հայերեն-ֆրանսերեն» գիրք/։
Շատ շնորհակալ ու հայրենանվեր աշխատանք են կատարել Հովհ․ Թումանյանի անունը կրող հիմնական դպրոցի ֆրանսերենի մասնագետներ Քնարիկ Պետրոսյանը, Դավիթ Գաբրիելյանը և Լաուրա Հովհաննիսյանը։ Բարի գործերը միշտ բարի հունդեր են տալիս, բազում հաջողություններ նրանց հետագա գործունեության ընթացքում։
Մշակութային այս կենտրոնն էլ միշտ աչքի է ընկել իր գործունեությամբ ու այցելուների հանդեպ ունեցած սիրալիր վերաբերմունքով, ինչն ավելի է կռում ջերմ հարաբերությունները այցելուների և կենտրոնի աշխատողների միջև, ու հյուրերը միշտ հեռանում են գոհ ու բավարարված։
Թումանյանի մեծարման ու գնահատանքի միջոցառումները շարունակվում են։
Եվ անշուշտ մի օր, հանդերձյալ կյանքում,
Երկրում թե այլուր, վերև՝ երկընքում,
Էն անհայտ ճամփով, որով նա գընաց,
Ես էլ կըթըռչեմ՝ աշխարքը թողած,
Ու կըզգամ նըրան, կապրեմ նըրա հետ
Մի ուրիշ անվե՜րջ կյանքով երկնավետ․․․
«Դեպի անհունը»
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ